Հուլիս 10, 2019 16:21 Asia/Yerevan

Մի գավաթ անդորր հաղորդաշարի հարգարժան բարեկամներ այսօր կխոսենք այն մասին թե ինչու պետք չէ համեմատվել ուրիշների հետ: Կներկայացնենք հոգեբան Իրինա Ծատուրյանի խորհուրդներն այս կապակցությամբ:Մնացեք մեզ հետ:

Բոլոր կենդանի արարածների կյանքը կախված է շնչելուց, ուտելուց, խմելուց։ Սակայն մարդիկ օժտված են մի բանով, որ չունեն կենդանիները. մարդիկ ստեղծված են կյանքի նպատակը հասկանալու հրամայականով։ Նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները, երջանիկ են, քանի որ փորձում են մոտենալ Աստծուն:

Ուրիշների համար ինչ-որ բան անելը քեզ երջանկություն է պարգևում, սակայն երբ Աստծու համար ես ինչ-որ բան անում, ավելի մեծ երջանկություն ես զգում, իսկ այդ երջանկությունը բերում է սեփական անձի հանդեպ գոհունակության:

Գոհունակության զգացումը հնարավոր չէ գնել։ Զարմանալի չէ, որ գոհունակությունը՝ բավարարվածության ներքին զգացումը, շատերի համար պատրանք է, քանի որ աշխարհը ստիպում է ավելին ունենալ, հասնել ավելի մեծ հաջողությունների և ձգտել այնպիսի կյանքի, որը վայելում են ուրիշները։ Գոհունակության զգացումը անծանոթ է նրանց, ովքեր ոչինչ չեն անում այն զգալու համար, բայց մշտապես փորձում են համեմատվել ուրիշների հետ:

Մեզ գուցե դուր է գալիս համեմատվել ուրիշների հետ. երբեմն նրանց հետ, ովքեր ավելի քիչ բան ունեն, քան մենք, իսկ հաճախ նրանց հետ, ովքեր ավելի ուժեղ են, ավելի հարուստ կամ ավելի տաղանդավոր։ Երկու դեպքում էլ դա բացասական ազդեցություն է թողնում մեզ վրա։ Եթե մտածում ենք, որ մարդու արժանիքները որոշվում են նրա ունեցվածքի չափով կամ ունակություններով, ապա սխալվում ենք։

Ուրիշների հետ համեմատվելը առաջ է բերում միայն նախանձի զգացում և մրցակցության ոգի: Աստված մարդուն գնահատում է ոչ թե ուրիշների հետ համեմատելով, այլ կարդալով նրա սիրտը, ուսումնասիրելով նրա մտքերը, զգացումներն ու մտադրությունները:

 

ԻՆՉՊԵՍ ԴԱԴԱՐԵԼ ՀԱՄԵՄԱՏՎԵԼ ՈՒՐԻՇՆԵՐԻ ՀԵՏ

Ինքներս մեզ համեմատելով ուրիշների հետ` մենք չենք ստանում որևէ լավ բան: Եթե համեմատության մեջ հաղթում ենք մենք, ապա ունենում ենք գերազանցության զգացողություն և քննադատում ենք ուրիշներին: Եթե հաղթում են ուրիշները, ընկնում է մեր ինքնագնահատականը: Եվ ուրեմն, ինչպես դադարել համեմատվել ուրիշների հետ:

Մենք շարունակ համեմատում ենք մեզ շրջապատի հետ և սկսում ենք հետևություններ անել: Կամ մենք ենք ուզում անել մի բան, ինչ անում են մյուսները, կամ մյուսներին քննադատելով՝ մեզ ավելի լավն ենք համարում: Բայց գերազանցության զգացողությունը ոչ մի կապ չունի երջանկության հետ:

Ինքներս մեզ ուրիշների հետ համեմատելը այնքան սովորական բան է դարձել, ներծծվել մեր կյանքի մեջ, որ նրանից հենց այնպես ազատվել չի հաջողվի: Պետք է անընդհատ ուշադիր լինել, նկատել այն պահերը, երբ սկսում ենք անգիտակցաբար համեմատվել ուրիշների հետ, և կանգնեցնել ինքներս մեզ:

Ահա թե ինչպես են մարդիկ փչացնում իրենց տրամադրությունը՝ գիտակցաբար կամ անգիտակցաբար համեմատվելով ուրիշների, երբեմն նույնիսկ անծանոթների հետ:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ

 

Մարդիկ սոցցանցերի իրենց էջում տեղադրում են իրենց ամենահաջողված ու ամենաերջանիկ պահերի լուսանկարները: Դուք չեք տեսնի լուսանկարներ նմանատիպ նկարագրություններվ՝ «Մենք ուժեղ վիճում ենք և ես կոտրում եմ իմ iPhone-ը», «Ես դեպրեսիայի մեջ եմ», «Ես չանցա հարցազրույցը ու հիմա հուսահատված եմ»: Սոցցանցերում միայն երջանիկ պահերն են՝հանգիստ ծովափին, համեղ ու ախորժալի ընթրիք, առավոտյան վազք կամ երեկույթ: Տպավորություն է ստեղծվում, որ այդ մարդը հագեցած և երջանիկ կյանքով է ապրում:

Եթե դուք հաճախ եք շրջում սոցցանցի ձեր ընկերների ու ծանոթների էջում, դիտում նրանց երջանիկ պահերի լուսանկարները, ձեզ մոտ կարող է անկառավարելի ինքնագնահատականի անկում լինել:

Ինչո՞ւ ես չեմ  գնում ռեստորան և այսպիսի գեղեցիկ ուտելիքներ չեմ փորձում: Ինչո՞ւ ես էլ չեմ ճանապարհորդում, չեմ զբաղվում սպորտով, ինչո՞ւ ես  այսքան գեղեցիկ չեմ:

Մենք համեմատում ենք մեր կյանքի պահերը մեկ ուրիշինի հետ: Բայց ինչո՞ւ: Ինչո՞ւ դրանք պետք է ավելի լավը լինեն: Մի՞թե երջանկությունը կախված է նրանից, թե որքան լավ կամ վատ են դիտվում մեր երջանիկ պահերը կողքից:

Երջանկության համար պետք չէ լինել ավելի լավը մեկ ուրիշից: Դրա համար բավական է ընդունել այն վայրը, որտեղ մենք ապրում ենք, ինչով զբաղվում ենք և ով ենք իրականում: Համեմատությունը չի ավելացնում մեր երջանկության չափը, ընդհակառակը՝ ստիպում է մեզ նախանձել, ջղայնանալ ինքներս մեզ վրա և երազել այն բանի մասին, ինչի կարիքը իրականում մենք չունենք:

ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ

Մարդիկ պարզապես պաշտում են դատել ուրիշների մասին այս կամ այն չափով: Այն մարդիկ, ովքեր զբաղվում են սպորտով և ավելորդ քաշի խնդիր չունեն, քննադատաբար են նայում գեր մարդկանց կամ նրանց, ովքեր արագ սնունդ են ուտում և առանց վերելակի չեն կարողանում բարձրանալ գոնե երեք հարկ: Հաստատուն եկամտով մարդիկ քննադատում են նրանց, ովքեր ստիպված են պարտքով գումար վերցնել:

Հատկապես բուռն կերպով մարդիկ քննադատում են նրանց, ովքեր դեռ տառապում են այն սովորություններից, որոնցից իրենք կարողացել են ազատվել: Նախկին ծխողները կամ նրանք, ովքեր դադարել են արագ սնունդ ուտել, պատրաստ են անվերջ քննադատել այն մարդկանց, ովքեր դեռ չեն կարողացել դա անել. «Ինչո՞ւ են նրանք այդքան կամազուրկ», «Նրանք չեն կարողանում կառավարել իրենք իրենց», «Նրանք թույլ են տալիս վատ սովորություններին իշխել իրենց վրա»: Եվ ահա, պատրաստ է գերազանցության զգացողությունը մյուսների հանդեպ: Բայց այդ քննադատությունը ոչ թե երջանկություն է բերում, այլ հանգեցնում է նրան, որ այդ մարդը, ում քննադատում եք, տհաճ է դառնում ձեզ համար: Դուք հիասթափվում եք նրանից, լցվում բացասական էմոցիաներով նրա հանդեպ և անգամ զզվանք եք զգում:

Մենք կուզեինք, որ մարդիկ մեզ նման լինեին, անեին որևէ բան իրենց կյանքը լավացնելու համար: Մարդիկ առհասարակ սիրում են պատկերացնել իրենց ուրիշի դերում: Մեզ թվում է, թե գիտենք՝ ինչն ավելի լավ կլիներ այդ մարդու համար: Իրականում դա շատ մեծամիտ կարծիք է: Անգամ մեր ամենամոտ հարազատի հետ շփվելով՝ մենք կարող ենք գլխի չընկնել, թե ինչ է նրան իրականում հարկավոր: Էլ չենք խոսում պարզապես ծանոթ մարդկանց մասին:

Երբ մենք քննադատում ենք մարդկանց, մենք չենք ընդունում նրանց այնպիսին, ինչպիսին նրանք կան, չենք ընդունում կյանքը այնպիսին, ինչպիսին կա: Ինչո՞ւ քննադատելու փոխարեն մենք պարզապես չփորձենք հասկանալ այդ մարդուն: Ցանկության դեպքում մարդը կարող է հասկանալ բոլորին: Եվ եթե հասկանանք, տհաճության զգացողությունն անմիջապես կանհետանա:

Փորձեք հասկանալ, այլ ոչ թե քննադատել: Երբ նկատում եք, որ ինչ-որ մեկից հիասթափվել եք, անմիջապես դադարեք նրան քննադատել:Փորձեք հասկանալ նրան: Գուցե նրա համար կյանքի դժվար շրջան է, գուցե նա բարկացած է ինչ-որ բանի վրա կամ ճնշված: Գուցե նա հուսահատված է, և նրա կյանքում կան իսկապես լուրջ պատճառներ դրա համար: Հենց դուք փորձեք հասկանալ մարդուն, քննադատելու ցանկությունն անմիջապես կանհետանա: