Ապրիլ 29, 2019 15:16 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր աշխատակիցը:


Ապրիլի 23-ին մեկնարկել է Թեհրանի գրքի 32-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառը:

Ցուցահանդես-տոնավաճառի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Իրանի իսլամական մշակույթի եւ առաջնորդության նախարար Սեյեդ Աբբաս Սալեհին եւ Չինաստանի մշակույթի նախարարը:

Թեհրանի գրքի 32-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառին մասնակցում են 2400 իրանական եւ 800 արտասահմանյան հրատարակիչներ: Ներկայացվելու են վերջին 4-5 տարիների ընթացքում հրատարակված ավելի քան 400 հազար անուն գիրք: Նախատեսված է մշակութային բազմաթիվ միջոցառումներ, այդ թվում՝ բազմաթիվ գրքերի շնորհանդես:

Ցուցահանդես-տոնավաճառն այցելուների համար բաց է լինելու ապրիլի 24-ից մինչև մայիսի 4-ը:

 

Ապրիլի 26-ին, Թեհրանի գրքի 32-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառին առընթեր տեղի ունեցող մշակութային միջոցառումների շրջանակում, տեղի է ունեցել իրանահայ ճանաչված բանաստեղծ Վահե Արմենի մեծարման միջոցառումը: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Միջոցառմանը, Վահե Արմենը նշելով, որ իր պոեզիայում տիրական է իրանական մշակույթն ու քաղաքակրթությունը, ասել է, որ ցանկանում է այնպես գրել, որպեսզի այլ ազգությունները եւ իր գրականության հետ հարաբերվելու, դրա հետ կապ հաստատելու եւ ըմբռնելու հնարավորություն ունենան:

«Ես ծնվել ու մեծացել եմ Մաշհադում եւ, բնական է, որ իմ պոեզիայում առկա է իրանա-հայկական հայացքն ու մոտեցումը: Այդուհանդերձ, փորձում եմ իմ  պոեզիայում առկա ուղերձը ոչ իրանական եւ ոչ հայկական լսարանին եւս փոխանցել»,- ասել է բանաստեղծը՝ հավելելով, որ իր հայերեն բանաստեղծություններում եւս առկա է իրանական մշակույթը:

Միջոցառմանը ներկա, Հայաստանի ազգային գրադարանի փորձագետ Հասմիկ Խաչիկյանն անդրադառնալով Վահե Արմենի պոեզիային ասել է. «Վահե Արմենի պոեզիան ունի երկու հստակ առանձնահատկություն, առաջին հերթին, նրա բանաստեղծությունների ավարտն անսպասելի է, երկրորդը, նրա պոեզիայի յուրաքանչյուր հատվածը հոգեւոր կյանքով ապրող մարդու կյանքի արտացոլումն է»: Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանում նրա երկու գրքի հրատարակության առիթով:

 

Երկուհայմայեստրոներ՝ Իրանից եւ Հայաստանից ղեկավարեցին Իրանի ազգային սիմֆոնիկ նվագախումբը:

Ապրիլի 24-ին եւ 25-ին, Թեհրանի «Վահդաթ» դահլիճում Իրանի ազգային սիմֆոնիկ նվագախումբը եւ «Ռուդաքի» հիմնարկի երգչախումբը,  երկու հայ երաժիշտների համագործակցությամբ հանդես եկավ ելույթով:

Նվագախմբի ղեկավարն էր  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երեւան քաղաքի Մշակույթի պատվավոր գործիչ, Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի Ալ. Սպենդիարյանի անվան ազգային օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի դիրիժոր մայեստրո Ռուբեն Ասատրյանը:

Երգչախումբը ղեկավարեց Իրանի  ռադիոհեռուստատեսության պետական երգչախմբի խմբավար մայեստրո Ռազմիկ Օհանյանը: Ծրագիրը նվիրված էր իրանցի կոմպոզիտոր Փեյման Սոլթանիին եւ ներկայացվեցին նրա ազգային, հայրենասիրական գործերը:

Image Caption

 

ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանն ապրիլի 25-ին նշեց ծննդյան 90-ամյակը:

Վ. Բալյանը ծնվել է 1924թ. Երևանում: Սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիրիժորական և խմբավարայինֆակուլտետներում։ 1952-54թթ եղել է Լենինականի Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի տնօրենը: Եղել է Հայաստանի Ռադիոյի երաժշտական հաղորդումների առաջին գլխավոր խմբագիրը: 1955-61թթ ղեկավարել է Հայաստանի խորեոգրաֆիկ ուսումնարանը: 1964-65թթ եղել է Հայ ֆիլհարմոնիայի տնօրենը:

1966թ. ստեղծել է Ալ.Սպենդիարյանի անվան տուն-թանգարանը և մինչ 1972թ. եղել է տնօրենը: 1981թ-ից եղել է Հայաստանի ժողովրդական գործիքների համույթի ղեկավարը:  Հեղինակել է սիմֆոնիկ, վոկալ-սիմֆոնիկ, օպերային, օպերետային, կամերային, խմբերգային, վոկալ, վոկալ-գործիքային երկեր:

Շուրջ 67 տարվա պատմություն ունեցող «Սերս գաղտնի թող մնա» երգի մասին  Վլադիլեն Բալյանը պատմել է. «Սկզբում երգը չընդունեցին։ Գեղարվեստական խորհրդում ինչ-որ մի անձանավորություն ասել էր՝ «շատ անձնական է, այդ ինչ է, սերս գաղտնի թող մնա»։  Արամ Մերանգուլյանը միջամտել է, ասել է՝ երիտասարդի առաջին երգն է, հուշտ չանեք, մի երկու անգամ հաղորդենք, և դրանով բավարարենք։ Բայց այնպես ստացվեց, որ «Սերս գաղտնի թող մնա» երգը այսքան տարվա ճանապարհ ունեցավ»։

Հեղինակել է նաև երգեր՝ երգ-պարի անսամբլի համար, էստրադային երգեր, հրատարակել ստեղծագործությունների ցանկ: Հեղինակել և կազմել է «Խոսք Սպենդիարովի մասին», «Սպենդիարովը՝ երաժշտության մասին» (1971թ., ռուսերեն), «Խոսք Արամ Տեր-Հովհաննսիյանի մասին» (1976թ.), «Խոսք Թաթուլ Ալթունյանի մասին» (1977թ.), «Կ.Սարաջև», «Խոսք Կ.Սարաջևի մասին» (1979թ., ռուսերեն), «Խոսք ուսուցչի մասին» (կոմպոզիտոր Գրիգոր Եղիազարյանի ծննդյան 100-ամյակին, 2010թ.) գրքերը:

Կյանքի ընթացքում կոմպոզիտորը շատ մրցանակների, պարգևների է արժանացել, սակայն...

«Ամենամեծ մրցանակն այն է, որ հայ ժողովուրդն իր մեծ սրտում մի փոքր անկյուն հատկացրել է իմ երգերին։ Դա մրցանակ չէ, դա փառք ու պատիվ է»,- Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» հաղորդման ժամանակ ասել է Վլադիլեն Բալյանը։

 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ Նունե Սարգսյանի հետ ապրիլի 25-ին այցելեց Երևանում գտնվող Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն թանգարան: Տնօրեն Աննա Սարգսյանի ուղեկցությամբ նրանք շրջեցին ցուցասրահներով և ծանոթացան ներկայացված աշխատանքներին:

Տուն-թանգարանը Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղն է: Երևանի կենտրոնում գտնվող երկհարկանի առանձնատանը տասնյակ տարիներ իրենց ընտանիքներով ապրել և ստեղծագործել են հայկական կերպարվեստի երկու խոշոր վարպետներ` քանդակագործ Արա Սարգսյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը:

Արա Սարգսյանի  արվեստի բաժնում, ներկայացված են ստեղծագործություններ  պատկերասրահի և քանդակագործի ընտանիքի հավաքածուներից, ուսանողական շրջանի աշխատանքների լուսանկարներ, հուշաձեռագրային նյութեր: Այնտեղ կարելի է ծանոթանալ նաև  արվեստագետի թատերական ձևավորումներին ու գրաֆիկական գործերին:

Շենքի երկրորդ հարկում ներկայացված են Հակոբ Կոջոյանի ստեղծագործությունները, հուշաձեռագրային փաստաթղթերն ու անձնական իրերը: Ներկայացված աշխատանքների մի մասը պատկերասրահի ֆոնդերից է, մյուսը` նկարչի ժառանգների նվիրատվությունն է:

Լրագրողները հետաքրքվեցին, թե ինչու է Արմեն Սարգսյանն ընտրել հենց այս թանգարանը:

«Հարցը մի փոքր այլ ձևով կարելի է ձևակերպել: Իսկ ինչո՞ւ մենք չենք գալիս այս թանգարաններ: Մենք ունենք հանճարեղ արվեստագետներ, նրանցից երկուսը մեկ տան մեջ այստեղ ներկայացված են: Արա Սարգսյանը լեգենդար արվեստագետ էր, մեր Գեղարվեստի ակադեմիայի հիմնադիր-ռեկտորը, Խորհրդային միության արվեստի ակադեմիայի անդամ է եղել, մեծ ուսուցիչ: Ցավով տեսնում եմ, որ այս թանգարանը լավ վիճակում չի գտնվում: Ես կարծում եմ, որ անհրաժեշտություն կա, որպեսզի ավելի ուշադիր լինենք և ներկայացնենք մեր մեծերին: Կոջոյանը Ախլցխայից դուրս գալով հասել էր եվրոպական լավագույն ակադեմիաներ, և նրա ստեղծագործությունները կարող են ցուցադրվել Եվրոպայի լավագույն ցուցասրահներում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ՀՀ նախագահը:

Արմեն Սարգսյանը տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի նստավայրում ցանկանում է ցուցահանդես կազմակերպել, որի շրջանակում կներկայացվեն 4 արվեստագետներ, որոնք ինչ-որ իմաստով միմյանց հետ կապ են ունեցել:

«Արա Սարգսյան, Հակոբ Կոջոյան, ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան, քանդակագործ Արա Հարությունյան: Ահա այս 4 արվեստագետները կներկայացվեն ցուցահանդեսում»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Թանգարանի վարիչ Աննա Սարգսյանը, ով Արա Սարգսյանի թոռնուհին է, նշեց, որ թանգարանը բացվել է 1973 թվականին: Այնտեղ պահվում է շուրջ 500 ցուցանմուշ:

«Կցանկանայի խնդիրների մասին խոսել: Ինչպես տեսնում եք տարածքն անմխիթար վիճակում է, վերանորոգման կարիք կա: Պայմանները չեն ներում ցուցանմուշները պատշաճ պահելու համար: Թանգարանն այդքան շատ այցելուներ չունի: Տարեկան ունենում ենք 2000 այցելու, ինչը  շատ քիչ է»,-ասաց Աննա Սարգսյանը: Նա նկատեց, որ Արա Սարգսյանի, Կոջոյանի ստեղծագործությունները հասարակության լայն շրջանակներին ներկայացնելու անհրաժեշտություն ունեն, ինչն էլ կնպաստի այցելուների թվի ավելացմանը:

Image Caption

 

Թուրքիայում առաջին անգամ հայկական թանգարան կհիմնվի: Նշվում է, որ թանգարանը բացվելու է Հաթայ նահանգի Սամանդաղ շրջանից 4կմ հեռավորության վրա գտնվող Թուրքիայի միակ հայկական գյուղում` Վաքըֆլըում:

«Էրմենիհաբեր»-ը գրում է, այս մասին թուրքական աղբյուրին տված հարցազրույցում հայտնել է Վաքըֆլը գյուղի հայ առաքելական եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ Ջեմ Չափարը:

Նա նաև նշել է, որ թանգարանի հիմնադրման համար դրամական աջակցություն են ստացել «Արևելյան միջերկրականի զարգացման գործակալությունից» (DAKA), սակայն դեռ էլի ունեն օգնության կարիք:

Նրա փոխանցմամբ` թանգարանում կներկայացվեն Վաքըֆլըի մշակույթը, լեզուն, պատմությունը, ճաշատեսակները, խաղերը և այլն:

«Իրականում այս թանգարանում մենք պատմելու ենք և հայկականության, և քրիստոնեության մասին, քանի որ նույնիսկ համալսարան ավարտածները հարցնում են հայկականությունը կրոն է, թե՞ ազգություն: Հարցնում են՝ հայերը Հայաստանի՞ց են եկել, ո՞րն է մեր կրոնը: Մենք կարիք ունենք պատմելու, որ մենք այս տարածքների հնագույն ժողովուրդն ենք»,-ասել է Չափարը:

Ըստ Ջեմ Չափարի` թանգարանի աշխատանքների նպատակներից մեկը մշակույթի թվայնացումն է:

«Այսինքն այս աշխատանքների առաքելությունը կլինի այն, որ մարդկանց հիշողությունները, հուշերը, կենցաղը, ընտանեկան լուսանկարները, նամակները թվայնացնելով կկանխվի դրանց ոչնչացումը»,-ընդգծել է նա:

 

Sotheby's աճուրդային տան թոփ-լոտերը, որոնք առաջիկայում ներկայացվելու են Լոնդոնում և Նյու Յորքում, ցուցադրվել են Մոսկվայում՝   Շչուսևի անվան Ճարտարապետության պետական թանգարանում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ցուցահանդեսը բացվել է ապրիլի 24-ին և տևել է երեք օր։ Այցելուները դիտել են Հովհաննես Այվազովսկու, Կազիմիր Մալևիչի, Մարկ Շագալի և այլ վարպետների աշխատանքներ։

Ցուցահանդեսում ներկայացվել է ռուսական արվեստի գործերի վաճառքի թոփ-լոտերը։ Վաճառքը կայանալու է Լոնդոնում հունիսի 4-ին, նաև Նյու Յորքում։Ցուցահանդեսում ներկայացված է լինելու Հովհաննես Այվազովսկու «Նավից փրկվողները» կտավը (200-300 հազար ֆունտ ստերլինգ)։ Վերջին անգամ այդ կտավը 1985-ին աճուրդի է հանվել:

Image Caption

 

«Օսկար» 92-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է 2020 թվականի փետրվարի 9-ին Լոս Անջելեսի DolbyTheater-ում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին նշված է կինոփառատոնի կազմակերպիչ Ամերիկյան կինոարվեստի ակադեմիայի կայքում։ Մրցանակաբաշխությունը հեռարձակվելու է 225 երկրում։

Նշվում է նաև, որ Ամերիկյան կինոակադեմիան մի շարք փոփոխություններ է կատարել «Օսկար» մրցանակաբաշխության կանոններում, այդ թվում նաև «արտասահմանայն լավագույն ֆիլմ» անվանակարգի կարճ ցուցակն ընդլայնվել է՝ ներառելով հինգի փոխարեն տաս ֆիլմ։

Բացի այդ, որոշվել է փոխել հենց  անվանակարգի անվանումը։ Նախկինում ոչ ամերիկյան ֆիլմերը «Օսկարի» համար մրցում էին «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» (Foreign Language Film) անվանակարգում, այժմ այդ անվանակարգը  կոչվելու է «Լավագույն  միջազգային գեղարվեստական ֆիլմ» (International Feature Film)։

«Մենք նկատել ենք, որ «օտարալեզու» տերմինը միջազգային կինոարտադրությունում հնացած է։ Կարծում ենք, որ «Լավագույն  միջազգային գեղարվեստական ֆիլմ» անվանումը լավագույնս կարտացոլի այդ անվանակարգի էությունը»,- հայտնել են ակադեմիայից։