Օգոստոս 15, 2016 19:53 Asia/Yerevan

Ողջունում ենք ձեզ հարգելի ունկընդիրներ: Ներկայացնում ենք «Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը» խորագրով հաղորդաշարի հերթական զրույցը: Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք շրջակա միջավայրի փրկության լուծումներից մեկը համարվող սպառման մոդելի բարեփոխման մասին: Փորձագետների կարծիքով, թափոնների վերականգնումը այն լուծումներից է, որը ևս կարող է նպաստել շրջակա միջավայրի պահպանությանը, որի մասին խոսելու ենք այսօրվա հաղորդման ընթացքում: Հրավիրում ենք ձեզ ունկընդրելու այս հաղորդումը:

Այսօր թափոնների վերականգնման նկատմամբ ուշադրությունը շրջակա միջավայրի կառավարման ոլորտում գլխավոր հանգամանքներից է: Վերականգնումը նշանակում է օգտագործված նյութերի վերածումը նոր նյութերի ու արտադրանքների՝ օգտակար նյութերի վատնումը կանխելու, հումքային նյութերի և էներգակիրների օգտագործումը նվազեցնելու, տարբեր նյութերի այրումից առաջացած օդի աղտոտումը և հողում թաղված թափոններից առաջացած աղտոտումը նվազեցնելու նպատակով: Այս կերպ ասած վերականգնումը կանխում է օգտակար ռեսուրսների և ազգային կապիտալի վատնումը և նվազեցնում է հումքային նյութերի ու էներգակիրների օգտագործումը: Այսպիսով նվազում է նաև ջերմոցային գազերի արտադրումը: Հետևաբար վերականգնումը կարևոր հասկացություն և վերաբերմունք է թափոնների կառավարման հարցում:

Թեև վերականգնման ենթակա են այն բոլոր նյութերը, որոնք դեն են նետվում աղբի տեսքով, այնուամենայնիվ դրանց բոլորի վերականգնումը տնտեսապես ձեռնտու չէ: Այդ իսկ պատճառով վերականգնվում է ընդամենը դրանց մի մասը: Թուղթը այն հիմնական նյութերից է, որն այսօր ուշադրության է արժանանում թափոնների կառավարման և վերականգնման ոլորտում: Թղթի պատրաստման հումքը ապահովվում է անտառների հազվագյուտ ծառերից: Ամեն մի տոննա թղթի արտադրման համար անհրաժեշտ է 2 տոննա փայտ, իսկ փայտից մեկ տոննա սպիտակ թղթի խմոր արտադրելու համար՝ 6 խորանարդ մետր անտառային փայտ: Հետևաբար, անտառների ոչնչացումը կանխման ճանապարհներից է՝ այն նյութերի վերականգնումն ու կրկնակի օգտագործումը, որոնց նախնական ու հումքային նյութը ձեռք է բերվում անտառներից, ինչը բնապահպանական ասպեկտից բացի, ներառում է նաև խնդրի տնտեսական կողմը: 
Մյուս կողմից թուղթը հանդիսանում է աշխարհում էներգակիր սպառող հինգերորդ ամենամեծ արդյունաբերությունը: Նշված արդյունաբերությունը մեկ տոննա արտադրանք տալու համար ավելի շատ ջուր է սպառում քան արդյունաբերության մյուս ոլորտները: Փայտից մեկ տոննա թուղթ արտադրելու համար օգտագործվում է 440 հազար լիտր ջուր, մինչդեռ օգտագործված թղթից այն ձեռք բերելու համար անհրաժեշտ է ընդամենը 1800 լիտր ջուր: Վերականգնվող թղթերից թղթի արտադրումը էականորեն նվազեցնում է օդի ու ջրի աղտոտումը, քանի որ ամեն մի տոննա թղթի արտադրման համար պետք է հատել 15-17 հսկա ծառ, ընդորում յուրաքանչյուր ծառ միջին հաշվով կարող է տարեկան 6 կիլոգրամ ածխածնի երկօքսիդը վերածել թթվածնի: Մի տոննա թղթի արտադրման համար օգտագործվում է 4 հազար ԿՎատ էլեկտրաէներգիա: Գիտնականները պարզել են, որ թղթի վերականգնումը 50 տոկոսով նվազեցնում է ջրի և 64 տոկոսով էլեկտրաէներգիայի օգտագործումը, ինչպես նաև 74 տոկոսով օդի աղտոտումը: Եթե մեկ տարվա ընթացքում հավաքենք մեկ մարդու օգտագործած թուղթը, ապա այն համարժեք կլինի 5.1 հատ ծառի հետ, իսկ նշված ցուցանիշը ընդհանուր վերցրած մեկ տարվա ընթացքում ամբողջ աշխարհում կհասնի միլիարդավոր ծառերի թվաքանակի:

---
Պլաստիկը ևս այն նյութերից է, որի վերականգնումը նպաստում է բնապահպանությանը: Մեր օրերում արդյունաբերության և կենցաղի բոլոր բնագավառներում պոլիմերային համարվող պլաստմասե նյութերի հարաճուն օգտագործումը աշխարհում նավթաքիմիայի ոլորտի այս արտադրանքի աճի ու մեծ ծավալների հասնող սպառման պատճառ է դարձել: Այսօր աշխարհում նավթաքիմիական արտադրանքների գրեթե կեսը պլաստմասե նյութերի արտադրումն է: Քաղաքային թափոններում մեծ քանակությամբ պլաստմասե շշերի առկայությունը, բնության մեջ նրանց չկազմալուծվող հատկությունը, շրջակա միջավայրում դրանց միջոցով բազմաթիվ աղտոտող նյութերի տարածման հնարավորությունը պատճառ են դարձել, որ այդ տեսակ արտադրանքների վերականգնումն առավել ուշադրության արժանանա բնապահպանական առումով: Մյուս կողմից փորձեր են կատարվում բնության մեջ քայքայվող պլաստմասե իրերի արտադրության ուղղությամբ: Պլաստմասերի այս տեսակը կարող է որոշակի ժամանակահատվածում կրկին վերադառնալ բնության գիրկը: Այդ պլաստիկները պարունակում են օսլայի պես քայքայվող նյութեր, որը նպաստում է դրանց կազմալուծման արագացմանը և քայքայվում են բնության մեջ առկա բակտերիաների, ջրի կամ էնզիմների միջոցով:

Փորձագետները գնահատել են, որ աշխարհում տարեկան արտադրվում է 100 մլն տոննա պլաստմասե նյութեր, որոնց 42 տոկոսը օգտագործվում է փաթեթավորման ոլորտում: Կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ Պլաստմասի վերականգնումը նվազեցնում է անհրաժեշտ էներգակիրների ու բնական ռեսուրսների, այդ թվում ջրի, նավթի ու բնական նյութերի վատնումը: Ամերիկայի պլաստմասե նյութերի հաստատության զեկույցի համաձայն, պլաստմասե նյութերի արտադրումը ծախսում է սպառվող ամբողջ էներգիայի 4 տոկոսը և բնականաբար դրա վերականգնմամբ խնայվելու է էներգիայի սպառումը: Օրինակ՝ պլաստմասե շշերի վերականգնմամբ 50-60 տոկոսով խնայվելու է նոր շշերի արտադրման համար անհրաժեշտ էներգիայի ծավալում: Ջրի մեկ պլաստմասե շշի վերականգնմամբ կարելի է 6 ժամով ապահովել մեկ 60 վատանոց լամպին անհրաժեշտ էլեկտրաէներգիան: Պլաստմասե նյութերի վերականգնումը պատճառ է դառնում, որ ավելի քիչ տարածք զբաղեցվի թափոնների թաղման համար և հնարավորություն է տալիս, որ պլաստմասե նյութերը կրկին օգտագործվեն նոր արտադրանքների ստեղծման համար: Մեկ տոննա պլաստմասե նյութերի վերականգնումը կրճատում է քաղաքային թափոնների թաղման համար օգտագործվող ավելի քան 7 խորանարդ յարդ տարածք: Պլաստմասե նյութերի վերականգնման կողքին վերջերս սկսվել են նաև ռետինե նյութերի վերականգնման ակտիվությունները: Կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ 1 կիլոգրամ նոր ռետինե նյութի արտադրման համար անհրաժեշտ էներգիան 3 անգամ գերազանցում է մեկ կիլոգրամ վերականգնվող ռետինե նյութի արտադրման համար անհրաժեշտ էներգիան:
---
Քաղաքային թափոնների բաղկացուցիչ մաս է կազմում ապակին, որը լայն կիրառություն ունի կենցաղային իրերում, շենքերում, ինչպես նաև փաթեթավորման բնագավառում: Ապակու արտադրման համար պետք է գետնից արդյունահանվեն մեծ քանակությամբ ավազ ու կոպիճ: Այդ գործընթացում նյութերի խառնումը կատարվում է բավականին բարձր ջերմաստիճանում, ինչը մեծ քանակությամբ ջուր և վառելիք օգտագործելուց բացի, ստեղծում է զգալի չափով ածխածնի երկօքսիդ ու ջերմոցային գազեր: Հումքային նյութերի սակավությունից բացի, որն ինքնին հիմնավորված պատճառ է ապակու վերականգնման համար, ապակու կրկնակի օգտագործումը տնտեսապես ձեռնտու է, քանի որ փշրված ապակու հալման ջերմաստիճանը ավելի ցածր է քան ապակու հումքինը, ինչը նվազեցնում է վառելիքի սպառումը: Ապակու արտադրման համար հումքի օգտագործումը պահանջում է մեծ քանակությամբ էներգիայի սպառում, մինչդեռ փշրված ապակի օգտագործելու դեպքում ապակու արտադրման գործողությունը կարելի է իրականացնել ավելի ցածր ջերմաստիճանում: Ակնհայտ է, որ ցածր ջերմաստիճանը էականորեն նվազեցնում է հնոցի, կաղապարների ու գործիքների մաշվածությունը, այնպես որ ապակու արտադրման համար վերականգնվող ապակու օգտագործմամբ 15-20 տոկոսով երկարացվում է հնոցի կենսունակությունը:
Հումքից մեկ կիլոգրամ ապակու արտադրման համար անհրաժեշտ է մոտ 4200 Կկալ էներգիա, իսկ հումքից մեկ տոննա ապակի արտադրելու դեպքում ստեղծվում է մոտ 28 ֆունտ աղտոտվածություն ,մինչդեռ ապակու վերականգնմամբ կարելի է այդ ցուցանիշը կրճատել 14-20 տոկոսով, իսկ էներգիայի սպառումը՝ 25-32 տոկոսով: Արդյունքում մեկ տոննա վերականգնվող ապակու արտադրության դեպքում խնայվում է մոտ 120 լիտր նավթ և 2.1 տոննա հումք: Վերականգնվող ապակուց նոր ապակու արտադրումը 50 տոկոսով նվազեցնում է ջրի, իսկ 20 տոկոսով օդի աղտոտվածությունը: Յուրաքանչյուր ապակյա շիշ կարող է մինչև 15 անգամ կրկին օգտագործվել արտադրության ու սպառման ցիկլում:
---
Թափոններից վերակագնված ամենաարժեքավոր նյութերից են մետաղների տարբեր տեսակները: Բնապահպանական գծով փորձագետների կարծիքով, մետաղի պես արժեքավոր ռեսուրսների վերականգնումը խելամիտ գործ է, քանի որ դրանց վերականգնումն ու վերստին օգտագործումը ավելի հեշտ է քան պեղումներն ու հանքերի հետախուզումը և առաջացնում է ավելի պակաս բնապահպանական աղտոտվածություն: Ամենատարածված վերականգնվող մետաղներն են ալումինն ու պողպատը, քանի որ սովորաբար դեն չեն նետվում արծաթի, պղնձի ու բրոնզի պես ավելի արժեքավոր համարվող մետաղները և թափոնների հեռացման խնդիր չունեն: Ալյումինի վերականգնումը կարող է 90 տոկոսով խնայել դրա արտադրման համար անհրաժեշտ էներգիայի քանակը և արտադրման հետևանքով առաջացած աղտոտվածությունը 95 տոկոսով ավելի քիչ է: Թափոններից առանձնացրած մեկ տոննա ալյումինի վերստին օգտագործման դեպքում խնայվելու են մոտ 400 տոննա հանքաքար և 700 Կգր ձյութ ու գետնածուխ: Մեկ տոննա պողպատի վերականգնումը նպաստելու է 1030 Կգր երկաթի մետաղյա հանքային հանածոների, 580 Կգր քարածուխի և 5 Կգր կրաքարի խնայմանը: Երկաթի հալման գործարաններում, որտեղ բարձր խտությամբ ծծումբ պարունակող երկաթի հանքանյութի փոխարեն օգտագործվում է ցածր խտությամբ ծծումբ պարունակող երկաթի ջարդոն, մինչև 86 տոկոսով նվազեցվում է օդի, իսկ 76 տոկոսով ջրի աղտոտվածությունը:
Հաշվի առնելով այն ինչը նշվեց, կարելի է եզրակացնել, որ վերականգնումը իրականում Աստծո պարգևած բնական կապիտալների վերադարձումն է, ընդորում բնապահպանությանը նպաստելով՝ այն կարող է արդյունավետ դերակատարություն ունենալ պետությունների տնտեսություններում և ինքնաբավության հարցում: Այդ իսկ պատճառով այսօր բազմաթիվ գիտնականները աղբը անվանում են կեղտոտ ոսկի: 
---
Վերականգնման մասին ասելիքները շատ են, բայց քանի որ սպառվել է մեր այսօրվա հաղորդման եթերաժամը, քննարկման շարունակությունը թողնելու ենք հաջորդ հաղորդմանը: Մինչ այդ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս: Աստված Ձեզ հետ:

 

Պիտակ