Թավրիզը՝ իսլամ աշխարհի շողշողացող փիրուզը (5)
Այս տարի Թավրիզը Իրանի զբոսաշրջության ճակատն է համարվում, քանի որ հայտարարվել է որպես իսլամ աշխարհի զբոսաշրջության մայրաքաղաք: Պատմության ընթացքում ևս Թավրիզը մշակույթի փոխանակման կամուրջ է հանդիսացել հարևան երկրների միջև: Միշտ էլ այս քաղաք են այցելել աշխարհի տարբեր երկրների զբոսաշրջիկներ, որոնց շարքում եղել են հանրահայտ մարդիկ, որոնք իրենց հուշագրություններում անդրադարձել են այս քաղաքին: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք այդ գրություններից մի քանիսին:
Ուղեգրությունը ճանապարհորդի գրառումներն են այցելած երկրների վերաբերյալ։ Ուղեգրություն կարդալով կարելի է տեղեկություններ ձեռք բերել տվյալ շրջանի պատմական կոթողների, մզկիթների, գրադարանների, շուկաների, աշխարհագրական դիրքի, կլիմայի, բնակչության ազգային ու կրոնական սովորությունների, կենցաղի ու լեզվի մասին:
Կարելի է ուղեգրությունը հանրագիտարան համարել, որոնց դիմելով հնարավոր է ծանոթանալ տարբեր ժամանակների ժողովուրդների քաղաքական, տնտեսական ու հասարակական իրավիճակին:
Անցյալում ուղեգրություններ գրելու պատճառներից էր հեշտ տրանսպորտի հնարավորության բացակայությունը: Հաղորդակցական միջոցների տարածված չլինելը նույնպես ժողովրդին հեռու էր պահում միմյանցից և մարդիկ անտեղեակ էին տարբեր մշակույթների ու ծեսերի մասին:
Նախնիների ուղեգրությունները կարդալով իմանում ենք,թե որ քաղաքներն են բարգավաճ ու մշակույթի տեսակետից հարուստ եղել և որ քաղաքներն են ավելի մեծ ազդեցություն թողել մարդկային քաղաքակրթության վրա: Պատմության ընթացքում Իրանն իր շեն ու մեծ տարածքով աշխարհաշրջիկների ուշադրության կենտրոնում է եղել և ուղեգրություններում բազմիցս անդրադարձ է եղել Իրանի քաղաքներին և մշակութային ու քաղաքակրթության առանձնահատկություններին:
Թավրիզը ևս բացառություն չի կազում և հաստատ այդ հուշագրություններն օգնելու են այս քաղաքի հարուստ անցյալին ծանոթանալու հարցում: Կարճ դադարից հետո կանդրադառնանք Թավրիզի մասին այդ ճամփորդական գրություններից մի քանիսին:
Լուսնային հիջրայի 394-481 թվականներին ապրող իրանցի հայնրահայտ բանաստեղծ, փիլիսոփա, մտավորական ու զբոսաշրջիկ Նասիր Խոսրո անունով հայտնի Աբու Մոին Նասիր Իբն Խոսրո Իբն Հարես Ղոբադիանի Բալխին յոթ տարի այցելել է տարբեր երկրներ և երեք անգամ մուսուլմանների գլխավոր սրբավայր Քյաբե է ճամփորդել:
Նասիր Խոսրոն իր ուղեգրությունում գրել է.«1046 թվականին )հիջրայի 438թ.) հասել եմ Թավրիզ քաղաք, որը Ատրպատականի մեծ գյուղաքաղաքներից էր համարվում: Բարգավաճ այդ քաղաքը չափեցի՝ 1400 քայլ: Ինձ պատմել են, որ քաղաքում երկրաշարժ է տեղի ունեցել հիջրայի 434թ.: Ասում են քաղաքում ապրում էր աստղագետ Աբութահեր Շիրազին: Նա հրամայում է այս ինչ գիշեր երկրաշարժ լինի և քաղաքը ավերվի: Քաղաքի իշխանը ժողովրդին պարտադրում է քաղաքից հեռանալ և անապատ գնալ, որպեսզի չմնան հողի տակ: Աստղագետի ասածն իրականացավ:
Այդ գիշեր քաղաքն ամբողջությամբ ավերվեց և ավելի քան քառասուն հազար մարդ մահացավ այդ դեպքի հետևանքով: Թավրիզի իշխան՝ Ամիր Վահսուդանը 435թ. վերակառուցում է Թավրիզը և այսօր քաղաքը շեն է»:
Ավելի քան հազար տարի է անցնում այն ժամանակներից, երբ Նասիր Խոսրոն գրի առավ իր ճամփորդական հուշերը: Սակայն նա միակը չէր, որ ոգևորված էր ուղեգրությամբ: Հիջրայի 7-րդ դարի պատմագիր, աշխարհագրագետ՝ Յակութ Համավի անունով ճանաչված Շահաբեդդին Աբի Աբդուլլահ Յակութ Իբն Աբդուլլահ Ալ-Համավին երիտասարդ տարիքում առևտրի նպատակով սկսեց ճամփորդել և եղավ քիշում, Օմանում, Լևանտում և Ասիայի այլ շրջաններում: Հիջրայի 592թ.՝ մթ. 1213թ. Յակութ Համավին եղել է Թավրիզում և քաղաքի մասին իր ուղեգրության մեջ ասել է.«Թավրիզն Ատրպատականի ամենաճանաչված քաղաքն է: Շեն ու գեղեցիկ, աղյուսով ու գիպսով կառուցված ամուր բերդով: Քաղաքից անցնում են առվակներ ու գետեր: Քաղաքի շուրջը կան այգիներ և մրգի գինը մատչելի է: Ամենահաճելի ու համով ծիրանը ես այնտեղ եմ ճաշակել: Քաղաքն ունի նաև բազում գիտնականներ»:
Անշուշտ ձեզ ծանոթ է Մարկո Պոլոյի անունը և լսել եք նրա ուղևորությունների մասին: Վենետիկցի առևտրական, ճանապարհորդ Մարկո Պոլոն 13-րդ դարում գրի է առել իր ճամփորդական հուշերը, որն այսօր առանցքային դեր ունի Ասիայի, Իրանի ու Չինաստանի քաղաքակրթությունները ճանաչելու համար:
1295թ. Նա ճամփորդում է Թավրիզ և այսպես է գրում իր հուշերում.«Թավրիզը մեծ ու գեղեցիկ քաղաք է և ամենագեղեցիկն ու հարուստն է իմ տեսած քաղաքներից: Այս տարածքում կան բազում քաղաքներ ու ամրոցներ, սակայն Թավրիզն ամենահեղինակավորն է: Թավրիզի բնակիչները մետաքսե ու ոսկեթել գեղեցիկ կտավներ են պատրաստում, որոնք թանկ արժեն: Աշխարհագրական տեսանկյունից Թավրիզը շատ լավ դիրք ունի առևտրի համար և Հնդկաստանի, Բաղդադի ու արևադարձային շրջանների ու Եվրոպայի վաճառականներն այս քաղաք են այցելում տարբեր իրեր գնելու կամ վաճառելու համար»:
Իտալացի Մարկո Պոլոյից բացի, ֆրանսիացիները ևս իրենց ուղեգրություններում անդրադարձել են Թավրիզին:
Ժան Շարդենն առաջին ֆրանսիացի ճանապարհորդն է եղել, որ ուղեգրության մեջ անդրադարձել է Իրանին, Ֆիրդոսիին ու Շահնամեին և Իրանի մշակույթին ու արվեստին: Եվ չնայած նրա տեղեկությունները քիչ էին, սակայն ֆրանսիացի արվեստասերների ուշադրությունը սևեռեցին Իրանի վրա: 1673թ. Թավրիզ այցելած Շարդենը գրել է.«Տարածքի մեծության, բնակչության թվի և առևտրի տեսակետից Թավրիզն Իրանի առաջին քաղաքն է համարվում: Քաղաքը չունի աշտարակ ու ցանկապատ և բաժանվում է իննը թաղամասերի: 15 հազար բնակարան ու 15 հազար խանութներ կան քաղաքում: Շուկաները ևս բարձր առաստաղ ունեն ու մեծ են: Շուկաներում ժողովրդի երթևեկությունն ու փողի շրջանառության մեծ լինելը, քաղաքի բարգավաճման պատճառներից են հանդիսանում: Լավագույն շուկան պատկանում է ոսկերիչներին և Ղեյսարիե է կոչվում: Քաղաքում գործում են 300 հյուրանոցներ, որոնցից ամենափոքրը կարող է 300 ճամփորդ ընդունել: Ողջ քաղաքում զբաղված են ոսկեթել կտավի ու մետաքսի արդյունաբերությամբ և Իրանի լավագույն ձեռքբերումներն արտադրվում են Թավրիզում:
Թավրիզում առատ են կենցաղային պարագաները և քիչ աշխատավարձով անձը շատ հանգիստ կարող է ապրել այդ քաղաքում:Քաղաքի այգիներում վաթսուն տեսակի խաղող է աճում:
Թավրիզի առանձնահատկություններից է քաղաքի հաճելի կլիման ու գեղեցիկ բնությունը: 17-րդ դարի գերմանացի հետազոտող, աշխարհագրագետ՝ Ադամ Օլեարիուսը երկու գիրք է գրել Իրան կատարած ուղևորության մասին: Նա Ռուսաստանի ու Կասպից ծովի ճանապարհով Իրան է այցելել և իր ուղեգրության մեջ գրել է.«Քաղաքի կլիման այնքան լավն է, որ հազվադեպ պատահի մեկը խոսի հիվանդության մասին: Նաև ասում են, որ հիվանդներն առանց դեղի օգտագործման բուժվում են այս քաղաքում»:
Իրանում աճում են տարբեր տեսակի խաղողներ, սակայն ամենահյութեղ ու ամենահամով տեսակն աճում է Շիրազում ու Թավրիզում: Ատրպատականում շատ լավ է աճում բամբակը: Թավրիզում իրանցի թագավորներն ապրել են Թուրաս անունով լեռան ստորոտում, որտեղ հնագույն ժամանակերում Իրանի ամենաբազմաբնակիչ քաղաքն է եղել:
Իբն Բաթութան հետաքրքիր ուղեգրություն է գրել իր բազում ճափորդությունների մասին: Իբն Բաթութեն ծնվել է 1304թ. Մարոկոյում: Երիտասարդ տարիքում նա մեկնում է Մեքքա,ապա այցելում է Եգիպտոս, Լևանտ, Պաղեստին, Իրան, Թուրքստան, Հնդկաստան, Չինաստան, Արևելյան Եվրոպա և Արևելյան Աֆրիկա և ի վերջո կրկին վերադառնում է Մարոկո:
Իբն Բաթութան գրեթե ժամանակակից է եղել Մարկո Պոլոյի հետ: Սակայն նա երեք անգամ ավելի շատ ճանապարհ է անցել Մարկո Պոլոյից և կարելի է նրան պատմության ամենամեծ ճանապարհորդներից համարել: Իբն Բաթութան Թավրիզ կատարած ուղևորության մասին գրել է.«Բաղդադի դարպասից մուտք գործեցինք Թավրիզ և հասանք Ղազանի մեծ շուկա, որը լավագույններից է աշխարհում: Վաճառողներից յուրաքանչյուրն ունի իր ուրույն տեղը: Ապա մեկնեցի ակնավաճառների շուկա ու հիացա այնտեղ տեսածով: Սպասավորները պատշաճ հագուստով ու գոտիներին կապած մետաքսե չալմայով կանգնած էին առևտրականների կողքին և իրենց գոհարներն էին առաջարկում կանանց: Նրանք էլ գնում էին այդ զարդերն ու այդ հարցում մրցակցում: