Մի գավաթ անդորր(252.Ինչպե՞ս հաղթահարել դեռահասության ճգնաժամը Մաս Բ)
Հարգարժան ունկնդիրներ հաղորդաշարի այս համարում կշարունակենք նախորդ շաբաթ սկսած մեր զրույցը դեռահասության ճգնաժամի մասին։ Նաև կներկայացնենք հոգեբանների տեսակետներն այդ տարիքային ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ։ Ընկերակցեք մեզ։
Բոլոր տարիքային ճգնաժամերից ամենաբուռն արտահայտվողը դեռահասության ճգնաժամն է: Թերևս սա է պատճառը, որ տարբեր ժողովուրդների մոտ այս տարիքի նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք է ձևավորվել:
Հոգեբանական գրականության մեջ առանձնացվում են դեռահասության ճգնաժամի հետևյալ ախտանշանները` գերկենտրոնացում այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են` «ո՞վ եմ» ,«ինչո՞ւ եմ ծնվել», «գեղեցի՞կ եմ, թե՞ տգեղ», անլիարժեքության զգացում, ընկճվածություն, տագնապներ` կապված մարմնի մասերի անհամաչափության հետ, դեպերսիվ վիճակներ (դեռահասին թվում է, թե ինքը փոխվել է, հայտարարում է, որ չի զգում իր ես-ը), գերկենտրոնացում սեփական ես-ի վրա, քննադատության հանդեպ խիստ զգայունություն, նեգատիվիզմ (ամեն ինչում հակառակվում է մեծերին), օրինազանց վարք, տանից փախուստներ, կուռքերի ստեղծում և այլն:
Ինչպես ցույց են տվել մի շարք հեղինակների հետազոտություններ, այս տարիքում անձնավորությունը յուրահատուկ ապրումներ է ունենում, վերակառուցվում է ինքնագիտակցությունը: Դեռահասը սկսում է գիտակցել իրեն որպես տղամարդ/կին, փորձում է հասկանալ, թե ինչ է նշանակում լինել տղամարդ/կին, ինչպիսին է ինքը, որպես տվյալ սեռի ներկայացուցիչ, փորձում է ինքնահաստատվել:
***
Որպեսզի դեռահասն առողջ հոգեբանություն ունենա հոգեբաններն ասում են՝ անկախ նրանից՝ լեզու գտնում եք ձեր դեռահասի հետ, թե դժվարությունների եք հանդիպում, կարևոր է ցույց տալ, որ սիրում և աջակցում եք նրան, պատրաստ եք օգնել դժվար իրավիճակում և նրա կողքին եք՝ ցանկացած պահի:
Ահա հոգեբանները չորս եղանակ են առաջարկում, որ պետք է հիշել դեռահասի հետ իր մասին խոսելիս և որոնց օգնությամբ կարող եք ցույց տալ, որ միշտ նրա կողքին եք:
1. Քաջալերեք, որ ձեզ հետ կիսեն իրենց զգացումները.
Ինքներդ ճանապարհ փնտրեք՝ դեռահասի հետ լեզու գտնելու համար: Հարցրեք, թե ինչպես է անցել օրը, ինչով է զբաղվել: Նրան ներգրավեք որոշ տնային գործերում, օրինակ՝ կարող եք միասին ընթրիք պատրաստել, որի ընթացքում հնարավորություն կունենաք քննարկել օրվա ընթացքում նրա հետ տեղի ունեցածը:
Հիշեցրեք, որ նրա կողքին եք՝ անկախ նրանից, թե ինչ է տեղի ունեցել: Հետաքրքրվեք, թե ինչպես է իրեն զգում, ինչ է մտածում: Խրախուսանքի մի քանի պարզ խոսքը կարող է օգնել, որ նա ցանկանա ձեզ հետ կիսել իր զգացումները.
Կարևոր է ընդունել և հասկանալ նրա հնարավոր հույզերը, եթե անգամ դա անհարմարություն է պատճառում: Երբ նա կիսվում է ձեզ հետ, ի պատասխան կարող եք օգտագործել «Հասկանում եմ», «Իրոք որ, դժվար իրավիճակ է», «Տրամաբանական է» կամ նման այլ բառեր կամ արտահայտություններ:
Դժվար չէ նկատել դեռահասի արած այն ամենը, ինչը ձեզ դուր չի գալիս: Սակայն, փորձեք նաև նկատել ու գնահատել այն, ինչը նա լավ է անում, անգամ, եթե խոսքը պարզ բաների մասին է, ինչպես օրինակ՝ իր թափթփածը հավաքելը:
2. Ժամանակ անցկացրեք նրանց հետ, աջակցեք նրանց.
Միասին նորովի կազմակերպեք առօրյան և սահմանեք իրագործելի առօրյա նպատակներ:
Տունը կարգի բերելու գործերը հարմարեցրեք դպրոցական գործերին, կամ դրեք նպատակներ, ասենք՝ տնային աշխատանքը կատարել նախքան ընթրիքը:
Դեռահասություն՝ նշանակում է՝ ինքնուրույնություն: Փորձեք ձեր դեռահասին տրամադրել բավականաչափ ժամանակ և տարածություն՝ մենակ մնալու համար: Անձնական ֆիզիկական տարածքի կարիք ունենալը մեծանալուն բնորոշ երևույթ է.
Գտեք ձեր դեռահասին աջակցելու մի քանի եղանակ և խրախուսեք, որ նա դադարներ ունենա (դպրոցական, տնային կամ հնարավոր այլ գործերից, որոնցում ներգրավված է), որոնք կտրամադրի սիրելի զբաղմունքին: Եթե ձեր դեռահասն ընկճված է, աշխատեք նրա հետ՝ խելք-խելքի տալով գտեք խնդիրների լուծումները: Փորձեք նախաձեռնությունը չվերցնել ձեր ձեռքը և չթելադրել, թե ինչ պետք է անեն:
3. Հակասությունները հաղթահարեք միասին.
Լսեք ձեր դեռահասի տեսակետները և փորձեք հակասությունները հաղթահարել անվրդով: Հիշեք՝ սթրեսի կարող են ենթարկվել բոլորը:
Երբեք մի քննարկեք խնդիրները, երբ զայրացած եք: Գնացեք մի կողմ, շունչ քաշեք և հանդարտվեք. դեռահասի հետ կարող եք հետո էլ խոսել:
Խուսափեք իշխանության ցուցադրումից: Այս անկանխատեսելի աշխարհում, հատկապես, երբ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները շատ են, դեռահասները կարող են պայքարել՝ ձեր հսկողությունից դուրս գալու համար: Որքան էլ դժվար լինի այդ պահին, ըմբռնումով մոտեցեք սեփական կյանքը տնօրինելու նրանց ձգտմանը, այլ ոչ թե փորձեք հակառակվել կամ ճնշել այն:
Եղեք ազնիվ ու անկեղծ. կարող եք խոստովանել նրան, որ ինքներդ էլ լրացուցիչ սթրես եք տանում: Եթե պատմեք, թե ինքներդ ինչպես եք հաղթահարում դժվարին զգացողությունները, ապա դրանով կօգնեք նրան հասկանալ, որ իր զգացողությունները նորմալ են:
Երբ հակասություն ունեք, ժամանակ տրամադրեք մտորելուն, թե ինչպես դուք և ձեր դեռահասը կարող եք հարթել այն: Կարող եք այդ մտորումները կիսել ձեր դեռահասի հետ, որպեսզի նա տեսնի, թե ինչպես եք ձևակերպում մտքերը:
4. Հոգ տարեք ձեր մասին
Դեռահասների խնամակալները շատ հոգսեր ունեն: Դուք ևս կարող եք հոգածության ու աջակցության կարիք ունենալ: Ինքներդ ձեր մասին հոգ տանելը ևս լավ օրինակ կծառայի ձեր դեռահասի համար:
Մի՛ հապաղեք օգնություն խնդրել ուրիշներից, եթե զգում եք, որ այլևս անկարող եք դիմանալ: Նման զգացողություն ունենալը նորմալ է: Խոսեք ընտանիքի անդամի կամ մեկ ուրիշի հետ, ում վստահում եք:
Ժամանակ հատկացրեք ձեր հարաբերություններին: Փորձեք գտնել մի քանի հոգու, ում հետ կարող եք կիսվել զգացողություններով, ձեր կյանքում տեղի ունեցած իրադարձություններով: Ամեն օր նրանց հետ որոշ ժամանակ անցկացրեք՝ զրուցելով ձեր զգացումների մասին:
Օրվա ընթացքում ժամանակ գտեք այն ամենի համար, ինչն օգնում է հաղթահարել և կառավարել սթրեսը: Քաջ հայտնի է, որ անկախ նրանից՝ ձեր օրը խիստ զբաղված է, թե ոչ, սեփական անձի մասին հոգ տանելը կարևորագույն նշանակություն ունի ձեր բարեկեցության համար: Սիրելի բաներով զբաղվելը կամ օրվա ընթացքում մի քանի րոպե ոչինչ չանելը կարող է օգնել թուլանալ և վերալիցքավորվել:
Փորձեք սթրեսի հաղթահարման տարբեր մոտեցումներ, որոնք կիրառելի են ձեր դեպքում: Օրինակ՝ մարմնամարզությունը, ընկերների հետ զրուցելը, անելիքների ցանկ կամ ծրագրեր կազմելը, օրվա կարգացուցակին հետևելը, ձեզ համար գնահատելի կամ հպարտության առարկա բաների մասին մտորելը և ժամանակ հատկացրեք սիրելի զբաղմունքին, ասենք՝ երաժշտություն, արվեստ, պար, օրագրություն և այլն: