Սեպտեմբեր 13, 2021 11:02 Asia/Yerevan

Հարգարժան ռադիոլսող բարեկամներ Ի՞նչ անել, եթե հոգնածություն ու ծուլություն ենք զգում ոչ թե ժամանակ առ ժամանակ, այլ անդադար: Ո՛չ սուրճն է օգնում, ո՛չ համեղ ուտելիքը, ո՛չ հանգստյան օրերին երկար քնելը: Այսպիսի իրավիճակում հիմա միլիոնավոր մարդիկ են: Մի ամբողջ գերհոգնած մարդկություն: Եվ ուրեմն, ի՞նչն է այս ամենի պատճառը:

Ժամանակակից մարդն ամեն ինչ ունի: Իհարկե, ոչ բոլորի ֆինանսական հնարավորություններն են ամեն ինչ թույլ տալիս, բայց ընդհանուր առմամբ, ամեն անհրաժեշտ բան անմիջապես մեր ձեռքի տակ է:

Աշխատանքի համար մենք ունենք համակարգիչ, ինտերնետ, մեքենա:

Սպորտով զբաղվելու համար ունենք մարզադահլիճ այցելելու հնարավորություն, կամ զբոսայգում քայլելու և վազելու հնարավորություն:

Ընտանեկան երջանկության համար ունենք կին կամ ամուսին, երեխա, տուն և այլն:

Ամեն ինչ կա և մենք ամեն ինչ գիտենք: Գիտենք, որ պետք է առավոտյան մարզվել, քիչ դիտել հեռուստացույց, շատ կարդալ գրքեր, գիտենք, որ պետք է ուրախություն նվիրել մեր սիրելի մարդկանց: Գիտենք, բայց չենք անում: Կամ տարվա մեջ մեկ անգամ գոնե փորձում ենք փոխվել, նոր մարզակոշիկներ ենք գնում, սկսում ենք արթնանալ առավոտյան ժամը 6-ին և սկսում ենք վազել: Դա տևում է 2-5 օր: Հաջորդ փորձը հետաձգվում է ևս 363 օրով:

Խնդիրն այն չէ, որ մենք կամքի ուժ չունենք: Կամքի ուժը սահմանափակ ռեսուրս է: Այդ դեպքում ինչո՞ւմն է խնդիրը: Մենք ունենք էներգիայի պակաս:

Երբ մեքենային չի բավականացնում էներգիան, դրա մեջ բենզին են լցնում: Իսկ մենք ի՞նչ պետք է անենք, երբ էներգիայի պակաս ունենք:

Կա 4 տեսակի էներգիա.

Ֆիզիկական էներգիա

Մանրակրկիտ մշակված պլան, ժամանակի կառավարում, խոշոր պարգևավճարներ,  այս ամենը հրաշալի մոտիվացնում է աշխատելու համար: Բայց այդ ամենը դառնում է անկարևոր, եթե մենք 2 օր չենք քնել կամ անտանելի գլխացավ ունենք:

Եթե մենք ունենք խնդիր ֆիզիկական էներգիայի հետ, ապա մնացած ամեն ինչը նշանակություն չունի. մենք ձախողման ենք դատապարտված: Եվ ուրեմն, ինչպես լրացնել ֆիզիկական էներգիայի պակասը, ինչպես վերականգնել այն:

Պետք է սպորտով զբաղվել, բայց միայն այն սպորտով, որն իրոք մեզ դուր է գալիս, կլինի դա ֆուտբոլը, զբոսանքը, լողը, հեծանիվը, թենիսը, թե մեկ ուրիշ բանը: Պարզապես մենք դա պետք է սիրով անենք, այլ ոչ թե պարտադրված:

Պետք է քնել առնվազն 7 ժամ գիշերը: 

 Պետք է սնվել ճիշտ, թարմ սնունդ ուտել՝ ոչ շատ քաղցր, ոչ յուղային: Այստեղ ամեն ինչ պարզ է, մնում է միայն, որ դա մեզ համար սովորական ու բնական բան դառնա:

Եվ վերջապես, պետք է հրաժարվել ալկոհոլից ու սուրճից:

 

Հուզական էներգիա

Եթե լավ քնել ենք, ոչ մի տեղը չի ցավում, բայց վիճել ենք ինչ-որ մեկի՝ մտերիմ ընկերոջ, ծնողների կամ կնոջ հետ, կկարողանա՞նք արդյոք աշխատել, երբ մեր մեջ եռում է ադրենալինը: Կկարողանանք՝ 1 րոպե աշխատելով և 10 րոպե վեճի մասին մտածելով:

Մինչդեռ հակառակ իրավիճակում, երբ մեզ գովում են կամ երբ լավ նորություն ենք ստացած լինում, մտածում ենք դրական բաների մասին, ստեղնաշարի կոճակներն ասես իրենք իրենց են սեղմվում, ամեն ինչ այնքան հեշտ ու լավ է ստացվում, ասես մեր ուժերը կրկնապատկվում են:  Հաճույքը, հնարավորությունը, արկածախնդրությունը, ոգևորվածությունը, այս ամենը վերականգնում են մեր հուզական էներգիան, մինչդեռ բարկությունը, վիրավորվածությունը, նյարդայնությունը խլում են այն մեզնից:

Մտավոր էներգիա

 

Դա կենտրոնանալու, պլանավորելու, ժամանակը կառավարելու և ստեղծագործ մոտեցում ցուցաբերելու կարողությունն է: Եվ եթե դրանց հետ խնդիր ունենք, ապա պետք է մոռանալ բթացնող աշխատանքի, համակարգչային խաղերի, սոց.ցանցերի և, իհարկե, հեռուստացույցի մասին: Վերջինս պարզապես մթագնում է մեր ուղեղի աշխատանքը: Փոխարենը պետք է գիրք կարդալ, երաժշտությամբ զբաղվել, նկարել, շախմատ խաղալ և այլն:

Հոգևոր էներգիա

Ինչո՞ւ ենք մենք ապրում: Ինչո՞ւ ենք աշխատում հենց այս աշխատավայրում: Ո՞ւր ենք ուզում հասնել, ինչի՞ կհանգեցնի մեզ այն, ինչով զբաղվում ենք հիմա:

Մարդկանց շատ քիչ մասն է մտածում այս ամենի մասին: Մարդիկ կարող են տարիներով անել նույն աշխատանքը, առանց շունչ քաշելու անընդհատ վազել և չմտածել այդ մասին: Այդ կերպ աշխատել, անշուշտ, հնարավոր է, բայց հասնել մեծ արդյունքների՝ ոչ:

Էներգիայի այս տեսակը լրացնել հնարավոր է՝ մեր առջև մեծ նպատակներ դնելով, բարեգործությամբ զբաղվելով, մարդկանց օգնելով, լավ ու կարևոր գործեր անելով:

Էներգիայի կառավարման ամենակարևոր հասկացություններից մեկն այս համաչափ ընթացքն է՝ Աշխատեցիր-հանգստացիր  , Աշխատեցիր-հանգստացիր

Պետք է հետևել այս հերթականությանը: Խնդիրներն առաջանում են այն ժամանակ, երբ մենք տարվում ենք աշխատանքով և առաջնորդվում ենք այլ հերթականությամբ՝

Աշխատեցիր-աշխատեցիր-սուրճ խմեցիր-աշխատեցիր-սուրճ խմեցիր- էլի աշխատեցիր

 

Մեզ պետք է հանգստանալ՝

Աշխատանքային օրվա մեջ՝ ունենալ ընդմիջումներ,
Քնելուն բավարար ժամանակ հատկացնել
Շաբաթվա մեջ՝ ունենալ հանգստյան օրեր,
և Տարվա մեջ՝ արձակուրդ:

----

 

Ուրեմն քրոնիկական հոգնածությունը վկայում է այն մասին, որ օրգանիզմում ինչ-որ բան այն չէ: Հարկավոր է վեր հանել վատ ինքնազգացողության պատճառները և համապատասխան միջոցառումներ ձեռնարկել:  Հոգեբանները ներկայացնում են պատճառներ, որոնք կարող են մշտական հոգնածության զգացման պատճառ դառնալ:

Ուշ արթնանալը: Երբեմն թվում է, թե երկար քնելու դեպքում կկարողանաք ուժ հավաքել, հանգստանալ, ինչն իրականությանը չի համապատասխանում: Մարդիկ, ովքեր առավոտյան վաղ են արթնանում, ավելի լավ ինքնազգացողություն են ունենում, հանգիստ և թուլացած են լինում օրվա ընթացքում:

Սխալ սնունդ: Չափից շատ ածխաջրերի և քիչ քանակով սպիտակուցների օգտագործումը ևս հանգեցնում է քրոնիկական հոգնածության: Թեև պարզ ածխաջրերը համեղ են, որոշակի էներգիա են հաղորդում, օրգանիզմը դրանք շատ արագ է յուրացնում, արյան մեջ շատ արագ բարձրանում է շաքարի մակարդակը:

Նստակյաց կենսակերպ: Նստակյաց կենսակերպ վարելու դեպքում սպասվող հարմարավետության ու հաճույքի փոխարեն՝ կարող եք պարզապես քրոնիկական հոգնածություն զգալ: Ֆիզիկական ակտիվությունը խթանում է երջանկության հորմոնների արտադրությունը, որոնք լավացնում են քնի որակը, ինքնազգացողությունը: Նույնիսկ, եթե սկզբնական շրջանում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը հյուծող է թվում, ժամանակի ընթացքում օրգանիզմը սովորում է դրան, դիմացկունությունը բարձրանում է:

Արևի լույսի անբավարար քանակ: Արևի ճառագայթների ազդեցությամբ օրգանիզմում վիտամին D է սինթեզվում, որը կարևոր է օրգանիզմում մի շարք գործառույթների իրականացման համար:

Վատ քուն: Քրոնիկական հոգնածության հիմնական պատճառներից մեկը քնի պակասն է: Մեծահասակները գիշերային ժամերին պետք է քնեն 7-8 ժամ: Միայն այդ դեպքում են ուղեղը և մյուս օրգանները հասցնում վերականգնվել և նորմալ իրականացնել իրենց գործառույթները:

Վիտամինների և հանքանյութերի անբավարար մակարդակ: Սրանց բավարար մակարդակը շատ կարևոր է օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար:

---