Հոկտեմբեր 08, 2016 15:41 Asia/Yerevan

 Ծերությունը  ոչ թե տարիք, այլև հոգեվիճակ է, երբ թվում է՝ արդեն ապրված բոլոր դժվարություննրն ու փորձված են վայելքները, երբ շատ քիչ զարմացնող, հիասթափեցնող և ոգևորող բան կա:

Ծերությունը կենսաբանական օրինաչափ գործընթաց է, երբ օրգանիզմի տարիքային փոփոխությունները հանգեցնում են նրա հարմարվող հնարավորությունների աստիճանաբար աճող սահմանափակման: Ծերությունը տարիքային զարգացման վերջին փուլն է, ծերացման գործընթացի հետևանքը: Տնտեսապես զարգացած երկրներում ընդունված է համարել, որ ծերությունն սկսվում է 75 տարեկանից:

Ծերացումն օրգանիզմի զարգացման ընթացքում օրինաչափորեն ի հայտ եկող հասակային անվերադարձ փոփոխությունների ամբողջությունն է: Փոփոխություններ, որոնք սահմանափակում են տարեցի հարմարվողական հնարավորությունները։  Ծերացման ժամանակ փոխվում է մարդու վարքը, իջնում Է աշխատունակությունը, նվազում է մկանային ուժը, թուլանում է հիշողությունը, նվազում են մտավոր ունակությունները։

Ծերության տարիներին վերանում են նախկին նպատակային դիրքորոշումները, տարեցը սկսում է վերանայել իր համոզմունքները ։

Ծերությունը  ոչ թե տարիք, այլև հոգեվիճակ է, երբ թվում է՝ արդեն ապրված բոլոր դժվարություննրն ու փորձված են վայելքները, երբ շատ քիչ զարմացնող, հիասթափեցնող և ոգևորող բան կա:

Ընդունված է համարել, որ տարիքի հետ մարդու առողջությունը բնականորեն նահանջում է, ի հայտ են գալիս այնպիսի առողջական խնդիրներ, որոնք դժվար թե  մարդուն կանհանգստացեին ավելի երիտասարդ տարիքում:  Զարգացած երկրներում տարեց մարդկանց առողջական ու հոգեբանական խնդիրները, որոնք մեծամասամբ նաև շաղկապված են, վերահսկելի ու կառավարելի են սոցիալական հստակ  քաղաքականությամբ:

Մեծահասակներին պատուհասում են հոգեբանական բավական լուրջ խնդիրներ, որոնք մեծագույն վտանգ են նրանց կյանքի որակին և խամրեցնում են ծերության օրերը:

Այժմ խոսենք հոգեկան խանգարման մասին, որը հաճախ ենք հանդիպում ծերերի մոտ:

Դեպրեսիան   մեծահասակների մոտ բավական տարածված, բայց ոչ բնական ու պարտադիր հոգեբանական խնդիրներից է: Հաճախ ծերունական դեպրեսիան ֆիզիկական հիվանդությունների կամ դրանց դեմ նշանակված դեղորայքի կողմնակի երևույթն է: Սակայն ավելի հաճախ դա սեփական կյանքի մեծ մասն ապրած լինելու զգացողության, անցյալը հետ բերելու անզորության, երբեմն հարազատների կորստի գիտակցության, ինքնուրույնությունից զրկված լինելու, նաև մենակության զգացողության հետևանքն է: Մեծ տարիքում, ի տարբերություն երիտասարդության, դեպրեսիան բավական երկար է տևում: Սրա հետևանքով մեծահասակները հաճախ են հրաժարվում անհրաժեշտ բուժումերից, սննդից, պարփակվում են վատ հիշողությունների, մտքերի, տագնապների մեջ, ավելի հաճախ են մտածում իրենց ու հարազատների մահվան մասին: Համեմատական կարգով՝ դեպրեսիայի հակված են տատիկները, իսկ դեմենցիանկամ մոռացությաը պատուհասում է պապիկներին:

Դեմենցիան հիշողության, մտածողության, վարքի, ամենօրյա գործողությունների ճիշտ կատարման հնարավորությունների անկարողությունն է, հետաճը: Այս վիճակն արտահայտվում է ֆիզիկական, հոգեբանական առումներով: Այն բնորոշ է հենց մեծահասակներին, սակայն օրգանիզմի նորմալ վիճակ չէ:  60-70 %  դեպքերում դեմենցիայի պատճառը Ալցհեյմերի հիվանդությունն է: Ժամանակակից աշխարհում հենց դեմենցիան է համարվում մեծահասակների հաշմանդամության ու շրջապատողներից կախվածություն ունենալու պատճառը: Դեմենցիայի վիճակը լրջագույն հարված է ընտանիքի բնականոն բարեկեցությանը, մեծահասակների նորմալ կենսակերպին ու կյանքի որակին:

Հատկանշական է, որ նշված հոգեբանական վիճակները որոշակիորեն կանխարգելելի են: Սրանք, նոր սկսված ժամանակ, կարելի է կառավարել, թեթևացնելով առկա կամ սպասվող վիճակը, հետաձգելով ծանր բարդությունների ի հայտ գալը: Դրա կարևորագույն նախապայմանը մենակության ու հարազատներին անպիտան լինելու զգացողության հերքումն է:

 

Հարազատների, հատկապես երեխաների ներկայություն և հոգածություն

Ամենակարևորը տարեցների նկատմամբ ընդգծված հոգածությունն է: Երբ այլևս ոչինչ չկա անելու, տարեցները կարիք ունեն տարրական մարդկային շփումների, սեփական պատմություններն ու անցյալը վերհիշելու, թոռների մոտ հին օրերը վերարժևորելու:

Ժամանակակից գերհագեցած առօրյան տատիկ-պապիկներին այցելելու համբերատար լսելու տեղ չեն թողնում:  Մինչդեռ նրանք օդ ու ջրից առավել հենց հարազատների ջերմության ու ներկայության կարիքն ունեն

Մարդու ծերացման արագությունն ու բնույթը կապված են ինչպես բնածին գործոնների, այնպես էլ շրջակա միջավայրի ազդեցության հետ: Պայմանականորեն տարբերում են բնականոն կամ ֆիզիոլոգիական և վաղաժամ ծերություն: Բնականոն ծերացման դեպքում մարդը մինչև խոր ծերություն մնում է գործնականորեն առողջ, այսինքն` նա ընդունակ է ինքնասպասարկման, պահպանում է ակտիվությունն ու հետաքրքրությունը շրջապատի նկատմամբ: Վաղաժամ ծերությունը բնորոշվում է տարիքային փոփոխությունների վաղ առաջացմամբ: Այն զգալի չափով պայմանավորված է կրած հիվանդություններով և շրջակա միջավայրի բացասական գործոնների ազդեցությամբ:

Քանի որ մարդու ծերացման ընթացքն անհատական է, և ծերացող մարդու օրգանիզմի վիճակը հաճախ չի համապատասխանում տարիքային նորմերին, անհրաժեշտություն է առաջացել սահմանազատել օրացուցային (ժամանակագրական) և կենսաբանական տարիք հասկացությունները: Կենսաբանական տարիքը կարող է չհամընկնել օրացուցայինի հետ և, կապված վաղաժամ ծերացման հետ, կարող է նախորդել նրան: 0րինակ՝ օրացուցային 50 տարեկանի դեպքում օրգանիզմի վիճակը կարող է համապատասխանել 60-ամյա մարդու տարիքային չափանիշներին: Կենսաբանական տարիքի որոշումը և օրացուցայինին չհամապատասխանելու նրա աստիճանն ունի մեծ գործնական նշանակություն հիվանդությունների կանխարգելման և բուժման, ըստ մասնագիտության աշխատանքի տեղավորման, խելացի կազմակերպված կենսակերպի լուծման համար:

Կարևոր նշանակություն ունեն ժառանգական գործոնները: Այսպես՝ հաստատվել Է, որ երկարակյացների ընտանիքներում երեխաները, ինչպես նաև մոտ ազգականներն ավելի հաճախ են հասնում խոր ծերության և երկարակեցության: Հայտնի է, որ կյանքի տևողությունը կախված է ոչ միայն գենետիկական, այլև շրջակա միջավայրի գործոնների ներգործությունից, մարդու կենսակերպից: Վաղ մանկությունից և ամբողջ կյանքի ընթացքում իրականացվող կանխարգելիչ և հիգիենային միջոցառումները ոչ միայն նպաստում են հիվանդությունների ու վաղաժամ ծերացման կանխմանը, այլև զգալիորեն ազդում են սերունդների առողջության և երկարակեցության վրա:

ժառանգական հատկանիշների, ինչպես նաև սոցիալական գործոնների  հետ են կապում կանանց ավելի դանդաղ ծերանալը:  Ծերացող մարդը պետք է իմանա իր օրգանիզմի տարիքային առանձնահատկությունների մասին, հաշվի առնի նրա պահեստային հնարավորությունների նվազումը, կենսաբանական մեխանիզմների ոչ լիարժեքությունը, որոնք կանխորոշում են հարմարումը՝ օրգանիզմի գերլարում պահանջող գերհույզային և ստրեսային  իրավիճակներում:

Տարիքային փոփոխությունների հետ կապված՝ վատանում են նյարդային գործընթացների շարժունությունը և հիշողությունը մոտ անցյալի իրադարձությունների վերաբերյալ, առաջանում Է հուզական անկայունություն: Ընդունված է այն կարծիքը, որ ծերերի բնավորության գծերը «սրվում են», նրանք դառնում են պահպանողական, ձգտում են սովորեցնել ուրիշներին, առանց առիթի շուտ վիրավորվում են: Թուլանում են նոր տպավորությունների գունեղությունն ու ցայտունությունը, որի պատճառով էլ նկատվում է` «փախուստ դեպի անցյալը», հիշողությունների գերիշխում, մշտապես մտատանջվում են սեփական առողջության և հիվանդությունների համար: Սակայն այդ առանձնահատկությունները հաստատուն չեն և երբեմն գրեթե կամ բոլորովին բացակայում են: Այդպիսի փոփոխությունների կանխարգելման համար մեծ նշանակություն ունեն շրջակա միջավայրի գործոնները, մասնագիտական և հասարակական գործունեության շարունակումը, շրջապատի նկատմամբ հետաքրքրության պահպանումը, մերձավորների հանդեպ սերն ու հոգատարությունը:

Տարեց և ծեր մարդիկ իրենց ֆիզիկական և հոգեկան առողջության վիճակով ոչ համասեռ խմբեր են ներկայացնում: Հիմնվելով միևնույն տարիքի մարդկանց առողջական վիճակի և սոցիալական ցուցանիշների վրա՝ նրանց առանձնացնում են «երիտասարդ ծերեր» և «ծեր ծերեր» խմբերում: Կոպիտ հաշվումներով՝ զարգացած երկրներում «երիտասարդ ծերերը» (որոնք ընդունակ են ինքնասպասարկման, իսկ նրանցից շատերը նաև աշխատունակ են, կազմում են 60 և ավելի տարիքի մարդկանց 80-85%-ը, «ծեր ծերերը»՝ 15-20%-ը):

Դեղորայքով բուժումը ծեր տարիքում պահանջում է հատուկ ուշադրություն և զգուշություն, լրիվ բացառվում է ինքնաբուժումը: Մեծահասակները դեղորայքը պետք է ընդունեն միայն բժշկի նշանակմամբ և հսկողությամբ: Տարեց և ծեր մարդիկ հաճախ տառապում են քնի խանգարումներով: Գիշերային քնի պահանջը տարիքի հետ նվազում է և ունի անհատական զգալի տատանումներ (5-8 ժ): Անքնության բուժման համար անհրաժեշտ է խուսափել քնաբեր դեղանյութերի օգտագործումից: Շարժողական ակտիվության բարձրացումը և, մասնավորապես, քնից առաջ զբոսանքը, ընթրիքը՝ քնելուց 4-5 ժ առաջ (առանց սուրճի կամ թունդ թեյի), սենյակի 18-20° С ջերմաստիճանը, ներքնակի տակ դրված նրբատախտակի վահանը (քնած ժամանակ ողնաշարի ծռումները վերացնելու համար) պարտադիր են տարեց և ծեր մարդկանց համար և կօգնեն լավացնել քունը, խուսափել քնաբեր դեղանյութերի օգտագործումից: Գիշերային վատ քունը հաճախ պայմանավորված է ցերեկային քնով. տարեց մարդը պետք է ցերեկը բավականին ակտիվ լինի:

Ծերերի առողջությանը կարող են վնասել թերշարժունությունը, հեղուկների անբավարար օգտագործումը, դեղանյութերի (քնաբեր, ցավամոքիչ, հանգստացնող և այլն) կիրառումը: Կենսակերպը, աշխատանքի բնույթը, որևէ իրադարձության հանդեպ նյարդային համակարգի հակազդեցությունը բավականին ազդում են ծերացման խորացման վրա: Ճիշտ կազմակերպված աշխատանքն ու հանգիստը, ճիշտ սնուցումը, ակտիվ շարժողական ռեժիմը, մարդկանց նկատմամբ բարեհամբույր վերաբերմունքը բարերար են ազդում օրգանիզմի ֆիզիոլոգիական հավասարակշռությունն ապահովող, կարգավորիչ համակարգերի վրա:

Աշխատանքն անբաժանելի է կենսակերպից, այն երկարակեցության կարևորագույն գործոն է: Աշխատանքային գործունեության շարունակումը թոշակային տարիքում վաղաժամ ծերացման դեմ պայքարի կարևորագույն գործոն է: Երկար տարիներ կենսական նույնատիպության պահպանումը, կոլեկտիվում գտնվելը, ընտանիքում հեղինակություն ունենալը բարձրացնում են հետաքրքրությունը կյանքի նկատմամբ, հետևաբար առողջության պահպանման խթան են:

Ծերունական տարիքում առավել հաճախ հանդիպող հոգեպաթոլոգիկ խանգարումներից է համարվում սոմանտիզացիան, այսինքն` հոգեկան խանգարումների արտահայտումը ֆիզիկական խանգարումների միջոցով: Այսպիսի հիվանդները բողոքում են մարմնական ցավերից և դիմում ընդհանուր բժշկի` թերապևտի, այլ ոչ թե հոգեթերապևտի: Սովորաբար թերապևտները չեն կարողանում հասկանալ թե ինչ խնդիր է, եթե այն վերբերում է թույլ դեպրեսիային կամ հիշողության և մտածողության թեթև խանգարումներին: Դրա համար հարկավոր է ուշադիր լինել ծերերի հանդեպ, որպեսզի կարողանանք հետևել և նկատել նրանց վարքի կամ տրամադրության ակնհայտ փոփոխությունները, քանի որ ճիշտ բուժումը կարող է բարելավել նրանց վիճակը և հետ վերադարձնել նրանց դեպի երջանիկ կյանք: