Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (99)
Բարեկամներ մեր այսօրվա հաղորդման ընթացքում ձեզ կծանոթացնենք Սեյեդ Ռուհոլլահ Միրաքի և Քյամալեդդին Բեհզադի հետ:
Ողջույն թանկագին բարեկամներ: Նախորդ հաղորդման ժամանակ ձեզ հետ զրուցեցինք լուսնային հիջրեթի 9-րդ դարի հայտնի բանաստեղծ, մտավորական, գրականագետ, գրող ու քաղաքական գործիչ Ամիր Ալիշիր Նավայիի մասին: Նա համաշխարհային ճանաչում ձեռք բերած գործիչ է, ով տարբեր բնագավառներում արժեքավոր ու հիշարժան ծառայություններ է մատուցել:
Ասացինք, որ Թեյմուրյանների իշխանության շրջանը Իրանում իշխանական տոհմերի տիրապետության ամենափառավոր շրջաններից է և նկատի առնելով մշակույթի ու արվեստի հանդեպ այս հարստության ցուցաբերած հովանավորությունը Իրանի մշակույթի ու քաղաքակրթության մեջ ձևավորվել է փայլուն մի շրջան: Իշխանական դիրքերում մշակութային էլիտայի ներկայությունն այս ժամանակաշրջանի գլխավոր յուրահատկություններից է: Այս շրջանի ականավոր դեմքերից է Սոլթան Հոսեյն Բայղորայի գիտնական ու արվեստասեր նախարար Ամիր Նեզամեդդին Ալիշիր Նավային: Նա ծնվել է լուսնային հիջրեթի 844 թվականի ռամազան ամսվա 17-ին՝ 1441 թվականի փետրվարի 9-ին Հարաթում, գիտությամբ հետաքրքրված մի ընտանիքում: Ուսման տարբեր փուլերն անց կացնելով Սոլթան Հոսեյն Բայղորայի իշխանության շրջանում ավագ դիվանապետի պաշտոնին է նշանակվում ու արժեքավոր ծառայություններ է մատուցում ժողովրդին: Այդ օրերին արվեստի գործիչները տարբեր քաղաքներից մեկնում էին Սոլթան Հոսեյն Բայղորայի արքունիքն ու վայելում էին Ամիրի հովանավորությունը՝ հարստացնելով Իրանի արվեստի ու գրականության գանձարանը: Մի առ ժամանակ անց պալատականների նախանձի ու թշնամությունների պատճառով Ամիր Ալիշիր Նավային հրաժարվում է նախարարի պաշտոնից և Սոլթան Հոսեյն Բայղորայի հրամանով երկու տարի վարում է Ասթարաբադի նահանգի կառավարչի պաշտոնը և լուսնային հիջրեթի 906 թվականին վախճանվում է այդտեղ: Ասացինք, որ Ամիր Ալիշիր Նավային Թեյմուրյանների շրջանում արվեստի հովանավորներից է եղել ու այս բնագավառում արժեքավոր ծառայություններ է մատուցել: Նա իր ամբողջ ջանքն ի գործ է դրել Իրանում մշակույթն ու արվեստը տարածելու և իրանցի արվեստագետներին հովանավորելու ուղղությամբ:
Թեյմուրյանների շրջանի արվեստի պատմության մեջ նրա նշանակությունն այն աստիճանի է, որ կարելի է ասել, որ եթե Թեյմուրյանների ամբողջ շրջանում որևէ մեկն արվեստի հանդեպ ուշադրություն ցուցաբերած չլիներ միայն նրա ներկայությունը բավարար կլիներ այդ ժամանակաշրջանն Իրանի արվեստի պատմության փայլուն էջը համարելու համար: Արվեստի ու արվեստագետների հանդեպ Ամիր Ալիշիրի անհոգնում հոգատարությունը նրան եզակի դեմք է դարձրել:
Իրանցի այս մտավորական նախարարի մշակութային կարևոր քայլերից մեկը եղել է արվեստագետներին հովանավորելը: Ամիր Ալիշիրն գագաթնակետին է հասցնում Հարաթի գրական ու գեղարվեստական դպրոցը և այդ քաղաքը վերածում է արվեստի, գրականության, երաժշտության, գեղանկարչության, գեղագրության ու ոսկեպատման կենտրոնի: Նրա հովանավորությունների շնորհիվ շատ արվեստագետներ, գրողներ, ճարտարապետներ, երաժիշտներ, նկարիչներն ու գեղագիրներ աճելու ու զարգանալու հնարավորություն են ստանում:
Ամիր Ալիշիր Նավային գեղանկարչության մեծ հովանավորներից էր և նրա հոգատարության շնորհիվ գեղանկարչության ու գրքերի ծաղկման բազմաթիվ արվեստանոցներ բացվեցին: Նրա հովանավորությամբ ու որոշ արվեստագետների ջանքերի շնորհիվ այդ արվեստները ծաղկում ապրեցին:
Սեյեդ Ռուհոլլահ Միրաքն առաջին գեղանկարիչներից էր, ով արժանացավ Ամիր Ալիշիրի հոգատար վերաբերմունքին: Նա գլխավորում էր Սոլթան Հոսեյնի գրադարանն ու պալատական արվեստանոցը: Միրաքը գեղանկարչության ու ոսկեզարդման բնագավառում իր եզակի վարպետ լինելուց բացի նաև քարե արձանագրությունների ստեղծման յուրահատուկ արվեստով էր օժտված և այդ թվականներին կառուցված Հարաթի շինություններից շատերում տեղադրված են նրա միջոցով ստեղծված քարե արձանագրությունները:
Քարե արձանագրություններ ստեղծելու Միրաքի արվեստի և այդ բնագավառում Ամիր Ալիշիր հետ կապերի մասին «Մաքարեմ-ալ-ախլաղ» գրքում նշված է. «Լուսնային հիջրեթի 904 թվականին Ամիր Ալիշիրը հրահանգում է վերանորոգել Հարաթի մզկիթի զարդարանքները և դրա քարե արձանագրության պատրաստումը հանձնում են Միրաքին: Միրաքը սակայն աշխատանքը ձգձգում է ու սպասման մեջ է պահում սալիկները տաշողներին: Երբ աշխատանքի ձգձգումը արդեն ընդունելի սահմանները հատում է, Ամիր Ալիշիրը հնարք է խորհում և նրան պարտադրում է 15 օրվա ընթացքում ավարտել աշխատանքը»: Սա անշուշտ վկայում է աշխատանքը ժամանակին ավարտելու հանդեպ Ամիր Ալիշիրի բծախնդրության մասին, որ նույնիսկ Միրաքի նման հայտնի գեղանկարչին պարտադրում է արագացնել աշխատանքը:
Գեղանկարիչներից մեկը, որի արվեստը ծաղկեց Ամիր Ալիշիր Նավայիի շրջանում Քյամալեդդին Բեհզադն է: Քյամալեդդին Բեհզադը լուսնային 9-րդ դարի, ինչպես նաև Իրանի գեղանկարչության պատմության հանրահայտ դեմքերից է: Սոլթան Հոսեյն Բայղորայի արքունիքում գեղանկարչության արվեստի ծաղկումը մեծ մասամբ վերադառնում է Բեհզադին, իսկ Բեհզադն էլ իր հերթին իր վայելած հռչակը պարտական է Ամիր Ալիշիրին: Այս լուսամիտ իշխանի ուշադրությունն ու հոգատարությունը պատճառ դարձան, որ Բեհզադն առավելագույն օգուտը քաղի Հարաթի գեղարվեստական միջավայրից: Նա օգտվեց Ամիրի ու Սոլթան Հոսեյն Բայղորայի հարուստ գրադարաններից և կարողացավ նոր հոսանք առաջացնել Իրանի գեղանկարչության մեջ: Ամիր Ալիշիրը Քյամալեդդին Բեհզադի նյութական ու հոգևոր հովանավորն էր:
Քյամալեդդին Բեհզադը ծնվել է լուսնային 854-ից 864 թվականներին Հարաթում: Իհարկե նրա ծննդյան թվականի մասին տարբեր վկայություններ են պահպանվել: Նա մանուկ հասակում կորցնում է ծնողներին և նրա խնամակալությունը հանձն է առնում Միրաք անունով հայտնի Ամիր Ռուհոլլահը, որը մեծ նկարիչ էր:
Այդ օրերին Միրաքը զբաղված էր գրադարանապետի աշխատանքով և Սոլթան Հոսեյն Բայղորայի գրադարանի ու արվեստանոցի պատասխանատուն էր: Այդ պատճառով էլ Բեհզադը մանկուց ծանոթանում է գեղանկարչության արվեստին և մուտք է գործում արվեստանոց: Բեհզադն իր գեղարվեստական աշխատանքն սկսում է Հարաթում ու ծանոթանում է հանրահայտ դեմքերի հետ: Գեղանկարչության բնագավառում նրա գլխավոր հովանավորն ու խրախուսողը եղել է Ամիր Ալիշիրը, ով հայտնաբերելով Բեհզադի տաղանդը նրան ներկայացնում է Սուլթանին և առնում է իր հովանավորության ներքո:
Ամիր Ալիշիրն ինքն էլ գեղանկարչության բնագավառում ճաշակ ուներ ու զբաղվում էր այդ արվեստով: Խաունդ Միրը դա հաստատելով իր գրքում ակնարկել է, որ Ամիրը ոսկեզարդման ու գեղանկարչության արվեստներում վարպետ ու մասնագետ է եղել և ժամանակի շատ նկարիչներ ու ճարտարապետներ նրա դաստիարակության շնորհիվ տիրապետել են այդ արվեստին:
Միրաքից բացի գեղանկարչության բնագավառում Բեհզադի ուսուցիչներից է եղել Սեյեդ Ահմեդ Թաբրիզին, ով գլխավոր դերակատարություն է ունեցել Բեհզադի արվեստի ծաղկման հարցում: Բեհզադը բարձր դիրք է զբաղեցրել Սոլթան Հոսեյն Բայղորայի ու Ամիր Ալիշիրի արքունիքում:
Ամիր Ալիշիրը շարունակ արվեստագետների ու գիտնականների ներկայությամբ հավաքներ է կազմակերպել, որտեղ քննարկվել են գեղարվեստական ստեղծագործությունները: Այս հավաքներից մեկի ժամանակ Բեհզադը ծաղիկներով ու ծառերով, հավքերով ու աղբյուրներով զարդարված պաստառ է բերում ու դա նվիրում է Ամիրին: Ամիր Ալիշիրը ներկաներից կարծիք է հարցնում ու բոլոր ներկաները ովքեր արվեստի մասնագետներ էին հաստատում են, թե Բեհզադի ստեղծագործության մեջ կենդանություն ու կյանք կա:
Ամիր Ալիշիրը մեծ ներդրում է ունեցել Հարաթի դպրոցի ծաղկման ու զարգացման ուղղությամբ: Տարբեր գեղարվեստագետներ ու արվեստի վարպետներ Ամիր Ալիշիրին հանդիպելու և նրա հովանավորությունը վայելելու համար մեկնում են Հարաթ ու զբաղվում են գեղարվեստական ստեղծագործությամբ: Շահ Մոզաֆարը, Ղասեմ Ալի Չեհրեգոշան, Հաջի Մոհամմեդ Նաղաշը, Մոլա Յարի Մոզահեբը և Մոլա Դարվիշ Մոհամմեդը Ամիր Ալիշիր Նավայիի հովանավորության ներքո աճած արվեստագետներից են: