Մի գավաթ անդորր (181. Ի՞նչ անել, եթե երեխան չի ցանկանում սովորել)
Մի գավաթ անդորր հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ մեր այսօրվա զրույցի թեման է՝ ինչպես օգնել երեխային հաղթահարել դասերը կատարելու դժվարությունները:Այդ կապակցությամբ կներկայացնենք հոգեբանների խորհուրդները: Ընկերակցեք մեզ:
Ինչպե՞ս օգնել երեխային հաղթահարել դասերը կատարելու դժվարությունները. խորհուրդ է տալիս հոգեբան Անուշ Ալեքսանյանը:
Նա ասում է. Պարզապես պետք չէ ստեղծել այդ դժվարությունները: Եթե ծնողներն անկեղծ լինեն, կնկատեն, որ երեխայի ուսումնական դժվարությունների հարցում իրենք իրենց դերն ունեցել են: Պետք չէ պահանջել երեխայից ավելին, քան նա կարող է: Պահանջել այն, ինչը երեխան չի կարող անել, առհասարակ պետք չէ: Պետք է սովորեցնել և զարգացնել երեխայի մեջ այդ որակները: Երեխայից պետք է պահանջել ինքնուրույնություն այն հարցերում, որոնց նա արդեն տիրապետում է: Բայց դժվարություններ չունենալու համար պետք է օրվա հստակ ռեժիմ սահմանել: Դասապատրաստման ժամանակ պետք է նստել երեխայի կողքին, սատարել նրան, վստահություն ներշնչել: Չի կարելի կատարել հանձնարարությունները երեխայի փոխարեն. դրանով անվերադարձ վնասում ենք երեխային: Պետք է պարզապես օգնել` ցույց տալով, որ իր մոտ ամեն բան ստացվում է, որ ամեն ինչ լավ է, որ ինքը կարող է, որ իր արածը ձեզ ուրախացնում է: Սա պիտի լինի ծնողի դերը: Ծնողի հաջորդ դերը պետք է լինի երեխայի օրը ճիշտ կազմակերպելը: Եթե մենք երեխային հնարավոր բոլոր ձևերով ծանրաբեռնում ենք, ուրեմն չպիտի զարմանանք, որ նա չի ցանկանում դասերը կատարել: Երեխան օրվա ընթացքում պիտի առնվազն 2 ժամ ազատ, չպլանավորված ժամանակ ունենա, որը նա կտնօրինի իր ցանկությամբ: Դասապատրաստումը պետք է իրականացվի գրավոր և բանավոր հանձնարարությունների հաջորդական կատարմամբ: Չի՛ կարելի գրավոր հանձնարարություններն իրար հետևից անել, դա սարսափելի դժվար է տարրական դպրոցի երեխայի համար: Այդ տարիքում ձեռքի մկաններն ու ոսկրային համակարգը դեռ ձևավորման փուլում են, և երեխան շատ շուտ հոգնում է գրելուց:
Դասապատրաստումը պետք է արվի բացառապես լավ տրամադրության մթնոլորտում: Չի՛ կարելի ընկնել գնահատականի հետևից և երեխային էլ դարձնել դրա գերին: Այս հարցում մեղքը միանշանակ միայն ծնողներինն է: Գնահատական որսալը կրթություն ստանալ չէ: Կրթություն ստանալը կյանք է, որը մենք պիտի ապրենք հաճույքով: Չի՛ կարելի այն առևտրի վերածել:
Եթե երեխան ունի ուսման որևէ կայուն դժվարություն՝ գրելու, կարդալու, հասկանալու, ընկալելու, հիշելու, ուշադրությունը կենտրոնացնելու, ապա պետք չէ վարանել դիմել մասնագետի: Ուսումնական դժվարությունների մեծ մասը շտկելի է, սակայն ծնողների մեծ մասը դրան լիարժեք ուշադրություն չի դարձնում և շատ ուշ է դիմում մասնագետի: Մի քանի տարի ուսումնական դժվարությունների ճանապարհով անցնելը կարող է իսպառ վերացնել երեխայի վստահությունն իր ուժերի նկատմամբ: Ինչպես նաև դա բացասաբար է անդրադառնում ծնող-երեխա հարաբերությունների վրա, որտեղ կորչում են վստահությունն ու ընկերությունը: Մեզանից յուրաքանչյուրը գիտի, որ պահանջների ֆոնին հարաբերություններ կառուցել և ընկերություն պահպանել հնարավոր չէ: Ուսումնական դժվարություններ ունեցող երեխաների ճնշող մեծամասանությունն ունի խնդիր ծնողների հետ հարաբերություններում, շատ ցածր ինքնագնահատական, ցածր մոտիվացիա, նախաձեռնողականության պակաս...
Պե՞տք է, արդյոք, ինչ-որ բաներ անել երեխայի փոխարեն:
Իհարկե ոչ: Չնայած, եթե մենք ուզում ենք սովորել ինքներս, ապա կարելի է անել: Բայց եթե ուզում ենք, որ սովորի երեխան, ապա երբեք չենք անի որևէ բան նրա փոխարեն: Կասեմ ավելին՝ եթե մենք երեխայի գնահատականները սիրում ենք ավելի շատ, քան իրեն, ապա կանենք հանձնարարությունները նրա փոխարեն»,ասում է հոգեբան Անուշ Ալեքսանյանը:
---
Բոլոր ծնողներն էլ կարծում են, որ իրենց երեխան ամենախելացին ու ամենատաղանդավորն է:
Դա այպես է: Բոլոր երեխաներն էլ ծնվում են խելացի ու տաղանդավոր, բայց երբ գնում են դպրոց, չգիտես՝ ինչու, նրանցից ոմանք լավ են սովորում, ոմանք՝ ոչ այնքան: Պատմության էջերում շատ կհանդիպեք հանճարների, որոնք դպրոցում ոչ այնքան լավ են սովորել: Բայց մեր օրերում սա արդարացում չէ: Մեր ժամանակներում կրթությունը շատ կարևոր է, միայն լավ կրթության դեպքում կարելի է դառնալ լավ մասնագետ, ով կլինի պահանջված իր ոլորտում: Դրա համար էլ ծնողները միշտ մտահոգվում են, երբ երեխան լավ չի սովորում դպրոցում:
Վատ առաջադիմության պատճառները.
- Հավելյալ ծանրաբեռնվածություն,
- Խնդիրներ դասընկերների և ուսուցիչների հետ,
- Ծնողների մեծ ակնկալիքներ,
- Միջոց՝ ծնողների ուշադրությունը գրավելու համար,
- Լարված մթնոլորտ ընտանիքում,
- Ժամանակի և օրվա սխալ կառավարում,
- Հիպերակտիվություն կամ դանդաղկոտություն,
- Բնագիտական կամ հումանիտար գիտությունների հակում,
- Առողջական խնդիրներ:
Ինչպես հոգեբանն ասաց.-Երեխայից մի պահանջեք ավելին, քան նա կարող է անել: Լավ կլինի հենց մանկուց երեխային դաստիարակել աշխատասեր, համառ, շփվող, արագ կողմնորոշվող:
Երեխային հարգեք, համբերատար եղեք, նրա ունակությունները ռեալ գնահատեք ու թույլ տվեք ինքնադրսևորվել: Սիրեք նրան՝ անկախ գնահատականից:
Հետազոտությունները ցույց են տվել, որ շատ դպրոցականներ չեն ցանկանում սովորել, քանի որ նրանց չի բավարարում ծնողական ուշադրությունն ու սերը:
---
Մասնագետներն ասում են, որ երեխաներն էությամբ հետաքրքրասեր են ու աշխույժ: Սովորելու ցանկության բացակայությունը պարզապես մոտիվացիայի պակաս է: Մոտիվացրեք երեխային:
- Գովեք նրան յուրաքանչյուր լավ արարքի համար: Երբ մայրիկն ու հայրիկը երեխային ասում են, որ հպարտանում են նրանով, երեխան փորձում է ամեն բան անել, որպեսզի կրկնի հաջողությունը:
- Եթե երեխան ունի սիրելի զբաղմունք՝ երգել, նկարել, նվագել, մի՛ անտեսեք: Գուցե դա է նրա հաջողության ուղին:
- Երեխային պետք է բացատրել, թե ինչ դռներ կբացի իր առջև կրթությունը:
- Մի՛ պատժեք երեխային վատ գնահատականի համար: Դա կունենա հակառակ արդյունք:
- Երեխայի հետ հաճախ ժամանակ անցկացրեք՝ այցելելով պատկերասրահ, թատրոն, ցուցասրահ:
Յուրաքանչյուր երեխա առանձնահատուկ է և առանձնահատուկ մոտեցում էլ պահանջում է: Համբերատար եղե՛ք: