Մի գավաթ անդորր(239.Գույների ազդեցությունը մարդու հոգեբանության վրա)
Հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Հաղորդաշարի այս թողարկման ընթացքում կխոսենք և երեխաների և մեծահասակների հոգեբանության վրա գույների ազդեցության մասին։Կներկայացնենք հոգեբանների տեսակետներն այս թեմայի վերաբերյալ։ Ընկերակցեք մեզ։
Աչքի ցանցաթաղանթի ռեֆլեքսոգեն հատվածում լույսի ու գույնի ազդեցության հետևանքով գլխուղեղին հասնող իմպուլսներ են ձևավորվում։ Գույները և դրանց երանգները տարբեր կերպ են անդրադառնում տրամադրության և ինքնազգացողության վրա։ Կախված այն բանից, թե որ գույնին է մարդը նախապատվություն տալիս, կարելի է դատել նրա բնավորության ու տրամադրության մասին։
Գույնի ընկալումը կախված է ինչպես սեռից, այնպես էլ տարիքից ։
Տղարմադիկ կարմիր գույնին նայում են ոչ այնպես, ինչպես կանայք: Աշխարհի շատ կանայք տարբերում են կարմիր գույնի մուգ ու բաց երանգները, տարբերում են ալ կարմիրը բորդոյից, մինչդեռ տղամարդիկ տեսնում են ընդամենը կարմիրը: Դա կախված է մարդու ԴՆԹ-ից: Բանն այն է, որ կարմիր գույնի ճանաչողականությունն ապահովող գենը գտնվում է X քրոմոսոմի մեջ, իսկ ինչպես գիտեք, կանայք ունեն երկու այդպիսի քրոմոսոմներ: Կանանց այդ առանձնահատկությունը թույլ է տալիս կանանց ամբողջական “պատկերացում” կազմել կարմիր գույնի մասին։Հոգեբանության մեջ յուրաքանչյուր գույն ունի իր կարևորությունը եւ ազդում է գիտակցության վրա տարբեր ձեւով: Գույների ազդեցության տակ մարդիկ ենթագիտակցորեն որոշակի ընտրություն են անում, քանի որ տեսնելով որեւէ գույն՝ մենք ունենում ենք որոշակի հուզական ապրումներ։
Գունահոգեբանության ինստիտուտի ուսումնասիրությունները ցույց են տվել որ երեխաները գերադասում են այս կամ այն գույնը՝ կախված տարիքից։
Վաղ տարիքում նրանք գերադասում են կարմիր կամ վառ կարմիր գույները, ընդ որում երեխաներին առավելապես դուր է գալիս վարդագույնը։
9-11 տարեկանում կարմիր գույնին աստիճանաբար փոխարինելու է գալիս նարնջագույնը, ապա՝ դեղինը, դեղնականաչը, կանաչը։
12 տարեկանից հետո երեխաները ավելի են գերադասում կապույտ գույնը, որը մեծահասակների մեծամասնության ամենասիրելի գույնն է:
Գույների ընկալումը կապված է մարդու պահանջմունքների, զգացմունքների, հուզական վիճակների և անձնային գծերի հետ: Տարբեր գույներ տարբեր կերպ են ազդում մարդկանց հոգեվիճակների վրա:
Ներկապնակը երեխայի հոգու հայելին է
Սովորաբար երեխաները նկարելիս օգտագործում են 5-6 գույն։ Ավելի շատ գույներ օգտագործում են զգացմունքային, հուզառատ փոքրիկները։ Ավելի քիչ գույներ օգտագործելը խոսում է տվյալ պահին երեխայի բացասական հույզերի մասին։ Մուգ կապույտը արտացոլում է երեխայի ներքին խնդիրները, հանգստի կարիքը։ Կանաչ գույնը հավասարակշռության, անկախության, համառության, անվտանգության ձգտման գույնն է։ Կարմիրն արտահայտում է կամքի ուժ, ագրեսիա, գրգռվածություն։
Չմոռանանք, որ գույների մեկնաբանությունները խիստ հարաբերական են և գույնի նախընտրությունը կարող է պայմանավորված լինել կյանքի տարբեր իրավիճակներով:
---
Գույների ազդեցությունը գնումներ կատարելու վրա
Գովազդի մեջ գույների օգտագործումը շատ կարևոր ընտրություն է, քանի որ գույները հսկայական ազդեցություն ունեն մարդու հոգեբանության, նրա ընտրությունների և որոշումների վրա։ Հոգեբան Լուսինե Կորեկյանի խոսքով՝ գոյություն ունի գույների հոգեբանություն առարկա, որը մարքեթինգի հոգեբանության ճյուղ է, այն ուսումնասիրում է նրբերանգների ազդեցությունը մարդկանց պահվածքի վրա։ Ապրանքանիշերը, կամ, այսպես կոչված բրենդները, այս գիտելիքը մեծ արդյունավետությամբ օգտագործում են մարդկանց շրջանում տարբեր ռեակցիաներ առաջ բերելու նպատակով։ Հայտնի է, որ գույնն ինքնին երբեմն կարող է որևէ ապրանք առնելու դրդապատճառ հանդիսանալ։ Մի հարցման արդյունքներով սպառողների 93% տոկոսը հայտարարել է, որ կենտրոնանում է ապրանքի տեսողական ներկայացվածության վրա, իսկ 85%-ը պնդում է, որ գույնը նրանց համար գնումը կատարելու առաջնային պատճառն է։ Կորեկյանն ասում է, որ գովազդ ստեղծողները գույների հետ կապված տարբեր գործոններ են հաշվի առնում։
Օրինակ՝ չինացիները հակված են հավանելու մետաղական նրբերանգով ոսկեգույնը և կարմիրի երանգները։ Թիրախավորված մարդկային խմբի ապրելակերպը նույնպես կարող է որոշիչ լինել։ Օրինակ՝ կենսուրախ հիմնական գույները՝ կարմիրը և կապույտը՝ սպիտակ զոլերի համադրությամբ, ակտիվ ապրելակերպի արտահայտիչներ են, այդ պատճառով հենց այս համադրությունը դիպուկ ընտրություն է սպորտային համազգեստի և գույքի գովազդի համար։
Հոգեբանը ներկայացնում է, թե ինչպես են գույները ազդեցություն գործում մարդկանց վրա։ Ստորև գովազդի մեջ ամենասիրված և տարածված գույներն են համատեղված այն իրավիճակների հետ, որոնցում դրանց օգտագործումը նպատակային է։
Կապույտ
Մարդկանց ամենասիրելի գույներից է. գայթակղիչ է ու բազմաբնույթ՝ օգտագործման տեսանկյունից։ Ասոցացվում է խաղաղության, ջրի, ներքին հարմոնիաի հետ։ Կապվում է անվտանգության հետ, ինչպես նաև մղում է արդյունավետ գործողության։ Նկատվել է նաև, որ կապույտը ազնվության, վստահելիության սիմվոլ է։ Եթե ապրանքանիշը կարիք ունի վստահություն ներշնչելու, ապա այս գույնը ճիշտ ընտրություն է։ Կապույտը տեղին է նաև, երբ անհրաժեշտ է սառեցված սննդամթերքի փաթեթավորումը, քանզի այն սառույցի տպավորություն է թողնում։
Կարմիր
Կապույտից հետո երկրորդ սիրված գույնն է։ Շուկայի ամենաթեժ ու վառվռուն գույնը, որը զուգակցվում է, անհամբերության, տարերքի, շարժման և գործողության հետ։ Մսամթերքի և սուպերի արտադրողները նույնպես շռայլորեն այս գույնին են տալիս նախապատվությունը։ Այն շտապողականության և առիթը բաց չթողնելու զգացողություն է առաջացնում։ Այդ պատճառով խորհրդանշում է զեղչերը։
Կանաչ
Այն հզորության, թարմության, բնության և առողջության գույնն է։ Օգտագործվում է այն ոլորտներում ուր անհրաժեշտ է հաճախորդին հանգստացնել, խաղաղեցնել։ Կանաչը հարմոնիա և բալանս է առաջացնում ուղեղի մեջ և խթանում որոշումների ընդունումը։ Սպառողը մեր ժամանակաշրջանում առավել քան երբևէ մտահոգված է առողջությամբ և երկարակյացությամբ։ Ահա թե ինչո՞ւ այս գույնը կարելի է օգտագործել շատ ու շատ բնապահպանական նախաձեռնությունների համար։ Այժմ այն ավելի ու ավելի է օգտագործվում այսպես կոչված օրգանիկ արտադրանքի կամ շրջակա միջավայրի պահպանության հետ կապված գովազդային միջոցառումների դեպքում։
Ծիրանագույն և Դեղին
Զվարթ գույներ են, որոնք լավատեսության խորհրդանիշ են։ Սրանք առաջացնում են նաև թեթևամտության, տագնապի, զգուշավորության զգացողություն և մարդկանց մեջ իմպուլսիվ գնելու զգացում արթնացնելով՝ գրավում են սպառողներին։
Մանուշակագույն
Հաճախ խորհրդանշում է ազնվատոհմության, իմաստնության և հարգանքի հետ։ Սովորաբար օգտագործվում է գեղեցկության՝հարդարման և ծերացման հետ պայքարող ինդուստրիայի մեջ։
Սև
Ասոցացվում է հեղինակության, ուժի, ստաբիլության հետ։ Հաճախ նաև ինտելիգենտության, բայց եթե հաճախ է օգտագործվում կարող է ճնշող լինել։
Մոխրագույն
Պրակտիկության և հին ժամանակների խորհրդանիշ է։ Սակայն այս գույնի անզգույշ չարաշահումը կարող է հանգեցնել դատարկության և դեպրեսիայի զգացողության։
Սպիտակը
Համադրվում է մաքրության, և ապահովության հետ։ Կարող է օգտագործվել այն դեպքերում, երբ ցանկալի է ընդգծել ստեղծագործ մտքի թռիչքին նպաստող վիճակը։