Ողջույն բարեկամ-263
Բարի հանդիպում հարգելի բարեկամներ։ Թող գարնանային այս ջերմ օրերը, Ձեզ բերեն հոգու ջերմություն , և անսպառ սեր, քանզի գեղեցիկ է թվում այն ամենը, ինչին նայում եք սիրով։
Ինչ լավ է երբ կան գեղեցիկ մտքեր՝
Հեռուն սլացող,
Դեպի լուսաբաց,դեպի հրացոլք։
Ինչ լավ է երբ կան մարդիկ ժպտացող։
Ինչ լավ է երբ կան սիրո արցունքներ՝
Ինչպես այգացող։
Ինչ լավ է երբ քո սրտի խորքերում
Հավերժանում է ամեն գնացող։
Ինչ լավ է երբ միշտ ամենաբարի մարդիկ են լինում
Քո դուռը բացող,
Աստղերի նման Քեզ շողշողացող։
Արշավիր Դարբնի
***
Հարգելի ունկնդիրներ օրերս Նովրուզի և իրանական Նոր տարվա առիթով շնորհավորական նամակ ենք ստացել «Մարիամ Աստվածածին» Բարեգործական կենտրոնից։ Հայերեն ռադիոժամի տնօրեն Պարոն Ալիռեզա Հասանյանի և Ռադիոժամի աշխատակազմի անունից շնորհակալություն ենք հայտնում Կենտրոնի տնօրենությանը և աշխատակազմին,նրանց մաղթելով առողջութուն, հետաքրքիր գաղափարների իրականացում և հաջողություններ բոլոր նախաձեռնություններում:
Ինչպես ավելի վաղ արդեն տեղեկացրել էինք, «Մարիամ Աստվածածին» Բարեգործական Կենտրոնն իր գործունեությունը սկսել է 2020 թվականին՝ Իմամ Խոմեյնիի անվան օգնության կոմիտեի թույլտվությամբ և Գերաշնորհ Տեր Սեպուհ արք․ Սարգսյանի բարձր հովանավորությամբ։ Կենտրոնը ֆինանսավորում են հայտնի գործարար և բարերար պրն․Հենրիկ Տեր-Ղուկասյանը և տիկին Ադրինե Տեր-Ղուկասյանը։ Կենտրոնի տնօրենն է պրն․Արբի Թեյմուրյանը։
Կենտրոնի առաքելությունն է․
․ Լուծել համայնքի խոցելի խավի սոցիալական խնդիրները։
․ Օժանդակել կարիքավոր ընտանիքներին։
․Հովանավորել ծնողազուրկ և աշխատող անչափահաս երեխաներին։
․Ստեղծել աշխատատեղեր
Կենտրոնը նաև նպատակ ունի աջակցելու՝ Իրան-Իրաք պարտադրյալ պատերազմի հայ նահատակների ընտանիքներին և անձնուրացներին։
Մարիամ Աստվածածին Բարեգործական Կենտրոնի գործունեության մանրամասներին ծանոթանալու համարو կարող եք հետևել Կենտրոնի Ինստագրամյան պաշտոնական էջին, որի հասցեն է՝ @markazenikukari.maryammoghadas
Կենտրոնին մաղթում ենք բարի երթ, հաջողություններ, և բեղմնավոր աշխատանք: