Միջին Ասիան ու Կովկասն անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան ու Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանների անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին: Ընկերակցեք մեզ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անցած շաբաթ Բաքվում հանդիպում ու զրույց ունեցան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Հանդիպմանը մասնակցում էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անժեյ Կասպերչիկը:
Բաքվում ԵԱՀԿ Մինսկի խմբի և Իլհամ Ալիևի հանդիպման գլխավոր առանցքը ԼՂ-ի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցությունների շրջագծում երկու երկրի նախագահների հաջորդ հանդիպման թվականի հստակեցումն է եղել:
Վերջին տարիներին Հայաստանի իշխանությունները ողջունել են նախագահների մակարդակում ազերի կողմի հետ ուղղակի հանդիպումները: Դա ի տես այն բանի, որ Բաքվի իշխանությունները ներկա «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» գործընթացը դեմ են համարում Ադրբեջանի ազգային շահերին և ընդգծում են գրավված տարածքների վերադարձը:
Կովկասյան տարածաշրջանում ընթացիկ գործընթացը և հատկապես ԼՂ-ի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապված զարգացումները զգայուն փուլ են մտել և հենց դա էլ կրկնակի կարևորում է Մինսկի խմբի համանախագահների այցերը: Հատկապես որ այն տեղի ունեցել այն պայմաններում, երբ թշնամի կողմերի միջև սահմանային բախումները սրվել են և կրկին մեծացել է երկու հարևան երկրների միջև լայնածավալ բախման վերսկսման հավանականությունը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվից մեկնեցին նախ Ստեփանակերտ և ապա Երևան, որտեղ կայացած հանդիպումներում քննարկեցին ԼՂ-ի հակամարտության հետ կապված վերջին զարգացումները:
--------------------
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղին ինքնավար հանրապետության կարգավիճակ տալու մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս արած հայտարարությունը: Հինգշաբթի օրը ճեպազրույցում այդ մասին Մարիա Զախարովային հարց է ուղղել «Մոսկվա-Բաքու» լրատվական գործակալության թղթակիցը: Այդ կապակցությամբ մանրամասներ է հաղորդում լրագրող Հրաչ Մելքումյանը:
-----------------------
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ընդունեց ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին:
Նախարար Վարդան Արամյանը մեկ անգամ եւս ընդգծեց երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող տնտեսական հարաբերությունների ավանդույթը՝ շեշտելով. «Իրանից Հայաստան ցուցանիշը 3 միլիոն դոլար է, Հայաստանից Իրան՝ 250 հազար դոլար, ինչն էլ փաստում է, որ մենք բավական մեծ անելիք ունենք այստեղ եւ կարող ենք շեշտակի բարձրացնել այս ցուցանիշը՝ հաշվի առնելով երկու ժողովուրդների դարավոր առեւտրային ներուժը» :
Նախարար Արամյանը նշել է, որ Հայաստանը մշտապես սատարել է իրանական նախագծերին միջազգային ֆինանսական հարթակներում.«Եթե Իրանում տնտեսական աճը բարձր լինի, անուղղակիորեն այն կազդի նաև Հայաստանի տնտեսական աճի վրա: Հետեւաբար, Հայաստանին ձեռնտու է հարեւան երկրի կայուն տնտեսական աճը», - նշել է նախարարը:
Հանդիպման ժամանակ Հայաստանում Իրանի դեսպանն ասաց. «Նախկին բանակցությունների ֆոնին տնտեսական երկկողմ համագործակցությունների ու հարաբերությունների ընդլայնման հնարավորություն է ստեղծվել»:
-------------------------
Իրանի արտգործնախարարության քաղաքական ու միջազգային ուսումնասիրությունների գրասենյակում մեկնարկեց Կասպից ծովի իրավական ռեժիմի կոնվենցիայի մշակման աշխատանքային հանձնախմբի 47-րդ նիստը:
Թեհրանյան երկօրյա նիստին մասնակցեցին մերձկասպյան հինգ երկրների՝ Իրանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Թուրքմենստանի փոխարտգործնախարարները և հատուկ ներկայացուցիչները:
Հիշյալ նիստում Կասպից ծովի իրավական ռեժիմի կոնվենցիայի նախատեքստում նշված հարցերի շուրջ բանակցելուց բացի, խորհրդակցություններ կատարվեցին Ղազախստանում կայանալիք Մերձկասպյան երկրների 5-րդ վեհաժողովի կապակցությամբ:
Կասպից ծովի իրավական ռեժիմի կոնվենցիայի մշակման աշխատանքային հատուկ խմբի վերջին նիստը կայացավ անցած ամռանն՝ Աստանայում, մերձկասպյան հինգ երկրների ԱԳ նախարարների նստաշրջանից մեկ օր առաջ:
Թեհրանում կայացած նստաշրջանը մերձկասպյան հինգ երկրների կառավարությունների ու ժողովուրդների, ինչպես նաև այդ ծովում շահեր ունեցող երկրների համար կարևոր էր այն տեսակետից, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի շուրջ մերձկասպյան երկրների բանակցությունները մոտենում են վերջնական փուլի:
Չնայած մերձկասպյան երկրների պաշտոնյաների կողմից փոխըմբռնման ուղղությամբ գործադրված բացահայտ ջանքերին, որոշ կանխադատումներ արգելում են այս կապակցությամբ արդար լուծման հանգելը:
Թեհրանյան նիստը մեկնարկել է այնպիսի պայմաններում, երբ նախկին խորհրդային միության անդամ երեք պետություններ՝ Ռուսաստանը, Ադրբեջանը և Ղազախստանը 1998-2003 թվականներին, երկկողմ և եռակողմ համաձայնագրեր կնքելով, կասեցրել են Կասպյան բանակցությունների ընթացքը:
---------------------
Դուշանբեի կառավարությունը հերքեց ԵԱՏՄ-ին Տաջիկստանի անդամակցության մասին լրատվությունը:
Բելառուսում Տաջիկստանի դեսպան Ղազի Դոլաթ Ղաեմդադովը հայտարարեց. «Դուշանբեի կառավարությունը առանց քննարկումների որևէ կազմակերպության կամ միության չի անդամակցի»: Նա հավելեց, որ Տաջիկստանը շարունակում է քննարկել ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցը և այդ միությանը Տաջիկստանի անդամակցության մասին շրջանառված լուրերը կեղծ են:
Նա ընդգծեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցը պիտի քննարկման դրվի և նկատի պիտի առնվեն դրա հետ կապված բոլոր շահերն ու վնասները: Բելառուսում Տաջիկստանի դեսպանի հայտարարության համաձայն տնտեսական որևէ կազմակերպության միանալու համար ցանկացած երկիր որպես հենարան վստահելի կապիտալ պիտի ունենա, ինչից համաշխարհային տնտեսական վիճակի պատճառով զուրկ է Տաջիկստանը:
Բելառուսում Տաջիկստանի դեսպանի հայտարարությունը վկայում է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի այդ երկրի կառավարության ու ժողովրդի դիմագրաված տնտեսական ու կենցաղային խնդիրների մասին:
-----------------------
Անցած շաբաթ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները հայտարարվելով պարզվեց, որ Վրաստանի օրենսդիր կառույցում այդ երկրի ղեկավարող կուսակցության վերահսկողությունն առավել հզորացել է:
Վրաստանի ընտրությունների կենտրոնական հանձնաժողովը հայտարարեց, որ «Վրացական երազանք» կուսակցությունը շահել է խորհրդարանական 67 մանդատներ, իսկ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությանը բաժին է հասել միայն 27 մանդատ:
Վրաստանի խորհրդարանը 150 պատգամավորներ ունի:
Ռուսամետ հակումներով հայրենասերների կոալիցիան հոկտեմբերի 8-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեռք բերեց 6 խորհրդարանական տեղեր:
Ակնկալվում է, որ առաջիկա կիրակի օրը նախատեսված Վրաստանի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը շահի ևս 50 խորհրդարանական մանդատներ, ինչի արդյունքում փաստորեն ուշագրավ չափերով ավելացնելու է ներկա խորհրդարանում զբաղեցրած 85 տեղերը:
---------------------
Ղրղզստանի հոգևոր առաջնորդներից մեկն զգուշացրել է Կենտրոնական Ասիայի հինգ երկրներում վահաբական ծայրահեղական գաղափարների արագ տարածման հետևանքների կապակցությամբ:
Ղադեր Մալեքովն ընդգծել է, որ Պարսից ծոցի արաբական երկրների և հատկապես Սաուդյան Արաբիայի հետ Կենտրոնական Ասիայի երկրների տուրիստական ոլորտում համագործակցությունների շուրջ համաձայնագրերի կնքումից հետո, զբոսաշրջության քողի ներքո վահաբական գաղափարներն արագ տարածում են գտնում Ղրղզստանում, Ղազախստանում, Թուրքմենստանում, Տաջիկստանում ու Ուզբեկստանում: