Մի գավաթ անդորր(188.Հետարձակուրդային սթրես)
Մի գավաթ անդորր հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ Յուրաքանչյուր մարդ ձգտում է հանգստի, անգամ եթե վարում է պասիվ կյանք: Դա բոլորի իրավունքն ու ձգտումն է , սակայն ինչպես հաղթահարել հետարձակուրդային շրջանը , ինչպես վերադառնալ և ինտեգրվել կրկին բնականոն կյանքին: Այսօր խոսելու ենք հետարձակուրդային սթրեսի և այն հաղթահարելու միջոցների մասին։ Հաղորդման ընթացքում դուք կլսեք հոգեբան Իրինա Ծատուրյանի խորհուրդներն այս կապակցությամբ: Մնացեք մեզ հետ:
Լարված աշխատանք ունեցող մարդկանց մոտ, որոնք ունեն հագեցած աշխատանքային գրաֆիկ, բարձր պատասխանատվություն, մեծ քանակությամբ մարդկանց հետ շփում պահանջվող աշխատանք, հաճախ բարձր ինտենսիվությամբ է դրսեւորվում հետարձակուրդային սթրեսը: Ըստ հոգեբանների սթրեսի առաջացման մեջ կարեւոր նշանակություն ունի արձակուրդի տեւողությունը, ինչպես նաեւ սեփական աշխատանքով բավարարվածության աստիճանը: Ըստ հոգեբան Աննա Ստեփանյանի ռիսկի խմբում են այն մարդիկ, որոնց մեջ են այն աշխատակիցները ովքեր բավարարված չեն իրենց մասնագիտությամբ, կարգավիճակով, աշխատավարձով կամ կոլեկտիվով: Նշվում է,որ արտասահմանում ըստ վիճակագրության, աշխատանքից ազատվելու դիմումների մոտ 40 տոկոսը ներկայացվում է հենց արձակուրդից հետո։ Հոգեբանի խոսքերով՝ հետարձակուրդային համախտանիշի կլինիկական պատկերը բնորոշվում է սթրեսային դրսեւորումներով՝ հոգնածության զգացում, ճնշվածություն, որոնց գումարվում է գլխացավը, արագասրտությունը, քնի եւ մարսողության խանգարումները եւ այլն: Այդ իսկ պատճառով նա նշում է, որ նվազագույն հանգիստը պետք է լինի 10 օր, իսկ առավելագույնը 3 շաբաթ, որի վերջին շաբաթը ոչ թե պետք է լծվել տնային գործերով եւ ծանրաբեռնել օրգանիզմին, այլ կամաց-կամաց նախապատրաստել աշխատանքին վերադառնալուն: Հոգեբանը խորհուրդ է տալիս, որ աշխատանքի կարելի է գնալ շաբաթվա կեսից, որպեսզի հանգստից հետո ունենաք կարճ աշխատանքային շաբաթ: Քանի որ ինչքան երկար է տեւում արձակուրդը, այնքան ավելի շատ ժամանակ է հարկավոր օրգանիզմին վերահարմարվելու փոփոխված պայմաններին: Իսկ թե ինչպես կանխել հետարձակուրդային սթրեսը, հոգեբանը ասում է, որ դրա համար կարելի է ճիշտ պլանավորել արձակուրդը, ընտրել արձակուրդից վերադառնալու օպտիմալ ժամանակ եւ նաեւ ճիշտ կազմակերպել աշխատանքը արձակուրդից վերադառնալուց հետո։ Ի տարբերություն կանանց, տղամարդիկ ավելի դժվար են հարմարվում եւ հանգստին եւ դրանից հետո աշխատելուն, ուստի նրանք, ավելի ուշադիր պետք է լինեն հետարձակուրդային համախտանիշ չունենալու համար:
***
Գրեթե բոլոր հանգստից վերադարձածները առաջին աշխատանքային օրերի ընթացքում ծանր սթրես են ապրում` կապված օրգանիզմում տեղի ունեցած լուրջ փոփոխությունների հետ: Դժվար է դառնում կենտրոնանալ, կատարել սովորական պարտականությունները, դանդաղում է աշխատելու արագությունը, առաջանում է անբավարարվածության զգացողություն, նկատվում է հոգնածություն և նյարդերի լարում:
Ռեժիմի և կլիմայի կտրուկ փոփոխությունը շատ վտանգավոր է օրգանիզմի համար, և անհրաժեշտ է մի քանի օր օդափոխության և ադապտացիայի համար: Արձակուրդը անհրաժեշտ է պլանավորել այնպես, որ վերադարձից հետո մի քանի օր հնարավոր լինի մնալ տանը և թույլ տալ օրգանիզմին աստիճանաբար հարմարվել փոփոխություններին, նշում են հոգեբանները:
Փորձագետների կարծիքով, կարելի է 1-2 ժամով կրճատել աշխատանքային օրը, ձգտել չծանրաբեռնվել և չփորձել միանգամից կատարել կուտակված աշխատանքը: Դա անհրաժեշտ է անել աստիճանաբար: Սթրեսից հեշտ է խուսափել սպորտի միջոցով: Կարելի է հաճախել թատրոն, կինո, թանգարան, հետևել սննդակարգին:
Լարված աշխատանքների հետեւանքները դառնում են նաեւ մի շարք հիվանդությունների զարգացում, բացի այդ մի քանի տարի շարունակ չհանգստանալը անդրադառնում է անպայման օրգանիզմի ռեսուրսների ադապտացիայի վրա:
***
Իսկ ինչ վերաբերում է հետամանորյա սթրեսին։ Ամանորյա եռուզեռից հետո աշխատանքի վերադառնալը շատ մարդկանց մոտ կարող է բարդություններ առաջացնել՝ առավոտյան շուտ արթնանալ, վազել աշխատանքի, ամբողջ օրն անցկացնել ծանր գրաֆիկով։
Ամանորն այնքա՜ն գեղեցիկ տոն է, բայց, միեւնույն ժամանակ, նաեւ շատ հոգսաշատ: Այդ է պատճառը, որ տոների ավարտից հետո շատերը սթրեսի մեջ են ընկնում: Ինչպես կարելի է դուրս գալ ամանորյա սթրեսից:
Որքան էլ հրաշալի ու հեքիաթային լինի Նոր տարին, այն նաեւ հոգսաշատ է: Գնումներ, տան զարդարանք ու մաքրում, ուտեստների պատրաստում, սեղանի զարդարում եւ վերջապես՝ հյուրեր, հյուրեր ու էլի հյուրեր: Այս ամենը, ինչ խոսք, մեզանից շատ էներգիա է խլում, այդ է պատճառը, որ Նոր տարին որոշ մարդկանց մոտ բացասական վերաբերմունք է ձեւավորում:
Նման մարդկանց համար ամանորյա արձակուրդն անգամ հետաքրիր չէ, քանի որ այն ամբողջությամբ ծախսում են տոնական նախապատրաստությունների վրա, իսկ հանգստանալու մասին խոսք անգամ չի կարող լինել:
Իսկ այն մարդիկ, ովքեր սիրում են Ամանորը եւ մեծ հաճույքով են տոնում, արձակուրդից հետո դժվար են կարողանում հարմարվել այն մտքի հետ, որ տոներն ավարտվել են, եւ ժամանակն է գնալ դասի կամ աշխատանքի: Նման մարդիկ նույնպես հակված են հետամանորյա սթրեսի:
Մասնագետներն ամանորյա սթրեսից խուսափելու համար խորհուրդ են տալիս տոներից մի քանի օր անց աստիճանաբար «հետ գալ» իրականություն: Արձակուրդային օրերին մենք մեզ թույլ ենք տալիս ուշ քնել, ուշ արթնանալ, շատ ուտել եւ այլն: Այս ամենին պետք է աստիճանաբար հետ վարժվել, որպեսզի արձակուրդի ավարտին կարողանաք թարմ ուժերով ներկայանալ աշխատավայր:
Ցերեկները քնելու կամ հեռուստացույց նայելու փոխարեն պետք է զբոսնել մաքուր օդին, խուսափել շատ ուտելուց: Աշխատանքի գնալիս փորձեք առաջին շաբաթը երկար չմնալ աշխատավայրում, շատ չծանրաբեռնվել: Ձեր գործընկերների հետ փոխանակվեք ամանորյա պատմություններով: Եվ հիշեք, որ թեեւ տոներն ավարտվեցին, բայց առջեւում գարուն է:
***
Հետամանորյա սթրեսին է անրադարձել նաև հոգեբան Խաչատուր Գասպարյանը: Նա ասել, է որ տոնական օրերին հիմանականում մարդիկ զբաղվում են ուտելով ու օրգանիզմը ծանրաբեռնելով:
Հոգեբանը մի քանի խորհորդ է տվել հետամանորյա կամ ընդհանրապես հետարձակուրդային սթրեսները մեղմելու համար: Նրա ասելով՝
«Երկարատև արձակուրի ընթացում մեր օրգանիզմը մի տեսակ հետ է սովորում և սկսում է ապրել նոր օրակարգով: Եվ այդ պարագայում նորից վերադառնալ նախկին աշխատանքի ռիթմին մի քիչ դժվարություն կա: Պետք է պատրաստվել աշխատանքային ռիթմին նախապես, ոչ թե այդ օրն՝ արթնանալով»:
Հոգեբաններն այն կարծիքին են, որ եթե մարդը արձակուրդից հետո հաճույքով չի վերադառնում աշխատանքի, դա նշանակում է, որ նա պետք է վերանայի ապրելու ոճը, աշխատանքը, ընտրած մասնագիտությունը:
«Աշխատանքը շատ կարևոր նշանակություն ունի մարդու կյանքում: Եթե մենք աշխատանքից բերկրանք չեն ստանում, մեր կանքի կեսից ավելի անցնում է սթրեսի և բացասական ապրումների մեջ: Հոգեբանի խոսքերով՝եթե սիրում ես քո աշխատանքն, ամբողջ կյանքում ոչ մի օր չես աշխատում: Եթե մենք չենք սիրում մեր ախատանքն, ապա ամբողջ կյանքը վերածվում է տառապանքի»:
Հոգեբանն՝ աշխատանքի տհաճությամբ վերադառնալու պարագայում, խորհուրդ է տվել ամեն դեպքում 7 օր աշխատել, հետո նոր որոշել՝ ցանկանում եք հեռանալ, թե՝ոչ: