Ելք դեպի լույս 745
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ,ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Լողման սուրահի 14-րդ այա
Մենք մարդուն պատվիրեցինք, որ կատարի իր ծնողների հանդեպ նվիրական պարտականությունները: (Երբ) մայրը նրանով հղիացավ, օրեցօր տկարանում էր, իսկ երկու տարին լրանալով` իր կաթից կտրեց, և (նրան) պատվիրեցինք. «Երախտապարտ եղիր Ինձ ու քո ծնողներին: Ես ամեն բանի վախճանն եմ»:
Նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձանք իր որդիներին ուղղված Լողմանի խրատներին, որոնցով նա իր որդիներին կոչ էր անում հեռու մնալ կռապաշտությունից: Այս այան երեխաներին հորդորում է հարգել ծնողներին ու կարևորում է ծնողների դերը երեխաների դաստիարակության հարցում: Այան ասում է. «Աստված երեխաներին ստեղծում է ծնողների միջոցով»: Այան անդրադառնում է հատկապես մոր քաշած նեղությանը՝ սկսած երեխայի ծնվելուց մինչև մեծանալը: Այան երեխաներին հորդորում է ուշադիր լինել իրենց մայրերին և Աստծու բարիքները փառաբանելուն զուգահեռ, շնորհակալ լինել ծնողներ ունենալու համար և բնարձր գնահատել նրանց արածը։
Այս այայից սովորում ենք․
1. Ծնողներին հարգելը միշտ անհրաժեշտ է: Երեխաները, նույնիկ եթե իրենց ծնողներն անհավատ են, պետք է բարի լինեն նրանց նկատմամբ։
2. Իսլամական մշակույթում մայրը կարևոր դիրք է զբաղեցնում, քանի որ մայրն ավելի մեծ նեղություն է քաշում երեխաների համար:
3. Ծնողներից առաջ պետք է Աստծուն գնահատել։ Ծնողների նկատմամբ ուշադրությունը և հարգանքը չպետք է պատճառ դառնան, որ մարդը մոռանա Աստծուն, որ ամեն ինչի արարիչն է։
Լողման սուրահի 15-րդ այա
Եթե ծնողներդ քեզ ստիպեն Ինձ հավասար դասել մի բան, որի մասին գաղափար չունես, մի հնազանդվիր նրանց: Այս աշխարհում, սակայն, նրանց նկատմամբ պարկեշտ եղիր: Հետևիր նրա ճանապարհին, ով ապաշխարելով դեպի Ինձ է վերադառնում: Մի օր բոլորդ կանգնելու եք Իմ դատաստանի առաջ, և Ես ձեզ ցույց եմ տալու ձեր արարքները»:
Այս այան երեխաներին զգուշացնում է, որ հարգանքը ծնողների նկատմամբ ու կապվածությունը, չպետք է պատճառ դառնան, որ երեխան չունենա մտավոր անկախություն և առանց մտածելու, ելնելով հարգանքից, ընդունի այն ինչ ասում են ծնողները: Հավանական է, որ շատ ծնողներ ունենան սխալ գաղափարներ և դրանք փոխանցեն իրենց երեխաներին: Սակայն Աստված, որ Արարիչ է, թույլ չի տալիս, որ երեխան, ընտանեկան կապերի պատճառով, ընդունի ծնողների սխալ գաղափարները, ինչքան էլ որ նրանք անհանգստանան կամ երեխային հեռացնեն իրենցից:
Այնուհետև այան ասում է. Եթե ծնողները անհավատ ու կռապաշտ եղան, նրանց նկատմամբ պետք է ճիշտ վերաբերմունք ցուցաբերել: Երեխան չպետք է խզի կապն իր ծնողների հետ, նրանց նկատմամբ պետք է հարգալից լինի ու երբեք որևէ կոպիտ արարք թույլ չտա։
Այս այայից սովորում ենք․
1. Ծնողների ցանկությունների նկատմամբ հարգանքը մինչև այն ժամանակ է ճիշտ, քանի դեռ այն չի հակասում Աստծու ցանկություններին։
2. Նախնիների սովորությունները որպես ազգային արժեք մինչև այն ժամանակ են կարևոր, քանի դեռ չեն հակասում կրոնական ուսմունքներին: Հակառակ դեպքում, դա համարվում է կույր հնազանդություն։
3. Իսլամի տեսակետից, ոչ մուսուլմանների հետ խաղաղ համակեցությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ նրանց միջև առկա է հարգանք և չկա պարտադրանք։
Լողման սուրահի 16-րդ այա
Որդի՛ս, եթե ժայռի ծերպերում, երկինքներում կամ երկրի վրա անգամ մանանեխի հատիկի չափ մի բան թաքնված լինի, Աստված այն ցույց կտա, որովհետև Նրա տեսողությունից ոչինչ չի խուսափի:
Ընդհանրապես, երբ մարդը բարի գործ է անում, պատահում է նաև, որ անի փոքրիկ սխալներ, որոնց շարունակական լինելը կարող է բացասաբար ազդել մարդու կյանքի վրա: Այս այան, անդրադառնալով Լողմանի խրատներին, նրա անունից ասում է. «Որդիս, քո արարքը մեծ լինի թե՝ փոքր, բացահայտ թե գաղտնի, Աստծու համար տարբերություն չկա: Նույնիսկ ամենափոքր գաղտնի գործերն Աստծու համար տեսանելի են: Եվ հենց այդ գործի համար, հնարավոր է որ Աստված հանդերձյալ կյանքում քեզ պատժի կամ վարձատրի»։
Այս այայից սովորում ենք․
1. Ծնողները պետք է երեխաների հետ խոսեն դատաստանի օրվա և լավ ու վատ արարքների մասին։
2. Աստված տեղյակ է մեր բոլոր արարքներից, փոքր կամ մեծ: Երբ մարդը հավատում է դատաստանի օրվան, ավելի զգուշավոր է դառնում իր արարքների մեջ։
3. Մարդու արարքների հետևանքները մինչև մահ իր հետ են։