Հուլիս 03, 2019 12:50 Asia/Yerevan

Մի գավաթ անդորր հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ այսօր կխոսենք բարդույթների մասին, ինչպես նշում են մասնագետները՝ բարդույթներ ունեն բոլորը, սակայն յուրաքանչյուրն այն տարբեր կերպ է զգում: Սիրելի բարեկամներ այս հաղորդման ընթացքում նաև կներկայացնենք հոգեթերապևտ Արմեն Ներսիսյանի տեսակետները բարդույթների մասին: Ընկերակցեք մեզ:

Հոգեբանների խոսքով՝ թերարժեքության բարդույթը ամենատարածված բարդույթներից մեկն է. «Հաճախ բարդույթավորված մարդ ասելով` հասկանում ենք ամաչկոտ, ինքնամփոփ, կաշկանդված, բայց իրականում այդ ամենը տարբեր բարդույթները թաքցնելու ձև է միայն: Երբեմն տեսնում ենք ազատ, արտաքուստ ինքնավստահ մարդու ու կարծում, թե նա բարդույթավորված չէ, բայց շատ հաճախ այդ թվացյալ ինքնավստահության տակ մարդը թաքցնում է իր անվստահությունն ու անկաշկանդությունը, այսինքն՝ բարդույթների թվացյալ բացակայությունը հենց խոսում է տվյալ անձի բարդույթավորված լինելու մասին, պարզապես տարբեր մարդիկ տարբեր ձևով են դրսևորում իրենց բարդույթները։ Ընդհանրություններ և որոշ օրինաչափություններ իհարկե կան, բայց բարդույթի բովանդակությունն անհատական է. մեկի համար բարդույթ է համարվում ցածր հասակը, մյուսի համար մեծ քիթը և այլն: Հոգեբանները խորհուրդ են տալիս լինել ինքնավստահ, սիրել սեփական անձը և երբեք չասել՝ չեմ կարող, չի ստացվի… այլ միայն ասել՝ կարող եմ ու մտովի խաղալ այն իրադարձությունները, որոնց կենսագործման համար համարձակությունը չի ներում:

 

Եթերում է

Հոգեթերապևտ Արմեն Ներսիսյանը

 

Որոնք են ամենատարածված բարդույթները:Այս մասին լսենք հոգեթերապևտ Արմեն Ներսիսյանին:

---

Իրոք ոչինչ չի խանգարում մեզ շփվելուց հաճույք ստանալ այնպես, ինչպես սեփական բարդույթները: Սակայն դրանցից ձերբազատվելն ինչպես հոգեբաններն են ասում այնքան էլ բարդ գործընթաց չէ: Եկեք փորձենք ձերբազատվել շփման ժամանակ ի հայտ եկող բարդույթներից:
Բարդույթ համար մեկ՝ «Ես ամաչում եմ անծանոթ մարդկանց հետ շփվելուց»:
Իրականում, մենք վախենում ենք ոչ թե հենց անծանոթներից, այլ այն տպավորությունից, որը կարող են թողնել նրանց վրա մեր սուբյեկտիվորեն ընկալված թերությունները: Մենք սարսափում ենք արդեն այն մտքից, որ մեր ոչ իդեալական ատամները կամ խոսքի թեթև դեֆեկտները կարող են դառնալ լայն քննարկման առարկա: Այսպիսի մտացածին թերություններն էլ կարող են առաջացնել շփման բարդույթ:
Առաջին հերթին պետք է կարողանալ գլխից դուրս շպրտել այդ հիմարությունները: Ապացուցված է, որ անծանոթ մարդիկ սովորում են ձեր արտաքին տեսքին և խոսքի ձևերին շփման առաջին 3-9 րոպեների ընթացքում, իսկ հետո ուղղակի դադարում են այդ ամենի վրա ուշադրություն դարձնել: Ոչ մեկի մտքով էլ չի անցնի քննարկել ձեր խոսքի առանձնահատկությունը, եթե ինքներդ չփորձեք թաքցնել այն: Հենց սա էլ ուշադրություն է գրավում:
Ամփոփում՝ մարդիկ կողմնորոշվում են զրուցակցից ունեցած ընդհանուր զգացողությամբ՝ երբեք չֆիքսվելով մանրամասների վրա: Եղեք բնական, մի փորձեք թաքցնել ձեր «թերությունները»: Հիշեք՝ իդեալական մարդիկ գոյություն չունեն – մեզնից ամեն մեկն էլ ունի իր թերությունն ու բարդույթը:
Բարդույթ համար երկու՝ «Ես ինձ չշփվող եմ համարում՝ ինձ շատ դժվար է մտերիմ մարդ գտնել»:

