Մի գավաթ անդորր Տագնապային խանգարումներ
Տագնապի վիճակը մի համակարգ է, որը մարդուն ազդարարում է վտանգի մասին։ Պատկերացրեք, որ դուք գալիս եք տուն և տեսնում եք, որ այնտեղ կողոպտիչներ են։ Ձեր սիրտն սկսում է արագ աշխատել։ Ձեռքերի ափերը քրտնում են։ Մտքերը սրընթաց հաջորդում են իրար։ Մանկական հոգեբան՝ Բիայնա Իսաղուլյանի մասնակցությամբ
ՏԱԳՆԱՊԱՅԻՆ ՎԻՃԱԿՆԵՐ: Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱԼ
Տագնապի վիճակը մի համակարգ է, որը մարդուն ազդարարում է վտանգի մասին։ Պատկերացրեք, որ դուք գալիս եք տուն և տեսնում եք, որ այնտեղ կողոպտիչներ են։ Ձեր սիրտն սկսում է արագ աշխատել։ Ձեռքերի ափերը քրտնում են։ Մտքերը սրընթաց հաջորդում են իրար։ Այսպիսի իրավիճակներում տագնապը կարող է լրացուցիչ ուժ դառնալ, որն օգնում է հաղթահարել վտանգը։ Ավելի նորմալ իրավիճակներում, երբ դուք ինչ-որ բան եք անում, տագնապը կարող է ձեզ եռանդ հաղորդել տվյալ գործը կատարելու համար։
Երբեմն սակայն տագնապը կարող է անկառավարելի լինել։ Տագնապի այսպիսի դրսևորման ժամանակ մարդն առանց ակնհայտ պատճառի վախ կամ սարսափ է զգում։ Տագնապի այս ձևը շատ ճնշող է և կարող է քայքայել մարդու կյանքը։
ՏԱԳՆԱՊԻ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ
Տագնապը կարող է դրսևորվել որպես լարվածության, անհանգստության ընդհանրացված զգացում։ Որպես հանկարծակի ծագող խուճապ։ Որպես որոշակի իրավիճակների նկատմամբ վախ (ֆոբիա)։ Որպես տրավմատիկ իրավիճակներին տրվող պատասխան հակազդում։
1. Անհանգստության ընդհանրացված զգացումը
Շարունակական անհանգստություն է կամ վախ, որը կապված չէ որոշակի դեպքի կամ իրավիճակի հետ, կամ էլ ավելի ուժգին է, քան պետք է լինի տվյալ իրավիճակում։ Օրինակ. երբ դուք մշտապես անհանգստանում եք երեխայի համար, որը կատարելապես առողջ է։ Ընդհանրացված տագնապի նշաններն են.
– մկանային լարվածություն
– դող
– սրտի զարկերի արագացում
– շնչառությունը դառնում է մակերեսային
– բերանը չորանում է
– թեթև գլխապտույտ, սրտխառնոց
– դյուրագրգռություն
– քունը խանգարվում է
– կենտրոնանալ չի հաջողվում։
2. Խուճապը կամ պանիկան տագնապային խանգարումներից մեկն է
Խուճապի դեպքում կյանքի որոշակի ժամանակաշրջաններում մարդու մոտ խուճապային գրոհների կրկնվող վիճակներ են առաջանում։ Պատկերացրեք, որ դուք դուրս եք եկել տնից ինչ-որ տեղ գնալու համար։ Հանկարծ սիրտն սկսում է արագ աշխատել, անհանգիստ եք զգում, թվում է, որ ձեզ կկորցնեք, որ ձեր վերջը մոտ է։ Արդյո՞ք դա իրականում տեղի է ունենում։ Ոչ։ Ավելի հավանական է, որ դուք խուճապային գրոհի եք ենթարկվել։ Գրոհը տևում է 5-ից 30 րոպե, թեև նրա ամենաուժեղ աստիճանը տևում է մի քանի վայրկյան։ Գրոհը կարող է ներառել հետևյալ նշանների մի մասը.
– շնչասպառ լինելու զգացում
– կրծքավանդակում ճնշում կամ ցավ
– սրտի աշխատանքի արագացում
– քրտնում
– թեթևակի գլխապտույտ, սրտխառնոց
– շնչառությունը դառնում է մակերեսային կամ կոկորդը սեղմվում է
– դող
– ջերմության կամ ընդհակառակը, սառը հոսանք
– ձեռքերը կամ ոտքերը թմրում են կամ ծակծկում են
– ինքնահսկումը կորցնելու վախ, ինչ-որ բան անելը դժվարանում է, թվում է հիմա կխենթանաս կամ կմեռնես։
Ժամանակին չբուժվելու դեպքում խուճապային գրոհները կարող են ֆոբիաներ առաջացնել։
3. Ֆոբիաներ
Ֆոբիան շատ ուժեղ վախ է յուրահատուկ ինչ-որ բանից՝ օրինակ մարդկանց բազմությունից, օձերից, սարդերից, կամուրջներից, բարձրությունից, բաց կամ փակ տարածություններից, հասարակական կարծիքից և այլն։ ֆոբիաները պրոբլեմ են դառնում միայն այն դեպքում, երբ մարդուն հանում են կյանքի նորմալ հունից։ Օրինակ. բաց տարածություններից վախենալիս (ագորաֆոբիա) մարդը դուրս չի գալիս տնից, որովհետև վախենում է խուճապի նոպա ունենալ և վստահ չէ, որ կկարողանա հաղթահարել դա։
ՏԱԳՆԱՊԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Տագնապը կարող է կապված լինել օրգանիզմում քիմիական բալանսի խախտման, հիվանդության, դեղորայքի օգտագործման կամ չգիտակցվող հուշերի հետ։
ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՏԱԳՆԱՊԱՅԻՆ ՎԻՃԱԿՆԵՐԸ
Տագնապի վիճակները կարելի է հաղթահարել և կառավարել։ Ահա որոշ մեթոդներ և խորհուրդներ։
* Սովորեք թուլանալու ձևերը։ Դրանց մեջ մտնում են մկանային թուլացումը, խորը շնչառությունը ։ Մկանային թուլացումը շատ պարզ է։ Ընտրեք որևէ մկան, թեթևակի ձգեք այն, իսկ մեկ-երկու վայրկյան հետո նորից թուլացրեք այն։ Այդպես արեք մարմնի բոլոր մկանների հետ։ Փորձեք սկսել ոտքերից և աստիճանաբար բարձրացեք վերև։
*Կանոնավոր կերպով ֆիզիկական վարժություններ կատարեք։ Տագնապային մարդիկ սովորաբար ֆիզիկական վարժանքներ չեն անում։ Մինչդեռ վարժությունները ձեզ հնարավորություն կտան ոչ միայն մարմնապես լավ զգալ, այլև պակասեցնել տագնապը։
* Շատ լավ, լիարժեք քնեք։
* Խուսափեք դեղերը չարաշահելուց։ Թվում է, թե դեղերը կարող են նվազեցնել տագնապը, բայց դրանց երկարատև գործածումը ուժեղացնում է տագնապը։
* Խուսափեք կոֆեինից։ Կոֆեին պարունակվում է սուրճի, թեյի, շոկոլադի և որոշ ըմպելիքների մեջ։ Կոֆեինը կարող է ուժեղացնել ձեր տագնապի զգացումը։ Խուսափեք նաև նիհարելու, հազի, մրսածության համար նախատեսված դեղերից, որոնք կոֆեին են պարունակում։
* Խորհրդակցեք բժշկի կամ հոգեբանի հետ։ Նրանք կօգնեն ձեզ տագնապը հաղթահարելու ունակությունները զարգացնող ծրագիր կազմել։ Բժիշկը կարող է նաև համապատասխան դեղեր նշանակել։
Օբսեսիվ-կոմպուլսիվ կպչուն մտքերի հետևանք հարկադիր գործողություններ խանգարում (օբսեսիա և կոմպուլսիա տերմիններից) կամ Կպչուն-սևեռուն խանգարում, հոգեկան խանգարում, որը առաջացնում անցանկալի, վախեցնող մտքեր (օբսեսիաներ) և դրանց հաջորդող նույնքան պարտադրվող և ապարդյուն գործողություններով (կոմպուլսիաներ)։ Հիվանդին թվում է, որ եթե նա չիրականացնի այդ գործողությունները ինչ-որ վատ բան տեղի կունենա։