Մի գավաթ անդորր (184. Թերարժեքության բարդույթ)
«Մի գավաթ անդորր» հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ, այսօր խոսելու ենք թերաժեքության բարդույթի մասին: Ընկերակցեք մեզ:
Բարդույթ կամ ինչպես ընդունված է ասել կոմպլեքս բառը հոգեբանության մեջ նշանակում է ենթագիտակցականում ձևավորվող էմոցիոնալ պատկերացումների ու պատճառների ամբողջություն, ինչն ունենում է նշանակալի ներգործություն մարդու հոգեկանի և անհատականության զարգացման, ինչպես նաև մարդու վարքի վրա:
Լինում է այնպես, որ բոլորս էլ ինչ-որ իրավիճակում մեզ անվստահ ենք զգում, սակայն կան մարդիկ, ովքեր այդ զգացումն ունենում են կյանքի բոլոր ոլորտներում:
Թերարժեքության բարդույթը հոգեբանական և հուզական ապրումների հավաք է, որն արտահայտվում է սեփական անձի խոցելիության և շրջապատի գերակայության զգացմամբ։ Թերարժեքության բարդույթը առաջանում է տարբեր պատճառների հետևանքով, ինչպիսիք են՝ խտրականությունը, հոգեկան վնասվածքները, սեփական սխալներն ու անհաջողությունները և այլն:
Առաջինը ով ուսումնասիրել և նկարագրել է թերարժեքության բարդույթը ավստրիացի հոգեվերլուծաբան Ալֆրեդ Ադլերն էր:
Թերարժեքության բարդույթը էականորեն ազդում է ինքնազգացողության և մարդու վարքագծի վրա:
Այն առաջանում է թերարժեքության չափազանցվածության ժամանակ։ Թերարժեքության զգացում և բարդույթ հասկացությունները համարվում են միևնույն երևույթի տարբեր մակարդակներ։ Մարդիկ, ովքեր տառապում են թերարժեքության բարդույթով դիտում են իրենց, որպես չնչին և թերարժեք: Շատ հիվանդների մոտ այդ հողի վրա զարգանում է դեպրեսիա, որի ծանր դեպքերում կարող է հետևել ինքնասպանության վտանգը: Թերարժեքության բարդույթի ախտանիշներից մեկը կարող է լինել ազդանշանների ցուցադրումը, որոնցով տառապող մարդը փորձում է իր վրա հրավիրել շրջապատի ուշադրությունը: Այլ ախտանիշներ կարող են լինել շփման պակասը, վախը մարդկանցից, սխալ գործելու վախը, մշտական անհանգիստ վիճակները: Թերարժեքության բարդույթը երբեմն հանդիսանում է խոսքի թերությունների ենթագիտակցական պատճառ:
Չափից ավելի ինքնահավանությունը նույնպես կարող է վկայել սեփական արժանապատվության զգացումի ներքին խախտման մասին:
Թերարժեքության բարդույթը ընդհանուր առմամբ բացասական երևույթ է: Սակայն որոշ դեպքերում այն կարող է դրդել մարդուն հասնել դրական նպատակների:
***
Թերարժեքության բարդույթի զարգացում
Ալֆրեդ Ադլերը կարծում էր, որ երեխաների մոտ թերարժեքության բարդույթը զարգանում է մի քանի պատճառներով:
Ֆիզիկական թերություններ (օրինակ որոշ օրգանական թերություններ, ցածր հասակ, անհամաչափություն):
Ավելորդ ծնողական խնամակալություն, որը թույլ չի տալիս ինքնուրույն լուծել խնդիրները:
Ծնողական ուշադրության բացակայությունը նվազեցնում է իր ունակությունների նկատմամբ վստահությունը:
Հաճախ ֆիզիկական թերություները փորձում են վերացնել մարզումների միջոցով: Օրինակ Դեմոսթենեսը, ով մանուկ հասակից կակազում էր, դարձել է նշանավոր հռետոր: Ադլերը ենթադրեց, որ նշանավոր մարդիկ հաջողության են հասել, գործունեության ընթացքում հաղթահարելով սեփական թերարժեքության բարդույթները: Եթե չի հաջողվում հաղթահարել թերարժեքության բարդույթը, դա կարող է հասուն տարիքում հանգեցնել նևրոզի: Երբեմն թերարժեքության բարդույթը արտահայտվում է գերարժեքության բարդույթի համալիրում՝ պարծենկոտության և մեծամտության ձևով: Թերարժեքության զգացումը և դրանից բխող դեպրեսիան հաճախ արմատներով ձգվում են դեպի վաղ մանկություն: Գիտականորեն ապացուցված է, որ երեխայի նկատմամբ անբավարար ուշադրությունը և մշտական քննադատությունը կարող են խաթարել սեփական արժանապատվության զգացումի լիարժեք զարգացումը դեռահասների մոտ:
****
Ինչպես արդեն ասացինք ընդհանուր առմամբ թերարժեքության բարդույթի պատճառ են հանդիսանում` Ֆիզիկական թերությունները
Գերխնամքը
Ծնողների կողմից մերժումը, սառը վերաբերմունքը
Հոգետրավմաները (բռնություն, բաժանում և այլն)
Շրջապատի կողմից արվող անընդմեջ քննադատությունները
Այստեղ հարկավոր է նշել, որ ծնողների կողմից թե՛ գերխնամքը, թե՛ ուշադրության պակասը կարող է բերել թերարժեքության բարդույթի, քանի որ խոչնդոտում է մարդու ինքնուրույնության զարգացմանը և անհատականության ճնշմանը:
Յուրաքանչյուր մարդու թերարժեքության բարդույթն իր տեսակի մեջ անկրկնելի է: Ընդ որում թերարժեքության պատճառը միշտ չէ, որ իրականում գոյություն ունի, այն հաճախ ձեւավորվում է սխալ գնահատականների հետևանքով:
Հոգեբանների պնդմամբ թերարժեքությունից խուսափելու համար պետք է ինքնահաստատվել եւ գնահատել անգամ փոքրիկ ձեռքբերումը: Պետք է անընդհատ ցանկանալ հասնել առաջադրված նպատակին ու հաջողությունից ոգեւորվել: Դա մարդուն մեծ ուժ է տալիս:
****
Թերարժեքության բարդույթ. արդյոք բոլո՞րն ունեն. հոգեբան Դավիթ Ջամալյանն ասում է.
Յուրաքանչյուր մարդու թերարժեքության բարդույթն իր տեսակի մեջ անկրկնելի է: Ընդհանրություններ և որոշ օրինաչափություններ, իհարկե, կան, հատկապես դրսևորումներում, սակայն բարդույթի բովանդակությունն անհատական է: Մեկի համար թերարժեքության բարդույթ է ցածր հասակը, մյուսի համար' լեզվական արատը և այլն: Ընդ որում անհրաժեշտ է հատուկ նշել, որ թերարժեքության պատճառը միշտ չէ, որ իրականում գոյություն ունի, այն հաճախ ձևավորվում է սխալ գնահատականների հետևանքով, հիմնականում կազմավորվում է ենթագիտակցաբար: Քիչ չեն մարդիկ, ովքեր արժանի լինելով շատ ավելի մեծ ձեռքբերումների' բավարարվում են փոքր ու համեստ դերակատարումներով կամ հեշտությամբ իրենց դիրքերն ուրիշներին են զիջում: Թերարժեքության բարդույթի պատճառ կարող են լինել նաև ծնող-երեխա սխալ հարաբերությունները, որոնք երեխայի հոգում ենթագիտակցական թերարժեքություն են ձևավորում: Անձնական կյանքը չդասավորած երիտասարդը, ով արժանի է երջանիկ լինելու, հաճախ չի կարողանում գտնել իր երջանկությունը: Կամ աղջիկը տանը մնալու վախից (որը կրկին թերարժեքության հետևանք է) սխալ քայլ է կատարում' ընտրելով առաջին պատահածին, ինչն ինքնավստահության պարագայում չէր անի:
Խորհուրդ: Պետք է ինքնահաստատվել: Ունենալ թեկուզ փոքրիկ ձեռքբերումներ և գնահատել անգամ չնչին հաջողությունը: Երբեք չի կարելի ասել' ես չեմ կարող: Պետք է անընդհատ կրկնել' ես կարող եմ և մտովի խաղալ այն իրադարձությունները, որոնք անիրականանալի են թվում կամ որոնց կենսագործման համար համարձակությունը չի բավարարում: Յուրաքանչյուր հաջողությունից անհրաժեշտ է ոգևորվել և կրկնել' ուրեմն ես կարող եմ, ուրեմն դա հնարավոր է, ուրեմն ես արժանի եմ: Դա ուժ է տալիս: Ամեն փոքրիկ հաջողությունից հետո պետք է ասել' ես ավելին կարող եմ անել: