Մի գավաթ անդորր (167․Բաժանություններ-2)
Մի գավաթ անդորր հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ այսօր ևս խոսելու ենք ծնողների ամուսնալուծության հետևանքով երեխաների մոտ առաջացող հոգեբանական խնդիրների մասին։ Հաղորդման ընթացքում դուք նաև հնարավորություն ունեք ունկնդրել Հոգեբան Իրինա Ծատուրյանի խորհուրդներն այս կապակցությամբ։ Ընկերակցեք մեզ։
Ծնողներից երեխաների բաժանումը կարող է բացասաբար ազդել երեխաների ուղեղի զարգացման վրա։
Ըստ հետազոտության՝ ծնողներից բաժանումը, կամ էլ ծնողների ու երեխաների ոչ լիարժեք շփման գործոնը լուրջ ազդեցություն է թողնում մանկական ուղեղի զարգացման վրա։ Ընդ որում վտանգավոր է նույնիսկ կարճաժամկետ բաժանումը։ Առաջին հերթին նման պրոցեսներն ազդում են նորածինների ու փոքր տարիքի երեխաների վրա, երբ ծնողական խնամքի բացակայությունը կարող է առաջացնել սթրեսի հորմոնի մակարդակի բարձրացում։
Եթե այդ պրոցեսը տեւական բնույթ է կրում, հնարավոր են տարբեր փոփոխություններ՝ ընդհուպ մինչեւ գեների ակտիվության փոփոխություն։ Դրա հետեւանքը կարող է լինել գլխուղեղի կառուցվածքների վաղաժամ «հասունացումը», որոնք պատասխանատու են սթրեսի ու վտանգի համար։ Մինչդեռ այդ գործոնը դանդաղեցնում է երեխաների զարգացումը, հանգեցնում օրգանիզմի պաշտպանական համակարգի ադապտացման նվազմանը։ Ուշագրավ է, որ վերջին գործոնը դրսեւորվում է մորից բաժանված երեխաների մոտ։
Ծնողներից ժամանակավոր կամ մշտական բաժանման տրավման ազդում է նաեւ ուսման առաջադիմության ու կարիերայի հաջողության վրա, կարող է հետք թողնել նաեւ անձնական կյանքի վրա։ Խոսքը մասնավորապես այնպիսի հետեւանքների մասին է, որոնցից է հոգեկան խանգարման զարգացման հավանականությունը։
Ընդ որում սթրեսի հետեւանքները ոչ միշտ է հաջողվում շտկել նույնիսկ եթե երեխան միանում է ծնողներին կամ էլ նոր խնամակալ է գտնում։
Եթերում է Հոգեբան Իրինա Ծատուրյանը:
***
Ծնողերի ամուսնալուծությունը լուրջ փոփոխությունների է հանգեցնում երեխայի փոքր աշխարհում: Դա խոցելի գործընթաց է, որի ընթացքում երեխան ենթարկվում է մի շարք բացասական հույզերի՝ չարություն, անհանգստություն, վախ, թախիծ և այլն: Ցանկացած երեխայի նորմալ աճի համար անհրաժեշտ են և հայր և մայր:
Երեխաների տարիքը էապես ազդում է ամուսնալուծության պատկերացումներին, ընտանեկան կառուցվածքին:
Ծնվելուց մինչև 18 ամսական:
Այս տարիքի երեխաները ծնողների հարաբերությունների մեջ զգում են լարվածություն, բայց հասկանալ հակամարտության պատճառը ծնողների հարաբերությունների մեջ դեռևս ի վիճակի չեն: Եթե վեճերը ծնողների միջև հաճախակի են լինում, երեխան դառնում է դյուրագրգիռ և նյարդային, նրա մոտ հաճախ է նկատվում տրամադրության անկում, հատկապես անծանոթների ներկայությամբ: Նման պայմաններում մեծացող երեխաները հակված են թերզարգացման:
Ինչպես մեղմել բացասական հետևանքները:
Երեխաները կարիք ունեն կայուն և մտերիմ հարաբերությունների հարազատների հետ: Փորձեք պահպանել այն ռեժիմը, որը եղել է նախքան ամուսնալուծությունը հատկապես սննդի և քնի: Ապահովեք նրան իր սիրելի խաղալիքներով, հաճախ գրկեք և ինչքան հնարավոր է շատ ժամանակ անցկացրեք նրա հետ: Խնդրեք ձեր մտերիմներին օգնել, որ դուք հանգստանաք, որպեսզի լինեք առույգ ու ուրախ, երբ դա պետք է երեխայի հետ շփվելուց:
18 ամսականից 3 տարեկան
Այս տարիքում երեխայի ամբողջ աշխարհը կենտրոնանում է հոր և մոր վրա: Ծնողների բաժանման փաստը երեխաները շատ դժվար են ընդունում: Նրանք կարծում են, որ ծնողները ամուսնալուծվում են իրենց պատճառով: Հաճախ են լաց լինում, պահանջում են ավելի մեծ ուշադրություն, դառնում են քմահաճ, դանդաղում է զարգացումը, սթրես է առաջանում, որի հետևանքով սկսում են ծծել մատները և նման ուրիշ բաներ: Երեխաների մոտ առաջանում է մենակության զգացում, վախ, խանգարվում է քունը: Նրանք վախենում են գիշերը մենակ մնալուց:
Ինչպես մեղմել բացասական հետևանքները:
Եթե հնարավոր է ծնողները պետք է միասին ապահովեն երեխայի օրվա կայուն ռեժիմը: Հարկավոր է երեխային շատ ուշադրություն և ժամանակ հատկացնել:
3 - 6 տարեկան
Նախադպրոցական հասակի երեխաները դեռ չեն հասկանում ամուսնալուծության ողջ էությունը, բայց չեն ուզում, որ ծնողները բաժանվեն` չնայած լարվածությանը: Նրանք զգում են, որ չեն կարող փոխել իրավիճակը: Նրանց մոտ առաջանում է անապահովության, անհանգստության, վախի զգացում: Վախենում են մենակությունից, մթից, առաջանում է անքնություն: Նախադպրոցական հասակի երեխաները ծնողների ամուսնալուծության համար մեղադրում են իրենց:
Ինչպես հարթեցնել, մեղմել բացասական հետևանքները:
Լավ կլինի, որ ծնողները առանց վեճերի, սկանդալների և փոխադարձ մեղադրանքների ուղղակի դրական գնահատեն իրավիճակը: Եթե համատեղ կյանքը չստացվեց բաժանվենք և մնանք ընկերներ: Նախադպրոցական տարիքի երեխաները կարիք ունեն մեկին ում հետ նա կարող է քննարկել իր զգացմունքները` տատ, պապ, յուրաքանչյուր մարդ, ում երեխան վստահում է, և ով օբյեկտիվորեն կնայի, թե իրականում ինչ է կատարվում և երեխային չի տրամադրի ծնողներից մեկի դեմ: Երեխան պետք է վստահ լինի, որ նա չի դադարի շփվել այն ծնողի հետ, որը պետք է հեռանա:
6 -11 տարեկան
Երեխաները վախենում են, որ ծնողները ամուսնալուծության պատճառով կլքեն իրեն ու ինքը կմնա միայնակ: Նրանք կարող են վախ ապրել, որ էլ երբեք չեն տեսնի հորը, եթե մնան մոր մոտ կամ հակառակը: Երեխային թվում է, որ ինքը կարող է այնպես անել, որ ծնողները չբաժանվեն, վերականգնեն հարաբերությունները: Կարող են նաև զայրանալ, խռովել ծնողներից մեկից` բաժանելով նրանց <<լավ>>-ի կամ << վատ>> - ի: Դպրոցականը կարող է հորը կամ մորը մեղադրել էգոիզմի մեջ և զայրույթը արտահայտել տարբեր միջոցներով` վատ վարքով, ցածր գնահատականներով, կտրվելով արտաքին աշխարհից մեկուսանալ և այլն: Դեպրեսիայի պատճառով երեխայի մոտ հաճախ առաջանում է ստամոքսի խանգարում և գլխացավեր:
Ինչպես կանխել բացասական հետևանքները:
Հարկավոր է վերականգնել ամուսնալուծության պատճառով առաջացած կորցրած անվտանգության, ինքնակառավարման գնահատականը: Դա պետք է անեն ծնողներից յուրաքանչյուրը: Իրենց ազատ ժամանակը անցկացնեն երեխայի հետ, նրա հետ քննարկեն իր զգացմունքները համոզել խոսքով և գործով, որ ծնողներից ոչ մեկը նրանից չի հրաժարվի, չի լքի և որ նա մեղավոր չէ այս իրավիճակի համար:
Միևնույն ժամանակ ծնողները չպետք է մեղադրեն իրար կատարվածի համար և բացատրեն երեխային, որ իրենց բաժանումը դա երկուսի համատեղ որոշումն է:
Կարևոր է պաշտպանել տեսակցության ռեժիմի հստակ ժամանակացույցը: Սթրեսային ժամանակահատվածում օգտակար է ապահովել այցելությունների մշտական ռեժիմ, երբ երեխան գիտի, թե երբ և ինչ ակնկալի: Շատ կարևոր է և օգտակար մշակել այցելությունների հստակ ժամանակացույց:
Ամեն դեպքում այս դժվար ժամանակահատվածում երեխան կարիք ունի, որքան հնարավոր է շատ շփման` ընկերների, բարեկամների, հասակակիցների հետ ինչպես նաև մասնակցել տարբեր սպորտային խմբակների, միջոցառումների:
Ակտիվ հասարակական կյանքը շեղում է տհաճ մտքերից, բարձրացնում է ինքնագնահատականը և չի թողնում պարփակվել իր մեջ: