Սեպտեմբեր 28, 2019 16:42 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները » հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի կարևոր իրադարձություններին, այդ թվում Հայաստան կատարելիք Իրանի նախագահի այցին, ՄԱԿ-ի ԳԱ-ում ՀՀ վարչապետի ելույթին, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն ու ԵԱՀԿ մինսկի խմբի հայտարարությանը և  ԵԱՏՄ-Իրան հարաբերություններին:

 

-----------------

Սույն թվականի հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալու է ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը: Նիստին մասնակցելու է նաև ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:

Այս կապակցությամբ, Հայաստանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, սեպտեմբերի 24-ին հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Կողմերը քննարկել են էներգետիկայի տարանցման, գյուղատնտեսության ոլորտներում ու ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունների հետ կապված մի շարք հարցեր:

Մհեր Գրիգորյանը հանդիսանում է նաև Իրան-Հայաստան տնտեսական համագործակցության խորհրդի հայկական կողմի նախագահը: Նա նշել է, որ Հայաստանը պատրաստ է հյուրընկալել ԻԻՀ նախագահին ու նրա գլխավորած պատվիրակությանը:

----------------------

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը և Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեին Բիշքեքում «Եվրասիական շաբաթ-2019» ֆորումի շրջանակում հանդիպում են ունեցել:

Կողմերը քննարկել են ժամանակավոր համաձայնագրի շրջանակում ֆինանսական, մաքսային և տեխնիկական համագործակցության ասպետկները, որոնք բերելու են ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանը: Համաձայնագիրն ուժի մեջ է մտնելու այս տարվա հոկտեմբերի 27-ից:

«Մեր երկրներն ունեն լիարժեք փոխըմբռնում: Սակայն շատ կարևոր է առավելագույնս հաշվի առնել գործարար հանրության շահերը, մշակել մեր համագործակցության հասկանալի մեխանիզմները և երաշխավորել բիզնեսին անհրաժեշտ աջակցություն»,- ասել է Տիգրան Սարգսյանը:   

Իր հերթին Ղոլամհոսեյն Շաֆեին ընդգծել է, որ Իրանի և ԵԱՏՄ-ի փոխգործակցության ուղղությամբ որպես առաջնային խնդիր ինքը տեսնում է քաղաքացիների և կապիտալի տեղաշարժի պարզեցված ընթացակարգի ձևավորումը:  

«Իրանական գործարար հանրությունը շատ է հետաքրքրված ԵԱՏՄ երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ: Մեր փոխգործակցության հնարավորությունները, որոնք բացում է համաձայնագիրը, շատ բարձր են»,- ասել է նա:

----------------------

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն առանցքային նշանակություն ունի տարածաշրջանի կայունության և անվտանգության համար:

Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

«Իմ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից ես քայլեր եմ ձեռնարկել հենց այս համատեքստում: Այս նպատակով, ես հանդես եկա հայտարարությամբ, որում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Հատկանշական է, որ ես առաջին հայ ղեկավարն էի, ով նման դիրքորոշում հայտնեց հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ինձ խստորեն քննադատեցին իմ երկրում լուծման այնպիսի բանաձևի համար, որը հավասարության նշան է դնում հակամարտության 3 կողմերի միջեւ: Այդուամենայնիվ, ես հավատում եմ, որ դա հակամարտության խաղաղ լուծման բանալին է, քանի որ այն ենթադրում է փոխզիջման, փոխադարձ հարգանքի և հավասարակշռության հնարավորություն»:

ՀՀ վարչապետն ընդգծեց. «Ադրբեջանի իշխանությունները մտադրություն չունեն լուծել այս հակամարտությունը: Փոխարենը, նրանք ցանկանում են հաղթել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Նրանք չեն ցանկանում գնալ որևէ փոխզիջման: Նրանց նպատակը վրեժխնդրությունն է 1990-ականներին և 2016 թվականին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիայի անհաջող փորձի համար: Այդ իսկ պատճառով նրանք բորբոքում են հակահայկական տրամադրություններ իրենց ժողովրդի մեջ, այդ պատճառով նրանք հսկայական ռեսուրսներ են ծախսում սպառազինության վրա, այդ իսկ պատճառով հայատյացությունն արդեն դարձել է Ադրբեջանի պաշտոնական քաղաքականությունը»:

Նա հավելել է՝ փաստորեն, մեր հակառակորդները ցանկանում են հետ բերել Լեռնային Ղարաբաղի խորհրդային ժամանակների կարգավիճակը:

---------------------

Նյու Յորքում սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ:

Հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Համանախագահները նշել են ամառային ժամանակահատվածում բռնությունները նվազագույնի հասցնելու կողմերի ջանքերի դրական հետևանքները, ներառյալ առկա ուղիղ հաղորդակցական կապերը օգտագործելը, և խոր ափսոսանք են հայտնել վերջին մահվան դեպքի կապակցությամբ»:

Համանախագահներն ու Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները, ըստ այս հայտարարության՝ շարունակել են քննարկումները լարվածությունը թուլացնելու և խաղաղության համար նպաստող մթնոլորտի պահպանման և էական բանակցություններին նպաստող հավելյալ միջոցառումների շուրջ:

Վերահաստատելով մարտի 9-ի իրենց հայտարարությունը՝ համանախագահները կողմերին կոչ են արել նվազագույնի հասցնել այնպիսի հռետորաբանության օգտագործումը, որը հրահրիչ է կամ նախապաշարումային՝ բանակցությունների արդյունքի համար:

Համանախագահները մտադիր են մոտ ապագայում այցելել տարածաշրջան:

----------------------

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների նյույորքյան հանդիպմանն ու նշել, որ դա հերթական ու ոչ կարևոր հանդիպում էր, որտեղ պետք է քննարկվեր հաջորդ հանդիպումների հարցը:

------------------------

ԱՄՆ Սենատի կոմիտեն սեպտեմբերի 27-ին ընդունել է Հայաստանին հավելյալ միջոցներ տրամադրելու մասին լրացում, որը կուղղվի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին։

Այս մասին  տեղեկացնում է Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը։

Լրացումը, որը նախաձեռնել են սենատորներ Լինդսի Գրեմը և Քրիս վան Հոլենը, Սենատը միաձայն է ընդունել։

«Այդ հատկացումները նախատեսվում են ի հավելումն երաշխավորված 17,6 մլն դոլար հատկացումների Տնտեսական աջակցության և զարգացման հիմնադրամից, 1,5 մլն դոլար թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, 600 հազար դոլար միջազգային ռազմական կրթության և պրոֆեսիոնալ պատրաստման և 1 մլն դոլար օտարերկրյա զինված ուժերի ֆինանսավորման»,- նշված է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Սենատը հավանություն է տվել Հայաստանին և Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրման պարիտետին։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցին՝ Սենատը նշել է, որ «մտահոգ է ձգձգված հակամարտությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև և աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին»։

-----------------

Այս շաբաթ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացել է «Կովկասյան բազե-2019» անվամբ Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի համատեղ զորավարժությունը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ հիշյալ զորավարժությունը սեպտեմբերի 23-ին մեկնարկել է Բաքվում և շարունակվելու է մինչև հոկտեմբերի 1-ը:

Այս զորավարժության ընթացքում ռազմաօդային տեխնիկայի օգնությամբ իրականացվելու են ենթադրյալ թիրախները խոցելու, պատանդներին ազատելու, վիրավորներին փոխադրելու և հատուկ ջոկատային ուժերին հանձնարարված այլ գործողություններ:

Բաքվում եռակողմ զորավարժությունն անց է կացվում այն պայմաններում, երբ անցած շաբաթ Բաքվի մերձակայքում իրականացվեց ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժությունը: Բաքվի իշխանություններն անցած ամիս համատեղ զորավարժություն կազմակերպեցին Թուրքիայի զորայինների հետ: Իլհամ Ալիևի կառավարությունը նման համատեղ զորավարժություններ անցկացնելով նպատակ ունի սարսափ առաջացնել Հայաստանի իշխանությունների մոտ: Այդուհանդերձ պիտի ասել, որ վերջին տարիներին Ադրբեջանի կողմից կազմակերպված համատեղ զորավարժությունները ոչ միայն չեն սատարել Հայաստանի հետ  հակամարտության կարգավորմանը, այլև առավել սրել են տարածաշրջանում սպառազինական մրցակցությունը: Ադրբեջանի համատեղ զորավարժություններին զուգահեռ  հայկական կողմն էլ համատեղ զորավարժություններ է անցկացնում Ռուսաստանի հետ:

----------------------

Վրաստանում հակակառավարական  ցույցերը վայրիվերումներով հանդերձ շարունակվում են:

Վրաստանի կառավարության հազարավոր ընդդիմադիրներ հանրահավաք անցկացնելով Թբիլիսիում գտնվող այդ երկրի խորհրդարանի շենքի առջև դատապարտեցին Գեորգի Գախարիային որպես վարչապետի պաշտոնի թեկնածու ներկայացնելու «Վրացական երազանք» ղեկավարող կուսակցության քայլը:

Ընդդիմադիրները Գեորգի Գախարիային մեղադրում են հունիսի 21-ին Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց կազմակերպված հանրահավաքի մասնակիցների դեմ բռնի ուժ գործադրելու հրահանգ արձակելու մեջ: