Միրզոյանն ու Բայրամովը Նյու Յորքում քննարկել են խաղաղության օրակարգի առաջմղման քայլերը
https://parstoday.ir/hy/news/armenia-i237312-Միրզոյանն_ու_Բայրամովը_Նյու_Յորքում_քննարկել_են_խաղաղության_օրակարգի_առաջմղման_քայլերը
Նախարարները պայմանավորվել են շարունակել երկխոսությունն այս ուղղությամբ։
(last modified 2025-09-23T13:57:50+00:00 )
Սեպտեմբեր 23, 2025 17:27 Asia/Tehran
  • Միրզոյանն ու Բայրամովը Նյու Յորքում քննարկել են խաղաղության օրակարգի առաջմղման քայլերը

Նախարարները պայմանավորվել են շարունակել երկխոսությունն այս ուղղությամբ։

 Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ որ սեպտեմբերի 22-ին կայացած հանդիպման ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել խաղաղության օրակարգի առաջմղման հնարավոր քայլերի շուրջ՝ հենվելով օգոստոսի 8-ի Վաշինգտոնի Խաղաղության գագաթաժողովի արդյունքների վրա։
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները համաձայնել են շարունակել երկխոսությունը։
Նախորդ անգամ Միրզոյանն ու Բայրամովը հանդիպել են կրկին ԱՄՆ–ում, իսկ օգոստոսի 12–ին հեռախոսազրույց են ունեցել։
Հիշեցնենք`ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։