Մայիս 09, 2016 19:25 Asia/Yerevan

Ողջունում ենք Ձեզ սիրելի ունկնդիրներ: Ձեզ հետ ենք «Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը» խորագրով հաղորդաշարի հերթական զրույցով: Նախորդ հաղորդումների ընթացքում խոսել ենք օդի, ջրի ու հողի աղոտվածության և դրանց հետևանքների մասին: Մարդկանց, բույսերի, կենդանիների և անգամ անշունչ առարկաների վրա բազում բացասական հետևանքներ է թողնում ձայնային աղտոտվածությունը: Այսօր քննարկելու ենք այդ թեման: Ընկերակցեք մեզ:

Գիտնականներն այն համոզման են, որ օդի մոլեկուլների տատանումների և օդի ճնշման անընդհատ փոփոխությունների պատճառով ձայն է առաջանում: Ձայնային ալիքները երկայնքով են տարածվում և որոշակի հաճախանության մեջ ընկալելի են մարդու կողմից:
Ուստի ձայնային ալիքները մեխանիկական ալիքներ են, որոնք տարածվում են երկայնքով և ականջին հպվելով, լսողության զգացմունք են առաջացնում: Այդ ալիքները կարող են տարբեր հաճախականություններով տարածվել միջավայրում, սակայն մարդը կարող է ընկալել միայն 20-20000 հերց հաճախականությամբ ալիքները: 20 հերցից ցածր հաճախականություն ունեցող ձայնային տատանումները կոչվում են ինֆրաձայն, իսկ 20000 հերցից բարձր հաճախականությունը կոչվում է ուլտրաձայն կամ գերձայն:
Ձայնային աղտոտվածությունն անցանկալի ձայներ են, որոնք խափանում են անդորրը կամ կենտրոնացումը: Այդպիսով անպատեհ ժամանակ թեկուզ երաժշտությունը կարող է ձայնային աղտոտվածության աղբյուր համարվել: 
Ձայնի չափման միավոր է դեցիբելը, որը չափվում է օդի ճնշման փոփոխությունների համաձայն: Զրո դեցիբելը համարվում է լսողության շեմ, իսկ 130 դեցիբելն ընդունված է որպես խլության շեմ: Ձայնային աղտոտվածությունը ուղղակի կապի մեջ է արդյունաբերական տեխնոլոգիայի հետ, այլ խոսքով, տեխնոլոգիայի զարգացմամբ, մեծ տարածում է գտել ձայնային խնդիրը և բազում դժվարությունների պատճառ է դարձել:
Ձայնային աղտոտվածության աղբյուրները բազմազան են: Ձայնային աղտոտվածություն առաջացնող գլխավոր աղբյուրներն են ճանապարհային խցանումները, օդային երթևեկությունը, գնացքները, արդյունաբերությունն ու շինարարությունը: Քաղաքներում օդանավակայանները, գնացքի կանգառները, ավտոմեքենաների շչակների ու խլացուցիչների ձայնը, շտապ օգնության մեքենաների ձայնային ազդանշանները և արդյունաբերական սարքերի ձայները ձայնային աղտոտվածության գլխավոր աղբյուրներն են համարվում: Փորձագետների կարծիքով, ռելսային ճանապարհները կարող են ավերիչ հետևանքներ ունենալ կենդանիների ու բույսերի համար: Գնացքներն անցնելով բնական էկոհամակարգերի միջից, բացասաբար են ազդում կենդանիների ու բույսերի վրա և վտանգում են նրանց գոյությունը: Այդպիսով այլ շրջաններ են մեկնում հազվագյուտ արարծները, ինչը ենթահող է ստեղծում նրանց տեսակի կործանման համար:
****************
Այսօր աշխարհի բազմաթիվ արդյունաբերական երկրներում ձայնային աղտոտվածությունը համարվում է բնապահպանական կարևորագույն խնդիրներից մեկը: Կատարված հետազոտությունները ևս ցույց են տալիս, որ մեքենայական կենցաղավարության աղմուկը մարդկանց համար առաջացրել է բազմաթիվ ֆիզիկական ու հոգեբանական խնդիրներ և ահռելի ծախսեր է պարտադրել տարբեր հասարակություններին: Լսողության նվազումը մարդկանց համար ձայնային աղտոտվածության առաջացրած կարևորագույն խնդիրներից է: Գլխացավերն ու գլխապտույտները, ստամոքսային խանգարումները, փորկապությունը,  ստամոքս-աղիքային խոցերը, քորն ու մաշկային ալերգիան, նյարդաբանական խանգարումները, անոթների նեղացումը, արյան ճնշման բարձրացումը, սրտի կաթվածները և անքնությունը ևս ձայնային աղտոտվածության անցանկալի հետևանքներից են մարդկանց համար: Շարունակական ձայնը ավելացնում է ադրենալինի հորմոններն և արյան կորտիզոլը: Ադրենալինի բարձրացումը արագացնում է սրտի բաբախումները, իսկ կորտիզոլի բարձրացումը մարդու մոտ առաջացնում է սթրես և անհանգստություն: Բարձր աղմուկի պայմաններում գանգուղեղում բարձրանում է արյան ճնշումը, նվազում է թքարտադրությունը, որի արդյունքում բերանը չորանում է: Հետազոտությունները փաստել են, որ եթե մարդը 8 ժամ անընդմեջ գտնվի 70 դեցիբելից բարձր աղմուկի ազդեցության տակ, ապա նրա արյան ճնշումը կբարձրանա 5-10 միլիմետր սնդիկի սյուն: Ձայնային աղմուկը կարող է նաև լինել աբորտի պատճառներից մեկը: Աղմուկը մայրերի մոտ առաջացնում է սթրես, որը կծկումներ է առաջացնում սաղմին թթվածին ու սննունդ հասցնող արգանդային երակներում, ինչի հետևանքով երեխան ծնվում է ցածր քաշով:
Ձայնային աղտոտվածությունը վտանգում է ոչ միայն մարդկանց, այլ նաև կենդանիների կյանքը: Լաբորատորային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 85 դեցիբելից բարձր ձայնային ալիքները  կենդանիների մոտ նվազեցնում է շրջակա բնական և մյուս կենդանիների ձայները լսելու ունակությունը: Կատարված հետազոտությունները վկայում են այն մասին, որ երբ դաշտային կենգուրուները շփվում են 95 դեցիբել ձայնային ուժգնությամբ ավտոմեքենաների հետ, ապա նվազում է նրանց ունակությունը հասկանալու իրենց որսորդի՝ բոժոժավոր օձի գտնվելու վայրի հեռավորությունը իրենց նկատմամբ: Զգայարանները խանգարող գործոնների բացակայության և առողջության պայմաններում կենգուրուները իմանում են բոժոժավոր օձի ներկայության մասին, երբ այն գտնվում է իրենից 40սմ հեռավորության վրա, սակայն գտնվելով բարձր աղմուկի ազդեցության տակ, որոշման այդ ունակությունը 40սմ-ից նվազում է 2 սմ-ի: Այդ փորձարկումը իրականացնելուց հետո 3 շաբաթ տևեց, որպեսզի վերականգնվի կենգուրուի բնական զգայարանները, իհարկե պետք է նշել, որ այդ փորձարկումը տեղի ունեցավ վանդակի մեջ, քանի որ բնական միջավայրում այդ կենդանին ի զորու չէր լինելու ողջ դուրս պրծնել այդ պայմաններից:
******************
Հնարավոր է, որ ձայնային աղտոտվածությունը զգալի ազդեցություն չունենա կենդանիների լսողության համակարգի վրա, սակայն այն կարող է նրանց մոտ առաջացնել սրտի բաբախումների և շնչառության արագացում և նյարդային կտրուկ ռեակցիաներ: Կենդանիների կյանքում ձայնային աղտոտվածության բացասական ազդեցություններից կարելի է նշել վարքագծային փոփոխությունը, ինչպիսիք են վերարտադրության և սերնդի նվազումը և բնակավայրի մոռացումը: Այդ հանգամանքը ապացուցվել է տարբեր կենդանիների նկատմամբ իրականացված փորձարկումներում: Օրինակ վանդակի մեջ գտնվող կապիկների նկատմամբ իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանց մոտ 30 տոկոսով բարձրանում է արյան ճնշումը, երբ նրանք 8 ամիս շարունակ գտնվում են միջինը 85 դեցիբել ուժգնությամբ ձայնի ազդեցության տակ, ընդորում գիշերները ավելի պակաս, իսկ ցերեկները երբեմն ավելի քան 85 դեցիբել: Աղմուկը դադարեցվելուց և սովորական պայմաններին վերադառնալուց մեկ ամիս անց շարունակվեց արյան ճնշման այդ փոփոխությունը և չվերականգնվեց սովորական վիճակը:
Մկների վրա իրականացված այլ փորձարկումներ ևս ցույց տվեցին, որ ձայնային աղտոտվածությունը մկների մոտ բարձրացնում է սթրեսը և տարբեր հիվանդություններով տառապելու վտանգը: Օրական 8 ժամ միջինը 82-85 դեցիբել ուժգնությամբ ձայնի ազդեցության տակ գտնվելու ախտանիշերից են չափահաս մկների մոտ խնդիրները լուծելու կարողության նվազումը և նրանց սաղմի քաշի 65 տոկոսանոց նվազումը: Կենդանիների վրա բարձր աղմուկի ազդեցություններից են կենդանիների ու թռչունների անժամանակ չվումը, աբորտը, ականջների արյունահոսումը, ախորժակի նվազումը, ագրեսիվությունը, կաթնատու կենդանիների մոտ կաթի նվազումը և կյանքի տևողության նվազումը: Հետազոտությունները ցույց են տվել, որ քաղաքային ձայնային աղտոտվածությունը զգալի բացասական ազդեցություն ունի թռչունների թվաքանակի վրա և փոփոխության է ենթարկում նրանց վարքագիծն ու երգեցողությունը: Ձայնային աղտոտվածությունը պատճառ է դառնում, որ չղջիկները խնդիրներ ունենան իրենց որսը գտնելու հարցում, գորտերը չկարողանան հեշտությամբ գտնեն իրենց զույգին, իսկ կետերը միմյանց հետ կապ հաստատելու համար օգտագործեն ձայնային հաճախականությունների ավելի մեծ ծավալ: Բայց միայն կենդանիները չեն, որ խնդիրների են բախվում աղտոտվածության այդ տեսակից:
*******************
Մարդկանց գերակշռող մասը կարծում է, որ ձայնային աղտոտվածությունը ոչ մի ազդեցություն չունի բույսերի ու ծառերի վրա, քանի որ բոլորը գիտեն, որ այդ արարածները մարդկանց ու կենդանիների պես չունեն ականջներ ու լսողական համակարգ, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ձայնային աղտոտվածությունը ահռելի ազդեցություն ունի նաև ծառերի վրա: Կենդանիները հեշտությամբ փոխում են իրենց բնակավայրը աղմուկի պատճառով, իսկ կենդանիների թվաքանակի նվազման պատճառով նվազելու է նաև այդ տարածքի բույսերի փոշոտումները, ինչը վնասակար ազդեցություն է ունենում այդ ծառերի վրա: Երբ ավելի ուշադիր ենք նայում այդ ծառերին, ապա ավելի լավ են երևան գալիս այդ աղտոտվածության ազդեցությունները: Օրինակ՝ Վերջին տարիներին կենդանիների մոտ բնակավայրեր գտնելու հարցում մրցակցության սահմանափակման հետևանքով կրճատվել է բազմաթիվ թռչունների ու կենդանիների բնակավայրը հանդիսացող  եղևնիների թվաքանակը, որի գլխավոր պատճառը հենց ձայնային ազդեցությունն է:
Մինչդեռ փորձագետների կարծիքով, ծառերը կարող են էական դեր ունենալ ձայնային աղտոտվածության նվազման հարցում:  Նրանք, ինչպես վահանը, զգալի չափով թուլացնում են ձայնային ալիքները և նրանց տերևները հանդես են գալիս որպես ձայնի նվազեցնողներ: ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության անտառների ազգային կենտրոնի ուսումնասիրությունների համաձայն, ծառերի ճիշտ օգտագործումն ու նախագծումը 5-10 դեցիբելով նվազեցնում է աղմուկը, այսինքն 50 տոկոսով նվազեցնում է մարդկանց կողմից ստեղծված աղմուկը: Այդ ազդեցությունը մեծացնելու համար, փորձագետները խորհուրդ են տալիս, որ ծառերի տերևներից ու ճյուղերից կազմված պատ կառուցելով կամ բարդիի պես ծառեր տնկելով կարող ենք կրճատել մեզ շրջապատող աղմուկը: Բուսական ծածկույթը բավականաչափ բարձրություն, լայնություն և խտություն ունենալու դեպքում կարող է էապես նվազեցնել մայրուղիների երթևեկությունից առաջացած աղմուկը:
Ձայնային աղտոտվածությունը շրջակա միջավայրի աղտոտման մոռացության մատնված ասպեկտներից է և այդ աղտոտվածության վերաբերյալ գիտելիքների պակասության պատճառով դեռևս լուրջ քայլեր չեն ձեռնարկվել դրա դեմն առնելու համար: Սակայն այսօր գիտնականներն եկել են այն եզրակացության, որ աղտոտվածության այդ տեսակը ևս լուրջ սպառնալիք է շրջակա միջավայրի ու կենսաբազմազանության համար և միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի դրա դեմ պայքարելու համար:
************
Սիրելի բարեկամներ, մեր այսօրվա հաղորդումը մոտեցավ իր ավարտին: Մինչ հաջորդ հանդիպումը, որի ընթացքում ձեզ հետ կլինենք բնապահպանության թեմայով մեկ այլ հաղորդմամբ, մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս: Մնացեք բարյավ: