Ռուսաստանը կորցրել է Ադրբեջանի վրա ազդելու լծակները. Իսկանդարյան
(last modified Wed, 02 Jul 2025 16:08:59 GMT )
Հուլիս 02, 2025 19:38 Asia/Tehran
  • Ռուսաստանը կորցրել է Ադրբեջանի վրա ազդելու լծակները. Իսկանդարյան

Ադրբեջանը բավական կոշտ է արձագանքում Մոսկվային, որովհետև կարող է թույլ դա իրեն։ NEWS.am-ի «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում նման տեսակետ է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ մեկնաբանելով ռուս-ադրբեջանական հարաբերություններում խորացող լարվածությունը։

«Ալիևը կարող է իրեն թույլ տալ այսպես խոսել Ռուսաստանի Դաշնության հետ։ Ինձ թվում է, որ մինչև Արցախյան պատերազմը, մինչև ուկրաինական պատերազմը, մինչև Արցախից հայերի տեղահանումը և մինչև ռուս խաղաղապահների հեռանալը ավելի դժվար էր։ Բաքվի ազատության աստիճանը բարձրացել է։ Ի դեպ Հայաստանինը նույնպես, բայց հակառակ պատճառով, քանի որ վերջինս պարտվել է և նրան անհրաժեշտ չէ այդքան շատ բան ստանալ Ռուսաստանից անվտանգության ոլորտում։

Ռուսաստանի համար Ադրբեջանն ու Հայաստանը «սիամական երկվորյակներ» էին։ Ադրբեջանի վրա ազդելու համար անհրաժեշտ էր Հայաստանը, իսկ Հայաստանի վրա ազդելու համար՝ Ադրբեջանը։ Դրա գործիքը Լեռնային Ղարաբաղն էր՝ որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որպես սուբյեկտ։ Այս գործիքը, սակայն, այլևս չկա։  Եթե Ռուսաստանի նպատակը մեր տարածաշրջանում լուրջ դերակատար մնալն էր, ապա 2020 և 2023 թվականներին արված քայլերը սխալ էր։ Հայաստանի և Ադրբեջանի վրա ազդեցության այս գործիքակազմի անհետացումից հետո բնական է, որ Ադրբեջանի գործողությունների ազատության աստիճանը կաճեր։ Այն, ինչը մենք հիմա տեսնում ենք Ադրբեջանում, դրա ցուցիչն է։ Ադրբեջանը ցանկանում է բարձրացնել նշաձողը, և իր խաղն է խաղում։ Նրանք բազմիցս ասել են, որ փոքր երկիր չեն, այլ միջին ուժ, ուստի փորձում են իրենց դիրքավորել որպես Հարավային Կովկասի հեգեմոն։ Եթե Եկատերինբուրգում տեղի ունեցածը լիներ 10 տարի առաջ, արձագանքը չէր լինի այնպիսին, ինչպիսին հիմա է։

Հարցին՝ արդյո՞ք ռուս-ադրբեջանական հարաբերություններում շատ ավելի լուրջ խնդիրներ կառաջանան, Իսկանդարյանը նկատել է. «Իսկ ինչպե՞ս պետք է հարաբերություններն ավելի վատանան։ Ռուսաստանը զորքեր չունի Ադրբեջանում, որ ինչ-որ քայլ անի։ Դիվանագիտական հարաբերություննե՞րն է խզելու՝ դժվար թե։ Սահմաննե՞րն է փակելու՝ դժվար, հատկապես, որ հարց է՝ հիմա բա՞ց են դրանք, թե ոչ։ Այդուհանդերձ, խնդիրն ինչ-որ կերպ կկարգավորվի, և որևէ աղետալի վիճակի չի հանգեցնի։

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանը սպանվեց, ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվեց, բայց, այդուհանդերձ, Ռուսաստանի ր Թուրքիայի միջև հարաբերությունները պահպանվում են, քանի որ իրադրությունը ստիպում է այս երկրներին մի կողմից միմյանց անվստահությամբ վերաբերվել, իսկ մյուս կողմից, երբ նրանք միմյանց կարիքն ունեն, համագործակցել։

Ինձ թվում է, որ և՛ Կրեմլը, և՛ Բաքուն գիտեն, թե ինչպես կարելի է անձնականը տարանջատել քաղաքականից։ Ռուսաստանի համար ակնհայտորեն ձեռնտու չէ կտրուկ փչացնել հարաբերությունները հետխորհրդային որևէ երկրի հետ ուկրաինական պատերազմի պայմաններում։ Միևնույն ժամանակ, մեր տարածաշրջանում ռուսական ազդեցության անկում է տեղի ունենում և ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր դա տեղի է ունենում շատ ավելի ակնառու կերպով։ Այս գործընթացը շարունակվում է, Ռուսաստանի ազդեցությունը հետխորհրդային տարածքում նվազում է», - նշեց քաղաքագետը։

news.am