Մեզնից շատերը շփման մեջ նման են կրիաների: Պատյանի տակ թաքցնելով մեր գլուխն ու թաթերը՝ սպասում ենք, որ դիմացինը ինչ-որ կերպով ապացուցի, որ մեզ համար թշնամի չէ: Սակայն երբ երկու քիչ ծանոթ մարդ «պատյանների» մեջ են թաքցնում իրենց լավագույն որակները, զգուշանում արտահայտել իրենց բնավորությունը, նախընտրությունները և կարծիքները, ապա լիարժեք շփում չի կարող տեղի ունենալ: Ավելի ճիշտ և հեշտ է բացվել և վստահել դիմացինին:


Սկսեք առաջինը խոսել զրուցակցի հետ, ինչ-որ բան առաջարկեք նրան, հարց տվեք, լսեք նրան: Ամենայն հավանականությամբ, դուք կհանդիպեք ՀՐԱՇՔԻ. ձեր աչքերի առջև մարդը հետզհետե կհանդարտվի, զգուշորեն կհանի իր գլուխը «պատյանի» միջից և վերջապես լիարժեքորեն բացվելով՝ կարտահայտի իրեն՝ որպես սրամիտ և նուրբ զրուցակից: Ձեր բարեկրթությունը անպատասխան չի մնա: Եթե նույնիսկ այդ ամենը տեղի չի ունենա, ապա միևնույնն է, Դուք ոչինչ չեք կորցնում. ուղղակի կհասկանաք, որ այս նորեկը իրենից ոչինչ չի ներկայացնում: Այսինքն՝ կարելի է փնտրել ավելի հետաքրքիր զրուցակցի:


Ամփոփում՝ շփման բարդույթն ամենից հաճախ առաջանում է չհասկացված կամ սխալ հասկացված լինելու վախից: Մենք հաճախ ի սկզբանե ընկալում ենք մարդկանց սև գույներով. դեռևս չհասցնելով մի լավ տնտղել մարդուն՝ արդեն համոզված ենք լինում, որ նա վատն է և նրանից պետք է խուսափել:


Բարդույթ համար երեք՝ «Չգիտեմ ինչու ինձ լուրջ չեն ընդունում, չնայած որ ես խելացի բաներ եմ ասում»:


Ամենայն հավանականության, բանն այն չէ, թե ինչ եք ասում, այլ այն, թե ինչպես եք ասում: Որոշ կանայք, ի ծնե ունենում են բարակ, գլխային ձայն, այսպես ասած «տիկնիկային»: Այստեղ ամենակարևորը՝ սովորել հսկել խոսքը և հետևել, որ ավելի հատու խոսեք, այսինքն՝ դանդաղ, ինտոնացիայով ընդգծելով կարևոր բառերը:
Հնարավոր է, որ շատ միալար եք խոսում, և մարդկանց դժվար է կենտրոնանալ ձեր խոսքի վրա. նրանք սկսում են թախծել, և դուք հետզհետե «քնեցնում» եք նրանց: Խոսքի մեջ շատ կարևոր են պաուզաները, վառ տեղերի ընդգծումը ինտոնացիայով, ազատ ժեստերը:
Եվս մի պատճառ, որի պատճառով ձեզ ամենայն լրջությամբ չեն ընդունում, կարող է հանդիսանալ ձեր արագախոսությունը: Խոսքը ընկալվում է նորմալ, երբ այն արտաբերվում է րոպեում 100-150 բառ արագությամբ: Որոշել, թե ինչն է ձեր նկատմամբ եղած ուշադրության պակասի պատճառը, կարող եք մտերիմ ընկերների շրջանում որոշակի հարցում անցկացնելով:


Ամփոփում՝ հռետորի հիմնական որակը լսելու ընդունակություն է: Նույնիսկ այս բոլոր թերություններն ունենալու դեպքում դուք կարող եք լինել հրաշալի զրուցակից, եթե շրջապատի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերեք: Դա մարդկանց կստիպի ականջ դնել ձեզ. ախր դուք շատ խելացի եք, ուշադիր, և ձեզ հարգում են: Այս մոտեցմամբ Դուք կմոռանաք շփման մեջ ունեցած ձեր բարդույթների մասին:

---

Շատ քիչ մարդիկ կան, ովքեր զուրկ են բարդույթներից կամ ունեն, բայց հերքում են կամ չեն նկատում: Ահա մի քանի միջոցներ, որոնք կօգնեն ձեզ հեռու մնալու բարդույթներից, իսկ եթե արդեն առկա են, ձերբազատվելու:

Չվախենալ ռիսկի դիմելուց

Որքան փորձեք թաքցնել ձեր խնդիրը, այնքան ավելի դժվար կլինի այն հաղթահարելը:

Ամոթը թունավորում է օրգանիզմը. այն թաքցնելու փոխարեն պետք է բարձրաձայնել:

Նույնիսկ հայտնիներն ունեն բարդույթներ, բայց ի տարբերություն մյուսների՝ նրանք կարողանում են ռիսկի դիմել:Թերարժեքության բարդույթը կարող է վերածվել դեպրեսիայի: Բարձրաձայնելու դեպքում ձեզ ճիշտ կհասկանան ու կփորձեն օգնել հաղթահարելու խնդիրները:Հայտնվելով նոր միջավայրում՝ լռելու և ոչինչ չխոսելու փոխարեն պետք է խոսել որևէ մեկի հետ ու պատմել ձեր անհանգստության մասին: Այդ դեպքում կպակասի լարվածությունն, ու խնդիրը զարմանալիորեն չի երևա այնքան մեծ, որքան թվում էր:

 

Չհամեմատվել ուրիշների հետ

Երբեմն բարդույթներն առաջանում են այս կամ այն մարդու հետ համեմատվելու արդյունքում: Թույլ տվեք ինքներդ ձեզ տարբերվել մյուսներից թե՛ արտաքինով, թե՛ բնավորությամբ: Ընդունեք ու սիրեք ձեզ այնպիսին, ինչպիսին կաք:

 

Պարգևատրեք ինքներդ ձեզ

Խրախուսեք ինքներդ ձեզ ամոթը հաղթահարելու յուրաքանչյուր փորձի համար և պատժեք ձեզ ամեն մի խուսափելու փորձ կատարելու դեպքում:Մարդու հոգեբանությունն այնպիսին է, որ նա կարող է փախչել տհաճ իրավիճակներից ու անցանկալի գործողություններից:

Եթե փորձեք հասկանալ, որ թուլության համար պատժվելու եք, ապա ամոթը հաղթահարելու շանսերը կմեծացնեք:

Մեր երևակայությունը

Շատ հաճախ մեր մտահոգություններն ու կասկածները չեն համապատասխանում իրականությանը. դրանք հորինված են ու նկատելի չեն մեզ շրջապատողների կողմից: Ամոթի գործոնն այնքան է մեծանում, որ մարդիկ սկսում են չնկատել մյուսների արձագանքները՝ կարծելով, որ դիմացինները քննադատում են իրենց: Դրա համար ավելի լավ կլինի հարցնել դիմացինին արդյո՞ք նա այդպես է մտածում ձեր մասին:Երբեմն մտերիմները չեն նկատում, թե ինչ է տեղի ունենում իրենց քննադատական վերաբերմունքից հետո, բայց այլ կերպ վարվել չեն կարող, քանի որ իրենք էլ նույն քննադատությունների ու կարծրատիպային մտածողության զոհերն են: Պետք է հասկանալ նաև նրանց ու ամեն մի վիրավորական խոսքի դեպքում բարձրաձայնել դրանք բարդույթներից զերծ մնալու համար: