Ելք դեպի լույս 722
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Անքաբութ սուրահի 36 և 37-րդ այաներ
فَکَذَّبُوهُ فَأَخَذَتْهُمُ الرَّجْفَةُ فَأَصْبَحُوا فِی دَارِهِمْ جَاثِمِینَ
Մենք մադյանականների մոտ ուղարկեցինք իրենց եղբայր Հոթորին, որն ասաց նրանց. «Ո՛վ իմ եղբայրներ, պաշտե՛ք Աստծուն, հավատացե՛ք հարությանն ու երկրում ապականություն մի՛ արեք»:
Բայց նրանք (Հոթորին) ստախոս հռչակեցին: Երկրաշարժը նրանց կորստյան մատնեց, ու հաջորդ առավոտ իրենց տներում հայտնվեցին երեսնիվայր պառկած:
Նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձանք Ղովտի ցեղին: Այս այաները խոսում են Շոայբի առաքելության մասին: Այս մարգարեն, ինչպես նաև նախորդները, մարդկանց հրավիրում էր պաշտել Աստծուն և հավատալ հանդերձյալ կյանքին: Նա ասում էր, որ անհավատությունը պատճառ կդառնա, որ մարդկանց շրջանում տարածվեն անբարոյականությունը, անարդարությունն ու չարիքը: Սակայն մարդիկ չհավատացին Շոայբին, անտեսելով նրա քարզները:
Ղուրանն ասում է, որ արդյունքում, այդ ժողովուրդն արժանացավ Աստծու պատժին և երկրաշարժի հետևանքով ոչնչացավ։
Այս այաներից սովորում ենք․
1. Յուրաքանչյուր մարգարեի քարոզներում ամենակարևորը միաստվածությանը հավատալն է։
2. Մարգարեների վերաբերմունքը մարդկանց նկատմամբ, եղել է սրտացավ և ոչ թե գոռոզամիտ։
3 Մարդը կարող է մեղք գործել: Սակայն եթե մեղքը շարունակվի գիտակցաբար, Աստծու պատիժը չի ուշանա։
Անքաբութ սուրահի 38-րդ այա
Մենք բնաջնջեցինք Ադ ու Սամուդ գերդաստաններին. նրանց (ավերված) կացարանները վկան են (մեր վրեժխնդրության): Սատանան նրանց աչքին մոլորությունը գեղեցիկ էր ցույց տալիս և նրանց հեռացրեց ուղիղ ճանապարհից, չնայած որ տեսնում էին:
Այս այան խոսում է Ադի և Սամուդ ցեղերի մասին, որոնք ունեցան Հուդի և Սալեհի նման մարգարեներ: Այս երկու ցեղերի մասին էլ Ղուրանում խոսվում է: Նրանք նույնպես ժխտեցին իրենց մարգարեներին ու գիտակցաբար հրաժարվեցին նրա պատվիրաններից: Ղուրանն ասում է, որ այս ցեղերի մարդիկ նույնպես արժանացան Աստծու պատժին և Մեքքայի հյուսիսում գտնվող նրանց քաղաքները քանդվեցին, սակայն մարդիկ էլի դաս չքաղեցին: Այան շարունակում է, նշելով, որ չնայած մարդիկ ունեն մտածելու կարողություն և մարգարները նրանց ցույց են տալիս ճիշտ ճանապարհը, միևնույն է նրանք մոլորվում են, ինչն էլ դժբախտ ավարտ է ունենում։
Այս այայից սովորում ենք․
1. Պատմական կոթողները յուրաքանչյուր ժողովրդի համար կարող են դաս լինել։
2. Այն, ինչ մարդն ըստ իր բանականության սխալ է համարում, սատանան փորձում է գեղեցիկ ցույց տալ: Օրինակ, սատանան այնպես է անում, որ մարդը գոռոզամտությունը և ուրիշների նկատմամբ բռնության գործադրումը համարի հաճելի և շարունակի նման արարքներ կատարել։
Անքաբութ սուրահի 39 և 40-րդ այաներ
Ղարունին, փարավոնին և Համանին (անհետացրինք աշխարհի երեսից): Մովսեսը հրաշքներ գործեց նրանց աչքի առաջ: Նրանք գոռոզացան, բայց չկարողացան Աստծուց առաջ անցնել:
Բոլորն էլ արժանացան մեր վրեժխնդրությանը: Նրանցից ոմանց (գլխին) քարե փոթորիկ տեղացինք, մյուսներն անհետացան (սահմռկեցուցիչ) գոռոցի տակ: Ոմանց հողի տակ մխրճեցինք, իսկ ոմանց խորտակեցինք: Աստված երբեք անարդար չի պատժում: Իրենք են նախապատրաստում իրենց կորուստը:
Այս այաներն անդրադառնում են Ղարունին, փարավոնին ու Համանին: Ղարունն իր հարստության պատճառով գոռոզամիտ դարձավ, իսկ փարավոնին գոռոզացրեց իր թագավորությունը, ինչի պատճառով նա անհավատ դարձավ: Համանը փարավոնի օգնականն էր իր հանցագործություններում: Մովսեսն այս երեքին էլ ցույց տվեց ճիշտ ճանապարհը, սակայն նրանք չհավատացին ճշմարտությանն ու չհրաժարվեցին իրենց սխալ արարքներից: Նրանք կանգնեցին Մովսեսի դեմ ու փորձեցին ոչնչացնել նրան, քանի որ կարծում էին, թե կարող են դեմ կանգնել Աստծու կամքին: Սակայն Աստծու կամքով, Ղարունը հողի տակ անցավ, իսկ փարավոնն ու Համանը խեղդվեցին ջրում: Այնուհետև այաներն անդրադառնում են աստվածային պատիժներին: Օրինակ Ադ ցեղը ոչնչացավ յոթ գիշեր ու ցերեկ տևած փոթորկից, իսկ Համուդ ցեղը՝ երկրաշարժից: Եվ ոմանք խեղդվեցին ջրում։
Այս այաներից սովորում ենք․
1. Գոռոզամտության վերջը ոչնչացումն է և ոչ ուժը և ոչ էլ հարստությունը մարդուն չեն կարող փրկել։
2 .Աստված ամենակարող է, սակայն ոմանք թյուրիմացաբար կարծում են, թե կարող են կանգնել Աստծու կամքի դեմ։
3. Աստծու պատիժը միօրինակ չէ: Աստված չարագործներին պատժում է այնպես, ինչպես կամենա։
4. Ամեն մարդ ինքն է որոշում,թե ինչպիսին է լինելու իր ճակատագիրը։