Գեղարվեստական հաղորդում (330)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ:Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին:
Օրերս պարսկերեն լեզվով լույս է տեսել Ակսել Բակունցի պատմվածքների ընտրանին, «Զանգեզուրի մեծ քնարերգուն» խորագրով: Գիրքը բաղկացած է 224 էջերից։
Ակսել Բակունցի պատմվածքները պարսկերենի է թարգմանել Արմենուշ Առաքելյանը:
Բակունցի ութը պատմվածքների կողքին, հատորում տեղ են գտել նաև հեղինակի կյանքի ու գործունեության, և նրա գեղարվեստական ստեղծագործությունների մասին մի հոդված պարսկերեն, հայերեն և ֆրանսերեն լեզուներով:
Թարգմանաբար ներկայացվել է նաև Եղիշե Չարենցի բանաստեղծությունը նվիրված Ակսել Բակունցին, ինչպես նաև՝ Հակոբ Կարապենցի փորձագրությունը Բակունցի մասին։

Հուլիսի 25-ին, Իրանի երաժշտական թանգարանում մեկնարկել էր դաշնամուրի դասական փառատոն, որի ընթացքում բացառիկ ստեղծագործությունների կատարմամբ ներկայացել է իրանահայ երիտասարդ դաշնակահար Նարեկ Աբրահամյանը:
Դասական երաժշտական երեկոների ընթացքում, որը շարունակվել է մինչեւ հուլիսի 28-ը, դաշնամուրային կատարումներով հանդես են եկել նաեւ իրանցի անվանի երաժիշտներ:
Փառատոնային համերգի ընթացքում հուլիսի 25-ին ելույթ են ունեցել Նարեկ Աբրահամյանը եւ Շաղայեղ Խանիփուրը:
Նարեկ Աբրահամյանն երիտասարդ դաշնակահար է եւ դաշնամուրի ուսուցիչ, ով գերազանցությամբ ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերւատորիան, ստանալով բակալավրի աստիճան: Ուսումն ավարտելուց եւ Իրան վերադառնալուց հետո, 2010 թվականին նա երիտասարդների երաժշտական փառատոնին գրավել է առաջին պատվավոր հորիզոնականը։ Կոմիտասի անվան կոնսերվատորիայում ներկայացել է դաշնամուրային ռեցիտալ կատարումներով, համագործակցել է բազմաթիվ երաժիշտների, երգիչների եւ երգչախմբերի հետ։
Նշենք, նաեւ, որ իրանահայ տաղանդավոր երիտասարդ դաշնակահար Նարեկ Աբրահամյանն ուրբաթ՝ հուլիսի 22-ին «Ռուդաքի» համերգասրահում ներկայացել է դաշնամուրային բացառիկ համերգով, որի ընթացքում հնչել են՝ Լյուդվիգ վան Բեթհովենի, Ֆելիքս Մենդելսոնի, Սերգեյ Ռախմանինովի, Ալեքսանդր Սքրաբինի ստեղծագործությունները:

Եղիշե Չարենցի տուն թանգարանը հուլիսի 27-ին նվեր ստացավ բանաստեղծի՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխկյանի վրձնին պատկանող դիմանկարը։ Կտավը պահվում էր մասնավոր հավաքածուներում և հանվել էր վաճառքի։ Չարենցի տուն-թանգարանից հայտնում են,որ այն ձեռք է բերել պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանը, և Եղիշե Չարենցի 125-ամյակի առիթով կնվիրաբերի մեծ բանաստեղծի տուն-թանգարանին։
Հանդիսավոր միջոցառման մեկնարկը տրվեց հուլիսի 27-ին Եղիշե Չարենցի հուշարձանի մոտ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային գրասենյակի տնօրեն, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը կատարեց հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ Եղիշե Չարենցի, որից հետո միջոցառման մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին մեծ բանաստեղծի հուշարձանի մոտ։
Այնուհետև Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցավ Եղիշե Չարենցի դիմանկարի հանդիսավոր հանձնումը։ Ելույթ ունեցան թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, բանաստեղծի թոռնուհի Գոհար Չարենցը, բարերար Հրաչյա Պողոսյանը և այլ պատվավոր հյուրեր։
Հրաչյա Ռուխկյանը (1915 - 1992թթ․) ճանաչվել է որպես Սայաթ-Նովայի դիմանկարի ստեղծող: Եղիշե Չարենցի դիմանկարը ստեղծել է 1973թ-ին։ 1985թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման:

Հուլիսի 24-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղում, 55-րդ անգամ նշվել է «Տերյանական պոեզիայի օրը»։ Մինչ համերգային մասի մեկնարկը՝ հյուրերն այցելել են հայ մեծ գրող Վահան Տերյանի տուն-թանգարան և տուն-թանգարանի ցուցասրահ, որը վերանորոգվել է 2021 թվականին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից։
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանն ասել է, որ տուն-թանգարանի ցուցասրահի վերանորոգումն ավարտվել է, սակայն Վահան Տերյանի տուն-թանգարանում աշխատանքները դեռ չեն ավարտվել: Ուղղակի ավարտվել է առաջին փուլը, այժմ աշխատում են բանաստեղծի տուն-թանգարանի վերականգնման վրա։
Տոնը նշվել է գյուղից ոչ հեռու՝ դաշտում։ Ելույթներին հաջորդել են համերգային ծրագիր և Վահան Տերյանի բանաստեղծությունների ընթերցումները։
Ելույթ են ունեցել Նինոծմինդայի Մշակույթի տան «Փարվանա», Գանձա գյուղի «Գանձեր» համույթները, ինչպես նաև անհատ կատարողներ։

Փողոցային մուլտֆիլմների փառատոնի հայտերը բաց են փոքրիկ և երիտասարդ ստեղծագործողների համար:
Հայաստանի Ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ փառատոնն ընդունում է երիտասարդ անիմատորների (4-18 տարեկան) մասնակցության հայտեր անիմացիայի մրցույթին մասնակցելու համար: Մասնակիցներին տրված է ցանկացած բովանդակությամբ և աշխատանքային եղանակով կարճ ստեղծագործություն ներկայացնելու հնարավորություն (մինչև 5 րոպե):
Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 31-ը:
Փառատոնի կազմակերպիչները ուղերձով դիմել են փոքրիկ և երիտասարդ անիմատորներին նշելով. «Դադարեք հետևել youtuber-ների կյանքին և խաղալ տեսախաղեր, ավելի լավ է ստեղծեք ձեր սեփական անիմացիոն, ձեռքով նկարված, համակարգչային, պլաստիլինե պատմությունը, նկարահանեք այն ձեր սմարթֆոնով և ուղարկեք մեզ»:

Մոսկվայի միջազգային 44-րդ կինոփառատոնի շրջանակում տեղի կունենա Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից պետական ֆինանսական աջակցություն ստացած «Զուլալի» ֆիլմի միջազգային պրեմիերան: Այս մասին հայտնում են Ազգային կինոկենտրոնից։
Մոսկվայի միջազգային կինոփառատոնն ամենահեղինակավորներից է, առաջին անգամ անց է կացվել 1935 թվականին, և համարվում է Վենետիկի կինոփառատոնից հետո աշխարհում ամենահինը։ Այս տարի այն կանցկացվի օգոստոսի 26-ից սեպտեմբերի 3-ը։
Ֆիլմի ռեժիսորը և պրոդյուսերն է Հայկ Օրդյան, սցենարիստ՝ Աստղիկ Սիմոնյան, Հայկ Օրդյան, օպերատոր՝ Արման Օրդյան։
Երեք մասից բաղկացած պատումը բացահայտում է ընտանեկան մեծ ողբերգությունը: Մենակություն զգացող մարդիկ մենակ չեն հեռավոր գյուղում և միասին են հաղթահարում վրահաս ցավն ու տանջանքը, տարածելով սեր և չկորցնելով հույսը վաղվա օրվա հանդեպ:
Հեռավոր գյուղում ապրում է մի ընտանիք՝ տարեց տանտիկինը, տղան՝ Նազարոսը և նրա մայրը՝ Զուլալին: Ֆիլմը բաղկացած է երեք մասից: Փոքրիկ Նազարոսը մտածում է տարօրինակ Զուլալիի, մինչև հարյուր տարեկան չապրած պապու և այլ հարցերի մասին: Տանտիկինը դժվար ճակատագիր ունեցող կին է, ով պատասխանատվություն է կրում ոչ հարազատ, բայց արդեն իր ընտանիքի անդամ համարվող մարդկանց համար: Տանտիրոջ՝ պապի ինքնասպանությունից հետո տան ամբողջ հոգսն այս կնոջ ուսերին է: Վերջում խոսում է Զուլալին: Նա բացահայտում է, թե ինչպես է մեծ ողբերգությունը շրջել իր կյանքը, ինչպես է կորցրել միտքը և ինչպես լույս աշխարհ եկավ Նազարոսը: Ֆիլմում առանձնահատուկ տեղ է գրավում գյուղի մթնոլորտը, կյանքը, բնությունը:

Փարիզի Աստվածամոր տաճարը՝ Նոտր Դամը, հրդեհից հետո կվերաբացվի այցելուների համար 2024 թվականին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռոզելին Բաշլոն։
Այսպիսով, այցելուները կվերադառնան Նոտր Դամ հրդեհից հինգ տարի անց։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է հինգ տարում վերականգնել տաճարը։ Միևնույն ժամանակ, շատ փորձագետներ ենթադրում էին, որ վերականգնումը կտևի առնվազն 10 տարի։ Շենքի վերակառուցման համար հավաքվել է միլիարդ եվրո։
Հիշեցնենք, որ տաճարում հրդեհը բռնկվել էր 2019 թ. ապրիլի 15-ին, ինչի հետևանքով փլվել է տաճարի աշտարակը, ժամացույցը։ Փարիզի Աստվածամոր տաճարը սկսել են կառուցել 1163 թ. Սուրբ Ստեփանոսի բազիլիկ եկեղեցու տեղում, որն իր հերթին հիմնվել էր հեթանոսական Յուպիտերին նվիրված տաճարի վրա։ Կառուցումը տևել է մոտ 200 տարի։ 1991 թվականին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Փարիզի Աստվածամոր տաճարը Փարիզի թեմի առաջնորդանիստ տաճարն է: Յուրաքանչյուր տարի ավելի քան 12 միլիոն մարդ այցելում է տաճար, այդ իսկ պատճառով այն համարվում է Փարիզի ամենաշատ այցելվող հուշարձանը:

Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) հայտարարել է, որ «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը կանցկացվի Բրիտանիայում։
Եվրոպական հեռարձակողների միությունը և (British Broadcasting Corporation) BBC-ն ուրախ են հաստատել, որ Եվրատեսիլ 2023 երգի մրցույթը կանցկացվի Միացյալ Թագավորությունում»,- նշված է միության կայքում։
Նաև նշվում է, որ Ուկրաինան, որպես Եվրատեսիլ 2022-ի հաղթող երկիր, հաջորդ տարի անմիջապես դուրս կգա մրցույթի եզրափակիչ։ Այժմ Մեծ Բրիտանիայում կսկսեն ընտրել այն քաղաքը, որը կհյուրընկալի միջոցառումը։
Հիշեցնենք, որ Իտալիայի Թուրին քաղաքում կայացած «Եվրատեսիլ 2022» մրցույթում հաղթել էր Ուկրաինան: Միացյալ Թագավորությունը զբաղեցրել էր երկրորդ տեղը: Համաձայն կանոնների՝ հաջորդ մրցույթը հյուրընկալելու իրավունք է ստանում այն երկիրը, որի ներկայացուցիչը զբաղեցրել է առաջին տեղը։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, ավելի վաղ EBU-ն վերջնական որոշում էր կայացրել՝ անվտանգության նկատառումներից ելնելով մրցույթն Ուկրաինայի տարածքից այլ երկիր տեղափոխելու վերաբերյալ։

Բրիտանական գաղութային զորքերի կողմից 1897 թվականին բռնագրավված պատմական արժեք ներկայացնող գրեթե 100 իրերը կարող են հայրենադարձվել Նիգերիայի խնդրանքով, հայտնում է BBC-ն։
Իրերը տարվել են Բենին քաղաքից եւ ներկայումս պահվում են օքսֆորդյան Փիթ Ռիվերսի եւ Աշմոլի թանգարանների հավաքածուներում։
Օքսֆորդի համալսարանի խորհուրդը որոշել է բավարարել Նիգերիայի թանգարանների հանձնաժողովի պահանջը։
Մինչ հաստատելը այն կվերանայվի բարեգործական հանձնաժողովի կողմից։
Հայտարարության մեջ համալսարանը հաստատել է, որ Փիթ Ռիվերսի թանգարանը Նիգերիայի թանգարանների եւ հուշարձանների ազգային հանձնաժողովից 97 առարկաների վերադարձի պահանջ է ստացել:
Սպասվում է, որ բարեգործական հանձնաժողովը հայցը կքննարկի մինչեւ աշուն։

Բրիտանացի նկարիչ Դեմիեն Հիրսթը հայտարարել է, որ կայրի իր հազարավոր նկարները Լոնդոնի պատկերասրահում՝ իր մեկամյա NFT նախագծի շրջանակներում, որը կոչվում է «Արժույթ» բարձրագոչ անունով, հայտնում է CNN-ը։
Սեպտեմբերի 9-ից Հիրսթի Newport Street Gallery մասնավոր թանգարանի այցելուները հնարավորություն կունենան դիտել յուղաներկով 10 000 նկարները, որոնք նկարիչը ստեղծել է 2016-ին, իսկ այնուհետեւ 2021-ին կապել համապատասխան NFT-երի:
Գնորդներին, որոնք գնել էին 10 000 NFT-երից մեկը՝ յուրաքանչյուրը 2000 դոլարով, առաջարկվել էր ընտրել՝ պահել այն, թե փոխանակել ֆիզիկական աշխատանքի հետ: Առաջին դեպքում նկարը կցուցադրվի նախքան այն այրելը։ Աշխատանքները պետք է ամեն օր ոչնչացվեն ցուցահանդեսի ընթացքում, որի գագաթնակետը կլինի հոկտեմբերին կայանալիք «Ֆրիզի շաբաթվա» վերջին իրադարձությունը, երբ կայրվեն մնացած նկարները: