Մի գավաթ անդորր (254․Ինչպես պայքարել դեպրեսիայի և սթրեսի դեմ)
Հարգարժան ռադիոլսող բարեկամներ այսօր կխոսենք դեպրեսիայի և սթրեսի դեմ պայքարի մասին: Ընկերակցեք մեզ:
Դեպրեսիայի նշանները կարող են տարբեր լինել տարբեր մարդկանց մոտ: Սակայն դեպրեսիայի հիմնական նշանները նույնն են բոլորի մոտ: Դրանք են` ամենօրյա գործունեության նկատմամբ հետաքրքրության կորուստ, անքնություն կամ չափից շատ քնելը: Դեպրեսիկ մարդիկ շուտ են հունից դուրս գալիս և հաճախակի պոռթկումներ են ունենում: Ախորժակի կորուստը կամ գերախորժակը նույնպես հանդիպում է դեպրեսիկ մարդկանց մոտ:
Դեպրեսիկ մարդիկ անհանգիստ են և շատ դյուրագրգիռ։ Երկարատև ժամանակ զգացվող տխրությունը և դատարկությունը նույնպես դեպրեսիայի հիմնական նշաններից են: Դանդաղ խոսելը, մարմնի դանդաղ շարժումները, դանդաղ մտածելը և կենտրոնանալ չկարողանալը նույնպես դեպրեսիայի դեպքերից են: Դեպրեսիկ մարդկանց համար շատ դժվար է նույնիսկ ամենապարզ որոշումներ կայացնելը: Նկատվում է նաև մեջքի ցավ, գլխացավեր:
Դեպրեսիայի մյուս նշանն է հիասթափության և հուսահատության ճնշող զգացողությունը, որից հեշտ չէ ազատվելը: Դեպրեսիկ մարդը կարող է լինել անհույս, ունենալ մեղքի զգացողություն, ցածր էներգիա, քնի խանգարում, բացասական մտքեր: Դեպրեսիկ մարդիկ չեն կարողանում նորմալ հարաբերություններ պահպանել շրջապատի մարդկանց հետ: Ճիշտ բուժումը կարող է թեթևացնել դեպրեսիան:
***
Դեպրեսիան բուժելի է, սակայն մարդիկ անտարբերության են մատնում այն:
Դեպրեսիայի թեթևացման միջոցներ:
Յոգան և մեդիտացիան կարող են թեթևացնել դեպրեսիան: Ապացուցված է, որ յոգան և մեդիտացիան փոխում են ուղեղի բիոքիմիան շատ արդյունավետ կերպով: Մինչ դու կատարում են յոգայի վարժություններ, ողնուղեղն այդ ընթացքում հաղորդագրություն է ուղարկում ուղեղին: Այս հաղորդագրությունը փոխում է ուղեղի քիմիան: Գրգռման և ռելաքսացիայի կատարյալ հավասարակշռությունը, որով դու ապահովում ես ուղեղը, յոգայի պարապմունքից հետո առաջ է բերում «լավ զգալու» զգացողությունը:
Էներգիայի և ռելաքսացիայի իրական միությունը քեզ ստիպում են ավելի լավ զգալ և հեռու մնալ այնպիսի հիվանդությունից, ինչպիսին է դեպրեսիան:
Իսկ ինչ վերաբերում է ծիծաղի բուժիչ հատկությանը։ «Ծիծաղը լավագույն դեղամիջոցն է» հայտնի ասացվածքն իսկապես ճիշտ է այն դեպքում, երբ անհատը տառապում է դեպրեսիայով: Ծիծաղը բարձրացնում է տրամադրությունը, որն էլ բարենպաստ ազդեցություն է թողնում սոցիալական հարաբերությունների և առողջության վրա: Ծիծաղը հակազդում է դեպրեսիայի նշանների վրա:
Ֆիզիկական վարժություններ: Կանոնավոր մարմնամարզությունն օգնում է հանգստանալուն, բարելավում է տրամադրությունը և ապահովում է բարեկեցությունը: Մասնագետները հաստատել են, որ շաբաթական 150 րոպե ֆիզիկական ակտիվությունը լավ է և՛ ազդում և ֆիզիկական առողջության, և՛ հոգեկան առողջության վրա:
***
Իհարկե կյանքը երբեմն մեզ դնում է դժվարին իրավիճակների մեջ, սակայն երբեմն էլ այնպես է ստացվում, որ ավելի հաճախ մենք ենք մեզ փակուղու առջև կանգնեցնում` պայքարի արդյունավետ միջոցներ չձեռնարկելով: Սթրեսի հաղթահարման համար գոյություն ունեն տարբեր տեխնիկաներ: Բացասական զգացմունքներից և դրանց հարուցած ախտանիշերից ձերբազատվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ՝
. Մի՛ ամաչեք սեփական կարծիքն արտահայտելուց:
Հոգու խորքում տանջվելը, վնասակար է առողջության համար: Եթե չեք կարողանում ձեր մտքերն արտահայտել բարձրաձայն, ապա օրագի՛ր պահեք: Ամերիկացի գիտնականները և բժիշկները վստահեցնում են, որ այս մեթոդը շատ արդյունավետ է:
. Մտքում թող իշխեն դրական զգացմունքները:
Մտածե՛ք այն բաների մասին, որոնք արդեն ունեք: Մի՛ մտածեք կորստի կամ այն բաների մասին, որոնք չունեք: Հիշե՛ք հայտնի օրենքը. «Եթե ինչ-որ տեղից ինչ-որ բան պակասել է, հաստատ մի ուրիշ տեղ նույնքան բան ավելացել է»: Այն մարդիկ, ովքեր հետևում են կյանքի այս փիլիսոփայությանը, չեն տառապում նյարդային լարվածությունից:
. Սնվե՛ք` հետևելով որոշակի կանոնների:
Հետազոտողները պարզել են, որ մեր սնունդը նույնպես կարող է կառավարել մեր տրամադրությունը և պայքարել սթրեսների դեմ: Մեկ գավաթ սուրճը կամ տաք շոկոլադը, մի գդալ մեղրը, որևէ միրգ կամ պարզապես ամենասիրած ուտեստը ձեզ կօգնեն, որ մոռանաք մանրմունր տհաճությունները:
. Գիտակցե՛ք ձեր հնարավորությունների սահմանը:
Նյարդային սթրեսից համեմատաբար շատ են տառապում մաքսիմալիստները, ովքեր ամեն ինչում ձգտում են կատարելության, հանուն հաջողության պատրաստ են ցանկացած զոհաբերության: Նրանք հիվանդագին են տանում նույնիսկ փոքր անհաջողությունը, անգամ եթե գիտակցում են, որ ոչ ոք ապահովագրված չէ անհաջողությունից: Փորձե՛ք ճիշտ գնահատել ձեր հնարավորությունները` աշխատելով ուժերի ներածին չափով: Ուրախացե՛ք ձեր կատարած գործով, գիտակցե՛ք, որ մարդը կատարյալ չէ, ընդունե՛ք ձեր անհաջողությունները և մի՛ վազեք անիրական երազանքների հետևից:
. Աշխատե՛ք կախվածության մեջ չլինել շրջապատից:
Որքան շատ եք հաշվի առնում շրջապատի մարդկանց կարծիքը, այնքան անվստահ եք դառնում: Որքան չեք պաշտպանում ձեր տեսակետը, այնքան հոգեբանորեն խոցելի եք դառնում: Ակտիվացրե՛ք ձեր ներքին «ես»-ը, ապավինե՛ք ինքներդ ձեր ուժերին, հնարավորինս քի՛չ դիմեք ուրիշների խորհրդին և փորձե՛ք ինքնուրույն ելք գտնել ստեղծված իրավիճակից:
. Մի՛ ապացուցեք ձեր ճշմարտացիությունը:
Մի՛ փորձեք շրջապատին համոզել ձեր ճշմարտացիությունը, եթե նույնիսկ 100%-ով համոզված եք դրանում: Լեոնարդո դա Վինչին մարդկանց բաժանում էր երեք խմբի` մարդիկ, ովքեր տեսնում են այն, ինչ որ դուք (նրանց հետ հեշտ է լեզու գտնել), մարդիկ, ովքեր ունակ են տեսնելու ձեր ցույց տված պատկերի իրական գույները (նրանց հետ, համենայն դեպս, կարելի է բանակցություններ վարել), և մարդիկ, ովքեր նայում են համակ ուշադրությամբ, բայց ոչինչ չեն տեսնում (նրանց որևէ բան ապացուցելը նույնն է, ինչ կույրին լուսապատկերային վերլուծություն սովորեցնելը):
. «Լվացե՛ք» ձեր սթրեսը ծորակի ջրով:
Ոչ մի միջոց այնքան շուտ չի կարող «մաքրել» սթրեսը, որքան ջուրը: Տաք լոգանքը կամ ցնցուղի տաք ջրի հաճելի շիթերը «կմաքրեն» ու «կտանեն» օրվա ընթացքում կուտակված լարվածությունը:
. Մի՛ խնայեք ձեր ժպիտը:
Մարդու օրգանիզմում ամեն ինչ փոխկապակցված է: Բավական է շուրթերի անկյունները մի քիչ վեր բարձրանան, մի ակնթարթում ուղեղին է հասնում ռեֆլեքսային ազդակը` կյանքը հիասքանչ է: Դրանից հետո սթրեսն այլևս անելիք չունի: Լավատե՛ս եղեք և վայելե՛ք ձեր բաժին ուրախությունը:
. Լա՛ց եղեք ու թեթևացե՛ք:
Գիտնականները պարզել են, որ արցունքները շատ հուսալի դեղամիջոց են սթրեսի դեմ: Տղաները, որոնց մանկությունից ներշնչում են, թե լաց լինելն ամոթ է և վայել չէ տղամարդուն, մեծանալով սկսում են տառապել փնջաձև գլխացավից, որը կոչվում է «այրական միգրեն»: Գլխացավի այդ տեսակը կանանց չի սպառնում, որովհետև նրանք հմտացած են «լաց լինելու գործում»: Եվ քանի որ ֆիզիոլոգիայի տեսանկյունից նույնպես տղամարդկանց համար դժվար է լաց լինելը, ապա խորհուրդ է տրվում բարձր բղավել, ինչը նույնպես նպաստում է ներսում կուտակված լարվածության թոթափմանը:
. Առավոտյան վա՛ղ արթնացեք:
Թանկարժեք ժամանակի պակասը զգում է մեզանից յուրաքանչյուրը, և դրա սղությունը, անկախ մեզանից, ազդում է մեր նյարդային համակարգի վրա: Երբ աշխատանքի գնալուց առաջ ժամանակի պակաս եք զգում, վաղ առավոտից նյարդային լարված վիճակի մեջ եք ընկնում: Այդպիսի վիճակում դուք առավել խոցելի եք, և սթրեսի առաջացման հավանականությունն ավելի մեծ է:
. Ակա՛նջ դրեք ձեր ներքին ձայնին:
Անհաջողության շրջանը մտքին եկածն անելու լավ առիթ է: Գուցե ինչ-որ ժամանակ ցանկացել եք որևէ գործով զբաղվել, բայց ոչ մի կերպ ժամանակ չէիք գտնում, և հենց այդ պահին է, որ պետք է օգտագործեք ընձեռված հնարավորությունը: Ինքներդ ձեզ հրահա՛նգ տվեք` հիմա՛ կամ երբե՛ք: Խորհուրդ է տրվում ինքներդ ձեզ համար փոքրիկ տոներ կազմակերպել: Եվ վերջապես, շաբաթօրյա՛կ կազմակերպեք և ձերբազատվե՛ք ավելորդ ու հին իրերից: Թափթփված, անհարմարավետ բնակարանն ազդում է մարդու մտքերի և տրամադրության վրա` հանգեցնելով սթրեսային վիճակի: