Մի գավաթ անդորր (152.Դեպրեսիա թե՞ վատ տրամադրություն)
Ողջույն սիրելի բարեկամներ: Այսօր փորձելու ենք պատասխանել մի հարցի, որը հաճախ է տրվում «Դեպրեսիա թե՞ վատ տրամադրություն»: Ի հարկե հարցին ավելի հիմնավորված պատասխան կարող է տալ մասնագետը: Այսօր մեր հյուրն է հոգեբան ,արտ-թերապևտ, հատուկ մանկավարժ ,տիֆլոմանկավարժ Անդրանիկ Բաբայանը: Հայերեն ռադիոժամը շնորհակալություն է հայտնում Պրն. Բաբայանին ՝ «Մի գավաթ անդորր» հաղորդաշարի հետ համագործակցելու համար: Մնացեք մեզ հետ:
Մեր օրերում ավելի ու ավելի հաճախ ենք լսում «դեպրեսիա» բառը: Ամեն քայլափոխի կլսենք «ես դեպրեսիայի մեջ եմ» արտահայտությունը: Դեպրեսիա բառը շատ անգամ ուղղակի նույնացվում է վատ տրամադրության հետ: Եթե մի օր մարդն առավել ալարկոտ է լինում, չի ուզում շփվել այլ մարդկանց հետ, միանգամից համարում է, որ իր մոտ դեպրեսիա է: Իրականում այդպես չէ: Այն, ինչ նշվեց վերևում, ընդամենը դեպրեսիայի մի մասն է կազմում:
Դեպրեսիան, դա ցածր տրամադրության վիճակ և գործունեությունից խուսափումն է, որը կարող է ազդել մարդու մտքերի, վարքի, հակումների, զգացումների և լավ ինքնազգացողության վրա։ Տրամադրության այս շեղման ցուցիչներն արտահայտվում են տխրությամբ, անակտիվությամբ, մտածելու և կենտրոնանալու դժվարությամբ և ախորժակի նկատելի աճով կամ կորստով և քնելու վրա ծախսված ժամանակով։
Մեծ թվով մարդիկ ունենում են դաժանության, անհուսության, երբեմն նաև ինքնասպանության զգացումներ։ Դա կարող է լինել կա՛մ կարճաժամկետ, կա՛մ երկարաժամկետ՝ կախված մարդու վիճակի ծանրությունից։ Ընկճված տրամադրությունը նորմալ ժամանակավոր արձագանք է կյանքի իրադարձություններին, ինչպիսիք են, օրինակ, սիրելիին կորցնելը։ Այն նաև որոշ մարմնական հիվանդությունների ախտանիշ կարող է լինել, ինչպես նաև որոշ թմրադեղերի և բուժումների կողմնակի էֆֆեկտ։
Եթերում հոգեբան Անդրանիկ Բաբայանն է:
...
Դեպրեսիվ տրամադրությունը կարող է նաև լինել տրամադրության շեղումների ախտանիշ, ինչպիսիք են խոշոր դեպրեսիվ խանգարումը կամ դիստիմիան։
Իրականում դեպրեսիան համարվում է հիվանդություն և ենթադրում լուրջ բուժում: Այն անդրադառնում է մարդու ամբողջ օրգանիզմի և՛ հոգեբանական, և՛ ֆիզիոլոգիական ոլորտների վրա: Հոգեբանական դրսևորումների մեջ կարող ենք նշել ճնշված տրամադրությունը, մշտական տխրությունը, հուսահատությունը, ձանձրույթը, տագնապը, ներքին լարվածությունը, գրգռվածությունը, մեղքի զգացումը, ինքնամեղադրանքները, ինքնագնահատականի անկումը, հաճույք ստանալու անկարողությունը և այլն: Ֆիզիոլոգիական դրսևորումների մեջ կարող ենք նշել քնի խանգարումը (անքնությունը կամ քնկոտությունը), ախորժակի փոփոխությունը, աղիների աշխատանքի խանգարումը, թուլությունը, շուտ հոգնելը, ցավերը մարմնի տարբեր մասերում:
Լսենք մեր ունկնդրին:
...
Դեպրեսիայով տառապող մարդիկ սովորաբար չեն ուզում սոցիալական շփումներ ունենալ, մեկուսանում են, հրաժարվում են հաճույքներից, հիմնականում բացասական հույզեր և մտքեր են ունենում: Առավել սուր դեպքերում մարդիկ դիմում են ալկոհոլի կամ թմրանյութերի «օգնությանը»: Իսկ շատ սուր դեպքերը նույնիսկ կարող են ինքնասպանության հանգեցնել:
Լսենք հոգեբան Անդրանիկ Բաբայանին:
...
Մարդիկ շատ դժվար են ախտորոշում իրենց դեպրեսիան: Նրանք հակված են դա մեկնաբանել որպես վատ բնավորություն, տխրություն, ալարկոտություն և այլն: Գուցե վերը թվարկածից շատ բաներ գտաք ձեր բնավորության մեջ: Դա նորմալ է, բոլոր մարդիկ էլ երբեմն չեն ուզում շփվել մարդկանց հետ, տխրում են, հուսահատվում են, լարվում են և այլն: Դրանք նորմալ մարդկային ապրումներ են, սակայն եթե դրանցից շատերը միաժամանակ են հանդես գալիս և բավականաչափ երկար ժամանակահատվածում, գուցե անհրաժեշտություն կա մասնագետի դիմելու՝ հասկանալու համար՝ արդյոք դա դեպրեսիա է, թե ոչ:
Լսենք մեր մյուս ունկնդրին:
...
Սիրելի բարեկամներ: Դեպրեսիայի թեման շատ է շոշափվում և այս խանգարման մասին հարցերն ու ասելիքները շատ են: Հաջորդ շաբաթ շարունակելու ենք մեր զրույցը: Այսօր մեր հաղորդման հյուրն էր հոգեբան,արտ-թերապևտ, հատուկ մանկավարժ, տիֆլոմանկավարժ Անդրանիկ Բաբայանը: