Մի գավաթ անդորր(171. Ինչպե՞ս ճիշտ դաստիարակել երեխային)
Մի գավաթ անդորր հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ այսօր խոսելու ենք երեխաներին ծեծելու վնասների մասին: Հաղորդման ընթացքում կներկայացնենք հատվածներ հոգեբան Միհրդատ Մադաթյանի մասնագիտական խորհուրդներից երեխայի դաստիարակության վերաբերյալ: Ընկերակցեք մեզ:
ծնողների համար երեխաները սրբություն են, հաճախ ծնողները ինքնազոհողության գնալով փորձում են իրենց երեխաների համար առավելագույնն անել, ամենալավ հագուստը, սնունդը գնել, ամենալավ մանկական սրճարաններ տանել, ամեն գնով կրթության տալ եւ այլն: Սակայն ամենալավի հետ զուգահեռ, ինչպես փաստում են մասնագետները, հաճախ երեխաները տարբեր տեսակի՝ հոգեբանական ու ֆիզիկական բռնությունների են ենթարկվում ծնողների կողմից:
Ինչու չպետք է ծեծել երեխային:Նախ խոսենք երեխային ծեծելու տեսակների մասին:
Գոյություն ունի պատմություն մի մայրիկի մասին, ով կարծում էր, որ երեխային ծեծելն անհրաժեշտ է կարգապահություն հաստատելու համար, մինչև այն պահը, երբ նա նկատեց, թե ինչպես է իր 3 տարեկան աղջիկը ծեծում իր 1 տարեկան տղային։ Հարցին, թե ինչու է խփում երեխային, նա պատասխանեց. «Մայրիկ, ես ուղղակի խաղում եմ»։ Այդ օրվանից նա այլևս չի ծեծել իր երեխային։ Երեխաները սիրում են ընդօրինակել, հատկապես այն մարդկանց, ում սիրում և հարգում են։ Նրանց կարծիքով ճիշտ է անել այն ամենը, ինչ դուք եք անում։
Ծնողնե՜ր, հիշե՜ք, որ դուք դաստիարակում եք մեկ ուրիշի մայրիկին կամ հայրիկին, կնոջը կամ ամուսնուն։ Դաստիարակության այն ձևերը, որ դուք կիրառում եք ձեր երեխաներին դաստիարակելիս, նույնն են, ինչ նրանք կկիրառեն իրենց երեխաներին դաստիարակելիս։ Ընտանիքը կոնֆլիկտների հաղթահարման ուսուցողական ճամբար է ձեր երեխաների համար։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն երեխաները, որոնք մեծանում են այնպիսի ընտանիքներում, որտեղ ծեծում են, ավելի մեծ տարիքում կոնֆլիկտները հաղթահարում են հիմնականում ագրեսիայի միջոցով։
Երեխաները սովորում են, որ, երբ մարդ խնդիր ունի, այն լուծում է ուժեղ հարվածով։ Այն երեխան, ում դաստիարակում են ծեծելու միջոցով, սովորաբար նույն ձևով է շփվում իր ընկերների և հասակակիցների հետ, և վերջապես, կնոջ, ամուսնու և երեխաների հետ։
Հիմա դուք մտածում եք. «Ես չեմ խփում իմ երեխային այդքան հաճախ կամ այդքան ուժեղ։ Հիմնականում ես նրան տալիս եմ շատ սեր և լավ վերաբերմունք։ Ինձ թվում է՝ երբեմն հետույքին հարվածելը չի վնասի նրան»։ Այս մուտեցումը ճիշտ է որոշ երեխաների համար, բայց կան երեխաներ, ովքեր ավելի շատ հիշում են իրենց խփելը, քան քնքշանքը։ Հնարավոր է ձեր դեպքում հարվածել-սիրել հարաբերակցությունը լինի 1:100, բայց վտանգ կա, որ ձեր երեխան ավելի շատ կհիշի և կազդվի այդ մեկ հարվածից, քան 100 անգամ գրկելուց, հատկապես, եթե դա արել եք բարկացած կամ անարդարացի, ինչը շատ հաճախ է հանդիպում։
1.Ֆիզիկական և հոգեպես խփելը
Ծեծելը չարաշահելու սահմանն անցնելու միակ եղանակը չէ։ Այն ամենը, ինչ կասվի ֆիզիկական պատժի մասին, ճիշտ է նաև խոսքային/զգացմունքային պատժի դեպքում։ Խոսքով սաստելը և անունը տալը կարող են շատ ավելի վիրավորական լինել երեխայի համար։
Երեխային վատ պահվածքի համար սպառնալ, որ կարող եք լքել նրան, կարող է նրա մեջ մեծ վախ առաջացնել։ Հեռանալու սպառնալիքը հաճախ կիրառվում է, որպեսզի երեխան հասկանա, որ դուք չեք կարող հանդուրժել նրան կամ, որ դուք ջնջում եք ձեր սերը, չեք ցանկանում խոսել նրա հետ կամ նրան չեք սիրի, եթե շարունակի իրեն վատ պահել։Հոգու սպիները կարող են ավելի երկար տևել,քանի ֆիզիկականինը:
2. Խփելը իջեցնում է երեխայի ինքնագնահատականը
Երեխան պատկերացում է կազմում իր անձի մասին՝ հիմնվելով այն բանի վրա, թե ինչպես են իրեն ընկալում մյուսները, հատկապես իր ծնողները։ Նույնիսկ ամենասիրառատ ընտանիքում, ծեծելը շփոթեցնող հաղորդագրություն կարող է լինել, հատկապես երեխայի համար, ով այնքան փոքր է, որ չի հասկանում հարվածի պատճառը։ Ծնողները շատ ժամանակ են ծախսում երեխայի կամ պատանու մոտ գնահատված լինելու զգացողությունը ձևավորելու համար՝ նպաստելով, որ երեխան իրեն «լավ» զգա։ Այնուհետև երեխան կոտրում է բաժակը, ծնողը հարվածում է, և նա մտածում է. «Պետք է, որ ես վատը լինեմ»։
Հարվածից հետո ծնողի՝ մեղքը մեղմացնող գրկախառնությունն անգամ չի վերացնում ցավը։ Երեխան գրկախառնությունից հետո ներքուստ և արտաքուստ դեռ զգում է հարվածը երկար ժամանակ։ Նման իրավիճակում հայտնված շատ երեխաներ գրկում են ծնողին խղճահարություն առաջացնելու համար։ «Եթե ես գրկեմ նրան, հայրիկը կդադարի ինձ հարվածելը»։ Երբ ծեծելը հաճախակի բնույթ է կրում, երեխայի մոտ ձևավորվում է այն միտքը, որ նա թույլ է և անպաշտպան։
3. Խփելն արժեզրկում է ծնողին
Ծնողները, ովքեր ծեծով են վերահսկում երեխաներին կամ շատ են պատժում նրանց, հաճախ արժեզրկված են զգում իրենց, քանի որ սրտի խորքում համաձայն չեն, թե ինչպես են կարգուկանոն հաստատում։ Նրանք հաճախ են խփում կամ բղավում են հուսահատ, որովհետև այլևս չգիտեն թե ինչ անել, այնուհետև իրենց թույլ են զգում, երբ հասկանում են, որ դա անօգուտ է։ Մի մայրիկ, ով հանել էր ծեծելը դաստիարակելու իր ձևից, գրել էր. « Ես հաղթեցի ճակատամարտը, բայց պարտվեցի պատերազմում. իմ երեխան հիմա վախենում է ինձանից, իսկ ես զգում եմ, որ մի անգին բան եմ կորցրել»։
Ծեծելը արժեզրկում է նաև ծնողի դերը։ Լինել ազդեցիկ մարդ նշանակում է, որ ձեզ վստահում են և հարգում, բայց ոչ վախենում։ Երկարատև իշխանությունը չի կարող հիմնված լինել վախի վրա։ Ծնողները կամ խնամողներն ընդհանրապես, ովքեր հաճախակի են ծեծում երեխաներին սաստելու համար, մտնում են «կորուստ-կորուստ իրավիճակի մեջ»։ Ոչ միայն երեխան է կորցնում հարգանքը ծնողի նկատմամբ, այլև ծնողները, ովքեր ունեն ծեծելով դաստիարակելու մտածելակերպ և ծեծին փոխարինող շատ քիչ տարբերակներ։ Ծնողները ունեն քիչ մեթոդներ երեխաների վատ վարքագիծը վերահսկելու կամ շեղելու համար, իսկ երեխան գնալով ավելի վատ է իրեն պահում, ինչը տանում է ավելի շատ ծեծի։ Երեխային չեն սովորեցնում վերահսկել ինքն իրեն։
Խփելը վատացնում է ծնող-երեխա փոխհարաբերությունները։ Ֆիզիկական պատիժը հեռացնում է երեխային ծնողից։Այս հեռավորությունը հատկապես անհանգստացնող է ընտանեկան իրավիճակներում, որտեղ հարաբերություններն արդեն իսկ լարված են, ինչը սովորաբար հանդիպում է միակողմանի ծնող ունեցող և խառը ընտանիքներում։Կան երեխաներ, ովքեր ներողամիտ են և ցատկում են ծնողի գիրկը առանց բացասական վերաբերմունքի թե մտքում, թե մարմնով, մինչ ուրիշների համար դժվար է սիրել այն ձեռքը, որը խփում է իրենց։
4. Խփելը կարող է տանել բռնության
Պատիժը գնալով ավելի դաժան է դառնում։ Երբ սկսում եք երեխային մի քիչ պատժել, ե՞րբ եք կանգ առնում։ Երբ երեխան ձգվում է, որ արգելված ապակյա իր վերցնի, դուք խփում եք նրա թաթիկին որպես հիշեցում, որ ձեռք չտա։ Նա նորից է ձգվում, դուք հարվածում եք նրա թաթիկին մի քիչ ավելի ուժեղ։ Ձեռքը կտրուկ քաշելուց հետո նա կրկին ձգվում է դեպի տատիկի թանկարժեք ծաղկամանը, իսկ դուք ավելի ուժեղ եք հարվածում։ Դուք սկսում եք խաղ, որը ոչ ոք չի կարող հաղթել։ Այնուհետև կարևոր է դառնում այն, թե ով է ավելի ուժեղ՝ երեխայի կամքը, թե ձեր ձեռքը, և ոչ թե ծաղկամանին ձեռք չտալու խնդիրը։
Եվ ի՞նչ եք անում դուք նման իրավիճակում։ Այնքան եք հարվածում, մինչև երեխայի ձեռքի ցավը այլևս թույլ չտա չենթարկվե՞լ։ Նախ և առաջ ֆիզիկական պատժին անցնելու վտանգը կայանում է նրանում, որ դուք կարող եք ավելի խիստ միջոցների կարիք զգալ. ձեռքը կարող է դառնալ բռունցք, լարը՝ գոտի, ծալած թերթը՝ փայտյա գդալ, և այն, ինչը կարծես հանկարծ էր սկսվել, վերածվում է բռնության։ Պատիժը երեխայի նկատմամբ բռնության որոշակի փուլ է։ Ծնողները, ովքեր հակված են պատժելու, ավելի են ուժեղացնում պատժի ձևը հիմնականում նրա համար, որ նրանք այլընտրանքներ չգիտեն, և հենց երեխան անկարգություն է անում, անմիջապես անցնում են պատժի։