Մի գավաթ Անդորր (157. Ինչպես շփվել հաշմանդամություն ունեցող անձանց հետ)
Մի գավաթ անդորր հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ այսօր խոսելու ենք հաշմանդամություն ունեցող անձանց հետ շփվելու մասին և ներկայացնելու ենք մասնագետների մի շարք խորհուրդներ, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալու` ինչպես շփվել հաշմանդամություն ունեցող մարդու հետ, ինչ անել, որ ոչ ոք իրեն անհարմար չզգա:Իհարկե մեզ կօգնի նաև հասարակական գործիչ և «Դիսըբիլիթի ինֆո» կայքի հիմնադիր-խմբագիր Զարուհի Բաթոյանը: Խոսափողի մոտ է Շողիկ Քեշիշյանը: Մնացեք մեզ հետ:
Աշխարհում ավելի քան մեկ միլիարդ մարդ ունի առողջության հետ կապված որևէ սահմանափակում, այսինքն հաշմանդամություն, իսկ նրանց 20%-ը իրենց աշխատանքային գործունեության ընթացքում հանդիպում են էական դժվարությունների: Ամբողջ աշխարհում հաշմանդամություն ունեցող մարդիկ առանձնանում են կրթական, առողջապահական և տնտեսական կյանքին մասնակցության բավականին ցածր ցուցանիշով և աղքատության մակարդակի բարձր ցուցանիշով: Այս ամենն, անշուշտ, մեծապես կապված է այն հանգամանքի հետ, որ հաճախ առողջապահական, կրթական, տրանսպորտային ծառայությունները հասանելի չեն լինում առողջական սահմանափակում ունեցող մարդկանց համար:
Ներկայումս հասարակությունում հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ ձևավորվել է մի մոտեցում, որի համաձայն՝ հաշմանդամ ասելով կարծես պատկերացնում ենք միայն անվասայլակ, կամ անկողնուն գամված անձի, կամ էլ անաշխատունակ անձի: Այնուամենայնիվ, գոյություն ունեն հաշմանդամության տարբեր խմբեր, առողջության տարբեր խաթարումներ, որոնք միավորվում են մեկ՝ հաշմանդամ, բառի ներքո:
Նրանք, ովքեր երբեք չեն շփվել հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ, առաջին անգամ հաճախ անհարմարության ու ամաչկոտության զգացողություններ են ունենում: Եվ սովորաբար ամաչում են ոչ թե նրա համար, որ դիմացինն իրենցից տարբերվում է, կամ խոսում է ոչ այնքան պարզ։ Հաճախ մարդիկ ամաչում են իրենք իրենցից. մտածում են` գուցե իրենք կողքից ոչ ճիշտ տպավորություն թողնեն կամ ինչ-որ բան այնպես չանեն: Օրինակ, երբ փորձեն խոսել ավելի դանդաղ կամ առաջարկեն օգնել ճանապարհն անցնել: Այս բարդույթները հնարավոր է հեշտությամբ հաղթահարել, մնում է միայն առաջինը սկսել շփումը:
Հաշմանդամություն ունեցող անձանց հետ շփման կանոնները բխում են ընդհանուր էթիկայից, մարդկային հարաբերություններից, բայց իհարկե կան որոշ նրբություններ, որոնք լավ կլինի նկատի ունենալ տարբեր խնդիրներ ունեցող անձանց հետ շփվելիս միայն սկզբի համար, որովհետև հետո շատ ավելի հեշտ է լինում, երբ մենք ունենք արդեն շփման, հաղորդակցման փորձ և որևէ բան այլևս մեզ չի վախեցնում կամ մտահոգում:
Երբ դուք խոսում եք հաշմանդամություն ունեցող մարդու հետ, դիմեք անմիջականորեն նրան, այլ ոչ թե իր ուղեկցին, ով ներկա է խոսակցությանը: Եթե մարդն անվասայլակով է, փորձեք այնպես անել, որ ձեր եւ նրա աչքերը մի մակարդակի վրա լինեն: Մի հենվեք անվասայլակին, դա նույնն է թե անվասայլակի տիրոջը հենվեք: Անվասայլակը մարդու՝ օգտագործողի անձնական տարածքի մի մասն է:
***
Տեղաշարժման և Տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց հետ շփվելիս հասարակական գործիչ Զարուհի Բաթոյանն ասում է...
***
Իսկ ինչ վերաբերում է լսողության խնդիրներ ունեցող մարդկանց հետ շփումներին: Նրանց հետ շփվելու դեպքում կարևոր է որոշ ճշտումներ անել: Նախ` հնարավոր է, որ մարդը կարողանա հաղորդակցվել շուրթերի միջոցով, այսինքն` կարողանա ձեզ հասկանալ և պարտադիր չէ, որ դուք ժեստերի լեզվին տիրապետեք: Հնարավոր է, որ բավարար լինի այն, որ պարզ ու հանդարտ խոսեք, և մարդը ընկալի: Եվ ամենևին պարտադիր չէ գոռալ մարդու ականջին, եթե նա լսողության խնդիր ունի: Նույնը չի կարելի անել նաև տեսողության խնդիր ունեցող մարդու դեպքում, որովհետև երբեմն նաև թյուր կարծիք կա, որ եթե մարդը չի տեսնում, նաև չի լսում կամ հակառակը: Կարելի է նաև որոշ ժեստեր սովորել, այսօր համացանցում դրանք կան, միայն բարևելու կան թեկուզ շնորհակալություն ասելու համար, որը մարդուն ցույց կտա, որ դուք պատրաստակամ եք նրա հետ հաղորդակցվելու`թեկուզև ժեստերի լեզուն չիմանալով: Եթե մարդը սուրդոթարգմանչի կամ որևէ մեկի հետ է, ով օգնում է ձեզ հաղորդակցվելու, այս դեպքում ուղղակիորեն դիմեք նրան, այլ ոչ թե թարգմանչին: Դուք կարող եք նրա հետ շփվել ուղղակիորեն աչքերի մեջ նայելով, իսկ թարգմանիչն արդեն կհոգա, որ ձեր ասելիքը տեղ հասնի:
****
Կարևոր է հաղորդակցման ընթացքում հիշել նաև բառերի և արտահայտությունների մասին, որոնք նաև մտածողություն են ձևավորում:Ի՞նչ բառեր և արտահայտություններ կարելի է օգտարգործել հաշմանդամություն ունեցող անձանց մասին խոսելիս։ Հարցին պատասխանում է հասարակական գործիչ Զարուհի Բաբայանը:
***
Երբեմն մարդիկ կարծում են, թե դժվար է շփվել մտավոր խնդիրներ ունեցող անձանց հետ, թյուր կարծիք կա, որ կարող է ագրեսիա լինել, կամ մտավախություն ունեն, որ գուցե չհասկանան մարդուն: Այս դեպքում ևս շատ կարևոր են բնական պահվածքը և մարդկանց հետ շփվելու ցանկությունը, որովհետև բոլոր մարդիկ ընդունակ են հաղորդակցման, և եթե նույնիսկ դժվարություններ առաջանան, ապա դրանք հաղթահարելի են: Եվ այս դեպքում կարելի է օգնության համար դիմել ընտանիքի անդամներին, մտերիմներին, ովքեր խորհուրդ կտան, թե ինչպես դիմել, ինչպես շփվել: Մարդիկ սիրում են շփվել, իրենց նախասիրությունների մասին պատմել, և ավելի շատ են հակված հաղորդակցվելու, ընկերություն անելու մարդկանց հետ, քան այն մարդիկ, ովքեր, թվում է, որևէ խնդիր չունեն: Եվ այս դեպքում շատ կարևոր է բաց, պատրաստակամ լինել և մարդկանց չվերաբերվել ինչպես երեխաների, որովհետև կարևոր է, որ չափահաս մարդուն վերաբերվեն որպես չափահասի:
***
Մասնագետները նաև խորհուրդ են տալիս մի «պաշտպանեք» երեխաներին հաշմանդամության վերաբերյալ տեղեկությունից:
Հաճախ ծնողները, որոնց երեխան տեսնում է իրենից տարբերվող մարդու, սկսում են հորինել տարբեր պատմություններ, որ հնարավորինս հեշտությամբ, չխորանալով մանրամասների մեջ, բացատրեն երեխաներին` ինչ երեւույթի են նրանք հանդիպել: Դա հնչում է մոտավորապես այսպես. «Մորաքույրն ուղղակի հիվանդ է»: Սակայն ճիշտը որոշակի ջանք գործադրելն է եւ երեխային բացատրելը, թե ինչու է այդ մարդը տարբերվում իրենից, ինչու են նման դեպքեր լինում, ու ինչպես է պետք նրանց հետ շփվել: Կարեւոր է, որ երեխաները հասկանան` հաշմանդամություն ունեցող անձանց պետք չէ ընկալել որպես հիվանդ կամ անօգուտ: Դրանից հետո երեխան «երես չի թեքի» նման մարդկանցից եւ չի փորձի չնկատել նրանց, անակնկալի չի գա ու չի զարմանա, երբ փողոցում տեսնի մարդու, որի մի ոտքը բացակայում է:
Պետք է երեխաներին բացատրել, որ մարդիկ տարբեր են լինում, սակայն դա ինչ-որ մեկին ավելի լավը կամ ավելի վատը չի դարձնում:
***
Վերջում ներկայացնում ենք մի քանի խորհուրդներ հաշմանդամություն ունեցող մարդկանց հետո շփվելու համար:
Փորձեք այնպես անել, որ հաշմանդամություն ունեցող մարդը հաճույքով շփվի ձեզ հետ:
Խղճահարություն մի ցուցաբերեք:
Պետք չէ անտեղի կարեկցել հաշմանդամություն ունեցող մարդուն:
Պատրաստ եղեք օգնելուն: Պետք է օգնել նրբանկատորեն` հարցնելով` ձեր օգնությունը դիմացինին պետք է, թե ոչ: