Մի գավաթ անդորր(292.Ի՞նչ է նշանակում ցանկացած իրավիճակում մեղադրել սեփական անձը)
Մեզանից յուրաքանչյուրի կյանքում եղել են պահեր, երբ այս կամ այն արարքների պատճառով մեղքի զգացում ենք ունեցել: Ոմանք դրանում շատ դրական բաներ են գտնում. դա նրանց համար, կարծես, ներքին մղիչ ուժ լինի, որը կարգավորում է իրենց պահելաձևը կյանքի տարբեր իրավիճակներում: Ոմանց մոտ էլ այդ զգացումը խորը ապրումներ է առաջացնում, որոնք, երբեմն, չի հաջողվում հաղթահարել տարիներ շարունակ:
Մեղքի զգացումը մարդկային հիմնական զգացումներից մեկն է, սակայն մեծ տարբերություն կա «մեղավոր լինել» և «մեղավոր զգալ» հասկացությունների միջև, չէ՞ որ հաճախ այդ զգացումն առաջանում է անգիտակցաբար' ընդհանրապես կապ չունենալով իրական մեղքի հետ:
Մեղքի զգացումը մարդու' ինքն իրեն մեղադրելու, կշտամբելու, սեփական սխալները զգալու ինքն իր հանդեպ ագրեսիվ լինելու զգացումն է: Ամենից հաճախ մարդ իրեն մեղադրում է այն արարքների համար, որոնք նա չի արել կամ արել է, բայց, իր կարծիքով, չպետք է աներ կամ այն իրավիճակի համար, որը չի կարողացել փոխել:
---
Փորձենք հասկանալ' ինչի համար կարող է մեղքի զգացում առաջանալ:
Առաջնային պատճառները արժե փնտրել ընտանիքում, մարդու դաստիարակության մեջ: Ոմանք անընդմեջ բարկանում են երեխաների վրա, անընդմեջ օրինակ բերում ուրիշ երեխաներին, որոնք, իրենց կարծիքով, ավելի հաջողակ են: Այդ երեխան արդեն մանկուց սկսում է իրեն մեղավոր զգալ ծնողների առաջ, և հաճախ այդ զգացումը ուղեկցում է նրան ամբողջ կյանքի ընթացքում: Մյուսները, հակառակը, ամեն առիթով գովաբանում են իրենց երեխաներին և համոզված են, որ իրենց երեխային դաստիարակում են գերընդունակություններով օժտված: Իսկ երբ նրանց երեխան մեծանում է միանգամայն սովորական և ոչնչով մյուսներից չի տարբերվում, ծնողները հիասթափություն են ապրում, ինչն էլ հազվադեպ է ստացվում թաքցնել երեխայից: Եվ այդ դեպքում այս մարդու մոտ, ով չի արդարացրել ուրիշների հույսերը, առաջացնում է մեղքի զգացում, որը հետագայում դառնում է նրա բնավորության մի մասը:
Շատ մարդկանց, դեռ մանուկ հասակում, հասարակության,կամ ծնողների կողմից պարտադրվում է այն, ինչ կարելի է անել, և ինչը' չի կարելի, իսկ երբ մարդն արդեն հասուն տարիքում անում է մի բան, որը մի ժամանակ արգելված է եղել նրա համար, ապա կատարածի համար առաջանում է մեղքի և ամոթի զգացում: Հաճախ մշտական ինքնաքննադատությունը կապված է անձի բնույթի, բնավորության, խառնվածքի հետ: Մարդը, տարբեր իրավիճակներում ապրելով անհանգստության, վախի, անվստահության զգացում, հաճախ հակված է մեղադրելու ինքն իրեն՝ շուրջը կատարվածի համար: Ինչ-որ մեկը թարս նայեց, ինչ-որ մեկն ինչ-որ բան այնպես չասաց կամ չարեց, բոլոր դեպքերում մարդն այդ վերագրում է իր հասցեին, միանգամայն համոզված լինելով, որ այդ բանում մեղավոր է միայն ինքը:
Հոգեբան Տաթև Նահապետյանի խոսքով` ցանկացած իրավիճակում սեփական անձը մեղադրելը կարող է ինչպես շատ տարբեր պատճառներ ունենալ, այլև շատ խորը արմատներ: Եվ շատ դեպքերում այն միգուցե գալիս է մանկության հասակից, որն արմատացած հիմք ունի և դրսևորվում է հասուն տարիքում` տարբեր իրավիճակներում: «Երբ փոքր հասակում մշտապես նշում են` «դու մեղավոր ես», «քո պատճառով ինչ-որ բաներ չեն ստացվում», տվյալ անձն արդեն ունի ուշադրության կարիք»,-նկատում է հոգեբանը: Եվ ըստ նրա` անձը ենթագիտակցական մակարդակում ստեղծում է այնպիսի իրավիճակներ, որ չնայած` բացասական, բայց ինքը կլինի կարևոր:
---
Ինչի՞ կարող է հանգեցնել մեղքի զգացումը
Չի կարելի միանշանակ ասել, թե ինչպես է մեղքի զգացումն ազդում մեզ վրա: Ամեն ինչում կան և՛ դրական, և՛ բացասական կողմեր: Մի կողմից այդ զգացումը հավասարազոր է խղճին և պատասխանատվությանը մեր և ուրիշ մարդկանց առջև, պատրաստ ընդունելու ինքներս մեր մեղքը, այսպես ասած, վերահսկողության մի ձև է: Եթե մարդու մեջ արթնանում է մեղքի զգացում, ապա դա ազդանշան է, որ ինչ-որ մի բան այնպես չի եղել, ինչպես համապատասխան է նրա կենսական դիրքորոշմանը և հայացքներին, և այդ ներքին ազդանշանը օգնում է մարդուն հետագայում սխալ արարքներից և գործողություններից զերծ մնալուն: Բայց, մյուս կողմից, երբեմն մարդն այնպես է խորասուզվում ինքնաքննադատության, ինչ-որ բանում իր մեղավորության մեջ, որ ժամանակի ընթացքում կորցնում է իր և իր արարքների նկատմամբ վստահությունը և աստիճանաբար ընկղմվում է անտարբերության ու հուսալքության մեջ:
Մեղքի խոր զգացողությունը, ներքուստ մշտապես տանջելով, կարող է հանգեցնել երկարատև դեպրեսիայի, նևրոզի և որոշ դեպքերում նույնիսկ լուրջ հոգեկան և մարմնական հիվանդությունների: Գոյություն ունեն մեղքի զգացողության շատ ծանր դեպքեր, որոնցից մարդն ինքնուրույն ի վիճակի չէ ազատվել, օրինակ՝ հարազատ մարդու մահը, դժբախտ դեպքը: Մարդիկ հաճախ մեղադրում են իրենց նրա համար, որ չկարողացան ոչինչ անել, չկարողացան օգնել, չնայած, որ դա անհնարին էր: Հոգեկան աշխարհը չի կարողանում տանել այդպիսի ծանր ու երկարատև ապրումներ, և մարդը կոտրվում է ճնշման տակ, դադարում է պայքարել իրեն տանջող զգացումի դեմ և, երբեմն, տանում է իր ցավը ողջ կյանքի ընթացքում՝ չցանկանալով ոչ մի կերպ ազատվել դրանից:
----
Ինչպե՞ս հաղթահարել մեղքի զգացումը
Առաջարկում ենք մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ազատվել ճնշող մեղքի զգացումից.
1. Շատ կարևոր է գիտակցել, թե կյանքի որ ժամանակահատվածում է առաջացել այդ զգացումը, իրակա՞ն է այն, Ձեր մեղքով է եղել, թե՞ դա Ձեզ միայն թվում է:
2.Եթե Դուք գիտակցում եք, որ իսկապես մեղավոր եք, ապա հարկավոր է ներողություն խնդրել այն մարդուց, որի հանդեպ մեղավորություն եք զգում: եթե դա անելու հնարավորություն չկա, ուղղակի ներողություն խնդրեք բարձրաձայն՝ մտովի պատկերացնելով Ձեր առջև այդ մարդուն, որի հանդեպ ունեք մեղքի զգացում: Դրանից հետո Դուք Ձեզ ավելի թեթևացած կզգաք:
3. Որոշ դեպքերում Ձեզ անընդհատ տանջող այդ ծանր վիճակից ազատվելու համար արժե այն քննարկել Ձեր մտերիմներից նրա հետ, ում վստահում եք:
4. Եթե Դուք չեք ցանկանում ոչ մեկի մոտ բացահայտել Ձեր ապրումները, վերցրեք թուղթ և վրան գրեք Ձեր ունեցած խնդիրն ամենայն մանրամասնությամբ: Գրեք, թե ինչու եք Ձեզ մեղավոր զգում, և ինչումն է կայանում խնդիրը: Այնուհետև նորից կարդացեք և ոչնչացրեք այդ թուղթը, որպեսզի այլևս չտեսնեք այն և չհիշեք այդ խնդրի մասին: Այդպես Ձեզ համար ավելի հեշտ կլինի ազատվել Ձեր մեջ կուտակված բացասական զգացումից:
5.Հիշեք այն պատճառները, որոնք դրդրել են կատարելու այդ արարքը, աշխատեք արդարանալ գոնե ինքներդ Ձեր առաջ: Երբեմն շատ բարդ է դա անել, բայց և այնպես, հասկացեք, որ Դուք չէիք կարող նախապես գուշակել, թե ինչի կհանգեցներ դա:
6. Հետևություններ արեք կատարվածից, քննարկեք իրավիճակը և խոստացեք ինքներդ Ձեզ, որ նման բան Ձեզ հետ այլևս չի կրկնվի:
7. Եթե վերը նշվածներից ոչինչ Ձեզ չի օգնել, ապա աշխատեք դիմել մասնագետներին: Ամենածանր դեպքերում, երբ մարդը լիովին համոզված է իր մեղքի մեջ, հարկավոր է դիմել հոգեբանական օգնությանը:
Իհարկե անցյալը փոխել անհնար է, Ձեր կյանքում ամեն իրողություն դա պարզապես Ձեր ցանկությունների, որոշումների և արարքների հանրագումարը չէ: Ողջ կատարվածի վրա ներգործում են մեծ քանակությամբ տարբեր գործոններ, որոնք երբեմն Ձեզանից կախված չեն, և վերցնել Ձեր վրա ամբողջի պատասխանատվությունը, ճիշտ չէ: Ձեր բոլոր հաղթանակներն ու սխալները կյանքի փորձ է և, կարևոր չէ, թե ինչպիսին է այն՝ դրական, թե բացասական: Գլխավորն այն է, որ այդ փորձը կարողացել է Ձեզ շատ բաներ սովորեցնել: Եվ պետք չէ մոռանալ այն, որ Դուք ինքներդ կարող եք կառավարել Ձեր կյանքը: Չէ՞ որ կյանքը հենց այն է, ինչի մասին Դուք մտածում եք և, քանի դեռ չեք կարող փոխել իրավիճակը, աշխատեք գոնե փոխել Ձեր վերաբերմունքը դրա նկատմամբ: