Մի գավաթ անդորր(174. Մայր - Դուստր հարաբերություններ)
Մի գավաթ անդորր հաղորդաշարի հարգարժան բարեկամներ: Այսօր խոսելու ենք մայրերի ու դուստրերի հարաբերությունների մասին: Հաղորդման ընթացքում կներկայացնենք հոգեբան Իրինա Ծատուրյանի մասնագիտական խորհուրդներն այդ մասին: Ընկերակցեք մեզ:
Մայրերի և դուստրերի միջև ընկերական հարաբերություններն այժմ ծայրահեղ քիչ են հանդիպում: Սոցիոլոգները դա բացատրում են նրանով, որ ծնողների եւ երեխաների միջև կապը թուլացել է:
Ժամանակակից աշխարհում շատ հաճախ երեխաներն իրենց ժամանակի մեծ մասը հենց իրենց են տրամադրում` հատկապես պատանեկան տարիքում, երբ էլ հաստատվում են ընկերական հարաբերությունները ծնողների հետ` հավասարը հավասարի պես: Այս շրջանը շատ կարևոր է նրա համար, որպեսզի ծնող-երեխա հարաբերությունները փոխարինվեն երկու մեծ մարդու հարաբերություններով:
Հաճախ աղջիկները վախենում են քննարկել մայրերի հետ իրենց վախերը, հիասթափությունները եւ այլ խնդիրները:
Երբեմն նույնիսկ ամաչկոտություն է առաջանում: Որոշ դեպքերում անգամ մրցակցություն է սկսվում: Այս խնդիրն ավելի է խորանում, երբ ծնողները սկսում են այս կամ այն արգելքը դնել իրենց երեխաների վրա` արգելում են շպարվել, բարձր երաժշտություն լսել, համակարգչի դիմաց երկար ժամանակ անցկացնել եւ այլն: Դրանից հետո հարաբերթյունները դառնում են լարված: Եվ եթե մայրերը ջանքեր չգործադրեն, որպեսզի հասկանան սեփական երեխաներին, մտերմանան նրանց հետ, օտարության զգացումը պահպանվում է ողջ կյանքի ընթացքում:
****
«Մա՛մ, ինչո՞ւ դու ինձ երբեք չես ուզում հասկանալ», «Կգա՞ մի օր, որ դու հաշվի նստես մորդ կարծիքի հետ» և նմանատիպ տասնյակ արտահայտություններ, որոնք մայր ու աղջիկ անհիմն պատճառներով վիճելիս ու նյարդայնանալիս ասում են միմյանց:
Մայր-դուստր հարաբերությունները միշտ չէ, որ անամպ են լինում: Միմյանց չեն հասկանում, չեն ընդունում միմյանց տեսակետները, ամեն անգամ որևէ թեմայի շուրջ անմեղ զրույցը, չգիտենք ինչու, վերածվում են վեճի: Ու դրանում երկուսն էլ ունեն իրենց «ներդրումը»: Իսկ ինչո՞ւ թունավորել միմյանց կյանքը, եթե կարելի է մտերիմ ընկերուհիներ դառնալ:
Ենթադրենք
1. Մայրը ձգտում է, որ դուստրն ընդօրինակի իրեն: Զարմանալի է, թե դուստրն ինչու չի սիրում այն երաժշտությունը, ինչ՝ ինքը, ինչու որոշեց իր դուստրն ստանալ հումանիտար կրթություն, երբ ինքը մաթեմատիկայի հրաշալի մասնագետ է: Կարծես իր աղջիկը չլինի...
Հոգեբանի խոսքով բոլոր աղջիկները, կամա թե ակամա, նմանվում են իրենց մայրերին, քանի որ դաստիարակության ընթացքում հենց մայրիկից են վերցնում համապատասխան վարքային դրսևորումներ: Արդյունքում՝ ինչքան էլ խուսափենք, հիմնական սկզբունքային հարցերում մենք նման ենք մեր մայրերին: Այ հենց սա է, որ պետք է իմանան բոլոր մայրիկները:
******
Դուստրն ասում է,որ Մայրս ապրում է իմ կյանքով, խառնվում ամեն ինչին, ցանկանում է ամեն ինչ իմանալ: Իմ յուրաքանչյուր հեռախոսազրույցին հաջորդում է նրա հարցուփորձը: Նա միշտ պետք է իմանա, թե ես որտեղ եմ և ամենակարևորը՝ ում հետ:
Հոգեբանի կարծիքով «Մայրերի ու երեխաների միջև շատ ուժեղ կապ կա, որի շնորհիվ մայրն ու երեխան առանց մեկը մյուսի իրենց կյանքը չեն պատկերացնում: Մեկ տարեկանից հետո այդ կապն աստիճանաբար թուլանում է: Սակայն, երբ կողմերից մեկը (այս դեպքում՝ մայրը) չի ցանկանում խզել կապը, քանի որ այդպես ավելի ապահով է համարում, կապը տարիների հետ աննորմալ ու անառողջ բնույթ է ստանում»,- բացատրում է հոգեբանը: Հետևաբար՝ պետք է փորձել հասկանալ մայրիկին: Նա դա անում է միայն այն պատճառով, որ հարկ եղած դեպքում կարողանա օգտակար լինել դստերը, պաշտպանել նրան: Սիրելի դուստրեր խոսեք մայրիկի հետ, ասացեք, թե Ձեզ որքան հաճելի է նրա հոգատարությունը, որ միշտ կարող եք ձեր հույսը դնել նրա վրա, բայց միաժամանակ ուզում եք կայանալ որպես անհատ ու դառնալ ինքնուրույն:
***
Եթերում է հոգեբան Իրինա Ծատուրյանը
Այստեղ ուզում եմ բերել մի քանի օրինակներ և աղջիկների և մայրերի կարծիքների մասին:
23-ամյա դուստրը հիշում է ՝ մոր հետ մտերմացել է իր կյանքի դժվարագույն պահին. սիրում էր մի տղայի, ում հետ 2 տարի գաղտնի հանդիպում էր, երբ հանկարծ նա լքեց իրեն՝ պատճառաբանելով, որ մեկնելու է արտասահման, այնինչ իրականում ստում էր: «Երբ իմացա, որ լքում է ուրիշ երկիր մեկնելու պատճառով, իսկ հետո՝ որ խաբում է, պարզապես ուզում է բաժանվենք, ինձ նվաստացած, ստորացված զգացի: Մի քանի օր առհասարակ անկողնուց վեր չէի կենում,-ասում է նա և հավելում,-մայրս անհանգստացած էր, իսկ ես խորհուրդի կարիք էի զգում: Ընկերուհիներիցս ոչ մեկը խելքը գլխին բան չէր ասում: Մտածում էի՝ մաման փորձառություն ունի, համ էլ ես իր աղջիկն եմ, իմ վատը հաստատ չի ուզի»: Ահա այս հանգամանքներում է, որ աղջիկն առաջին անգամ մոր մեջ տեսնում է նաև ընկերուհուն. «Եթե մայրս չլիներ, չհասկանար ինձ, այլ շատերի պես միմիայն կշտամբեր, պատժեր, ապա ես չգիտեմ, թե ինչ կլիներ իմ վիճակը»:
Իրոք ինչպես են երիտասարադներն ընկալում մայր-զավակ-ընկերուհիներ հասկացությունը: «Ես չեմ կարող մամայից գաղտնիք պահեմ՝ կապ չունի, թե ինչ բնույթի է: Դեռ միայն դեմքիս նայելով՝ կռահում է , որ մի բան այն չէ»,-ասում է 19-ամյա դուստրը: Նա իր մայրիկին համարում է իր ընկերուհին՝ բայց ոչ մտերիմ: «Մամաս երիտասարդ է, 18 տարեկանում է ամուսնացել: Ես ոչ բոլոր գաղտնիքներս եմ կիսում նրա հետ»,-ասում է նա: Երկկողմ ազատ փոխհարաբերությունները ենթադրում են նաև ծնողի անկեղծությունը: Խնդիներ ունեն ոչ միայն զավակները, այլ նաև մայրերը:
«Մամաս ինձ հետ հիմնականում կիսվում է աշխատանքային պրոբլեմներով, ես էլ եմ օգնում նրան մի շարք խորհուրդներով, որ երբեմն ինքն է ինձնից հարցնում և համբերությամբ լսում է, իսկ ընտանիքում ամեն ինչ նորմալ է, հայրս շատ է սիրում մորս»,-ասում է 22-ամյա մեկ այլ երիտասարդ աղջիկ:
Կան աղջիկներ, ովքեր ոչ միայն իրենց մայրերին իրենց ընկերուհիները չեն համարում, այլև չեն ընդունում նրանց հետ ավելի անկաշկանդ և ազատ շփումը՝ ծնող-զավակ փոխհարաբերություններից այն կողմ: Պատճառաբանում են. աղջիկները, ձեռք բերելով իրենց մայրերի վստահությունը, դառնոմ են ավելի կամակոր : Այսպիսի կարծիք հայտնեցին նաև որոշ մայրեր: «Էն մայրը, ով կարող է իր աղջկա հետ անկաշկանդ խոսել սիրուց և նմանատիպ հարցերից , էլ ինչպե՞ս կարող է դաստիարակել իր աղջկան»,-ասում է 49-ամյա տիկինը: Իսկ հոգեբանը այս կարծիքի հետ համաձայն չէ. «Այդպիսի երևույթներ կան, բայց չի կարելի մասսայականացնել: Վերջիվերջո դա կախված է կնոջից, ով պիտի օրինակ ծառայի իր դստերը և նրա վստահության դիմաց չափից դուրս ազատություն թույլ չտա:Մայրական սերը բնատուր է: Երեխայի և մոր փոխհարաբերությունների հիմքը դրվում է այն շրջանում, երբ երեխան գտնվում է մոր արգանդում, այնուհետև զարգանում ծննդաբերությունից հետո: Երեխայի յուրաքանչյուր տարիք իր առանձնահատկությունն ունի, ծնողը պիտի ընկալի փոփոխությունները, որոնց միջով անցնում է զավակը՝այս դեպքում աղջիկը» կարծում է հոգեբանը։
***
Եթերում է հոգեբան Իրինա Ծատուրյանը: