Մի գավաթ անդորր(256. Խանդը որպես կնոջ և տղամարդու հոգեբանական պատնեշ)
Հարգարժան ռադիոլսող բարեկամներ եթե հիշում եք նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք քույրերի և եղբայրների միջև խանդի մասին, իսկ հաղորդաշարի այս համարում խոսելու ենք կանանց և տղամարդկանց միջև եղած խանդի մասին։ Կներկայացնենք նաև հոգեբան Իրինա Ծատուրյանի խորհուրդներն այս թեմայի շուրջ։ Ընկերակցեք մեզ։
Տարբեր ազգերի էթնիկ-հոգեբանական բնութագրերի տվյալներով` հայ էթնոսին հատուկ է բարձր հուզականությունը:
Ինչ է խանդը։ Խանդն անվստահություն է, սեփականատիրական զգացումների արտահայտություն… Ոչ մի դրական բան:
Ասում են եթե խանդում է, ուրեմն սիրում է: Բայց հոգեբանները պնդում են, որ մեկը մյուսի հետ կապ չունի: Խանդը սեփականատիրական զգացումների արգասիքն է: Ո՞ւր մնաց այստեղ սերը:
Հարաբերությունների երկարատև պահպանման գրավականը փոխվստահությունն է: Այստեղ խանդի համար ուղղակի տեղ չկա: Եթե առաջացել է, անհրաժեշտ է արմատախիլ անել՝ նախ հասկանալով երևույթի ծագումն ու զուգընկերոջ մոտ դրա առաջացման նախադրյալները:
Խանդի ավելի շատ հակված են անվստահ մարդիկ, ովքեր դիմացինների մեջ մշտապես փնտրում են մրցակիցներ: Ավելին, նրանք գրեթե միշտ իրենց արժանիքները ստորադասում են մյուսների նմանատիպ արժանիքներից:
Առավել շատ դրսևորվում է այն մարդկանց մոտ, ովքեր ձգտում են ինքնահաստատման, դեռ չեն կայացել ու այդ փուլում հանդիպել են մի էակի, որից կախված է իրենց ինքնահաստատումը: Սիրած էակին կորցնելու վախը բերում է խանդի դրսևորման:
Ինքնահաստատված մարդիկ հարուստ գիտելիքներ ունեն: Նրանց մոտ խանդի դրսևորումներ չկան կամ շուտ չեն արտահայտվում, իսկ թերարժեքության, նաև գերարժեքության բարդույթ ունեցողներն ավելի շատ են խանդում: Եվ, ի վերջո, պետք է հիշել, որ շատ հարաբերություններ խախտվում են, և շատ ամուսնալուծություններ լինում են հենց խանդ կոչվածի պատճառով:
Կան մարդիկ, որոնք համարում են, որ եթե խանդի զգացմունք չկա, ապա չկա նաև սիրո զգացմունք, բայց դա միշտ չէ որ այդպես է:Եթե կարճ բնութագրենք խանդը, ապա դա սեփականության իրավունք է ուրիշ էակի նկատմամբ իր բազմաթիվ դառը հետևանքներով:
***
Խանդում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք: Այդպիսի ընտանիքում ամուսիններից մեկի համար ընտանեկան կյանքը դառնում է դժոխք: Օրինակ, եթե կինը 5 րոպե ուշանում է աշխատանքից, խոսում է հեռախոսով, գնում է նոր զգեստ կամ հարդարում է մազերը նորաձև և այլն, դա կարող է խանդի և անվերջ հարցաքննումների պատճառ դառնալ:
Լինում են դեպքեր, երբ սկսում են ամուսիններին հետևել, նույնիսկ վարձում են հետախույզ, որպեսզի բռնացնեն դեպքի վայրում: Իհարկե, ոչ հիմնավորված խանդը հանդիպում է անվստահ, կասկածամիտ, կպչուն մտքերով, ինքնավերլուծական բնավորությամբ և որոշ դեպքերում հիստերիկ անձնավորությունների մոտ: Ինչքան էլ ամուսինը այդպիսի անձնավորությանը շատ ուշադրություն դարձնի, միևնույնն է նրանց համար դա քիչ է, նրանք միշտ ուզում են գտնվել ուշադրության կենտրոնում, և միշտ թվում է, թե ոտնահարվում է նրանց ինքնասիրությունը: Այդպիսի վերաբերմունքն իհարկե փոփոխում է ընտանեկան հարաբերությունները բացասական իմաստով: Զուգնըկերոջը վաղ թե ուշ ձանձրացնում են մշտական արդարացումները չկատարված գործողությունների համար, և դա կարող է հանգեցնել բաժանության:
Հոգեբուժության մեջ գոյություն ունի «հիվանդագին խանդ» հասկացություն: Այն կարող է հանդիպել ինչպես որոշակի բնավորության գծերի շեշտվածության, այնպես էլ հոգեկան հիվանդությունների, և խրոնիկական ալկոհոլիզմի ժամանակ: Որևէ տրամաբանություն չի կարող հակառակը համոզել այդպիսի անձնավորություններին: Նրանք կարող են նույնիսկ խանդել ծեր ամուսիններին կամ անկողնում գամված զուգընկերոջը, կամ էլ ուղղված լինի մոտիկ ազգակիցներին երեխաներին և այլն:
Խանդը` առաջանալով ամուսիններից մեկի մոտ բերում է այն բանի, որ վերջիվերջո տառապում են երկու ամուսինները, որն էլ բերում է ընտանեկան աններդաշնակության և հեռացնում ու օտարացնում նրանց:Կարող են զարգանալ զանազան նևրոզներ, ընտանեկան հետաքրքրությունների կորուստ, ամուսնական պարտականություններից խուսափելու համախտանիշ:
Ամփոփելով վերոնշյալը` կարելի է ասել, որ եթե կա սեր և լիարժեք ամուսնական ներդաշնակություն, ապա այդտեղ չեն կարող արմատավորվել խանդը և անվստահությունը: Ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ:
***
Հիվանդագին խանդ
Բոլորին ծանոթ է «խանդում է ամեն սյունին» ասացվածքը, իսկ հիվանդագին խանդ ունեցողների համար այն կարելի է բառացի ընկալել: Ինչպե՞ս հասկանալ ,որ մարդը հիվա՞նդ է, թե ոչ:
Խանդի զգացողությունը ցանկացած մարդ թեկուզ մեկ անգամ զգացել կամ ինքն է խանդի առարկա դարձել, սակայն արդյո՞ք այն հիվանդագին է: Եթե կասկածները հիմքեր և ապացույցներ ունեն, պատճառներ չկան մարդուն մեղադրելու հոգեկան շեղման մեջ՝ հարաբերությունների մեջ խնդիր կա, և դա ակնհայտ է: Մեկ այլ հարց է, երբ խանդոտը վիրավորում է կողակցին առանց պատճառի, առանց հիմքեր ու փաստեր ունենալու, շարունակում է մտածել, որ դիմացինն իրեն հավատարիմ չէ:
Հիվանդագին խանդ պատճառները
Դժվար է ասել, թե ինչն է ծառայում՝ որպես ձգան նման հոգեկան շեղման զարգացման համար: Հիվանդագին խանդը հոգեկան աշխարհի խանգարում է, որը կարող է ժառանգաբար փոխանցվել: Ընտանիքում ստացած երեխայի մանկական հոգեկան ցնցումները կարող են հանգեցնել նման հետևանքների: Բազմաթիվ բարդույթները, անվստահությունն իր ուժերին և իջած ինքնագնահատականը երեք հիմնական պատճառներն են, որոնց վրա հիմնվում է խանդը:
Տղամարդկանց հիվանդագին խանդի նշանները
Տղամարդկանց հիվանդագին խանդը նույն գծերն ունի, ինչ կանանց խանդը, չէ որ հոգեկան շեղումը հանդիպում է երկու սեռերի մոտ: Սակայն կան որոշակի նշաններ, որոնք բնորոշ են արական սեռի ներկայացուցիչներին՝ պայմանավորված սեռական պատկանելությամբ՝
1. Վարքի վտանգավոր կամ անթույլատրելի դրսևորումներ՝ տղամարդը կարող է գոռալ և բռունցքներով հարձակվել կնոջ և ենթադրելի հակառակորդի վրա։
2. Հիվանդագին խանդը տղամարդկանց մոտ արտահայտվում է ինքնաքննադատությամբ և մեղադրանքներով, նույնիսկ եթե առկա են կնոջ անմեղության ուղիղ ապացույցներ: Տղամարդը միևնույնն է կգտնի, թե ինչը քննադատի, և նույնիսկ անհերքելի փաստարկները կդիտարկի՝ որպես անհավատարմության ապացույց և իր ուշադրությունը շեղելու միջոց։
3. Շփման սահմանափակում արտաքին աշխարհի հետ՝ խանդոտը կարող է թույլ չտալ կնոջն աշխատել, իսկ հարևանների հետ ցանկացած անմեղ զրույցը կարող է քննադատության առիթ դառնալ:
Ինչ վերաբերում է կանանց հիվանդագին խանդի նշաններին
Կանայք խանդում են ոչ պակաս ուժեղ, սակայն իրենց կասկածները արտահայտում են մի փոքր այլ կերպ՝
1. Իսկական լրտեսություն են վարում՝ ստուգում հեռախոսը, գրպանները, օրվա ընթացքում մի քանի անգամ զանգում, գրում հաղորդագրություններ, գալիս աշխատավայրը;
2. Կանոնավոր վիճաբանություններ, հարցաքննություններ են սկսում: Պահանջում են մանրամասն պատմել, թե ինչպես է օրը անցել, նույնիսկ աննշան մանրուքների մասին են հետաքրքրվում:
Ինչպես ազատվել հիվանդագին խանդից
Հաճախ դա դժվար է անել, քանի որ խանդոտն ինքը չի հասկանում, որ խնդիրն իրենում է, ոչ թե կողակցի մեջ: Հիվանդագին խանդից ազատվելու բոլոր ցանկացողները պետք է հասկանան, որ առանց մասնագետի դա գրեթե անհնարին կլինի՝ բարդ կլինի ինքնուրույն պարզել տվյալ վիճակի բնույթը, որոշել հոգեվիճակը, ախտորոշման առանձնահատկությունները: Հաշվի են առնվում ուղեկցող խնդիրները և դրա հիման վրա ընտրվում դեղամիջոցներ և բուժման հոգեսոցիալական միջոցներ:
Հիվանդագին խանդի դրսևորումների հետ ինքնուրույն պայքարելու համար հոգեբանները խորհուրդ են տալիս՝
1. Դադարեք համեմատել, և տագնապալի մտքերն այլևս Ձեզ չեն անհանգստացնի: Սերն ապրանք չէ, իսկ տղամարդ – կին հարաբերությունները՝ ապրանքա-շուկայական հարաբերություններ չեն, պետք չէ վախենալ ավելի հաջողակներից, խելացիներից և երջանկության հնարավոր սպառնալիք տեսնել նրանց մեջ:
2. Ազատվեք այն ամենից, ինչը թունավորում է սերը: Շատերը հաշտվել են այն մտքի հետ, որ խանդն ապրում է իրենց հարաբերություններում և իրենք էլ չհասկանալով՝ սերը ոչնչացնող այդ զգացողությանը ազատություն են տալիս: Մշտական վեճերը, բողոքները և անվստահությունը քայքայում է ներդաշնակ հարաբերությունները:
3. Վերահսկեք Ձեր երևակայությունը: Աշխատանքի վայրում մի փոքր ուշացում, իսկ գլխում արդեն դավաճանության պատկերներ են, և որքան շատ են այդպիսի մտքերը, այդքան ավելի բարդ է դրանցից ազատվելը և իրավիճակը սթափ գնահատելը:
4. Պայքարեք Ձեր վախերի դեմ՝ անվերջ տագնապի մեջ մի´ ընկեք: Մի ստեղծեք սցենարներ, որոնք հետո կարող են կաղապար դառնալ, որոնցից ազատվելը չափազանց բարդ կլինի: