Մի գավաթ անդորր(168.Մտածողության խանգարումներ)
Մի գավաթ անդորր հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ այսօր խոսելու ենք մտածողության խանգարումների մասին: Հաղորդման ընթացքում Ձեր ուշադրությանը կահնձնենք հոգեբույժ Արամ Հովսեփյանի խորհուրդները այդ մասին: Ընկերակցեք մեզ:
Մտածողության խանգարումները կարևոր դեր են խաղում ընդհանուր հոգեախտաբանության մեջ: Մտածողության ախտաբանությունը կարող է հանդես գալ հետևյալ ձևերով.
1. Մտածողության բովանդակության խանգարումներ
2. Զուգորդության գործունեության խանագարումներ
1.Մտածողության բովանդակության խանգարումները կարող են արտահայտվել զառանցական մտքերի տեսքով
Զառանցական մտքերը ախտաբանական փուլի ժամանակ ծագող սխալ դատողություններն են, երբ հիվանդը համոզված է, որ իր դատողությունները ճշմարիտ են: Զառանցանքները լինում են առաջնային և երկրորդային: Առաջնային զառանցանքի հիմք են հանդիսանում սխալ փաստերը, իրադարձությունները, որոնք աղավաղված են և հիվանդի կողմից սխալ են մեկնաբանվում: Երկրորդային զառանցանքների հիմք են երևակայության, հորինվածի վրա ձևավորված զառանցանքները:
Զառանցանքի տեսակները կարելի է դասակարգել նաև հետևյալ կերպ`
1. Վերաբերման զառանցանք - երբ հիվանդը համոզված է, որ շրջապատում գոյություն ունեցող իրերը և երևույթները առնչվում են իր հետ: Սկսում են տեսնել իրենց հասցեին ուղղված ազդանշաններ, սպառնալիքներ:
2. Հետապնդման զառանցանք - հիվանդը համոզված է, որ ինքը թշնամի ունի և իրեն հետապնդում են` նպատակ ունենալով իրեն վնասել:
3. Ֆիզկական ազդեցության զառանցանք - սրա դեպքում հիվանդը կարող է ասել, որ իր վրա ներգործում են էլէկտրական հոսանքներով, մագնիսական դաշտով և այդ ներգործությունը իրականացվում է հատուկ սարքերի և գործիքների միջոցով:
4. Խանդի զառանցանք - այս դեպքում հիվանդը համոզված է լինում ամուսնական անհավատարմության մեջ: Ստուգում է կնոջ պայուսակը, հեռախոսազանգերը, հետևում է նրան, փորձում է ստուգել և ուշադիր նայում է թե ինչպես են նրան նայում այլ տղամարդիկ:
5.Հայցամոլական զառանցանք - հիվանդը համոզված է, որ մարդիկ անընդհատ փորձում են ոտնահարել իր անձնական իրավունքները:
6. Ինքնամեղադրման զառանցանք - ծագում է տրամադրության դեպրեսիվ ֆոնի վրա: Նրանք կարծում են, որ դժբախտացրել են լրիվ անմեղ մարդկանց, իրենց պատճառով դժբախտանում են իրենց հարազատները: Կատարում են ինքնասպանության փորձեր:
7. Մեծամոլական զառանցանք - զարգանում է բարձր տրամադրության ֆոնի վրա, դրանց մեջ են մտնում բարձրաշխարհիկ ծագման, սիրային զառանցանքները:
8. Մնացորդային զառանցանք - սուր պսիխոզի հետևանք է, որի ժամանակ հիվանդը շարունակում է պնդել, թե իր մորը փոխել են:
9. Ինդուկցված զառանցանք - դրսևորվում է այն առողջ մարդկանց մոտ, ովքեր երկար ժամանակ շփում են ունեցել հիվանդ անձանց հետ, նրանք դառնում են ավելի ներշնչվող, ունեն ցածր զարգացած ինտելեկտ և քննադատական դիտողությունների աստիճան:
Կպչուն վիճակի մտքեր
Արտահայտվում են կպչուն վիճակի մտքերի, արտահայտությունների, կասկածների, հիշողությունների, պատկերացումների, ցանկությունների և վախերի ձևով: Պահպանվում է քննադատական վերաբերմունքը իրենց ապրումների նկատմամբ: Ուզում են ազատվել իրենց ապրումներից, բայց ինքնուրույն ի վիճակի չեն դա անել: Կպչուն մտքերը միշտ գրավում են հիվանդի ուշադրությունը և հիվանդը մտածում է թե ինչ կպատահեր, եթե լուսինը մերթ մոտենար, մերթ հեռանար:
Կպչուն հակումները կապված են կամքի հետ, կպչուն վախերը մարդկանց պատում են անընդհատ կասկածներով, որ իրենք կարող է մահանան, կամ ինքնաթիռը կարող է ընկնել և այլն: Կպչուն գործողությունները նույնպես դրսևորվում են հիվանդի կամքին հակառակ, դրանք դառնում են սովորություն, որից հետո բավականին դժվար է ազատվել:
Կպչուն վախերը (ֆոբիա) խիստ բազմազան են։ Նման դեպքում հիվանդին համակում է ուժեղ երկյուղ, որը նա ոչ մի կերպ ի վիճակի չի լինում հաղթահարել։ Մի դեպքում ծագում է կպչուն վախ փակ տարածություններից,երբ հիվանդները չեն կարողանում վերելակից օգտվել, ինքնաթիռ նստել, մնալ փակված սենյակում։ Այլ դեպքում հիվանդի մոտ առաջանում է վախ բաց տարածությունից (ագրոֆոբիա), երբ նա չի կարողանում հրապարակով քայլել կամ փողոցն անցնել: Գոյություն ունի նաև վախ ամբոխի նկատմամբ, երբ հիվանդը մարդաշատ վայրում վախենում է շնչահեղձ լինել (անտրապոֆոբիա), վախ մահվան հանդեպ (թանատոֆոբիա), վարակիչ կամ անբուժելի ախտով հիվանդանալու վախ (սիֆիլիոֆոբիա, կանցեռոֆոբիա)։ Ոչ հազվադեպ, վախերի առկայության դեպքում հիվանդները սկսում են կատարել այս կամ այն գործողությունը, որը հիվանդի համար ունի պաշտպանական բնույթ և հետապնդում է սևեռուն վախը հաղթահարելու կամ մեղմելու նպատակ։ Դրանք կոչվում են ծիսակարգեր (ռիտուալներ)։ Վերջիններս ծագում են վախերի հետ միաժամանակ։ Այսպես, մահվան հանդեպ վախ ունեցող մի հիվանդ փողոց դուրս գալուց առաջ սեղանի շուրջը երեք անգամ պտույտ էր գործում, բաց տարածությունից վախ ունեցող մի այլ հիվանդ փողոցն անցնելուց առաջ մի քանի կքանիստ էր կատարում։ Սկզբնական շրջանում ծիսակարգը որոշ թեթևություն է բերում հիվանդին, սակայն ավելի ուշ կորցնում է իր հանգստացնող նշանակությունը և այլևս չօգնելով հիվանդին վերածվում է կպչուն գործողության։ Կպչուն գործողությունները նույնպես դրսևորվում են հիվանդի կամքին հակառակ, ժամանակի ընթացքում դառնում են սովորություն, որից դժվար է ազատվել (եղունգները կրծելը, յուրահատուկ ձևով պարանոցը ձգելը և այլն)։
2.Մտածողության բովանդակության խանգարումներ
Մտածողության տեմպի խանագարում - դանդաղեցնելու դեպքում դիտվում է պատկերացումների աղքատացում, հիվանդը մեծ դժվարութամբ է կատարում ցանկացած մտավոր աշխատանք, նրանց խոսքը լինում է սակավատառ (դեպրեսիվ վիճակների ժամանակ):
Մտածողության արագացումը - դիտվում է մտքերի ընթացքի աշխուժությամբ, հարատևությամբ, ուշադրությանշեղվածության պատճառով հիվանդը մի միտքը չավարտած սկսում է մյուս միտքը: Հիվանդները շատախոսում են, իսկ նրանց մտածողությունը դառնում է մակերեսային (մանիակալ վիճակի ժամանակ):
Մտածողության ճեղքվածությունը – դիտվում է շիզոֆրենիայի ժամանակ: Դրան բնորոշ է մտքերի միջև տրամաբանական կապի բացակայությունը: Մտքի խցանումը արտահայտվում է նրանով, որ հիվանդը անսպասելիորեն պապանձվում է, հիվանդը զգում է, որ միտք չունի, դրանք չքացան: Բայդ մի քանի րոպե հետո շարունակում է կիսատ թողած միտքը:
Աուտիստական մտածողություն - լինում է իրադարձություններից կտրված և բնութագրվում է հիվանդի ներաշխարհով, երևակայությամբ, ցնորքներով ու զառանցանքներով:
Սիմվոլիկ մտածողություն - արտահայտվում է նրանով, որ հիվանդները հատուկ և միայն իրենց հասկանալի իմաստ են դնում իրենց արտահայտած մտքերի և երևույթների մեջ: Օրինակ կարմիր գույնը կարող է հիվանդի համար հանդիսանալ դժբախտության ահազանգ, կամ նախադասության մեջ եղած բառերի թիվը ցույց տա, թե քանի օր է մնացել նրանց ապրելու:
Եթերում է հոգեբույժ Արամ Հովսեփյանը:
Մտածողության պերսևերացիա - դա արդեն ասված խոսքի, նախադասության միօրինակ կրկնությունն :Օրինակ, հարց. "Ինչ՞ գանգատներ ունեք"։ Հիվանդի պատասխան. "Գանգատներ չունեմ"։ Հարց. "Դեղորայք ընդունել՞ եք"։ պատասխան. "Գանգատներ չունեմ", և այսպես շարունակ։
Դատարկաբանություն - երբ հիվանդը անկապ իմաստավորություն է անում` անկարող լինելով արտահայտել ասելիքն ու էությունը:
Մտահոսություն - մենտիզմ: Մտքերի, պատկերների, պատկերացումների հորձանքն է, դրանք կողմնակի ուժերի կողմից հարուցված լինելու զգացում:
Մտածողության անկապությունը (ինկոհերենցիա) դիտվում է գիտակցության խանգարումների ժամանակ։ Դա վերլուծելու և ասոցիացիաների քաոսային ընթացք է, երբ բացակայում են ոչ միայն տրամաբանության տարրերը, այլ նաև խոսքի քերականական կանոնավորությունը։ Խոսքը վերածվում է բառերի և արտահայտությունների անկապ հավաքածուի. «Կանչեք... վազում են... սև, սև... սեղաններ և աթոռներ։