Գեղարվեստական հաղորդում (165)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր աշխատակիցը:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի հետ համատեղ Հայաստանում այս տարի կազմակերպել է իրանական պոեզիայի ասմունքի հանրապետական մրցույթ-փառատոն։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մրցույթը իրականացվել է Հայաստանում պարսկերենի ուսուցմամբ կրթօջախների 12-15 տարեկան սաների շրջանում։ Մրցույթին մասնակցել են նաև այլ կազմակերպություններում պարսկերեն ուսումնասիրող նշված տարիքի հայ երեխաներ: Մասնակիցներն ասմունքել են 2 լեզվով՝ պարսկերեն և հայերեն:
Մրցույթն իրականացվելու է 3 փուլով։ Առաջին և երկրորդ նախընտրական փուլերը կանցկացվեն մարզերում և մայրաքաղաքում։ Ժյուրիի անդամները յուրաքանչյուր դպրոցից կընտրեն մեկ պարսկերեն և մեկ հայերեն լավագույն ասմունքողի` երրորդ փուլի համար, որը տեղի կունենա նոյեմբերին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում։ Երեխաները hանդես կգան Ֆիրդուսու «Շահնամե» պոեմից հատվածներով:
Ամփոփիչ փուլում կպարգևատրվի 6 մասնակից՝ երեքական հայերեն և պարսկերեն ասմունքող։ Մրցույթը մեկնարկել է մայիսի 3-ին:

Իրանցի կինոռեժիսոր՝ Մաջիդ Մաջիդին շահել է Կոնիայի միջազգային կինոփառատոնի «Լավագույն ռեժիսոր» մրցանակը:
Կոնիայի միջազգային երկրորդ կինոփառատոնում ներկայացվել են իրանցի կինոռեժիսոր՝ Մաջիդ Մաջիդիի «Բիդե Մաջնուն» և «Երկնքի երեխաներ» ֆիլմերը և իրանցի ռեժիսորն արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակին:
Կոնիայի միջազգային կինոփառատոնի քարտուղար՝ Աբդոլ Սաթար Յարարը բարձր է գնահատել իրանցի կինոռեժիսոր՝ Մաջիդ Մաջիդիին մարդկային ու բարոյական ուղերձներ պարունակող ֆիլմերի արտադրման համար և Իրանի նորագույն կինոն բարոյականության պատգամաբեր է համարել:
Կոնիայի միջազգային կինոփառատոնը կայացել է մայիսի 1-6-ը:
Կոնիայի միջազգային կինոփառատոնում ներկայացվել են բարոյական ու հոգևոր բովադակություն ունեցող ֆիլմեր:

ՀՀ Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի կողմից ներկայացված` «Պետական տոների եւ հիշարժան օրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` պատգամավորներն առաջարկում են ապրիլի 16-ը նշել որպես Հայ կինոյի օր:
«Նախաձեռնությունը ստացվել է Հայաստանի կինոգործիչներից, հարցը բավական երկար քննարկվել է փորձագիտական հանրության ներգրավմամբ։ 1923թ. ապրիլի 16-ին Հայաստանում ստեղծվել է «Պետկինոն», որը 1966թ. վերանվանել են «Հայֆիլմ»։ Հայ կինոյի օրը կնպաստի կինեմատոգրաֆի զարգացմանը հանրապետությունում և մշակութային այդ արժեքի պահպանմանը»,- ասաց Զոհրաբյանը:
Հանձնաժողովի նիստում 6 կողմ և 3 ձեռնպահ ձայնով օրինագիծը ներառվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգում:

ՀՀ կառավարությունը կթույլատրի ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին 6 մլն դրամի շրջանակներում, «Triangulum Community» ընկերության հետ համատեղ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպել էլեկտրոնային երաժշտության փառատոն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը նշեց, որ այդ կազմակերպությունն էլեկտրոնային երաժշտության փառատոններ է կազմակերպում այնպիսի վայրերում, ինչպիսիք են Նյու Յորքի Ազատության արձանը, Փարիզի Էյֆելյան աշտարակը և այլն: Այդ փառատոններն օնլայն հեռարձակվում են սոցիալական կայքերով և որոնք ունենում են 10-30 մլն դիտում:
Տիգրան Գալստյանի խոսքով՝ Գառնիում այդ փառատոնի անցկացումը թույլ կտա միլիոնավոր մարդկանց տեղեկացնել այս հուշարձանի գոյության մասին ու ապահովել զբոսաշրջիկների հոսք։ «Այս ծրագրի հիմնական նպատակը գովազդ ապահովելն է, որ մենք ունենք Գառնու պես տաճար»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ այդ կազմակերպությունը տարեկան 20 նման փառատոն է կազմակերպում, իսկ մեր տարածաշրջանում սա առաջինն է լինելու:
Տիգրան Գալստյանը նշեց, որ այդ կազմակերպությունը միակն է և պետական գնումը կատարվում է մեկ անձից, ոչ թե մրցույթով:
«Նրանք, ովքեր իրազեկված են էլեկտրոնային երաժշտության բնագավառից՝ ասում են, որ սա այս ոլորտում աշխարհի առաջատար փառատոներից մեկն է և շատ մեծ ուշադրություն է կենտրոնացնելու Հայաստանի վրա: Պարզվում է՝ Հայաստանում էլ էլեկտրոնային երաժշտություն սիրողների մեծ բանակ կա: Նաև ասում են, որ այս փառատոնի հետևից զբոսաշրջիկների մեծ խմբեր են ճամփորդում, որպեսզի փառատոնին մասնակցեն»,- իր հերթին, նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նոր մշակույթի «Ուրվական» միջազգային երաժշտական փառատոնը, որը ժամանակակից արվեստի տարբեր ճյուղերի միջոցով կվերակենդանացնի Հայաստանի մոռացված մշակութային հարթակները, մեկնարկեց մայիսի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգին ելույթ ունեցան Սերգեյ Լետովը, Միքայել Ոսկանյանը, Լուսիա Կազարյան-Թոփչյանը և այլք։
«Մենք փորձում ենք կյանք տալ Երևանի այն հատվածներին, որտեղ ժամանակին եղել են աշխատանքային վայրեր, իսկ հիմա բացի դատարկ պատերից ու փոշոտ պատուհաններից գրեթե ոչինչ չի մնացել։ Հուսամ, որ միջոցառումների շնորհիվ տարբեր ներդրողներ ուշադրություն կդարձնեն այդ վայրերին, նոր շունչ կհաղորդեն շինություններին»,-նշեց փառատոնի համահիմնադիր Համլետ Մովսիսյանը։
Նրա խոսքով՝ փառատոնը լավագույն միջոցն է օտարերկրացիներին Հայաստան բերելու համար, քանի որ Հազարավոր մարդիկ շրջագայում են տարբեր երկրներով հենց երաժշտական փառատոների շրջանակներում։
«Ուրվական»-ի հիմնական միջոցառումները կանցկացվեն Երևանի մանկական երկաթուղու տարածքում, որտեղ տեղադրվել են հուշանվերների տաղավարներ, բեմահարթակներ: Փառատոնի շրջանակում կհնչեն ինդաստրիալ, էմբիենտ, նոյզ, տեխնո, հաուսոճերի համարձակ և ազատ իմպրովիզացիաներ: Քաղաքի տարբեր մասերում կհայտնվեն նկարիչների ստեղծած սթրիտ-արտ օբյեկտներ և ծավալատարածքային կոմպոզիցիաներ (ինստալյացիաներ): Փառատոնին մասնակցում է 80-ից ավել երաժիշտ 22 երկրից։
Միջոցառումներն ուղեկցվելու են հանրային քննարկումներով, հատուկ տարածքային արթ ինստալյացիաներով և ոչ միայն:

Մաշտոցյան Մատենադարանը կաջակցի Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ձեռագրատան վերականգնման բաժնի ձևավորմանը: Մատենադարանից հայտնում են, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ձեռագրատունը, Մաշտոցյան Մատենադարանից հետո, հայերեն ձեռագրերի հավաքածուով մեծությամբ երկրորդ ձեռագրապահոցն է, որտեղ այս տարի բացվելու է վերականգնման բաժին: Բաժնի ստեղծումը, գործունեության կազմակերպումն ու պլանավորումը իրականացվելու է Մատենադարանի աջակցությամբ:
Երուսաղեմի Հայոց պատրիարքի հրավերով մայիսի 5-ից հունիսի 5-ը Մաշտոցյան Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանը, բաժնի ավագ վերականգնողներ Սուսաննա Կիրակոսյանն ու Էմմա Սարկիսովան կգործուղվեն Երուսաղեմ, որտեղ կմասնակցեն վերականգնման բաժնի ստեղծմանը, կկատարեն հավաքածուի մշտադիտարկման, ամրակայման, բուժման և վերականգնման աշխատանքներ՝ ներգրավելով տեղի աշխատակիցներին: Մատենադարանի վերականգնողները վերջիններիս համար կանցկացնեն վարպետության դասընթացներ:

Higher Ground Productions պրոդյուսերական ընկերությունը, որը պատկանում է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային և նրա կնոջը՝ Միշելին, հայտարարել են Մայքլ Լյուիսի «Հինգերորդ ռիսկ» գրքի հիման վրա սերիալի նկարահանման մասին։ Այդ մասին գրել է Variety-ն։
Գիրքը նվիրված է Օբամայի վարչակազմից նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի անցմանը։ Այն հարցազրույցների հավաքածու է, որոնք վերցված են Սպիտակ տան պաշտոնյաներից։
Օբաման ասել է, որ այս ստեղծագործություններից յուրաքնաչյուրը ոչ միայն զվարճացնելու է, նաև «լուսավորելու, կապելու և ոգեշնչելու է մեզ բոլորիս»։

Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելայի (1918-2013 թթ.) նկարը, որտեղ պատկերված է Ռոբեն կղզու բանտախցի դուռը, Նյու Յորքի Bonhams աճուրդային տունը վաճառել է 112 հազար դոլարով։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին։
«Երբ իմ հայրը հեռացավ նախագահի պաշտոնից թոշակի, նա չէր գտնում, թե ինչով զբաղվեր։ Ես կարծում եմ, նրա համար արվեստն ինքնաարտահայտման հիանալի միջոց էր»,- ասել է Մանդելայի աղջիկը, ով հոր նկարը ներկայացրել էր աճուրդի։ Մանդելան ընդհանուր 22 էսքիզ է թողել։
Աշխարհի տարբեր պետությունների ղեկավարներ, այդ թվում նաև ԱՄՆ նախկին նախագահներ Բարաք Օբաման ու Բիլ Քլինթոնը, բազմիցս այցելել են թիվ 5 բանտախուց, որի դուռն ու բանալին է նկարել Մանդելան։
Մարդու իրավունքների համար պայքարի ամենահայտնի ակտիվիստներից Նելսոն Մանդելան Ռոբեն կղզու բանտում անցկացրել է 18 տարի (1964-1982 թթ.)։

Հոկտեմբերի 24-ին Լուվրում կբացվի Վերածննդի իտալացի նշանավոր նկարիչ Լեոնարդո Դա Վինչիի աշխատանքների ցուցահանդեսը: kulturomania.ru-ի հաղորդմամբ, ցուցահանդես այցելել հնարավոր կլինի միայն տոմսերի նախնական պատվիրման միջոցով այն ժամերի համար, որոնք կառաջարկի թանգարանը:
Լուվրում որոշել են կանոնակարգել այցելուների հոսքը, որպեսզի խուսափեն սրահներում հրմշտոցից: Տոմսերի պատվիրման համակարգը կսկսի աշխատել հունիսի 18-ին և պարտադիր կլինի բոլոր այցելուների համար, անգամ թանգարան այցելության աբոնեմենտ ունեցողների:
Ավելի վաղ Լուվրում նման միջոցների դիմել են միայն մեկ անգամ: 2018 թվականին նման կերպ կարգավորվել է Յան Վերմեերի ցուցահանդեսը: Ցուցահանդես այցելել էր օրական 30 հազար մարդ: Դա Վինչիի ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2020 թվականի փետրվարի 24-ը:

Գիտնականները Վինձորյան ամրոցում հայտնաբերել են նկարիչ Լեոնարդո Դա Վինչիի երկրորդ դիմանկարը:
Այն ծրագրվում է ցուցադրել մայիսի 24-ին Բուքինհեմյան պալատում կայանալիք ցուցահանդեսում։ Royal Collection Trust-ի աշխատակից Մարտին Քլեյթոնը ճանաչել է հայտնի նկարչի դեմքը, երբ թագավորական ընտանիքի հավաքածուից նկարներ է ընտրել առաջիկա ցուցահանդեսի համար։ Նախնական տվյալներով, էսքիզը նկարվել է 1519թ․ նկարչի մահվանից ոչ շատ առաջ։
Գտնված դիմանկարում Դա Վինչին հոգնած եւ տխուր տեսք ունի։ Ենթադրվում է, որ նկարի հեղինակը նրա աշակերտներից մեկն է։ Մինչ այժմ գիտնականները գիտեին նկարչի կենդանության օրոք ստեղծված միայն մեկ նկարի մասին։