Մայիս 13, 2019 15:01 Asia/Yerevan
  • Գեղարվեստական հաղորդում (166)

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր աշխատակիցը:

 

Հայերեն թարգամանությամբ հրատարակվել է ժամանակակից իրանական դրամատուրգիայի երկրորդ հատորը:

Գրքում ներառված են Իրանի ժամանակակից դրամատուրգիայի 9 ներկայացուցիչների՝ Ալի Աբեդիի, Սահրա Ռամազանիանի, Մոհամմադ Յաղուբիի (2 պիես), Մոհամմադ Ռահմանիանի, Միլադ ԱքբարՆեժադի, Աֆրուզ Ֆորուզանդի, Բեհզադ Սեդիղիի, Ղոլամ Հոսեյն Սաեդիի եւ Շահրամ Քարամիի 10 պիեսներ:

Գիրքը հրատարկվել է Իրանի թատրոնի տան դրամատուրգների ակումբի եւ Հայաստանի գրողների միության միջեւ ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում:

Պիեսների ընտրության համար մրցույթ է հայտարարվել: Պիեսներն ընտրվել են Իրանի թատրոնի տան դրամատուրգների ակումբի վարչության եւ մրցույթի ժյուրիի կազմի միջոցով:

Ընտրված ստեղծագործությունները հայերենի են թրագմանել Էդվարդ Հախվերդյանը, Նունե Հովհաննիսյանը, Գևորգ Ասատրյանը և Էմմա Բեգիջանյանը:

 

 

«Ոսկե ծիրան» Երևանի 16-րդ միջազգային կինոփառատոնը, որն այս տարի անցկացվելու է հուլիսի 7-14-ը, նոր տարբերանշան ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց փառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը:

«Երբ զրուցում էինք  փառատոնի հիմնադիրներից Հարություն Խաչատրյանի հետ, նա խորհուրդ տվեց մտածել նոր տարբերանշանի մասին: Կարծեցի, որ այս տարի  կշտապենք, եթե փոխենք այն տարբերանշանը, որով փառատոնը 15 տարի շարունակ անցկացվել է:

Երբ սկսեցինք աշխատանքները, և փառատոնը ծրագրային առումով փոփոխությունների ենթարկվեց, հասկացանք, որ  այդ փոփոխությունները պետք է նաև տեսականորեն ներկայացվեն, իսկ նոր տարբերանշանն արտահայտի մեր բոլորի մոտեցումը  16-րդ  տարվանից մեկնարկող փառատոնին»,-ընդգծեց Հովհաննիսյանը:

Տարբերանշանի դիզայներ Վիլյամ Սարգսյանի խոսքով` տարբերանշանի վրա «Ծ» տառն է: «Փորձել ենք ստանալ ծիրանի պատկերը, որն այնքան էլ նման չէ մեր պատկերացրած ծիրանին: Այն ավելի կլոր է»,-ասաց դիզայները:

Միջազգային կինոփառատոնն այս տարի աշխարհի տարբեր երկրներից ստացել է ավելի քան 740 ֆիլմի հայտ:

«Ընտրվել են նաև կինոնկարներ Ռոտերդամի , Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոններից: «Ոսկե ծիրանն» ունենալու է միջազգային լիամետրաժ (որը ներառում է խաղարկային և վավերագրական ֆիլմեր), ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթներ, իսկ արտամրցութային ծրագիրը ներառելու է տարածաշրջանային համայնապատկեր մրցույթը: Մնացած ծրագրերը ոչ մրցութային են, դրանք են՝ Երևանյան պրեմիերաներ, Հետահայաց ցուցադրություններ, Հարգանքի տուրք: Երևանյան պրեմիերաներ ծրագիրը ընդգրկելու է նաև հայկական ֆիլմեր»,-նշեց փառատոնի տնօրենը: Նա տեղեկացրեց, որ փառատոնային մի շարք ծրագրերի հայտեր այս պահին բաց են, և հնարավորություն կա մասնակցելու դրանց:

Փառատոնի ներկայացուցիչներն անդրադարձան նաև GAIFF Pro ծրագրին, որի շրջանակում կազմակերպվում են վարպետության դասեր և փիթչինգ ելույթներ, ֆիլմի/սցենարի զարգացման աշխատարաններ, տարածաշրջանի՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի և Թուրքիայի կինոռեժիսորների համար նախատեսված կինոնախագծերի և աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի շուկաներ` բացելով ֆինանսավորման և համագործակցության նոր հեռանկարներ տեղի կինոգործիչների համար:

GAIFF Pro ծրագրերի ղեկավար Սոնա Կարապողոսյանը շեշտեց, որ ծրագրի շրջանակում փառատոնի օրերին կանցկացվեն տարատեսակ դասընթացներ. կլինի նաև նախագծերի շուկա: Արդեն իսկ ստացվել  է 27 զարգացման, 5 աշխատանքային փուլում գտնվող նախագծի հայտ: GAIFF Pro-ին մասնակցության հայտեր ուղարկելու վերջնաժամկետը մայիսի 19-ն է:

 

Image Caption

 

ՀՀ Լոռու մարզում մայիսի 9-ին մեկնարկեց «Երևանի 2-րդ կարճամետրաժ ֆիլմերի փառատոն»-ը: Այն անցկացնում է «Հայկական կինոյի ինդուստրիալ զարգացում» մշակութային հիմնադրամը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:  «Հայկական կինոյի ինդուստրիալ զարգացում» մշակութային հիմնադրամը տեղեկացրել է, որ փառատոնի կազմկոմիտեն այս տարի ստացել է ավելի քան 600 հայտ աշխարհի 65 երկրից:

Փառատոնի նպատակն է՝ նպաստել նոր կինոսերնդի ձևավորմանը, օժանդակել երիտասարդ ստեղծագործողներին գտնել իրենց տեղը ժամանակակից կինոյում, ամրապնդել կապը Հայաստանի և օտարերկրյա կինոգործիչների միջև, խթանել փորձի փոխանակմանը:

Փառատոնը բաղկացած է եղել՝ միջազգային և ազգային խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրերից, ուր մրցանակներ  շնորհվեցին 12 անվանակարգերում: Փառատոնի ցուցադրություններն անցկացվեցին Հաղպատում, Դեբետում, Վանաձորում, Սպիտակում: Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու հեղինակավոր միջազգային կինոփառատոների  մրցանակակիր կարճամետրաժ կինոնկարները:

Օրակարգը բավական հագեցած էր, փառատոնի շրջանակում նախատեսված էին մի շարք միջոցառումներ՝  վարպետության դասեր,ստեղծագործական հանդիպումներ, դիտում-քննարկումներ, շնորհանդեսներ: Փառատոնն անցկացվեց մինչև մայիսի 13-ը:

 

Հռոմի «Կազանատենցե» գրադարանում Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը մայիսի 6-ին մասնակցեց հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» պոեմի իտալերեն թարգմանության շնորհանդեսին։

Գիրքը իտալերեն է թարգմանվել Պիզայի համալսարանի պրոֆեսորներ Ալֆոնսո Պոմպելայի և Ստեֆանո Գարցոնիոյի, ինչպես նաև Հռոմի և Լացիոյի հայ համայնքի ասոցիացիայի նախագահ Անուշ Թորունյանի համատեղ ջանքերով։

Իր խոսքում դեսպանը շնորհակալություն է հայտնել ստեղծագործության իտալերեն թարգմանությունը կյանքի կոչելու համար և նշել, որ «Դանթեական առասպել»-ը Եղիշե Չարենցի վաղ շրջանի լավագույն գործերից է, որն անմիջապես հայտնի է դարձրել նրա անունը։

Միջոցառման ընթացքում ընթերցվել են պոեմի իտալերեն թարգմանությամբ հատվածներ։

 

 

2018 թվականին հայաստանյան 104 թանգարանների հիմնական ֆոնդերում հաշվառվել է 3 միլիոն 89 հազար 309 ցուցանմուշ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ցուցանմուշներից 42 հազար 783-ը գեղանկար են, 33 հազար 988-ը՝ գծանկար, 3116-ը՝ քանդակ, 44 հազար 622-ը՝ կիրառական արվեստի առարկաներ, 191 հազար 697-ը՝ դրամագիտական առարկաներ, 300 հազար 554-ը՝ հնագիտական առարկաներ, 54 հազար 997-ը՝ կենցաղի և ազգագրական առարկաներ, 501 հազար 229-ը՝ լուսանկարներ, 1 588 503-ը՝ փաստաթղթեր, 327 հազար 820-ը՝ այլ առարկաներ։

3 միլիոն 89 հազար 309 ցուցանմուշից 66 հազար 491-ը ենթակա են վերականգնման։ 2018-ին վերականգնվել է ընդամենը 3086 ցուցանմուշ։

2018 թվականին հայաստանյան թանգարաններ այցելել է 2 միլիոն  921 հազար 564  մարդ։

Թանգարաններում աշխատում է 2 000 մարդ։

 

Վենետիկում բացվել է ժամանակակից արվեստի 58-րդ բիենալեն։ ՏԱՍՍ-ի  հաղորդմամբ, մինչ այդ  հայտարարել են բիենալեի մրցանակակիրներին։ Լիտվայի ազգային տաղավարը ստացել է «Ոսկե առյուծ» մրցանակ։ Բելգիայի ազգային տաղավարը ստացել է ժյուրիի հատուկ մրցանակ։ Լավագույն նկարիչ է ճանաչվել ԱՄՆ-ից Արթուր Ջաֆան, նա ստացել է «Ոսկե առյուծ» մրցանակ։ Լավագույն երիտասարդ նկարիչ է ճանաչվել Կիպրոսից Հարիս Էպամիդոնդուն՝ արժանանալով «Արծաթե առյուծի»։

 ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, բիենալեի այս տարվա թեման է «Կարող եք ապրել հետաքրքիր ժամանակներում»։ Մայիս 8-10-ը ներկայացվել են առաջին ցուցադրությունները մասնագետների և մամուլի համար, կայացել է ցուցադրության հանդիսավոր բացումը։ Հանրության համար բիենալեն աշխատելու է մայիսի 11-ից մինչև նոյեմբերի 24-ը։

Ցուցադրությանն ամբողջ աշխարհից մասնակցում է 80 նկարիչ և 91 ազգային նախագիծ։

Հայաստանյան տաղավարը գտնվում է Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի (Palazzo Zenobio) տարածքում: Ավելի վաղ կայացած ասուլիսում նախագծի համադրող Սուսաննա Գյուլամիրյանն ասել էր, որ «Հեղափոխական սենսորիում» խորագրի ներքո ներկայացվող հայաստանյան տաղավարի նախագիծը բաղկացած է երեք մասից: Այն Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխական իրադարձությունների գեղարվեստական և վերլուծական ներկայացումն է:

Առաջին մասը «Հեղափոխական սենսորիումն» է: Այն 2018 թվականի հեղափոխության նշանակալի իրադարձությունների դրվագների ներկայացումն է և ունի մի քանի թեմատիկ ուղղվածություն` հեղափոխության ստեղծագործականությունը, հեղափոխական բազմությունը, բռնության դրվագները, վերամասնակցումը:  Երկրորդ հատվածում ծագումով հայ Նարինե Առաքելյանը Վենետիկի փողոցներից մեկում կամավոր հիսուն կանանց հետ հանդես կգա «շերեփ-կաթսա» կատարմամբ, որը ներկայացնում է հեղափոխության օրերին կանանց անհնազանդությունը: Երրոդ մասը, հայաստանյան տաղավարի համադրողի կողմից նախաձեռնած և կազմակերպած` «Երկխոսություններ հեղափոխության և իշխանության մասին» խորագրով տեսագրութուններն են, որտեղ տարբեր ոլորտների քննադատաբար մտածող կին փորձագետներ, քաղաքացիական ակտիվիստներ` Գայանե Այվազյանը, Ռուզաննա Գրիգորյանը, Աննա Ժամակոչյանը և Աննա Նիկողոսյանը, հանդես են գալիս հայկական հեղափոխությանը վերաբերող անդրադարձներով, վերլուծություններով, հեղափոխական պոեմ-մանիֆեստի ընթերցումով:

 

Վերածննդի դարաշրջանի ականավոր գործիչ, գիտնական և գեղանկարիչ Լեոնարդո դա Վինչին չի կարողացել ավարտին հասցնել «Մոնա Լիզա» հայտնի կտավի աշխատանքները «մագիլանման ձեռքի»՝ դաստակի ֆունկցիոնալ խանգարման պատճառով, որն առաջանում է արմունկի նյարդի վնասվածքից: Ինչպես նշում է ArsTechnica հարթակը, նման եզրահանգման են եկել իտալացի նյարդաբան Կառլո Ռոսսին և պլաստիկ վիրաբույժ Դավիդե Լաձերին:

Այս տեսությունը հիմնված է նկարների վրա, որոնցում դա Վինչին պատկերված է, այսպես կոչված, մագիլանման ձեռքով: Պատմաբանները ենթադրում են, որ ձեռքը չի գործել կաթվածի պատճառով, որն ի հայտ է եկել կաթնամթերքով գերհագեցած բուսական սննդակարգի ֆոնին: 

Մինչ այդ մասնագետները կարծում էին, որ դա Վինչին տառապել է Դյուպյուիտրենի հիվանդությամբ, որի դեպքում մատներն ամբողջությամբ չեն գործում. դրանք ձգվում ու մնում են մշտապես ծալված դիրքում

Նոր հետազոտության արդյունքում, սակայն, գիտնականներն ուշադրություն են հրավիրել տարեց Լեոնարդոյի՝ Ջովաննի Ամբրոջո Ֆիգինոյի կողմից արված դիմանկարին, որում նկարչի ձեռքը ծածկված է հագուստով և գտնվում է կորացած վիճակում, ինչը խոսում է կաթվածից հետո առաջացած վնասվածքի մասին: