Օգոստոս 11, 2021 11:28 Asia/Yerevan

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ Արք. Սարգսյան:

Հայ ժողովրդի կյանքում հոգևոր ու ազգային դաստիարակությունը շաղախված են միմյանց: Այնպես որ առանց մեկի, մյուսը կլինի պակաս ու թերի: Ցանկացած համայքի հոգևոր ու ազգային դաստիարակության գործում առանցքային դերակատարություն ունեն հոգևոր առաջնորդները: Նրանք իրենց գործունեությամբ կարող են համայքն ուղղորդել դեպի ծաղկում և կամ հակառակը: Աստծո իրական ծառան միշտ արթուն է ու զգոն և Բարձրյալի կողմից իրեն տրված պարտականությունը կատարում է ամենայն պատասխանատվությամբ ու բծախնդրությամբ: Սակայն նրա գործունեությունը հեշտ չէ, քանի որ կան մարդիկ ու խմբեր, որոնք գիտակցաբար կամ անգիտակցաբար խոչընդոտում են նրա գործունեության ուղին: Բայց Աստծու ծառան ապավինելով իր Տիրոջը հաղթահարում է այդ խոչընդոտները ու շարունակում  իր ուղին:

Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ: Այս հաղորդումը նվիրված է Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ Տեր Սեպուհ Արք. Սարգսյանին:  

Տեր Սեպուհ Արք. Սարգսյան

 

Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը ծնվել է 1946թ. հոկտեմբերի 26-ին Սիրիայի Գամիշլիի Ճուխա հայաբնակ գյուղում: Ավազանի անունն է Տիգրան: Նախնական կրթությունը ստացել է Գամիշլիի «Եփրատ» ազգային վարժարանում: 1961թ. Հոկտեմբերին ընդունվում է Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանք, որի յոթամյա շրջանը հաջողությամբ ավարտելուց հետո 1968թ. հունիսի 16-ին ձեռնադրվում է կուսակրոն եկեղեցական վերակոչվելով Տ. Սեպուհ աբեղա:

1969-1970թթ. հաճախում է Բեյրութի «Սեն Ժոզեֆ» համալսարանը, հետևելով արաբական գրականության և իսլամական փիլիսոփայնության դասընթացների:

1970թ. երջանկահիշատակ Խորեն Ա կաթողիկոսի կարգադրությամբ մեկնում է Իրաքի Բասրա քաղաք, որտեղ չորս տարի պաշտոնավարում է որպես հոգևոր հովիվ միաժամանակ դասավանդելով հայերեն լեզու, Հայոց պատմություն և Կրոն:  1974թ. վերադառնում է Մայր Աթոռ անթիլիաս: Նույն տարվա հոկտեմբերին մեկնում է Հալեպ, Տեղի ազգային «Քարեն Եփփե» ճեմարան, որպես կրոնագիտության ուսուցիչ՝ միաժամանակ վարելով թեմի առաջնորդական փոխանորդի պաշտոնը նաև հայկական ծերանոցի խնամակալության տնօրենությունը:

1978թ. մարտին, հոգելույս Գարեգին Բ կաթողիկոսը Սեպուհ Սրբազանին նշանակում է Հայաստանյայց եկեղեցու կիրակնօրյա դպրոցների վարիչ-տնօրեն:

1979-1981թթ. մեկնում է Բրիտանիա, որտեղ հետևում է Իսլամության և իսլամ-քրիստոնյակրոնների հարաբերության պատմության դասընթցներին, ստանալով մագիստրոսի գիտական աստիճան: 1985թ. Վեհափառ Հայրապետը որպես գնահատություն Սեպուհ Սրբազանի կրթական ու կազմակերպչական աշխատանքներին նրան շնորհում է ծայրագույն վարդապետի աստիճան:

Որպես կիրակնօրյա դպրոցների վարիչ տնօրեն Սեպուհ Սրբազանը ծավալել է բազմաբնույթ ու բազմաբովանդակ գործունեություն: Կազմակերպել է համագումարներ Սիրիայում, Լիբանանում, Կիպրոսում, Հայաստանում և Արցախում: 1990-1992թթ. արդյունավետ գործունեություն է ծավալել Ս. Էջմիածնում կազմակերպելով քրիստոնեական դաստիարակության և կրիակնօրյա դպրոցների աշխատանքները:

Սեպուհ Արք. Սարգսյանը կիրակնօրյա դպրոցների և քրիստոնեական դաստիարակության տնօրենության տարիներին ծավալել է հրատարակչական լայն գործունեություն՝ լույս ընծայելով բազմաթիվ դասագրքեր, ուղեցույց-ծրագիր գրքույկ, Սուրբ գրային ու եկեղեցական հայրերի կյանքը և նկարները:

Սեպուհ Սրբազանի ջանքերով նույնպես հրատարակվել են մի շարք կրոնագիտական-բարոյախրատական գրքեր, ինչպես «Ճանաչենք մեր եկեղեցին», «Զրույց հավատացյալ հայորդիների հետ», հեղինակությամբ Նուպար Սրկ. Պերպերյանի, «Ճրագալույց» հեղինակությամբ Շահանդուխտի, «Տերունական աղոթքը», և «Հոգեհույզ ցոլքեր» Ա, Բ, Գ, Դ հատորներով իր իսկ հեղինակությամբ և բազմաթիվ այլ գրքեր:

Սեպուհ Սրբազանը նաև հեղինակն է բազմաթիվ այլ հոդվածների արաբերեն լեզվով, որոնք տպագրվել են արաբական մամուլում և առանձին:

1992-ից 1998թթ. որպես Դամասկոսի կաթողիկոսական փոխանորդ մեծագույն ջանքերով կաթողիկոսարանին է վերադարձնում այն կալվածները, որոնք անօրինական կերպով բռնագրավվել էին Կիլիկիո կաթողիկոսությունից:

1997 թ. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա Վեհափառի ձեռամբ ձեռնադրվում է եպիսկոպոս:

1998թ. նշանավում է Քուվեյթի և Պարսից Ծոցի ափամերձ երկրների կաթողիկոսական փոխանորդ, ապա հազիվ մեկ տարի անց 1999թ. ընտրվում է, որպես Թեհրանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ և ապա՝ առաջնորդ:

Տեր Սեպուհ Արք. Սարգսյանը իր տասնամյա գործունեության ամփոփ զեկուցագրում այսպես է գրել.«Առաջնորդական պատասխանատու պարտականության ստանձնման տասնամյակին, երբ հետադարձ հայացք եմ նետում անցած տաս տարիների կատարած աշխատանքներին, որոնք բազմազան են ու բազմաբնույթ նախ, առաջին հերթին Աստծուն փառք եմ տալիս,որ ինձ արժանացրեց իր ժողովրդին ծառայությամբ իմ կյանքը լիցքավորելու և երկրորդ շնորհակալության և երախտագիտության զգացումով լեցուն աղոթում եմ Մեծի Տանն Կիլիկիո Վեհափառ Հայրապետ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա կաթողիկոսի համար, որն իր հայրական հորդորներով և պատգամներով հովանավորեց իմ գործունեությունը:

Բնականաբար անուրանալի է նաև համերաշխ գործակցությունն ու սրտակցությունը իմ թեմի հոգևորական և աշխարհական ժողովականության և գործակիցների, որոնց հետ համատեղ գործեցի և շարունակում եմ գործել:

Անցյալ տասը տարիներին իմ գործունեության առանցքը եղավ մեր ժողովրդի և հատկապես նոր սերնդի հոգևոր, ազգային կրթությունն ու դաստիարակությունը: Աստծո Խոսքը ժողովրդին հասցնելը եղավ իմ տագնապներից մեկը և դեռ մնում է, որովհետև խորապես հավատացած եմ, որ Աստծու Խոսքը ոչ միայն մեզ զորացնում է, այլև լուսավորում և որպես միևնույն ընտանիքի անդամներ առավել ևս մոտեցնում իրար և հարազատեցնում»:

Վերոնշյալ հիմնական ծրագրի իրագործման համար Սրբազան հայրը սկսել է աշխուժացնել հետևյալ բնագավառները:

1-Քրիստոնեական առողջ դաստիարակության ջամբում

Այս աշխատանքը լավապես հունավորելու համար հաստատվել է Քրիստոնեական դաստիարակության գրասենյակ:

2-Հրատարակչական աշխատանքներ

Սրբազան Հայրը առաջնորդության պատասխանատվությունն ստանձնելուց իվեր հրատարակել է ավելի քան 40 գրքեր հոգևոր, գրական, եկեղեցագիտական, հուշագրական, կրոնագիտական, աստվածաբանական բովանդակությամբ:

Հայ գիրքը ժողովրդին հասցնելու հեռանկարով Սեպուհ Սրբազանը կազմակերպել է ամենամյա «Հայ գրքի ցուցահանդես-վաճառք» Հայ մշակույթի և Թարգմանչաց տոների առիթներով:

3-Հովվական այցելություններ

Հաճախակի այցելություններ թեմի բոլոր եկեղեցիներ ու նաև շրջանների եկեղեցիներ:

Տարեկան այցելություններ բոլոր դպրոցներ:

Նոր տարվա առիթով այցելություններ չքավոր ընտանիքներին ու նաև Իրան-Իրաք պարտադրյալ պատերազմի ընթացքին վիրավորվածների ու նահատակների ընտանիքներին:

Ամենամյա ավանդական հանդիպումներ նորապսակ զույգերի հետ:

4-Միջ-եկեղեցական, միջ-կրոնական հարաբերական կյանք

Մասնակցություն «Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդի Հավատք և միություն» միավորի և Իսլամ-Քրիստոնյա երկխոսության հանձնախմբի ժողովների՝ որպես Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներկայացուցիչ:

Մասնակցություն միջազգային համագումարների և Միջ-կրոնական միջազգային համագումարների Ռոդոս, Մոսկվա, Փարիզ, Ժնեև, Կատար, Եգիպտոս, Հորդանան, Կիպրոս և այլն:

5-Միջ-կրոնական հարաբերություններ

Տեղական մակարդակով՝ Իսլամական մշակույթի և Միջազգային հաղորդակցության կենտրոնի և պետական շրջանակների հետ Սրբազան հայրը մշակել ու շարունակում է մշակել բարեկամական լավ հարաբերություններ, կազմակերպել է իֆթարի երեկոներ և գործնական մասնակցություն է բերել Թեհրանում տեղի ունեցող Միջ-կրոնական միջազգային համագումարներին:

6-Միջ-եկեղեցական հրատարակությունների բաժանմունք

Աստծու խոսքի տարածումը զարկ տալու համար Սրբազան Հայրը Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական համայնքների հոգևոր առաջնորդների և պատասխանատուների համագործակցությամբ հիմնել է Միջ-եկեղեցական հրատարակությունների բաժանմունք, որի հիմնական նպատակն է Աստծու խոսքը և հոգևոր գրականությունը հասցնել մեր ժողովրդի զավակներին:

Սրբազան Հայրը նաև հեղինակն է հետևյալ գրքերի և դասագրքերի:

Հոգեհույզ ցոլքեր 4 հատոր

Բարձրյալին կտակը

Կիրակնօրյա օրրան հայ մանուկի

Քառասնօրյա պահքն ու Ս. Հարության Տոնը

Հայաստանյայց Եկեղեցու ծագումն, զարգացումը Ա-Դ դարեր

Հայաստանյայց Եկեղեցին երեկ եւ այսօր. արաբերեն 

Խղճիս պարտքը Առաքելությանս սեմին

Քրիստոնեական

Հայ Եկեղեցու պատմություն: