Հոկտեմբեր 22, 2022 13:49 Asia/Yerevan

Ողջույն, հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Յոթ օրանգ» հաղորդաշարի հերթական զրույցը: Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք Իրանի բալուչական երաժշտության մասին և ծանոթացանք այս շրջանի երաժշտական ​​գործիքներից մի քանիսին: Մնացեք մեզ հետ՝ ծանոթանալու բալուչական երաժշտության տարբեր տեսակներին:

Հաղորդման սկզբում առաջարկում ենք ունկնդրել Մաշալլահ Բամերիի կատարմամբ «Սալավաթ Մոհամմեդին» երգից մի հատված:

Երաժշտությունն անջատված չէ մարդկանց մշակույթից ու ինքնությունից և ցանցի պես միահյուսված է ու անբաժան։ Բալուչական երաժշտությունը հարուստ է և բեղմնավոր, ինչպես բալուչական մշակույթը:

Այս էթնիկ խմբերի երաժշտությունը, ինչպես իրենց մշակույթը, ճոխ է, և այս ճոխությունը կարող եք լսել բալուչ երգիչների երգերում: Երգեր, որոնք ունկնդիրներին մատուցվում են շռայլորեն: Բալուչական երաժշտության ժամանակակից ականավոր երաժիշտներից կարելի է հիշել՝ Փիրբախշ Սահեբդադին, Ֆայզ Մոհամմադ Բալուչին, Դին Մոհամմադ Զանգշահին և Իբրահիմ Ասկանիին։

Բալուչական երաժշտությունն իր գոյության ընթացքում հետևել է որոշ հիմնական գծերի՝ հիմնված արտահայտման և կատարման որակի վրա: Դրանցից կարելի է նշել «սոուտ» ոճը։ Սոուտ ոճն ընդգրկում է ուրախ և ոգևորող երաժշտություններ, որոնք ուղեկցվում են  երգով։

Սոուտի երգերն ավելի շատ սիրային հասկացությունների ու բնության գեղեցկության մասին են, ու դրանցում զգացվում է կյանքի կենսունակությունն ու երիտասարդությունը։ Այս տեսակի երգերը սովորաբար երգում են տղամարդիկ, իսկ մի խումբ կանայք նույնպես կրկնում են վերջին հատվածը։ Սոուտ երաժշտությունը հնչում է մի քանի գործիքներով, և այդ գործիքներից անպայման հնչում է «Ղայչակի» ձայնը։ Սոուտ երաժշտության մեջ շատ բազմազանություն չկա, և սովորաբար ձևը պարբերաբար կրկնվում է և միապաղաղ է: Սոուտ երաժշտությամբ ուղեկցվող երգը, ի տարբերություն իր երաժշտության, բազմազան է, և նրա հասկացությունները իմաստալից են: Ուստի կարելի է ասել, որ Սոուտում երգն ավելի կարևոր է, քան երաժշտությունը, և այն ավելի արդյունավետ դեր է խաղում հոգևոր կարիքների և ռոմանտիկ զգացմունքների արտահայտման հարցում:

Բալուչական երաժշտության գործիքների մեծ մասը, այդ թվում՝ լարային, հարվածային և փողային գործիքներն օգտագործվում են «Սոուտ» երաժշտության մեջ։ Այդ գործիքներն են՝ Սարուդ, Բանջո, Ռուբաբ, Թանբիրագ, Դոնալի, Նել, Դեհլակ, Կոզագ և Քենջրի:

Այժմ հրավիրում ենք ունկնդրել մի հատված «Նազ Հասան Վալա» երգից՝ Քամբիզ Սալեհ Զեհիի կատարմամբ:

Դուք լսեցիք մի հատված «Նազ Հասան Վալա» երգից՝ Քամբիզ Սալեհ Զեհիի կատարմամբ:

Բալուչական երաժշտության մեկ այլ տեսակ է «էպիկական կամ բանաստեղծական» երաժշտությունը։ Այս երաժշտությունը հայտնի է նաև այլ անուններով, ինչպես օրինակ՝ «Շրաունդի», իրականում բանաստեղծական երաժշտությունը ​​Բալուչեստանի երաժշտության բաբախող սիրտն է։ Բանաստեղծությունները, որոնք ընթերցվում են այս երաժշտության ընթացքում և նվագակցությունը բալուչական երաժշտության և մշակույթի անձնագիրն են։ Բանաստեղծական երաժշտության կարևորության գլխավոր պատճառներից մեկն այն է, որ նրա բառերի թեմաներն ու բովանդակությունը շատ լայն են: Այս տեսակի երաժշտության մեջ կարելի է լսել էպիկական, ռոմանտիկ, կրոնական, էթնիկական, պատերազմական, կրթական և այլն պատմություններ։ Հանրաճանաչ սիրային պատմություններից կարող ենք հիշել Հանին և Շեհ Մուրիդը, Շահդադը, Մահնազը, Քիան և Սադուն, էպիկական պատմություններից են՝ Միրղանբարը, Համալ Ջեհանդ Շիրը, իսկ կրոնական պատմություններից՝ կարելի է նշել մարգարեի հրաշքները:

Հետաքրքիր է իմանալ, որ բանաստեղծական երաժշտության մեջ օգտագործվում է ընդամենը  «Սորուդ» և «Թանբիրագ» երկու գործիքները։ Այս երաժշտության մեջ երգչին անվանում են «բանաստեղծ» և նրան սովորաբար դիմում են մոլլա կամ փահլևան կոչումով։ Բանաստեղծն ինքը կարող է լինել սորուդի և թանբիրագի կատարող։ Երաժշտության այս տեսակի հայտնի երգիչներից են՝ փահլևան Բոլանդը, փահլևան Դադինը, փահլևան Բարքաթը, որոնք և՛ սորուդ են նվագել, և՛ բանաստեղծներ են եղել, կամ Մոլաքմալ խանի, Մոլաղոլամ Ղադիր Ռահմանիի, Մոլաղադերբախշի, Մոլա Մուսայի և Լալ Բախշ Փեյքի նման թանբիրագ են նվագել և եղել են ժամանակակից լավագույն բանաստեղծներ:

Երաժշտությունը սկսվում է զահիրուգով, որը բալուչական երաժշտության տեսակ է, և որից հետո  հնչում է ռիթմիկ երգ, իսկ մի քանի րոպե հետո բարձրանում է և՛ գործիքների մեղեդին, և՛ երգերի տեմպը։ Երաժշտության այս ոճի պոեզիան կարող է տևել մինչև մի քանի ժամ և նույնիսկ չավարտվել առաջին գիշերը, և բանաստեղծության շարունակությունը տեղափոխել հաջորդ օրը։

Առաջարկում ենք ունկնդրել բանաստեղծական երաժշտություն «Մարգարեական բանաստեղծություն» անունով:

Դուք լսեցիք «Մարգարեական բանաստեղծություն» երաժշտությունը,հուսանք այն ձեզ դուր եկավ։ 

Բալուչական երաժշտության այլ տեսակներից կարելի է նշել «Նաաթը և Ղազալը», որը Բալուչեստանի միստիկ երաժշտությունն է։ Այս երաժշտության հիմնական գործիքներն են «ռաբաբը» և «թանբիրագը», որոնք օգտագործվում են մինչև այսօր։ Այս երաժշտության մեջ օգտագործված են Ռումիի, Հաֆեզի, Ջամիի, Խոսրո Դեհլավիի, Շեյխ Ուսման Մարվանդիի միստիկական բանաստեղծությունները և տեղացի միստիկների ու բանաստեղծների բանաստեղծությունները։ Երաժշտության այս տեսակը կատարվում է հատուկ օրերին, ինչպիսին է իմամների ծնունդը: Հատկապես Շաբանի կեսերին՝ Հազրաթ Մահդիի ծննդյան օրը:

Ներկայացնում ենք միստիկական գազել Ղադեր Բախշի և Քարիմ Բախշ Նուրիի կատարմամբ:

Բարեկամներ ավարտվեց այս հաղորդմանը հատկացված եթերաժամը: Հույս ունենք  ձեր հավանությանն արժանացած կլինի: Հաջորդ հաղորդման ընթացքում կշարունակենք բալուչական երաժշտության մասին զրույցը: