Մի գավաթ անդորր Դեռահասության ճգնաժամը
Դեռահասության կամ պատանեկության տարիքային շրջանը տարբեր գրականությունների մեջ տարբեր անվանումներ է գտել` դեռահասություն, անցումային, սեռական հասունացման տարիքի բացասական փուլ, և այլն: Տարբեր անվանումերը արտացոլում են դեռահասի տարբեր տարիքային առանձնահատկությունները: Մանկական հոգեբան՝ Բիայնա Իսաղուլյանի մասնակցությամբ
Դեռահասության կամ պատանեկության տարիքային շրջանը տարբեր գրականությունների մեջ տարբեր անվանումներ է գտել` դեռահասություն, անցումային, սեռական հասունացման տարիքի բացասական փուլ, և այլն: Տարբեր անվանումերը արտացոլում են դեռահասի տարբեր տարիքային առանձնահատկությունները: ՙԴեռահասության տարիքի առանձնահատկությունն այն է, որ մարդը մտնելով այս փուլ որպես երեխա դուրս է գալիս չափահաս դարձած՚: Այս փուլում անցում է կատարվում մանկությունից դեպի հասունություն : Հենց այս տարիքում է մարդն անցնում իր զարգացման կարևորագույն ուղին` հաղթահարելով ներքին և արտաքին բազմաթիվ կոնֆլիկտներ ու հակադրումներ, ձեռք բերելով անձնավորություն լինելու զգացողություն:
Տվյալ շրջանի տարիքային շրջանակները ընդգրկում են 16-19 տարիքային սահմանները, չնայած որոշ հեղինակներ պնդում են, որ այն ձգվում է մինչև 16-17 տարեկանը: Ժամանակակից Եվրոպական երկրներում դեռահասության տարիքը ընդգրկում է 16-21 տարեկանն ընկած ժամանակահատվածը: Այս տարիքին բնորոշ են նաև մի շարք կենսաբանական գործոնների փոփոխությունները, քանի որ այս շրջանում է տեղի ունենում սեռական հասունացումը` հասակի անսպասելի արագ ավելացում, երկրորդային սեռական հատկանիշների ձևավորումը: Այս գործընթացը աղջիկների մոտ սկսվում է մոտավորապես 2 տարի ավելի շուտ և շարունակվում համեմատաբար ավելի կարճ ժամանակահատվածում (3-4 տարի), քան տղաների մոտ (4-5 տարի):
Հոգեբանների համար առավել մեծ հետաքրքրություն է ներկայացնում դեռահասության շրջանում տեղի ունեցող հոգեկան փոփոխութունները: Բավականին մեծ փոփոխություններ են տեղի ունենում դեռահասի հետաքրքրությունների համակարգի մեջ: Մի կողմից կորում է հետաքրքրությունը այն իրերի և երևությունների նկատմամբ, որոնք նրան հետաքրքրում էին նախկինում, մյուս կողմից ծագում են նոր հետաքրքրություններ: Հնարավոր է, որ դեռահասը իրեն այնպես դրսևորի, որ թվա թե նրա մոտ լրիվ բացակայում է ինչ-որ մի բանի հանդեպ հետաքրքրությունը: Այս շրջանում նկատվում է նաև դեռահասների կողմից դպրոցի գնահատականների նկատմամբ հետաքրքրության բացակայություն:
Դեռահասության տարիքի հիմնական և կարևորագույն խնդիրներից է ինքնագիտակցության և նույնականության ձևավորումը: Ընդ որում աղջիկների ինքնագիտակցությունը ավելի շուտ է ձևավորվում, քան տղաներինը:
Դեռահասների մոտ առաջանում է բուռն ներքին ապրումների և հուզականության շրջան: Հնարավոր է նաև տիպիկ դպրոցական ֆոբիաների առաջացում, որոնք կորչում են 10-13 տարեկաններում և դրսևորվում դեռահասության շրջանում ձևափոխված տեսքով: Նրանք դառնում են ավելի ամոթխած և մեծ նշանակություն են տալիս սեփական արտաքինի և վարքի թերություններին:
Նոր ֆիզիկական ՙես՚-ի ձեռք բերման հետ կապված դեռահասները դառնում են ավելի տագնապային և չեն ցանկանում շատ անգամ տանից դուրս գալ, ընդգրկվել հասարակական խմբերի մեջ, քանի որ վախենում են ծիծաղելի թվալ:
Հաջորդ կարևորագույն կողմն է դեռահասների երևակայությունը` կապված նոր պահանջմունքների` մասնավորապես իդեալի ստեղծման հետ: Նրանք սկսում են օրագրեր լրացնել, բանաստեղծություններ գրել: Այս հարցում ակտիվացում է նկատվում նույնիսկ նրանց մոտ, ովքեր առաջներում բավականին պասիվ էին այդ գործում: Այստեղ երևակայության ակտիվացումը հանդես է գալիս որպես սուբյեկտիվ ու մտային գործոն, որը ապահովում է հուզական ոլորտի ներքին բավարարվածությունը: Դեռահասին բնորոշ է նաև սեփական ֆանտազիաների թաքցնելը:
Գրեթե բոլորր դեռահասներին բնորոշ են վարքային և հուզական շեղումները: Հուզական շեղումները բնորոշ են առավել շատ աղջիկնեին, նրանց մոտ դրսևորվում է դեպրեսիա, վախ, տագնապային վիճակներ: Որոնց պատճառները հիմնականում հասարակական են: Տղաների մոտ վարքային խանգարումները 4 անգամ ավելի շատ են, քան աղջիկների մոտ:
Այս տարիքին հատուկ գծերից են` զգայունակությունը, ծաղրի ենթարկվելու վախը, տրամադրության հաճախակի և կտրուկ փոփոխությունները, ինչպես նաև ինքնագնահատականի կտրուկ անկումը:
Դեռահասների միջանձնային փոխհարաբերությունները
Դեռահասության ընթացքում ձևավորվող հիմնական միջանձնային փոխհարաբերություները կարելի է դիտարկել առնվազն 3 տեսանկյունից` հարաբերություններ ծնողների հետ, հարաբերություններ հասակակիցների հետ և վարքային հակազդումներ:
Դեռահասը շփման միջոցով իրենց առավել հուզող թեմաների վերաբերյալ ձեռք է բերում տեղեկատվություն, որը այս կամ այն պատճառով նրան հասու չի եղել: Հաղորդակցման ընթացքում ձևավորվում է սոցիալական փոխգործունեության, խմբի կարգուկանոնին ենթարկվելու անհրաժեշտ ունակություն:
Միևնույն ժամանակ հնարավորություն է ընձեռվում հաստատելու սեփական իրավունքները, ձևավորվում են հաղորդակցային համապատասխան որակներ: Դա մի յուրօրինակ հուզական շփման ձև է, քանի որ խմբին պատկանելու գիտակցությունը դեռահասի մեջ առաջացնում է հուզական բարեկեցության զգացողություն և ձևավորում ինքնահարգանք :
Միջանձնային հաղորդակցումը դեռահասի առաջատար գործունեությունն է, քանի որ այդտեղ է իրականանում ինքնագիտակցության ձեռքբերումը, սեփական եսի գիտակցումը, իր մասին պատկերացումների ձևավորումը: Միջանձնային հարաբերությունները չափազանց կարևոր են դեռահասի կենսագործունեության համար: Այդ առումով առավել էական նշանակություն ունի շփումը հասակակիցների հետ:
Այս շրջանում շփման գործընթացի մոտիվացիայի ոլորտում տեղի են ունենում էական փոփոխություններ: Կարծես մեծերի հետ հարաբերությունները կորցնում են իրենց հրատապությունը, և առավել կարևորություն է ստանում շփումը հասակակիցների հետ : Հասակակիցների հետ շփումը դառնում է դեռահասի ամենակարևոր պահանջմունքներից մեկը, քանի որ այս տարիքի երեխաներն ունեն մի շարք առանձնահատուկ հետաքըրքրություններ և հուզող հարցեր, որոնց բավարարումը հնարավոր է միայն անմիջական շփման միջոցով: Դեռահասն օժտված է ինքնուրույնության և հասակակիցների հետ շփման ուժեղ պահանջմունքներով։ Դեռահասության ինքնուրույնությունն արտահայտվում է հիմնականում մեծահասկաներից հեռանալու, նրանց հոգատարությունից, հսկողությունից ազատվելու և բազմազան հետաքրքրությունների մեջ՝ ոչ ուսումնական զբաղմունքներում։
Կուտակային հետաքրքրությունները տարբեր տեսակների հավաքածուներ կազմելն է։ Կոլլեկցիաների նկատմամբ հակումը կարող է համադրվել ճանաչողական պահանջմունքի, նյութական արժեքների կուտակման, նորաձևությանը հետելու ցանկության հետ։
Շփման գործընթացում նրանց միջև ձևավորվում է ճկունության կարողություն:
Նրանք ակտիվորեն վերլուծում են և՛ սեփական, և՛ ընկերների գործողությունները, վարքը: Մյուս կարևոր պատճառը «ազատ» շփվելու հնարավորությունն է:
Հասակակիցների հետ շըփվելով` դեռահասը փորձում է կայանալ որպես անձնավորություն, պարզել սեփական հնարավորությունները, իսկ այդ ամենն իրականացնելու համար վերջինիս անհրաժեշտ են անձնական ազատություն և սեփական պատասխանատվություն: Ազատ ինքնաարտահայտվելու հնարավորությունը օգնում է դեռահասին ինքնահաստատվել, ընկերների շրջանում ձեռք բերել «մեծ» լինելու զգացողություն, որն էլ այս տարիքային խմբի կարևոր հատկանիշներից է:
Դեռահասի համար էական նշանակություն ունի հասակակիցների կարծիքը սեփական անձի և գործունեության վերաբերյալ: Հետևելով հասակակիցներին և կրկնօրինակելով նրանց` դեռահասն սկսում է իր մեջ զարգացնել ընկերների շրջանում առավել գնահատված որակներ: Տեղի է ունենում այսպես կոչված արժեքների վերագնահատում, ձևավորվում է բարոյագեղագիտական արժեքների նոր համակարգ: Ընդ որում, շատ հաճախ այդ արժեքներն ավելի կարևոր նշանակություն են ստանում դեռահասի համար, քան մեծահասակների մեջ առկա արժեքները:
Դեռահասի հաղորդակցային ունակությունների զարգացման գործընթացում մեծ է նաև ուսուցչի դերը: Վերջինս պետք է օժտված լինի մասնագիտական և անձային համապատասխան կարողություններով, տեղեկացված լինի աշակերտի տարիքային առանձնահատկությունների մասին: Հայտնի է, որ տարիքային այս փուլում առավել հաճախ են տեղի ունենում կոնֆլիկտներ ու բախումներ ուսուցչի և աշակերտների միջև: Պատճառները բազմաթիվ են և բազմաբնույթ: Հիմնական պատճառներից են աշակերտի գործողությունների անսպասելիությունը, որը խախտում է դասի բնականոն ընթացքը, ուսուցչի և աշակերտների փոխհարաբերությունների բնույթը, ուսուցչի անձնային որակները (դյուրագրգիռ բնավորություն, վրեժխնդրություն, գոռոզություն), աշակերտի անձնային որակները, ուսուցչի կողմից իրավիճակը օբյեկտիվ գնահատելու կարողության բացակայությունը, մանկավարժական կարողությունների բացակայությունը, անձնական խնդիրները, տրամադրության անկումը և այլն: Կոնֆլիկտային իրադրությունը հարթելու կարևոր նախապայմանը ուսուցչի կողմից գրագետ հոգեբանական վերլուծության իրականացումն է: Դրա իրականացման համար անհրաժեշտ է, որ ուսուցիչը կարողանա պահպանել հետևյալ պահանջները` նայել իրավիճակին աշակերտի աչքերով, ցուցաբերել բարեհամբույր ջերմ վերաբերմունք յուրաքանչյուր աշակերտի նկատմամբ, ստեղծել ազատ ինքնաարտահայտման և քննադատության համար համապատասխան պայմաններ, կարողանալ կառավարել և՛ սեփական, և՛ խմբի տրամադրությունը և այլն: Սակայն այս ամենն իրականացնելը գործնականում չափազանց դժվար է և պահանջում է համալիր մոտեցում: Ծնողները պետք է հիշեն, որ իրենց երեխայի անձի ձևավորման գործընթացում շատ կարևոր է համագործակցությունը ուսուցչի հետ :
Դեռահասների վարքային հակազդումները
Վարքային հակազդումները առավել ցայտուն արտահայտվում են նրանց հաղորդակցման գործընթացում: Դեռահասների շփումները շատ կարևոր են նրանց զարգացման համար և անիմաստ են թվում միայն մեծահասակներին:
Այդ շրջանում ըմբոստության հակազդումները տարրակերպ են դրսևորվում տղաների և աղջիկների մոտ: Տղաների մոտ դրանք արտահայտվում են ապակառուցողական վարքային դրսևորումներով, իսկ աղջիկների մոտ` դեպրեսիվ ապրումներով:
Վտանգավոր են ծնողների և դեռահասների հարաբերությունների մի քանի ձևեր`
Հուզական լքվածություն- սովորաբար այն բացեիբաց չի դրսևորվում, քանի որ ծնողները չգիտակցված կերպով ցուցաբերում են անբարյացակամ վերաբերմունք երեխայի նկատմամբ: Երեխայի ներքին աշխարհի նկատմամբ անտարբերությունը, որը թաքնվում է սխալ հոգատարության և հսկողության օգնությամբ, կռահվում է երեխայի կողմից: Նա գիտակցում է այդ բոլորը:
Հուզական քաջալերում- երեխան մեծերի կյանքի կենտրոնն է, և ընտանիքի ՙկուռքը՚: Քանի որ երեխայի բացառիկությունը ճանաչվում է միայն տանը, սեփական ընտանիքի անդամների կողմից, նա խնդիրներ է ունենում հասակակիցների հետ հարաբերություններում:
Բռնակալ հսկողություն- դաստիարակությունը ծնողների կյանքի ամենակարևոր գործն է: Բայց ամենակարևոր դաստիարակչական գիծը ի հայտ է գալիս արգելքների մեջ: Արդյունքը հակասական է, նույնիսկ եթե երեխան ենթարկվում է, միևնույնն է դաստիարակչական արդյունք չկա. նա չի կարող ինքնուրույն որոշումներ ընդունել: Դաստիարակության այսպիսի ձևը կարող է երկու հետևանքներ ունենալ: Կամ երեխայի մոտ վարքի սոցիալապես մերժված ձևեր են ի հայտ գալիս , կամ իջնում է ինքնագնահատականը: