Սեպտեմբեր 04, 2016 20:16 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը» խորագրով հաղորդաշարի հերթական զրույցը: Նախորդ հաղորդումների ընթացքում նշեցինք, որ շրջակա միջավայրի աղտոտվածությունը ժամանակակից մարդու առջև ծառացած գերխնդիրներից է և մարդն առանց մաքուր և անվտանգ շրջակա միջավայրի, անկարող է շարունակել իր գոյությունը: Այդ իսկ պատճառով վերջին տասնամյակներում առողջ ու անվտանգ շրջակա միջավայր ունենալը միջազգային շրջանակների կողմից ճանաչվել է որպես մարդկային իրավունք:

Անտարակույս մարդու իրավունքները և շրջակա միջավայրը որպես գիտական, քաղաքական ու իրավական շրջանակների ուշադրության սևեռակետում գտնվող հարցեր մեծ նշանակություն ունեն նաև բոլորի համար, որովհետև ՄԱԿ-ի հռչակագրի համաձայն, մաքուր շրջակա միջավայր ունենալը մարդու գլխավոր իրավունքներից է համարվում:

Բոլորն ունեն ապրելու իրավունք և դա համարվում է մարդու իրավունքների ամենանախնական իրավունքը և այդ իրավունքը ունենալու դեպքում միայն կարելի է խոսել մյուս իրավունքների մասին: Իհարկե պետք է նկատի առնել այն հանգամանքը, որ ուղղակի կապ գոյություն ունի այս իրավունքի և շրջակա միջավայրը կազմող տարրերի միջև: Ուստի կարևորվում է առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքը և ոչ ոք իրավունք չունի ինչ-որ կերպ աղտոտելով ջուրը, օդը և հողը, աղտոտել մարդկանց ապրելու տարածքը:

 

Այս հարցի նշանակությունից ելնելով,առաջ քաշվեցին մարդու իրավունքների հետ կապված հարցեր և 1948 թվականին հրապարակվեց մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը  և 1966 թվականին ընդունվեց քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը: Այդպիսով նոր փուլ թևակոխեց շրջակա միջավայրի հարցը, այնպես որ  1972 թ. Ստոկհոլմի համագումարում, հիմնական կապ ստեղծվեց մարդու իրավունքների և շրջակա միջավայրի միջև: Այդ համագումարի հայտարարության առաջին հոդվածում ասված է.«Մարդու հիմնարար իրավունքներն են ազատությունը, հավասարությունը, երջանիկ և արժանապատիվ ապրելու միջավայր ունենալը: Մարդու պարտականությունն է պահպանել շրջակա միջավայրը ներկա և գալիք սերունդների համար»:

Այնուհետև միջազգային փաստաթղթերում ընդգծվել է առողջ շրջակա միջավայրից օգտվելու իրավունքը: 1982 թվականին ընդունված շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային հռչակագիրը և 1992 թվականին Ռիոյի հռչակագիրն այն փաստաթղթերն են, որտեղ ընդգծվել է առողջ շրջակա միջավայրից օգտվելու իրավունքը: Դրանց զուգահեռ երկրներն իրենց ներքին օրենքներում ևս նկատի են առել առողջ շրջակա միջավայրից օգտվելու իրավունքը և այդ հարցն առավել ուշադրության է արժանացել 1970 թվականից հետո սահմանադրության մեջ ընդունված օրենքների շրջանակում: Օրինակ ԻԻՀ սահմանադրության 50-րդ հոդվածն այդ հարցին է վերաբերում: Սահմանադրությունից բացի, մեծ թվով երկրների տնտեսական, մշակութային ու սոցիալական զարգացման ծրագրերի մասին օրենքներում ևս գործեղանակներ են ներկայացվել այդ իրավունքի իրագործման նպատակով:

*****************

Առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքի շրջանակում, մարդիկ և մարդկային հասարակություններն իրավունք ունեն օգտվել բնապահպանական տեսակետից հավասարակշիռ և տնտեսական, մշակութային, սոցիալական ու իրավական զարգացման համար նպաստավոր շրջակա միջավայրից և պետությունները չպետք է անբարենպաստ փոփոխություններ առաջացնեն ապրելու պայմաններում, այնպես որ վտանգվեն շրջակա միջավայրն ու մարդկանց առողջությունը: Առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքը չորս մասերից է բաղկացած: Առաջինը՝ բնապահպանական որոշումներում քաղաքացիների մասնակցության իրավունքն է, երկրորդը՝ բնապահպանական տեղեկություններին հասանելիության իրավունքը, երրորդը՝ բնապահպանական թեմայով ուսուցումների իրավունքը, իսկ վերջինը զարգացման իրավունքը:

Իհարկե միմյանց հետ սերտ առնչություն ունեցող առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքը և զարգացման իրավունքը պայմանավորված են կայուն զարգացմամբ: Կայուն զարգացումը մարդկային արժանապատվության դրսևորումներից է, որը ժամանակակից սերնդի մարդու իրավունքների լրացուցիչն է, իսկ գալիք սերունդների իրավունքների իրագործման նախապայմանը: Կայուն զարգացումը գործընթաց է, որ ցանկալի ապագա է ուրվագծում մարդկային հասարակությունների համար, որտեղ կյանքի պայմաններն այնպիսին են, որ օգտվելով բնապաշարներից, առանց վնասելու կենսական համակարգերի կայունությունը, միատարրությունն ու գեղեցկությունը, ապահովվում են մարդու կարիքները:

Կայուն զարգացումը գործեղանակներ է ներկայացնում զարգացման ոչ մնայուն կառուցվածքային, սոցիալական ու տնտեսական ձևաչափերի համար, որպեսզի հնարավոր լինի կանխել կենսական համակարգերի և բնապաշարների ոչնչացումը, կլիմայական փոփոխությունները, աղտոտվածությունը, բնակչության աճը, անարդարությունը և ներկա ու ապագա սերունդների կենսապայմանների անկումը:

Կայուն զարգացումը գործընթաց է, որտեղ ռեսուրսների օգտագործումը, ներդրումները, տեխնոլոգիական զարգացման ուղղվածությունը և կառուցվածքային փոփոխությունները համապատասխանում են ներկայի և ապագայի կարիքներին: 90-ականներից ուշադրության կենտրոնում գտնվող կայուն զարգացումն այն կետն է որտեղ միանում են մարդու իրավունքները, շրջակա միջավայրը և տնտեսական ու սոցիալական զարգացումը:

************

Տնտեսական զարգացումը կայուն չլինելու և բնապահպանական կողմերը չհարգելու դեպքում, ոչ միայն զարգացման չի հանգեցնելու, այլև մեծ ծախսեր է պատճառելու պետություններին: Այդ ծախսերը չնչին են թվում մարդկանց կյանքին սպառնացող առողջապահական խնդիրների համեմատությամբ: Օրինակ նախկին Խորհրդային միությունը գյուղատնտեսության զարգացման և բամբակի դաշտերը ոռոգելու համար Արալյան լիճը սնուցող գետերի վրա բազում ամբարտակներ կառուցելով, այդ լճի ցամաքելու պատճառ դարձավ և այդպիսով տեղի ունեցավ Չերնոբիլի աղետից հետո ժամանակի երկրորդ կենսաբանական խոշոր աղետը: Բնահպանական այդ աղետը վտանգեց տարածաշրջանի ժողովրդի առողջությունն ու կյանքը և հազարավոր մարդիկ մահացան լճի ցամաքելու հետևանքով առաջացած աղի փոթորիկների պատճառով: Այդպիսով մարդիկ զրկվեցին առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքից: Ուստի կարելի է ասել, որ ամուր կապ գոյություն ունի կայուն զարգացման և մարդու իրավունքների հարգման միջև և ոչ-կայուն զարգացումը կարող է մարդու իրավունքների բացահայտ խախտման հանգեցնել:

Ուստի առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքը պայմանավորված է կայուն զարգացմամբ: Այդ իսկ պատճառով, տնտեսական զարգացման ծրագրերում պետք է այնպիսի քաղաքականություններ որդեգրել, որոնք հիմնված են մարդու իրավունքների հարգման և շրջակա միջավայրի պահպանության վրա: Այդ թեման ընդգծվել է նաև 1992 թ. կայացած Ռիոյի համագումարում: Այդ հայտարարության մեջ ասված է.«Զարգացումը պետք է այնպես լինի, որ ապահովվեն ներկա և գալիք սերունդների շրջակա միջավայրի զարգացման հետ առնչվող կարիքները»:

 

2002 թ. Յոհաննեսբուրգի գագաթնաժողովի հայտարարությունը ևս ամրապնդեց կայուն զարգացման համաշխարհային ծրագիրը և միջազգային բեմում այդ հասկացության դիրքը: Յոհաննեսբուրգի հայտարարության մեջ ասված է.«Տնտեսական և սոցիալական զարգացումը և բնապահպանությունը կայուն զարգացման երեք հիմքերն են հանդիսանում»: Այդ հարցն ընդգծվեց նաև արդարադատության միջազգային դատարանի օրենքներում, որոնց մեջ նշված է.«Կայուն զարգացումը պետք է կապ ստեղծի տնտեսական զարգացման և շրջակա միջավայրի պահպանության միջև»:

 

Իհարկե այդ կապակցությամբ գոյություն ունեցող բոլոր համաձայնագրերն ու պայմանագրերը նպաստավոր են, սակայն պետք է իմանալ, որ շրջակա միջավայրի հետ կապված օրենքները գործնական են այն ժամանակ, երբ անառողջ ու վտանգավոր գործունեություն տեղի չունենա, չաղտոտվեն օդն ու ջուրը և թափոններ չլցվեն լեռներում, ծովերում ու օվկիանոսներում և  համագործակցություն ծավալվի ժողովուրդների ու պետությունների միջև:

 

*********

 

Հարգելի ունկնդիրներ սպառվեց այս հաղորդմանը հատկացված եթերաժամը: Հաջորդ զրույցում կանդրադառնանք շրջակա միջավայրի հետ կապված մեկ այլ թեմայի: Մինչ նոր հանդիպում եթերում մաղթում ենք Ձեզ ամենայն բարիք:

 

Պիտակ