Մայիս 26, 2021 20:54 Asia/Yerevan

Հարգելի ունկնդիրներ եթե հիշում եք նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք անինքնավստահության պատճառների մասին և ասացինք ,որ  անինքնավստահությունը առանցքային դեր կարող է խաղալ մեր կյանքում և գործունեության մեջ, քանի որ այն կարող է մեզ զրկել մի շարք ձեռքբերումներ ունենալու հնարավորությունից: Չէ որ, երբ մենք վստահ չենք մեր ուժերի վրա, շատ քայլերից հետ ենք կանգնում` մտածելով, որ չենք կարողանա դրանք հաղթահարել ու այդպես էլ չենք փորձում մեր ուժերը:

Ուրիշ հարց է այն, որ մենք ռեալ գնահատելով մեր հնարավորությունները` որոշ բաներից հրաժարվում ենք, սակայն երբ դա տարածվում է մեր կյանքի բոլոր ոլորտների վրա, մեզ մոտ առաջացնում է լուրջ խնդիրներ: Իսկ այդ խնդիրներից ազատվելու և անինքնավստահությունը հաղթահարելու մասին կխոսենք այս  թողարկման ընթացքում։   Ընկերակցեք մեզ։

---

Գաղտնիք չէ, որ ինքնավստահությունը սեփական ուժերի նկատմամբ հաջողության գրավականն է: Ինչպե՞ս հաղթահարել անինքնավստահությունը:

Անինքնավստահության  պատճառը հանդիսանում է ցածր ինքնագնահատականը,իսկ այն մեզ մոտ ձևավորվում  է մանկական տարիքից սկսած   երբ մեծահասակները մեր արարքներին համապատասխան ռեակցիա են տալիս: Ավելի գրագետ ծնողները գիտակցաբար  թե անգիտակցաբար ճիշտ մոտեցում են ցուցաբերում և երեխային չեն  քննադատում ձախողումների համար, հավատում են նրա ուժերին  որից հետո երեխան մեծանալով   այդ փորձի հիման վրա  սկսում է հավատալ  սեփական  ուժերին, գնահատում է իրեն ինչպես որ ինքը կա և մեծ տարիքում  դառնում է ինքնավստահ: Ինքնավստահության հասնելու համար շատ կարևոր է ինքնաճանաչումը, պետք է կարողանալ գնահատել  Ձեր անձի ուժեղ և թույլ կողմերը, ինչն է Ձեզ մոտ  լավ ստացվում ինչը վատ: Եթե անձը ունի  ադեկվատ ինքնագնահատական նա հստակ ծանր ու թեթև է անում իր  ուժերն ու հնարավորությունները և անինքնավստահությունը հաղթահարվում է։

---

Անինքնավստահությունը հաղթահարելու լավագույն միջոցներից հետևյալն են, որոնց կիրառումը Ձեզ թույլ կտա վերաարժևորել սեփական անձը և ձեռք բերել ինքնավստահություն.:

Սկսե՛ք նկատել ձեր ձեռքբերումները, անգամ ամենափոքրերը- սկզբում դուք կարող եք դրանք գրառել, հետո դա կդառնա սովորություն և դուք կսկսեք ձեր արարքները գնահատել և կարևորություն տալ դրանց: Ձեր յուրաքանչյուր լավ ու դրական արարքի համար ինքներդ ձեզ հաճոյախոսեք:

Դադարե՛ք ինքներդ Ձեզ վրա բարկանալ անհաջողությունների և թուլությունների համար- սկսե՛ք ընդունել  Ձեզ այնպիսին ինչպիսին կաք` ձեր առավելություններով և թերություններով հանդերձ: Անհաջողության ժամանակ ասեք. « Ամեն ինչ էլ պատահում է, բայց  պետք է ապրեմ ես, չէ որ ես փորձեցի»: Սա կամրապնդի ձեր դրական վերաբերմունքը սեփական անձի նկատմամբ և դուք այլևս չեք ճնշվի, եթե ինչ-որ բան չստացվի:

Նայե՛ք Ձեր անինքնավստահության աչքերին- հենց անինքնավստահություն զգաք, հարցրեք ձեզ.-« Ի՞նչի մասին ես հիմա մտածեցի, ի՞նչը ինձ ստիպեց անինքնավստահ զգալ»,« Արդյո՞ք իմ մտքերը հիմնավոր են»: Պատասխանեք այդ հարցերին և փորձեք հասկանալ ձեր անինքնավստահության պատճառը, եթե հասկանաք պատճառը, ապա կրկնակի կհեշտանա դրա հաղթահարումը:

Դուրս շպրտե՛ք ձեր գլխից վատ և տագնապային մտքերը- թուլ մի՛ տվեք, որ դրանք կառավարեն ձեր հույզերն ու ներաշխարհը, փոխարենը մտածեք դրական բաների մասին:

Մի՛ վախեցեք նեղացնել- հարգե՛ք ուրիշ մարդկանց սահմաններն ու իրավունքները և ճիշտ այդպես էլ հարգեք սեփական սահմաններն ու իրավունքները: Այսինքն, չի կարելի հանուն ուրիշներին չնեղացնելու ճնշել և ստորացնել սեփական Ես-ը: Հավասարակշռություն պահպանե՛ք ձեր և ուրիշների նկատմամբ հարգանքի միջև և մի՛ արեք մեկը մյուսի հաշվին:

---

Իսկ ինչ վերաբերում է շփման վախին,որը բխում է անինքնավստահությունից։ Թեև մենք փոքրուց հաղորդակցվում ենք մեզ շրջապատող աշխարհի հետ, սակայն շատ մարդկանց համար գլխավոր խնդիրների աղբյուրը հենց ուրիշների հետ շփումն է: Օրինակ, որոշ մարդիկ ոչ մի կերպ չեն կարողանում պաշտպանել սեփական շահերը, անգամ եթե իրենք լիակատար իրավացի են: Մյուսները չեն կարողանում իրենց մտքերն ու զգացմունքներն այնպես արտահայտել, որ մտերիմները  ճիշտ հասկանան իրենց: Որոշները չափազանց նրբանկատ են, վախենում են հակառակվել կամ նեղացնել, ասել “ոչ” ի պատասխան ինչ-որ մեկի խնդրանքին կամ պահանջին:

Շփման մեջ հաճախակի անհաջողությունների պատճառով կուտակվում են բացասական հուզական լիցքեր` վրդովմունք, դառնություն, վախ, հուսահատություն: Չլուծված խնդիրներն ու կոնֆլիկտները նստվածք են տալիս անգիտակցականում, առաջացնում են ճնշվածության վիճակ և ստեղծում են կյանքի մշտական բացասական երանգավորում:

Հարցն այն է, թե որքանով են այդ վախերը կամ շփման անհաջողությունները խանգարում Ձեզ՝ ապրելու լիարժեք, ներդաշնակ կյանքով: Եթե խանգարում է, ուրեմն հենց այսօրվանից կարող եք քայլեր անել ազատվելու համար այդ խոչընդոտից:


Հիշեք ամենակարևորը. Որպեսզի շփման մեջ կարողանաք Ձեզ զգալ ավելի ազատ, շփման ընթացքում պետք է կենտրոնանաք հենց շփման պրոցեսի վրա, ոչ թե Ձեր սեփական ներքին արձագանքի, վախերի և ձախողման մտավախության վրա:

Հիմա մտածեք այն մասին, թե կոնկրետ ինչի՞ց եք վախենում, ի՞նչն է հանդիսանում Ձեր վախի պատճառը: Հիշեք ամենատհաճ պահերը շփման մեջ, որոնք Ձեզ հետ են տեղի ունեցել: Կամ պատկերացրեք վատագույնը, ինչը կարող է կատարվել Ձեզ հետ շփման ժամանակ: Օրինակ` Ձեր շուրջը հավաքված մարդիկ կարող են ծաղրել Ձեզ, ծիծաղել Ձեր բառասխալների, արտահայտած մտքերի վրա…ուրիշ ի՞նչ կարող է լինել․․․

Վերցրեք թղթի կտոր և գրեք այն բոլոր սարսափների ցուցակը, որոնք կարող են Ձեզ հետ կատարվել շփման տարբեր իրավիճակներում: Ինչպես նաև շրջապատի այն մարդկանց բոլոր հնարավոր զրպարտանքները, ում հետ Դուք շփվում եք: Եվ այն հնարավոր անհարմարությունները, որոնք այդ պատճառով կարող եք կրել: Իսկ հետո վերցրեք մեկ այլ թերթիկ և գրեք այն դրական պահերը, որոնք Դուք ձեռք կբերեք` ազատվելով այդ վախից ու անինքնավստահությունից:

Աշխատեք գտնել ոչ պակաս, քան 5 դրական կետ, իսկ ավելի լավ է` 10-15: Այնուհետև դրեք երկու թերթիկները միասին և համեմատեք: Ո՞րն է գերակշռում: Ո՞րն է Ձեզ համար ավելի կարևոր: Շրջապատի գնահատականների հանդեպ վա՞խը, թե՞ ապագա հոգեկան հանգստությունը, հոգեբանական հավասարակշռությունը և հաջողությունը կյանքում: Որը Ձեզ համար պակաս կարևոր է, այդ թերթիկը պարզապես պատռեք  և նետեք, իսկ առավել կարևոր թերթիկը պահեք Ձեզ մոտ և ամեն օր կարդացեք:

Դա կլինի Ձեր կյանքի ընտրությունը…

Ուշադրություն մի՜ դարձրեք հնարավոր անհաջողությունների վրա և երբեք մի՜ մոռացեք ինքներդ Ձեզ գովել շփման հաջող փորձից հետո: Խուսափե՜ք  ինքնաքննադատությունից:

Շփման որևէ փորձից առաջ`

Ձեզ դեպի դրականը տրամադրեք /«Ես կկարողանամ դա անել», «Ես լիարժեք իրավունք ունեմ դա անելու»/:

Շփման ընթացքում`

Խոսեք բարձր և հստակ, բայց մի գոռացեք:

Նայեք զրուցակցի աչքերին ։

Ձեզ պահեք ազատ և անկաշկանդ:

Արտահայտեք Ձեր պահանջները, զգացողությունները և զգացմունքները` հաճախակի օգտագործելով «ես» բառը:

Ներողություն մի խնդրեք, եթե դիմում եք խնդրանքով կամ պահանջով: Պարզապես շնորհակալություն հայտնեք մատուցած ծառայության համար:

Մի դարձեք ագրեսիվ, պահեք Ձեզ հանգիստ և ինքնավստահ: Ագրեսիան` անինքնավստահության հակառակ կողմն է: Ձեր նպատակը ինչ-որ մեկին նեղացնելը չէ: Պետք չէ նսեմացնել Ձեր զրուցընկերոջ նշանակությունը կամ վիրավորել նրան: Ցույց տվեք, որ Դուք հարգում եք դիմացինի կարծիքը:

Շփումից  հետո`

Գնահատեք Ձեր բոլոր ջանքերը և գրանցեք անգամ ամենաչնչին հաջողությունը, որին հասել եք: Գովեք Ձեզ ստացված արդյունքի համար: Եթե անգամ արդյունք չկա, գովեք Ձեզ կատարած փորձի համար, չէ որ Դուք հաղթահարել եք սեփական վախը և անինքնավստահությունը՝ առաջին քայլ անելով շփում հաստատելու համար: