Մի գավաթ անդորր (156-Երեխաները և սթրեսը)
Բարի հանդիպում սիրելի բարեկամներ: Այսօր խոսելու ենք երեխաների սթրեսի մասին: Հաղորդման հյուրն է հոգեբան Անուշ Ալեքսանյանը: Որպես աղբյուր օգտվել ենք boon.am կայքից: Մնացեք մեզ հետ:
Մեծերը կարծում են, որ մանկությունը կյանքի ամենաանհոգ ժամանակաշրջանն է: Բայց պարզվում է` փոքրիկներն էլ առանց սթրեսի չեն ապրում: Դպրոցական ու անգամ մանկապարտեզային կյանքը կարող է երբեմն ճնշող լինել: : Երեխաները չեն կարող սթրեսին նույնքան դիմակայել, որքան մեծահասակները, քանի որ դեռևս չունեն կենսափորձ, ուստի ցանկացած փոփոխություն կարող է երեխայի համար սթրեսի աղբյուր դառնալ: Մեծահասակները կարող են օգնել երեխային գտնել այն առողջ ճանապարհները, որոնցով կարող են դիմակայել սթրեսին եւ լուծել խնդիրները: Հետազոտությունները ցույց են տվել, որ անգամ երբ երեխան չի ուզում խոսել իր խնդիրների մասին, միեւնույն է, հոգու խորքում սպասում է, որ մայրիկը կամ հայրիկը կլուծեն այն:
Երեխաներին հաճախ չեն տեղեկացնում տեղի ունեցող փոփոխություններից, փորձում են զերծ պահել սթրեսածին տեղեկություններից, այնինչ երեխայի հետ պետք է առավել անկեղծ լինել: Անգամ եթե երեխան անկեղծությանը չարձագանքի, այն կօգնի հետագայում հաղթահարել սթրեսը:
Եթերում է հոգեբան Անուշ Ալեքսանյանը:
---
Երբ նկատում եք, որ ձեր փոքրիկը սրտնեղած է, Հոգեբանները խորհուրդ են տալիս ասեք նրան այդ մասին: Եթե կարող եք, նկարագրեք այն, ինչ զգում ու տեսնում եք: Օրինակ` «կարծես դու դեռ տխուր ես եւ չես մոռանում բակում կատարվածը»: Եվ հիշեք, որ ձեր խոսքը չպետք է հնչի որպես նախատինք կամ մեղադրանք, ինչում ես տխրում,«լավ, հիմա ինչ պատահեց, հը?»: Ձեր հարցը կամ դիտարկումը պետք է հնչի որպես նկատառում, որի արդյունքում ավելին կիմանաք ձեր փոքրիկի խնդրի մասին: Եղեք կարեկցող ու քաջալերող:
Խնդրեք ձեր փոքրիկին` պատմի` ինչն է իրեն անհանգստացնում: Լսեք ուշադիր ու հանգիստ` հետաքրքրությամբ, համբերատարությամբ, բացմիտ ու հոգածությամբ: Խուսափեք դատելուց, մեղադրելուց, դասախոսելուց եւ հիշեք` պետք չէ ասել, թե փոխարենը ինչ պետք է աներ: Ձեր խնդիրը երեխային լսելն է: Փորձեք ձեր փոքրիկին անհանգստացնող պատմությանը ամբողջովին ծանոթանալ նման հարցերով` «եւ, ինչ եղավ հետո»:
Հակիրճ նկարագրեք այն ապրումները, որ կարծում եք` ձեր երեխան զգում է. Օրինակ` կարող եք ասել, «այո, դա իսկապես տխրեցնող է» կամ «անարդար են վարվել, ճիշտ ես»: Այսպես դուք կհասկացնեք ձեր փոքրիկին, որ հասկացել եք, թե ինչ ապրումների մեջ է, ինչու, եւ որ հոգում եք:
Շատ փոքրիկներ իրենց զգացմունքներն ու ապրումները նկարագրելու համար բառեր չունեն: Եթե ձեր փոքրիկը բարկացած կամ ճնշված է երեւում, օգտագործենք այնպիսի բառեր, որոնք երեխան կարող է սովորել եւ հետագայում էլ դրանցով նկարագրել ապրումները: Էմոցիան բառի վերածելը կարող է օգնել փոքրիկին` ավելի լավ շփվելու եւ էմոցիոնալ զարգացումն ապահովելու համար: Երեխան պետք է կարողանա ճանաչել իր սեփական էմոցիոնալ մակարդակները: Այն երեխաները, ովքեր կարողանում են ճանաչել իրենց իսկ զգացումները բառերով, ուժեղ ապրումների ժամանակ ոչ թե վարքագծով են պոռթկում, այլ պարզապես բառերով նկարագրում են իրենց հոգեվիճակը:
Այժմ լսենք Հոգեբան Անուշ Ալեքսանյանին և տեսնենք թե ինչ պետք է անել երբ երեխան հայտնվում է սթրեսային իրավիճակում:
---
Փոքրիկները ոչ միշտ են խոսում այն մասին, թե ինչն է իրենց անհանգստացնում: Երբեմն դա նորմալ է: Բայց միշտ այնպես արեք, որ ձեր փոքրիկը վստահ լինի, որ հարկ եղած դեպքում կլինեք իր կողքին ու պարզապես կզրուցեք: Անգամ երբ նրանք չեն ուզում խոսել, իրենց ծնողների ներկայության կարիքն են զգում: Այնպես որ, եթե նկատում եք, որ ձեր փոքրիկը վհատված է, ճնշված կամ վատ օր է ունեցել, բայց չի ուզում խոսել դրա մասին, նախաձեռնեք մի բան, որը կարող եք միասին անել` զբոսնեք, ֆիլմ դիտեք, մի բան նկարեք կամ որեւէ բան թխեք:
Ուշադիր եղեք. Որպես ծնող` իհարկե կնեղվեք, երբ ձեր փոքրիկին ճնշված տեսնեք, բայց փորձեք չնահանջել ու ֆիքսել բուն խնդիրը: Կենտրոնացեք ձեր փոքրիկին օգնելու տարբերակների վրա`` դանդաղ, բայց անկոտրում: Այնպես արեք, որ նա վստահորեն փորձի հարթել խնդիրը` դառնալու համար մեկը, ով կիմանա` ինչպես կառավարի կյանքի անակնկալները` վայրէջքներով ու վերելքներով, ապրումները վերածի խոսքերի, հանդարտվի, երբ պետք է եւ վերադառնա այնտեղ, որտեղից կարող է նորից սկսել: Ծնողները չեն կարող մշտապես լուծել խնդիրները, փոխարենը կարող են սովորեցնել նրանց` ինչպես դիմակայել փորձություններին: