Մի գավաթ անդորր(172. Ինչպե՞ս ճիշտ դաստիարակել երեխային-2)
Մի գավաթ անդորր հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ այսօր շարունակելու ենք մեր զրույցը երեխաներին ծեծելու վնասների և ճիշտ դաստիարակության մասին: Հաղորդման ընթացքում կներկայացնենք հատվածներ հոգեբան Իրինա Ծատուրյանի մասնագիտական խորհուրդներից երեխայի դաստիարակության վերաբերյալ: Ընկերակցեք մեզ:
Շատ ենք լսել, երբ ծնողներն ասում են, որ ինչքան շատ են խփում երեխաներին, այնքան ավելի վատ են պահում իրենց։ Խփելը ավելի է վատացնում երեխայի վարքագիծը։ Ահա, թե ինչն է պատճառը։ Հարկավոր է հիշել լավ վարքագիծ ձևավորելու հիմնական սկզբունքը։ Եթե երեխան իրեն ճիշտ է զգում, նա իրեն ճիշտ է պահում։ Հարվածելը քայքայում է այս սկզբունքը։ Երբ երեխային ծեծում են, ներքուստ նա իրեն վատ է զգում, ինչն էլ իր հերթին արտահայտվում է նրա վարքագծով։ Ինչքան վատ է իրեն պահում, անքան ավելի շատ են ծեծում նրան, և նա իրեն ավելի վատ է զգում։
Երեխաները սովորաբար պատիժը ընկալում են որպես անարդարություն։Նրանք ավելի ընդդիմանում են մարմնական պատժի քան կարգապահություն հաստատելու որևէ այլ միջոցի։ Երեխաները մեծերի նման ռացիոնալ չեն դատում, բայց նրանց մոտ բնածին զարգացած է արդարության զգացումը, չնայած որ դրանք տարբերվում են մեծերի ունեցած չափանիշներից։ Այդ պատճառով էլ այն կարող է անօգուտ լինել և կարող է ձևավորել ջղային երեխա։ Հաճախ անարդարության զգացողությունը նվաստացած լինելու զգացողություն է ձևավորում։ Երբ երեխան իրեն նվաստացած է զգում, նա կամ ընդդիմանում է, կամ նահանջում։ Եթե երեխային խփում ենք, հնարավոր է նա վախենա նորից իրեն վատ պահել, բայց շատ ավելի հավանական է, որ նա կսկսի վախենալ խփողից։
Ինչպես մեր փորձը, այնպես էլ մի շարք մասնագետների հետազոտությունները, ովքեր ուսումնասիրել են ֆիզիկական պատիժը, ցուց է տվել, որ երեխաները, ում վարքը մանկության տարիներին վերահսկվել է ծեծի միջոցով, արտաքուստ դժգոհ են թվում, բայց ներքուստ վառվում են զայրույթից։ Նրանք կարծում են, որ իրենց անձը վիրավորել են, և առանձնանում են աշխարհից, որը, նրանց կարծիքով, իրենց նկատմամբ անարդարացի է եղել։Նրանք սկսում են դժվարությամբ վստահել՝ դառնալով անտարբեր աշխարհի նկատմամբ, որը իրենց հանդեպ անտարբեր է եղել:
Երեխայի հիշողությունները, որ իրեն ծեծել են, կարող են ջնջել մանկության ուրախ հիշողությունները։ Մարդիկ ավելի շատ հիշում են տհաճ միջադեպերը, քան հաճելիները։ Ես մեծացել եմ շատ ջերմ ընտանիքում, բայց երբեմն և «անտեղի» ինձ խփել են։ Շատ լավ եմ հիշում ուռենու ճյուղերի տեսարանները։ «Երբ ես ինձ վատ էի պահում, պապիկս ինձ ուղարկում էր իմ սենյակ և ասում, որ ծեծելու է ինձ։ Հիշում եմ, թե ինչպես էի նայում պատուհանից և տեսնում, թե ինչպես է նա քայլում այգում և ծառից ուռենու ճյուղ կտրում»,ասում է մասնագետներից մեկը: Գալիս էր իմ սենյակ և այդ ճյուղով տաբատիս վրայից հարվածում հետույքիս։ Ուռենու ճյուղը արդյունավետ էր թվում, քանի որ այն և դաղում էր, և թե ֆիզիկապես, թե մտավոր տպավորություն էր թողնում։ Չնայած մեծացել եմ ջերմ ընտանիքում, այնուամենայնիվ, չեմ հիշում որոշակի ուրախ տեսարաններ այնքան մանրամասնորեն, որքան ծեծի տեսարանները։Միշտ մտածել եմ, որ ծնողի նպատակներից մեկը երեխայի հիշողությունները հարյուրավոր, կամ հազարավոր հաճելի տեսարաններով լցնելն է։ Զարմանալի է, թե ինչպես տհաճ հիշողությունները թույլ չեն տալիս հիշել հաճելիները»,ասել է նա։
****
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ծեծելը ավելի խորը և տևական սպիներ կարող է թողնել, քան արտաքին կարմրությունն է։ Ահա մարմնական պատժի երկարատև ազդեցությունների ամփոփ նկարագրությունը, որը պարզվել է ուսումնասիրության արդյունքում.
Ուսումնասիրողները պարզել են, որ այն երեխաները, ովքեր մեծացել են այնպիսի ընտանիքներում, որտեղ ֆիզիկական պատիժ է կիրառվել, դարձել են չշփվող և եսակենտրոն, և ֆիզիկական բռնությունը նրանց համար ընդունելի է դարձել ավելի հասուն տարիքում։
Ուսանողների մոտ նկատելի էին ավելի շատ հոգեկան շեղումներ, եթե նրանք մեծացել են այնպիսի ընտանիքում, որտեղ նրանց չեն գովաբանել, ավելի շատ հանդիմանել, պատժել և խոսքով վիրավորել են։
679 ուսանողներից բաղկացած խմբի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նրանք, ում երեխա ժամանակ հարվածել են, հարվածելն ընկալել են որպես կարգուկանոն հաստատելու ձև և հետագայում փորձել են հարվածել իրենց երեխաներին։ Այն ուսանողները, ում չէին հարվածել երեխա ժամանակ, դեմ էին այս մեթոդին։ Այն երեխաները ում ծեծել էին, հիշում են, որ իրենց ծնողները զայրացած էին ծեծելիս, նրանք հիշում էին թե ծեծը, թե վերաբերմունքը ծեծի ժամանակ։
Կարծես ծեծն ամենաբացասական և երկարատև ազդեցությունն է ունենում, եթե այն փոխարինում է երեխայի հետ դրական հաղորդակցությանը։ Ծեծի բացասական ազդեցությունը հատկապես մեծ է այն երեխաների համար, ովքեր մեծանում են ջերմ և հոգատար ընտանիքում։
Հետագայում երեխաների ագրեսիվ պահվածքի վրա ֆիզիկական պատժի ազդեցությունների վերաբերյալ ուսունասիրությունը ցույց տվեց, որ ինչքան հաճախ են երեխային ֆիզիկապես պատժել, նա ավելի հակված է ագրեսիվ վերաբերմունք ցույց տալու իր ընտանիքի անդամների կամ ընկերների նկատմամբ։ Ավելի քիչ ագրեսիվ էին այն երեխաները, ովքեր մեծացել էին հոգատար միջավայրում, և ում միշտ բացատրել էին ծեծի պատճառը։
Ուսումնասիրություն է իրականացվել երեխայի թաթիկին խփելու մասին, և յոթ ամիս անց պարզ է դարձել, որ, թաթիկին թույլ խփելը ուշացնում է երեխայի բացահայտելու ընդունակության զարգացումը
Չափահասները, ում ծեծել են պատանեկության տարիների, չորս անգամ ավելի են հակված ծեծելու իրենց կնոջը, քան նրանք, ում ծնողները չեն ծեծել։
Այն ամուսինները, ովքեր մեծացել են այնպիսի ընտանիքներում, որտեղ բռնություն էր կիրառվում, ավելի են հակված ծեծելու իրենց կանանց։
4 ծնողներից ավելի քան 1-ը, ով մեծացել է բռնության մթնոլորտում, զայրույթի պահին կարող էին վտանգի ենթարկել իրենց երեխայի կյանքը՝ նրանց վնասելով։
Բանտարկյալների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանց մեծ մասը մեծացել է բռնության միջավայրում։
Հայտնիների, մարդասպանների, հանցագործների, գողերի և այլոց կյանքի պատմությունը ցույց է տալիս, որ նրանք մանկության տարիներին խիստ ֆիզիկական ռեժիմով են մեծացել։
Ծեծելու դեմ փաստերը ճնշող են։ Հարյուրավոր ուսումնասիրություններ հանգում են միևնույն եզրակացության.
Ինչքան շատ երեխային ֆիզիկապես պատժենք, այնքան ագրեսիվ մարդ կդառնա։
Ինչքան շատ ծեծենք երեխաներին, հետագայում նրանք նույն կերպ կվարվեն իրենց երեխաների հետ։
Ծեծը հիմք է հանդիսանում հետագա բռնությունների համար:
Ծեծը արդյունավետ չէ։
****
Ծնողների սերն իրենց երեխաների հանդեպ անսահման է: Երբեմն նրանք երեխային պարզապես կուռք են դարձնում: Հոգեբանները կարող են նշել նման դաստիարակության ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը, սակայն մի բան հստակ է` ընտանեկան առողջ մթնոլորտում մեծացող երեխաներն ուշադրության ու սիրո պակաս երբեք չեն ունենում:
Խոսեցինք երեխային ծեծելու վնասների մասին: Այժմ Լսենք հոգեբան Իրինա Ծատուրյանի խորհուրդները երեխային ճիշտ դաստիարակելու մասին: