Հունվար 27, 2020 15:45 Asia/Yerevan

Հայերեն ռադիոժամի հարգարժան ունկնդիրներ: Նոր տարին ուրախության, նվերների, վառ տպավորությունների և ընտանեկան ջերմության շրջան է։ Հաճելի պահերի հետ մեկտեղ, շատերին կարող է հետապնդել նախատոնական և հետտոնական դեպրեսիան։ Ամանորի դեպրեսիայի մասին խոսում է ոչ միայն ժողովուրդը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նույնպես պնդում է, որ տարվա այդ տոնական շրջանում տիրում է ոչ միայն ուրախությունն, այլ նաև դեպրեսիան։ Այսօր խոսելու ենք այդ մասին։

Հետտոնական դեպրեսիայի պատճառները շատ տարբեր են, նաև անհատական: Պատճառներից կարող են լինել ռեժիմի փոփոխությունը, չարդարացված սպասելիքները, տոների ընթացքում գերհոգնածությունը, նախորդ տարվա անհաջողությունների կամ բացասական հույզերի վրա կենտրոնացումը, ֆինանսական մեծ ծախսերը (գուցե` պարտքերը), դրական հույզերի պակասը, քաշի ավելացումը և այլն:

 Լարված նախատոնական պատրաստությունները, արձակուրդներն ու ամանորյա հրաշքի սպասումը կարող է մարդկանց մոտ հետտոնական դեպրեսիայի պատճառ դառնալ: Ընդ որում՝ հետտոնական դեպրեսիան հնարավոր է, ոչ միայն մեծահասակաների, այլև երեխաների մոտ:

Բոլոր մարդիկ՝ անկախ տարիքից, Ամանորի գիշերը հրաշքի կամ անսովոր բանի են սպասում, առավոտյան սովորականից ուշ են արթնանում, տարատեսակ զվարճանքների են մասնակցում  և, բնական է, որ բուռն շաբաթից հետո բնականոն կենսակերպի անցնելը պետք է դժկամությամբ ընդունվի:

Հետտոնական դեպրեսիայից ազատվելու համար առաջնահերթ կարևոր է հոգեբանական պատրաստականությունը: Այսինքն՝ մարդը պետք է գիտակցաբար վերադառնա նախկին կենսակերպ՝ առավոտյան շուտ արթնանա, սահմանափակումներ մտցնի սննդակարգում և այլն:

Անշուշտ, կարող են նաև այլ պատճառներ լինել հետտոնական դեպրեսիայի դրսևորման համար: Օրինակ՝ այն, որ տոներից հետո սկսվում է աշխատանքային ռեժիմը, ինչը բնականաբար օրգանիզմից հարմարողականություն է պահանջում, և որը կարող է ուղեկցվել տխրությամբ, ծուլությամբ, հոգնածության զգացումով, ոչինչ չանելու ցանկությամբ:

Շատ ավելի դժվարանում է ադապտացիան, երբ ռեժիմի փոփոխություններն ակնհայտ են, երբ հանգիստը կամ տոները երկարաժամկետ են: Տոներից հետո աշխատանքին կամ ուսմանը հարթ անցնելուն օգնում է դրական տրամադրվածությունը տվյալ գործունեության նկատմամբ, գործընկերների և ընկերների հետ հաճելի, ներդաշնակ հարաբերությունները:

Ի դեպ, սննդի չարաշահումը ևս կարող է նպաստել հետտոնական դեպրեսիայի առաջացմանը: Հաղթահարմանը օգնում է հաճելի մարդկանց հետ շփումը, նախասիրությունների ակտիվացումը, սնվելու, քնելու առողջ ռեժիմը, մաքուր օդում զբոսանքը, սեփական հաջողությունների գնահատումն ու խրախուսումը, նոր նպատակների հստակեցումը և իհարկե, դրական մտածողությունն ու լավատեսությունը:

 ---

Ըստ հոգեբանների՝ «Տոներն իրենց հետ բերում են դեպրեսիաներ: Եթե մի որոշ ժամանակ մարդը սրտանց ուրախանում է, ապա դրան հաջորդում է տխրությունը: Տոնից առաջ եւ ընթացքում մարդիկ տեւական ժամանակ խորասուզված են տոնակատարության նախապատրաստական եւ նմանատիպ այլ երեւույթների մեջ՝ երգ, պար, հյուրընկալություններ, այցելություններ, ուտել, խմել եւ այլն: Այդ օրերի ընթացքում մեր կյանքի սովորական ռիթմը խաթարվում է: Մարդն ընդհանրապես ապրում է շարունակական վիճակում՝ գիտե վաղն ինչ է լինելու, ուր է գնալու: Իսկ տոնը գալիս եւ մեր կյանքի որոշակի ժամանակահատվածում խաթարում է այդ շարունակականությունը: Նման խաթարումներից հետո մարդը ստիպված է լինում վերսկսել իր կյանքի սովորական ռիթմը, որը խախտվել էր»: Արդյունքում առաջանում է ինքնասպառման զգացողություն: Հետտոնական շրջանում մարդն ունենում է ներքին դատարկության զգացողություն: Եթե Նոր տարվա հետ կապված մարդն ունենում է մեծ սպասումներ, հույսեր, մեկ էլ տեսնում է՝ չէ, ամեն ինչ նույնն է, նույն առօրյան, ապա այս պարագայում թեթեւակի տրամադրության անկում է նկատվում»: Հետտոնական դեպրեսիաներից ազատվելու համար, ըստ  հոգեբանների՝, պետք է վերադառնալ գործնական կյանքին, զբաղվել առօրյա հոգսերով եւ աշխատանքով. «Այս իրավիճակից դուրս գալու եւ դեպրեսիայի մեջ չընկնելու համար հարկավոր է ուղղակի լավ հանգստանալ: Պետք է ամեն գնով փորձել վերադառնալ կյանքի հունին, աշխատանքին, քանի որ շատ դժվար է տոներից հետո կրկին աշխատելը»: Տոներից հետո մարդու մոտ էներգիայի սպառում է սկսվում: Եվ որքան բուռն է անցկացվել տոնը, այնքան տխրություն կոչվածը կարող է ուժեղ լինել:

---

Հոգեբան Ինգա Մուկուչյանը  նշում է, որ տրամադրության անկման պատճառը հիմնականում տոնական օրերին բնականոն ռեժիմից շեղվելն է. - «Գիշերները շատ ուշ ենք քնում, առավոտյան շատ ուշ արթնանում, անկանոն որոշակի սնունդ ընդունում»:

Հոգեբանը չի բացառում, որ տոներից հետո տրամադրության անկումը կապված է նաեւ մարդկանց անհատական դիրքորոշումների ու կյանքի հանդեպ ունեցած պատկերացումների հետ. - «Նոր տարի է: Մարդիկ շատ հաճախ պատկերացումներ ունեն. կախարդական գիշեր, կախարդական նորություններ: Սպասելիքները երբեմն լինում են ոչ իրական, որ ամեն ինչ Նոր տարում պետք է փոխվի, սակայն գնում են աշխատանքի ու տեսնում են, որ իրականում ամեն ինչ նույն է, նույն աշխատանքը, նույն գործերը, ինչու ոչ, կարող են լինել անցած տարվանից մնացած գործեր: Այստեղ սպասումների եւ իրականության ոչ ճիշտ համընկնում է»:

Հոգեբանի խոսքով, «հետտոնական դեպրեսիայի» համար որոշակի տարիք գոյություն չունի, այն ավելի շատ կապված է մարդու անձնային առանձնահատկության հետ. - «Այն մարդիկ, որոնք ավելի ներշնչվող են, ավելի հուզական են, այն մարդիկ, ովքեր հաճախ են ունենում տրամադրության փոփոխություններ, նրանք էլ ավելի հակված են հետտոնական դեպրեսիայի»:

Պետք է չկորցնել իրականության զգացումը, որ կյանքը շարունակվում է, պետք է դրական տրամադրվել Նոր տարվան, ավելի հասկանալ իրատեսական սպասումները, փոքր նպատակներ դնել ու գնալ առաջ: Պետք է ուշադիր լինել նաեւ օրգանիզմի ու մարմնի նկատմամբ, կարգավորել քնի ռեժիմը, կարգավորել սննդի ռեժիմը, որը որ կբերի ընդհանուր բալանսի, իսկ մինչ այդ խաթարված էր այդ բալանսը»,ասում է հոգեբանը:

---

Մի քանի խորհուրդներ հետտոնական դեպրեսիան հաղթահարելու համար.

Անհրաժեշտ է զերծ մնալ ռեժիմի կտրուկ փոփոխություններից, սպասելիքների արդարացմանը ձգտել ողջ տարվա ընթացքում, տոնը կազմակերպել սեփական հնարավորություններին համապատասխան և հրաշքի սպասել ոչ միայն Ամանորի գիշերը (հրաշքներ կարող են լինել տարվա ընթացքում ցանկացած օր):

Կարևոր է հիշել, որ տոները նախատեսված են ուրախանալու, հանգստանալու, ջերմ ու երջանիկ զգացողությունների համար և ստեղծել այդպիսի մթնոլորտ ինչպես ներաշխարհում, այնպես էլ շրջապատում: Հաղթահարման լավագույն միջոց են դրական հույզերը և տարվա նպատակների, պլանների կոնկրետացումը: