Մի գավաթ անդորր (151.Ինչպե՞ս երեխաների հետ խոսել մահվան մասին)
Բարի օր սիրելի բարեկամներ: Մահը կյանքի անբաժան մաս է: Երբ մահանում է հարազատ մի մարդ, ու տանը կան երեխաներ, ծնողները շատ հաճախ դժվարանում են, կամ չգիտեն, թե ինչպես այդ մասին հաղորդել երեխային: Մեզանում տարածված մոտեցում է՝ ամեն գնով երեխայից թաքցնել իրականությունը եւ նրան ոչինչ չասել: ՝ Ի՞նչ անել նման դեպքերում: Մեր այսօրվա հյուրն է հոգեբան Անուշ Ալեքսաանյանը: Որպես աղբյուր օգտվել ենք boon.am կայքից:
Որքան էլ փոքր լինի երեխան, ուրեմն անհրաժեշտ է նրան հայտնել մտերիմ մարդու մահվան մասին: Երեխաներին խաբել եւ չասել, որ մահացել է իրեն հարազատ մարդ, երեխայի վրա ունենում է միայն ու միայն բացասական ազդեցություն՝ մի շարք անցանկալի հետեւանքներով: Այդ պատճառով ոչ մի դեպքում, ոչ մի արդարացում չի կարող լինել նրան ճշմարտությունը չասելու համար:
Դուք եւ երեխան հայտնվել եք մի իրականության մեջ, որտեղ նրա ընտանիքի անդամն այլեւս չկա: Անկախ նրանից՝ դուք երեխային կասեք, թե տատիկը գնացել է մի այլ քաղաք կամ երկիր, միեւնույն է, դրանից տատիկը չի կենդանանա, եւ երեխան իր կյանքում այլեւս երբեք նրան չի տեսնելու: Երեխան վաղ թե ուշ հասկանալու է, ինչ է իրականում կատարվում, եւ որ դուք փաստորեն իրեն խաբել եք: ճշմարտությունը թաքցնելն ունի հետեւյալ բացասական հետեւանքները՝
• Դուք երեխային սովորեցնում եք ստել (իսկ դուք ինչպե՞ս ձեզ կզգայիք, եթե որեւէ հույժ կարեւոր հարցում ձեր երեխան, ձեր իսկ շահերից ելնելով, ձեզանից թաքցնի ճշմարտությունը):
• Դուք երեխային զրկում եք կյանքի դժվարությունների նկատմամբ առողջ վերաբերմունք ձեւավորելու հնարավորությունից:
• Դուք երեխային զրկում եք իր հույզերն ու զգացմունքները արտահայտելուց:
• Եվ ոչ պակաս կարեւորը՝ դուք երեխային զրկում եք իր հանգուցյալ հարազատին վերջին հրաժեշտը տալու հնարավորությունից:
Եթերում հոգեբան Անուշ Ալեքսանյանն է:
...................................
Մենք՝ մեծահասակներս, սովորաբար երեխաներին պատկերացնում ենք ավելի նուրբ ու փխրուն, քան նրանք իրականում կան: Եթե մի պահ վստահենք մեր երեխաներին, կտեսնենք, թե որքան ուժեղ են նրանք: Նույնիսկ կարող են մեզ համար նեցուկ լինել անկախ իրենց տարիքից, եթե միայն նրանց այդ հնարավորությունը տանք: Նրանք ամեն ինչ էլ շատ լավ հասկանում են: Երբ մենք նրանց հետ չենք կիսվում, միեւնույն է, նրանք հասկանում են, որ ինչ-որ մի մեծ ու ծանր, միաժամանակ իրենց համար մութ բան է կատարվել, բայց չեն հասկանում, թե ինչ: Այդ պատճառով պիտի խոսենք, պիտի բացատրենք ու լսենք երեխաներին, եւ ամենակարեւորը՝ վստահենք նրանց:
Լսենք հոգեբան Անուշ Ալեքսանյանին: