Դեկտեմբեր 23, 2020 15:17 Asia/Yerevan

Հարգարժան ռադիոլսող բարեկամներ առաջին հղիության ժամանակ տղա երեխաների նախապատվությունը շուրջ երկու անգամ գերազանցում է աղջիկների նախապատվությանը։  Այսօր խոսելու ենք այդ մասին։ Նաև ներկայացնելու ենք մի շարք կանանց ու տղամարդկանց տեսակետներն այս հարցի շուրջ։ Ընկերակցեք մեզ։

Ըստ հարցումների արդյունքների, պարզվել է, որ թեև հարցված կանանց կեսից ավելիի՝ 52,4 տոկոսի համար առաջին երեխայի սեռը կապ չունի, այնուամենայնիվ, առաջին հղիության ժամանակ տղա երեխաների նախապատվությունը կրկնակի գերազանցում է աղջիկների նախապատվությանը ։Ընդհանուր առմամբ, անկախ հղիության կարգից և նրանից, թե որերորդ հղիության մասին է խոսքը, տղա երեխա ցանկացող կանանց թիվը շուրջ 1,7 տոկոսով ավելի է եղել աղջիկ ցանկացողների թվից ։

Ուշագրավ է, որ հարցված կանանց 20 տոկոսը՝ 370-ը, նշել են, որ վերջին հինգ տարվա ընթացքում (2012-2017թթ․) նախածննդյան փուլում օգտվել են երեխայի սեռը որոշելու մեթոդներից, հիմնականում՝ ուլտրաձայնային հետազոտությունից։ Այս կանանց 97 տոկոսը երեխայի սեռն իմանալուց հետո շարունակել է հղիությունը, իսկ երեք տոկոսը՝ ընդհատել։

Հարցումների արդյունքում նաև պարզվել է, որ տղա երեխաների նախապատվությունը պայմանավորված է ինչպես ընտանիքի ներսում եղած կարծիքով, այնպես էլ՝ շրջապատի։ Այսպես, ընտանիքներում տղա երեխաներին երկու անգամ ավելի շատ են նախապատվություն տալիս, քան աղջիկներին, իսկ շրջապատում՝ վեց անգամ։

Տղա երեխային նախապատվություն տվողները, հիմնավորում են նրանով, որ տղան տոհմը շարունակողն է, ունեցվածքի ժառանգորդը, հայրենիքի պաշտպանը, ապահովության երաշխավորը, հեղինակություն և ուժ է մարմնավորում: Մինչդեռ աղջիկ երեխային նախապատվություն տվողները նշում են, որ աղջիկը ծնողին «հասնողն» է, հոգևոր նեցուկը, տարեց հասակում ծնողի մասին հոգ տանողը: Այսպիսով՝ հասարակության մեջ դեռևս առկա է երեխայի սեռի հստակ նախապատվության երևույթը՝ հօգուտ տղա երեխայի:

***

Երբ ընտանիքի կենսամակարդակը բարձր է՝ մտածողությունը կտրուկ տարբերվում է: Տեղեկացվածության և կրթության մակարդակով են պայմանավորված բազմաթիվ խնդիրներ՝ սկսած ընտանիքում կնոջ նկատմամբ վերաբերմունքից, մինչև մեղադրանքներ՝ տղա չունենալու համար, կարծում են հոգեբանները. «Այսպես, օրինակ, տղամարդիկ երբեմն մեղադրում են կանանց դուստր ունենալու համար, քանի որ գաղափար չեն ունենում գենետիկայի մասին և որ կանանցով չի պայմանավորվում երեխաների սեռը»: Մի խումբ  Կանայք նույնպես համարում են, թե տղաների ու աղջիկների միջև խտրականությունը մեծապես պայմանավորված է ընտանիքի ու մարդու բնույթով: «Եթե ծնողն ունի տարբեր դիրքորոշումներ երեխաների նկատմամբ, ուրեմն խնդիրն իր մեջ է և ոչ թե երեխաների սեռի»: Մի խումբ կանայք կարևորում են նաև ընտանիքի ավանդականությունը: Այսպես, կանանց խմբի մասնակիցները նշում են, որ տղա երեխայի նախապատվության միտումն առավելապես դրսևորվում է ավելի ավանդական ընտանիքներում, և հատկապես՝ տղամարդկանց, երբեմն էլ՝ սկեսուրների շրջանում: Նման ընտանիքներում կանայք սովորաբար հակված են տղա ունենալ, որպեսզի խուսափեն ընտանիքի կողմից երեխայի սեռով պայմանավորված ճնշումներից: «Ուզում են շուտ տղա ունենալ, որ հետո չստիպեն երկրորդ, երրորդ երեխան ունենալ»: «Կանանց համար միևնույն է՝ աղջիկ կլինի, թե տղա, քանի որ կարևորը մայրանալն է»: «Աղջկան ամուսնացնելու վախը տղամարդիկ ավելի ցավոտ են տանում: Իմ ամուսնու՝ աղջիկ չունենալու ցանկությունը միայն դա է եղել։ Ասում է սոցհարցման մասնակից կանանցից մեկը։ Տղամարդկանց խմբերում մասնակիցները բարձրաձայնել են այլ ազգերի ներկայացուցիչների հետ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց ամուսնության խնդիրը, ինչի արդյունքում, մասնակիցների կարծիքով, աղջիկները հեռանում են տնից և սկսում ինտեգրվել օտար ընտանիքներում: Ընտանիքում և հասարակության մեջ կանանց դերի վերաբերյալ ընկալումները տարբերվում են։ Ոմանք կարծում են, թե «ժամանակներն ու միտումները փոխվել են»։ Հնարավորությունների առումով կանայք հիմնականում չեն տարբերվում տղամարդկանցից: Հարցման մասնակիցների համոզմամբ՝ կանայք ավելի շատ են արժևորվում, քանի որ զարգանալու և կայանալու ավելի մեծ հնարավորություններ ունեն. կարողանում են ստանալ բարձրագույն կրթություն, մասնագիտացում, հետևաբար՝ ավելի հաջողակ են և կայացած: Բացի այդ, շատ դեպքերում աղջիկներն ավելի հոգատար են իրենց ծնողների նկատմամբ և կարողանում են պատշաճ կերպով նրանց խնամել ու ապահովել, քան տղաները, նշում են մասնակիցները: Տղամարդկանցից մեկը նշում է, որ ի տարբերություն նախկինի, երբ կանայք հաճախ ընկալվել են որպես ապրանք, որը փոխանակվել է, ներկայում աղջիկներն իրենց մարդկային արժեքով գրեթե չեն տարբերվում տղաներից, երբեմն նույնիսկ ավելի մեծ արժեք են ընտանիքի ու հասարակության համար: «Որպես երեխա՝ աղջիկն ավելի շատ բան է տալիս իր ծնողներին, քան տղա երեխան»: «Աղջիկները հիմա ավելի հեշտությամբ են աշխատանք գտնում, քան տղաները»:Հարցման մասնակիցներից ոմանք այսպես են արտահայտվել՝ «Աղջիկ կա, որ հազար տղայի տեղ կգնա»: «Որպես երեխա՝ աղջիկն ավելի մեծ արժեք է ծնողների համար, քան տղան։ «Գենետիկորեն գալիս է այն կարծիքը, որ պետք է տղա ունենալ, որպեսզի իրենց տոհմը, ազգանունը շարունակեն, ինչպես նաև ծերության ժամանակ իրենց թեկուզ հոգեբանորեն նեցուկ լինեն: Այնինչ վերջին 20 տարիները ցույց են տալիս, որ աղջիկներն ավելի հաճախ են ծնողներին ծերության ժամանակ օգնության հասնում»:

 Անցկացված հարցման մասնակիցները որոշակիորեն տարբերվող դիրքորոշում ունեն կանանց և աղջիկների դերակատարման վերաբերյալ՝ համարում են, որ կանանց գործը տնային տնտեսությունն է և երեխա ունենալը: «Աղջիկները կարևորվում են նրանով, որ ընտանիք կազմեն, երեխաներ ունենան»: Ընտանիքում տղա և աղջիկ երեխաների հանդեպ վերաբերմունքի մասին մասնակիցները նշում են, թե հայկական ընտանիքներում տատերն ու պապերը տղաներին ավելի շատ են «երես տալիս», ավելի մեղմ են վերաբերվում: Տղաներին առավելություն են տալիս, իսկ աղջիկներին ավելի ճնշում են, որ խելամիտ ու զուսպ լինեն: Հակառակ տեսակետն էլ է հնչում, թե տատ-պապերը տղաներին ավելի խիստ են վերաբերվում, քան աղջիկներին՝ կարծելով, թե հարս է գնալու, և չգիտեն, թե ինչ վերաբերմունքի կարժանանա ապագա ընտանիքում: Մասնակիցները դիմում են անձնական փորձին՝ նշելով, թե մանուկ տարիներին տղաներին հիմնականում ավելի են առավելություն տվել, քան աղջիկներին: Նման խտրական վերաբերմունքը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել աղջիկների համար՝ որպես անձ ձևավորվելու և ինքնագնահատականի առումով: Կանանցից մեկն ասել է,«Օրինակ՝ մեր տանը եղբորս ամեն ինչ կարելի էր, իսկ ինձ և քրոջս շատ բաներ արգելվում էին: Հիմա հայրս շատ է փոշմանել, որ այդպես է արել»: «Պետք է աղջիկներին էլ հնարավորություն տալ լավն ու վատը ճանաչելու: Որքան խիստ ու փակ են պահում աղջիկներին, այնքան նրանք ավելի շատ են ձգտում դուրս գալ կաղապարներից»: «Ժամը վեցից հետո պետք է տանը լինեինք, »: Հարցման մասնակիցները նշում են նաև, որ ներկայումս տղա և աղջիկ երեխաների միջև մեծ տարբերություն չի դրվում: Եթե առավելություն էլ տրվում է, ապա այն հաճախ պայմանավորված է երեխայի առաջնեկ կամ կրտսեր լինելու հանգամանքով, և սեռն այդ հարցում էական դեր չունի: