Օգոստոս 14, 2019 11:01 Asia/Yerevan

Մի գավաթ անդորր հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ մեր այսօրվա զրույցի թեման ցավոտ է։Այսօր խոսելու ենք ծնողների ամուսնալուծության հետևանքով երեխաների մոտ առաջացող հոգեբանական խնդիրների մասին։ Երկու համար ենք հատկացրել այս թեմային։ Հաղորդման ընթացքում դուք նաև հնարավորություն ունեք ունկնդրել Հոգեբան Իրինա Ծատուրյանի խորհուրդներն այս կապակցությամբ։ Ընկերակցեք մեզ։

Ծնողների ամուսնալուծությունը և դրա հետևանքները երեխաների համար

Ծնողների ամուսնալուծությունը , նույնիսկ եթե դա տեղի է ունենում հանգիստ ու հարգալից պայմաններում,ուժեղ հոգեբանական ապրումների պատճառ է դառնում երեխայի համար: 

Նման իրավիճակում երեխայի վրա բացասաբար ազդում են հետևյալ գործոնները.

Ամուսնալուծությանը նախորդող ընտանեկան կոնֆլիկտները, վեճերը, բռնության դեպքերը, լարված մթնոլորտը, որոնք ազդում են երեխայի վրա:

Երեխան միշտ զգում է ծնողի պակասը, նույնիսկ եթե արտաքուստ  ոչ մի զգացմունք կամ կարոտ չի արտահայտում: Եվ ծնողներից մեկի հեռանալը նա հաճախ ընկալում է որպես հրաժարում իրենից : Նման զգացմունքները երեխան կարող է պահպանել երկար տարիներ :

Ծնողը, մնալով միայնակ, ստիպված է լինում շատ աշխատել և հետևաբար ավելի քիչ ժամանակ հատկացնել երեխային: 

Ծնողների ամուսնալուծությունը ազդում է նաև երեխայի ու իր շրջապատի հետ հարաբերությունների վրա: Բաժանության լուրը դառնում է երեխայի համար ցավոտ խոսակցությունների թեմա, ինչպես նաև հաճախ երեխային են սկսում հարցնել բաժանության մասին, ինչը նույնպես սուր զգացմունքներ կարող է առաջացնել:

 Երկու սեռի երեխաների վրա ծնողների ամուսնալուծությունը բացասական տարբեր հետևանքներ կարող է թողնել: Տղաների դեպքում  խնդիր կարող է առաջանալ տղամարդու դերի, ֆունկցիաների յուրացման հետ, իսկ աղջիկների մոտ կարող է աղճատվել արական սեռի նկատմամբ վերաբերմունքը, որի հիմքում ընկած է վիրավորանքը հոր հանդեպ և մոր անհաջող փորձը : Աղջիկը այդ վիրավորանքը տեղափոխում է մնացած բոլոր տղամարդկանց վրա:

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՐԵԽԱ.ԲԱՐԴ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է.ՊԵՏՔ Է ԳՐԱԳԵՏ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ.Երեխաների մոտ սթրես առաջացնող ամենատարբեր իրավիճակների շարքում ամուսնալուծությունը գտնվում է 4-րդ տեղում՝ ծնողների, քույր-եղբայրների և մոտ բարեկամների մահից հետո: Ամուսնալուծության վերաբերյալ երեխաներն ամենատարբեր ձևով են արձագանքում: Մի մասը կտրականապես հրաժարվում է հավատալ այդ փաստին, ժխտում դա՝ պնդելով, որ ծնողները լուրջ պատճառներ չունեն այդ քայլին դիմելու:Երեխաներից շատերն էլ շարունակում են ապրել այն հույսով, որ ծնողները կրկին կմիանան: Ուսումնասիրության տվյալների համաձայն՝ այդպես են մտածում 5-7 տ. երեխաների 67,5%-ը, դեռահասության և պատանեկության տարիքում այդ հույսերն ավելի քչերի մոտ են հանդիպում:Ամուսնալուծության արդյունքում շատ երեխաների մոտ սրվում են վախի, տագնապի զգացումները: Երեխան կարող է մեղադրել հորը կամ մորը՝ ընտանիքը լքելու համար, հայտարարել, որ ատում է նրան, և երբեք չի ների: Շատ դեպքերում երեխաները սկսում են մեղադրել իրենք իրենց` կարծելով, որ ամուսնալուծության հարցում մեղավոր են իրենք, քանի որ ժամանակին չեն կասեցրել այն կամ չեն արդարացրել ծնողների սպասելիքները: Նման տանջալից ապրումները երեխաները, որպես կանոն, թաքցնում են: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամուսնալուծությունից հետո առաջին տարվա ընթացքում ինչպես տղաներն, այնպես էլ աղջիկները դրսևորում են առավել ագրեսիվ, տագնապային և անհնազանդ վարքագիծ, քան չամուսնալուծված ընտանիքների երեխաները:Ամուսնալուծության երկրորդ տարում խնդիրներն սկսում են քչանալ: Երեխայի բարեհաջող հարմարվելը կախված է ամուսնալուծությունից առաջ ընտանիքում տիրող մթնոլորտից: Եթե, ամուսնալուծությունը վերջ է դնում վեճերին ու կռիվներին, այն կարող է նույնիսկ դրական ազդեցություն թողնել: Դեռահասի վրա ավելի անբարենպաստ է ազդում ամուսնալուծությունը, որն ընթանում է "պատերազմական գործողությունների" ձևով: Վիճակը ծանրանում է, հատկապես երբ ծնողները պայքարի մեջ են ներգրավում երեխային՝ ստիպելով նրան պաշտպանել կողմերից մեկին կամ շահագործելով նրանց՝ որպես լրտեսների: Ամուսնալուծությունը որոշակիորեն մեղմացնում է երեխայի տառապանքները,եթե ծնողները բացատրում են նրան, որ բաժանվում են իրարից, այլ ոչ թե երեխայից, և մշտապես սիրելու են նրան: Կարևոր գործոններ են նաև ամուսնալուծությունից հետո նախկին ամուսինների միջև փոխհարաբերությունները և, որն ամենակարևորն է, երեխայի հնարավորությունը՝ հավասարապես հաղորդակցվելու 2 ծնողների հետ: Երեխայի համար իրավիճակը ծանր է, եթե երեխայի հետ մնացող ծնողն արգելում է նրան դրական զգացմունքներ տածել հեռացողի նկատմամբ, սիրել նրան, խոսել և նույնիսկ մտածել նրա մասին: Ամուսնալուծվելիս գերնպատակ է չկենտրոնանալ միայն սեփական անձի ու տանջանքների վրա, և գրագիտորեն անել ամեն ինչ, որ ամուսնալուծության ընթացքը դժոխքիչվերածվի երեխայի համար:.

 

Եթերում է հոգեբան Իրինա Ծատուրյանը:

 Ծնողների ամուսնալուծությունը թուլացնում է երեխայի իմունային համակարգը

 

Շվեդ գիտնականները ուսումնասիրել են 10 հազար երեխաների, որոնց ծնողները ամուսնալուծվել են մանուկ հասակում:
Խնդիրը նրանում է, որ ծնողների ամուսնալուծության կամ նրանց մահվան հետևանքով երեխայի ստացած տարբեր սթրեսները բացասաբար են անդարադառնում նրանց առողջության վրա` թուլացնելով իմունային համակարգը:
Գիտնականների այսպիսի եզրակացությունը հիմնված է ընտանեկան տարբեր շերտերում կատարված հարցումների վրա, որտեղ երեխաները բախվել են այսպիսի բարդ իրավիճակների հետ: Սթրեսի նման պահերի օրգանիզմը արտադրում է կարտիզոլի հորմոններ, ինչը սթրեսի դրսևորման արձագանք է: Մեծ քանակությամբ հորմոնը քայքայում է օրգանիզմը` առաջացնելով տարբեր հիվանդություններ: 
Նախկինում Լոնդոնի համալսարանի գիտնականները նշել էին, որ այն մարդիկ, ովքեր ճաշակել են ծնողական ամուսնալուծության «դառնությունը», ավելի հաճախ են տառապում շաքարախտով, գիրությամբ և ասթմայով:

 Երեխայի վրա մեծապես ազդում են ծնողների հոգեվիճակը և ապրումները:

Ի՞նչ անել նման իրավիճակում

Պետք է բացատրել երեխային՝ ինչ է կատարվում, ընդ որում ոչ մեկին չմեղադրելով: Պետք է ասել, որ նման իրավիճակներ պատահում են նաև ուրիշ ընտանիքներում, որպեսզի երեխան հասկանա, որ նա միայնակ չէ : Բաժանության դեպքում շատ կարևոր է հստակությունը, այսինք երեխային հստակ ասվում է , որ ծնողները այլևս չեն ապրելու միասին: Սա կարող է սկզբում սուր զգացմունքներ առաջացանել, բայց հակառակ դեպքում էլ, երբ երեխային ոչ մի բացատրություն ու պարզաբանում չի տրվում կատարվածի վերաբերյալ, երեխան հայտնվում է անընդհատ սպասման վիճակում, որ հայրը անպայման կվերադառնա : Իսկ սա սթրեսը երկարաձգում է անհայտ ժամանակով:

Պետք է պատրաստ լինել, որ երեխան կունենա որոշ դրսևորումներ ` հոգեկան տարբեր վիճակներից մինչև վատ ինքնազգացողություն: Շատ կարևոր է խուճապի չմատնվել: Սա երեխայի նորմալ հակազդումն է սթրեսին:

Կարևոր են նաև արտաքին պայմանների պահպանումը, այսինքն ` հնարավորինս չփոխել բնակության վայրը կամ շատ չհեռանալ այն վայրից , որտեղ նախկինում ապրել եք: Քանի որ երեխան նման իրավիճակում հին հարաբերույունների պահպանման մեծ կարիք ունի: Իսկ եթե բնակության վայրը կտրուկ փոխվում է ,ապա հոր կորստին գումարվում են նաև այլ կարևոր հարաբերությունների կորուստներ:Նույն պատճառով սա վերաբերում է նաև դպրոցին: Բաժանությունից հետո պետք  չէ միանգամից փոխել դպրոցը , նույնիսկ եթե բնակության վայրը փոխվել է :

Բարելավեք Ձեր հարաբերությունները երեխաների հետ: Երեխաների հետ մտերիմ և անկեղծ հարաբերությունները պետք է դառնան առաջնայնություն: Եղեք ջերմ նրանց հետ: Բաժանության պարագայում երեխայի կախվածությունը մորից ուժեղանում է , քանի որ ենթագիտակցորեն երեխայի մոտ վախ է առաջանում, որ մայրն էլ կարող է իրեն թողնել: Մայրերը պետք է էլ ավելի ջերմ լինեն իրենց երեխաների հանդեպ, էլ ավելի խրախուսեն և պակաս կարևոր չեն երեխայի հետ զրույցները: Պետք է  ստեղծել այնպիսի միջավայր, որ երեխան  ազատորեն  կարողանա արտահայտել բոլոր զգացմունքները, ծնողը պետք է ընդունի դրանք և քննարկի երեխայի հետ :

Միաժամանակ պետք է խրախուսել երեխայի ինքնուրույնությունը, քանի որ վերոնշյալ կախվածությունը կարող է երկար պահպանվել և դառնալ սովորություն,ինչը կբարդացնի երեխայի սոցիալիզացիայի գործընթացը:

Եվ ամենագլխավոր կետերից մեկը վերաբերում է հենց մայրերին: Կանանց համար ևս մեծ սթրես է ամուսնալուծությունը: Բայց պետք չէ մոռանալ սեփական անձի մասին:Հոգ տարեք ինքներդ ձեր մասին , փորձեք ակտիվ կյանքով ապրել: Որքան լավ լինեն մայրերը, նույնքան լավ կլինեն նաև երեխաները: