Մայիս 05, 2017 20:32 Asia/Yerevan

Մաեդե սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Մաեդե սուրայի 98-102-րդ այաներին:

Նախ  կլսենք Մաեդե սուրայի 98 և 99-րդ այաներ.

اعلموا ان الله شديد العقاب و ان الله غفور رحيم / ما علي الرسول

الا البلاغ والله يعلم ماتبدون و ماتكتمون

< Հիշեցեք, որ Աստված իր ձեռքում ունի վրեժը և միևնույն ժամանակ գթած ու ներողամիտ է: Իմացեք. որ մարգարեի առաքելությունը միայն քարոզչություն է: Աստված գիտե, թե ինչ կա ձեր սրտում և ինչ եք հայտնում>:

 Որոշ հավատացյալներ կարծում էին, որ շատ պատվիրաններ, ինչպես օրինակ ուխտագնացության մասին, որոնց վերաբերյալ մարգարեն խոսում էր,   ինքն էր դրանք որոշում: Այս այան խոսելով այդ մասին, ասում է, որ մարգարեն պարտավոր է փոխանցել Աստծո պատվերները մարդկանց և ոչինչ չավելացնել կամ չպակսեցնել: Դրանից բացի, մարդկանց պատժելը, պարգևատրելը միայն Աստծո գործն է և մարգարեն այս հարցում դերակատարություն չունի: Մարգարեն չի կարող մարդկանց ստիպել իրեն հետևել, որովհետև հավատքը ներքին ցանկություն է և միայն Աստված գիտի, թե ում սրտում հավատքի համար տեղ կա, և ընդհարապես ինչ կա մարդկանց սրտերում:

Այս այաներից սովորում ենք.

1. Հավատացյալը պետք է մի կողմից վախ ունենա իր սրտի մեջ և մյուս կողմից` հավատք: Վախ`իր մեղքերի համար և հույս, որ Աստված ներելու է իր մեղքերը:

2. Մարգարեի պարտավորությունն է կրոնը քարոզել և ոչ թե մարդկանց ստիպել հետևել իր կրոնին:

3. Աստծուն հայտնի են մեր սրտերի բոլոր թաքուն կողմերը և պետք չէ երեսպաշտություն անել:

Այժմ  կլսենք Մաեդե սուրայի 100-րդ այան.

قل لايستوي الخبيت و الطيب و لواعجبك كثره الخبيت فاتقواالله يا

اولي الالباب لعلكم تفلحون

<Չարիքն ինչ հրապույր էլ որ ունենա ձեզ համար, պետք չէ, որ այն բարիքին հավասար դնեք: Ով դուք, որ իմաստուն եք. երկնչեք Աստծուց և իմաստուն կլինեք>:

Այս այան դիմելով մարգարեին ասում է, որ ճշմարտության չափորոշիչը մեծամասնությունը չէ: Մի ողջ հասարակություն կարող է կրոնին հակառակ գնալ, բայց դա չի նշանակում, որ կրոնը ճշմարիտ չէ: Այայի ավարտին, Աստված ասում է. Եթե ցանկանում եք փրկվել, պետք է հետևեք այն ամենին, ինչ Աստված է որոշել ձեզ համար:  Եվ այդ ամենը պետք է ձեզ համար ճշտորոշիչ լինի ճշմարիտի ու սխալի միջև:Այս այայից սովորում ենք.

1. Մեծամասնությունը դեռ չի նշանակում ճշմարտություն կամ գերազանցություն մյուսների նկատմամբ:

2. Բոլոր մարդիկ ունեն միտք, սակայն նրանցից շատերը քայլ չեն անում իրենց խելքի հիման վրա, այլ ավելի շուտ հետևում են ավանդույթներին ու սովորույթներին:

3. Փրկվելու համար ոչ միայն խելք է պետք, այլ նաև հավատք և առաքինություն:

Այժմ  կլսենք Մաեդե սուրայի 101 և 102-րդ այաները.

 يا ايهاالذين آمنوا لاتسئلوا عن اشياء ان تبدلكم تسوكم و ان تسئلوا

عنها حين ينزل القرآن تبدلكم عفاالله عنها والله غفوررحيم / قد سئلها

قوم من قبلكم ثم اصبحوا بها كافرين

<Ով հավատացյալներ, Ձեր հետաքրքրությունների համար որոշակի չափ դրեք: Եթե տեղեկանաք այն բաների մասին, որ ցանկանում եք իմանալ, թերևս վնասվեք: Սպասեք, որ Ղուրանն ամբողջությամբ հայտնվի և այն ժամանակ ամեն բան կպարզվի:Աստված ներում է ձեր հետաքրքրասիրությունը, որովհետև գթած և անհիշաչար է: Ձեզանից առաջ եղան մարդիկ, ովքեր ցանկացան իմանալ բացարձակապես ամեն բան և դրա համար էլ անհավատ եղան>:

Թեև հարցումը գիտության բանալին է, սակայն շատ հարցեր կարող են օգտակար չլինել և որոշակի խնդիրներ առաջացնել հասարակության մեջ: Կամ օրինակ, երբ պետությունը պատերազմի մեջ է, նրան հարցեր ուղղելով և ճնշում գործադրելով, կարելի է պատճառ դառնալ, որ այն թուլանա: Իսկ կրոնական հարցերում, այնքան որ պետք է, մարգարեն մարդկանց բացատրեց: Որոշ մարդիկ, ավելի շուտ հետաքրքրասիրությունից ելնելով են հարցեր տալիս: Իսկ անընդհատ նույն  հարցը կրկնելը նշանակում է, որ մարդը հրաժարվում է իր պարտականություններից և ոչ թե ցանկանում է դրանք ավելի մանրակրկիտ կատարել: Ինչպես որ Մովսեսի ժամանակ, մարդիկ պարտավոր եղան կով մորթել: Սակայն քանի որ դա նրանց համար դժվար էր անել, սկսեցին հարցեր տալ կենդանու գույնի և տարիքի մասին: Եվ երբ հարցի պատասխանը պարզ դարձավ, այդպիսի կենդանի գտնելը դժվար էր: Ասում են, որ մի մարդ մարգարեից հարցրեց արդյոք անհրաժեշտ է,  ամեն տարի ուխտի գնալը: Մարգարեն պատասխան չտվեց և մարդը մի քանի անգամ նույն հարցը տվեց: Մարգարեն պատասխանեց. Ինչու՞ եք այդքան պնդում: Եթե անհրաժեշտ լիներ ամեն տարի գնալ ուխտագնացության, ես այդ մասին հաստատ կասեի:

Այս այաներից սովորում ենք.

1. Ամեն ինչ իմանալը ոչ անհրաժեշտ է և ոչ էլ օգտավետ: Պետք է ձեռք բերել այն գիտելիքները, որոնք օգտակար են:

2. Եթե Աստված մարդկանց չի ստիպում կատարել բոլոր պատվերները, դա նրա ներողամտության ապացույցն է:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 182-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան