Մոսկվան նախազգուշացրել է Երևանին գազի համաձայնագրի հնարավոր խզման մասին. «Կոմերսանտ»
https://parstoday.ir/hy/news/armenia-i245860-Մոսկվան_նախազգուշացրել_է_Երևանին_գազի_համաձայնագրի_հնարավոր_խզման_մասին._Կոմերսանտ
ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը նամակ է հղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը` նախազգուշացնելով գազի համաձայնագրի միակողմանի խզման հնարավորության մասին։ Գրել է «Կոմերսանտը»։
(last modified 2026-05-27T05:55:17+00:00 )
Մայիս 27, 2026 09:07 Asia/Tehran
  • Մոսկվան նախազգուշացրել է Երևանին գազի համաձայնագրի հնարավոր խզման մասին. «Կոմերսանտ»

ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը նամակ է հղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը` նախազգուշացնելով գազի համաձայնագրի միակողմանի խզման հնարավորության մասին։ Գրել է «Կոմերսանտը»։

Նամակում, մասնավորապես, ասված է, որ ՌԴ–ն կարող է միակողմանի կասեցնել կամ չեղյալ հայտարարել Հայաստան բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 2013 թվականի դեկտեմբերին, եթե պաշտոնական Երևանը շարունակի ԵՄ–ին անդամակցելու գործընթացը:

«Եվրոպական միության հետ Հայաստանի փոխգործակցության խորացմանն ուղղված շարունակական գործնական քայլերը և ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի կառավարության հռչակած ձգտումը վտանգում են հայ–ռուսական առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հիմնարար բարձր մակարդակի պահպանումն ու զարգացումը, որի հիմքերից են երկկողմ միջազգային պայմանագրերը»,– ասված է նամակում:

Ցիվիլևը գրել է, որ ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի փորձերը չեն համապատասխանում տասնամյակների ընթացքում երկու երկրների միջև հարգանքի, փոխշահավետության հիման վրա կառուցված գործընկերության բնույթին և ՌԴ–ի կողմից բազմիցս ձեռնարկված գործողություններին՝ ուղղված Հայաստանի կարևորագույն կարիքները արտոնյալ հիմունքներով ապահովելուն:

2013 թվականի համաձայնագրով Ռուսաստանն անժամկետ չեղարկել է Հայաստան նավթամթերքի, գազի և ադամանդի մատակարարման արտահանման մաքսատուրքերը։ Սա հերթական քայլն էր ԵԱՏՄ–ին երկրի անդամակցության ճանապարհին:

Ըստ համաձայնագրի՝ Մոսկվան Երևանին նավթամթերք և գազ է մատակարարում ներքին սպառման ծավալներով, որոնք հաստատված են ինդիկատիվ հաշվեկշիռներով։  Ընդ որում՝ արգելվում է վերաարտահանումը երրորդ երկրներ։  Փաստաթղթով նաև սահմանվում է, որ համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ շարունակում են գործել Հայաստանի պարտավորությունները Ռուսաստանին փոխհատուցումներ վճարելու կամ չվճարված գումարները` որպես ՌԴ–ի պետական պարտք ճանաչելու վերաբերյալ՝ մինչև դրանց ամբողջական կատարումը:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Երևանի կայացրած որոշումները` Եվրամիությանը հնարավոր անդամակցության և, որպես հետևանք, Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության անհնարինության համատեքստում, մտահոգություն են առաջացնում ԵԱՏՄ երկրների համար: