Գեղարվեստական հաղորդում (137)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:
Իրանական «Ալան» կարճամետրաժ ֆիլմը շահեց Գերմանիայի «Էբերզվալդե» կինոփառատոնի 15-րդ շրջանի լավագույն «Կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգի մրցանակը:
Մոսթաֆա Գանդոմքարի «Ալան» ֆիլմն ընտրվել էր աշխարհի 71 երկրներից հայտեր ներկայացրած 849 ֆիլմերի միջից և այդ անվանակարգում մրցելով 18 երկրներից, այդ թվում Իսպանիայից, Ֆրանսիայից, Ավստրալիայից ու Չինաստանից մասնակցած 38 ֆիլմերի հետ, փառատոնի լավագույն կարճամետրաժ ֆիլմ ճանաչվեց:
«Էբերզվալդե» կինոփառատոնի 15-րդ շրջանը հոկտեմբերի 7-ից 14-ը անցկացվեց Գերմանիայում:
«Հին ու նոր Երևան» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են վաթսունից ավելի լուսանկարներ, որոնք պատմում են քաղաքամայր Երևանի ճարտարապետական դիմագծի, շինությունների և նշանավոր անձանց մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի 2800-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 19-ին «Մետրոնոմ» կենտրոնում:
«Մեր թանգարանում պահվում են 15 000-ից ավելի լուսանկարներ, որոնք թվագրվում են 19-րդ դարի վերջից մինչև մեր օրերը, և այդ հավաքածուն անընդհատ համալրվում է»,- նշեց Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը:
Նա շեշտեց, որ ցուցահանդեսում ներառված լուսանկարներից շատերում պատկերված են Երևանի այնպիսի շենքեր, որոնք այժմ չկան:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի խոսքով` իրենք ցուցահանդեսում ֆոնդային նյութեր են ներկայացրել:
Նա շեշտեց, որ ցուցահանդեսը կազմակերպել են «Մետրոնոմ»-ում, որպեսզի հանրության լայն շրջանակը հնարավորություն ունենա ծանոթանալ հին ու նոր Երևանի ճարտարապետական հուշարձաններին:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանն ասաց, որ շատ կցանկանար, որպեսզի պահպանվեր հին Երևանի կենտրոնը: «Իհարկե, մեր օրերում արհեստականորեն փորձում են «Հին Երևան» ստեղծել Արամի փողոցում, բայց դա նույնը չի լինի, քանի որ չի լինի դարերի ապրածի շունչը, հոգին»,- նշեց նա և հավելեց, որ շատ է սիրում Երևանը, և մաղթեց, որ մենք վերագտնվի երևանյան մշակույթը:
Ներկայացված էին լուսանկարներ «Տեսարան սբ. Սարգսի փողոցից», «Տեսարան հին Երևանից», «Տեսարան Կոնդից», «Հաղթանակի կամուրջը», «Միտինգ-ընդվզում. 1988թ.», «Շքերթ Լենինի այժմ Հանրապետության հրապարակում Հոկտեմբերյան հեղափոխության 16-ամյակի առթիվ» և այլ վերտառություններով:
Անկախ պետությունների համագործակցության կողմից մշակութային մայրաքաղաք հայտարարված Գորիսում հոկտեմբերի 18-ին բացվեց «Վարպետների մոլորակ» խորագրով ձեռարվեստի միջազգային փառատոնը:
Ներկայացվեցին Սյունիքի, ինչպես նաև ԱՊՀ պետություններից ժամանած արհեստագործների, վարպետների աշխատանքները: Գորիս ժամանած զբոսաշրջիկների, միջոցառման հյուրերի և Սյունիքի բնակչության համար կազմակերպվեց ցուցահանդես-վաճառք:
Ծրագրի նախաձեռնողը «Տերյան» մշակութային կենտրոնի ղեկավար,մասնագիտությամբ նկարիչ-դիզայներ,արվեստագիտության թեկնածու Լիլիթ Մելիքյանն է: Նա նշեց, որ «Իմ Հայաստան» ծրագրի և «Տերյան» մշակութային կենտրոնի հետ համատեղ գործունեության շնորհիվ ծրագիրը իրականություն դարձավ: «Ազգագրության ինստիտուտի շնորհիվ ծանոթացանք Հայաստանի գրեթե բոլոր շրջանների վարպետների հետ: Այս ընթացքում նրանց այցելելով՝ նոր ծրագրեր կազմեցինք: Մենք ունենք հրաշք վարպետներ, բայց նրանք անում են միայն այն, ինչ գիտեն և ոչ այն՝ ինչը միգուցե կվաճառվի կամ ավելի ճիշտ՝ կներկայացնի ազգային մշակույթը: Մեզ հետ միասին իրենք ստեղծեցին արտադրանք, որն ավելի մոտ է հայկական ձեռարվեստի գաղափարին, և կարողացան ավելի լավ ներկայացնել հայկական մշակույթը: Ծրագրի նպատակն էր վարպետներին ի հայտ բերել, նրանց հասցնել մի որոշ մակարդակի, որից հետո նրանք կունենան իրենց գնորդները»,- ասաց նա:
Լիլիթ Մելքոնյանը կարևորեց ազգային փոքրամասնությունների մասնակցությունը նմանատիպ միջոցառումներին:
«Տերյան» մշակութային կենտրոնի և Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի կողմից ներկայացված ձեռագործ աշխատանքների մասին խոսեց ասեղնագործություն դասավանդող, մանկավարժ Լուսինե Մխիթարյանը: «Փառատոնին ցուցադրում ենք երեխաների կողմից արված ասեղնագործ աշխատանքներ, ինչպես նաև Իսկուհի Սարգսյանի հայկական ասեղնագործ ժանյակները ՝մասնավորապես կրծքազարդեր, ձեռնոցներ»,- ընդգծեց նա:
Փառատոնին ներկայացված էին նաև տիկնիկագործ Սուսաննա Գրիգորյանի աշխատանքները. «Իմ նպատակն է տիկնիկների միջոցով յուրօրինակ ձևով փոխանցել ազգային զարդանախշերը: Իրենք կրում են մասնիկներ, որոնք կարող ենք տեսնել գորգագործության, կարպետագործության մեջ»,- նշեց նա:
Ուկրաինական համայնքի ներկայացուցիչ Աննա Հարությունյանը պատմեց տաղավարում ցուցադրված ազգային տարազների, ուտեստների, տիկնիկների, ասեղնագործ բլուզների մասին, որոնք արվել են ուկրաինական համայնքի կանանց կողմից:
Փառատոնի ողջ ընթացքում հյուրերը և մասնակիցները հնարավորություն ստացան ծանոթանալու Սյունյաց հինավուրց դեկորատիվ–կիրառական արվեստի նմուշներին, դրանց արդի դրսևորումներին, կարողացան ինքնուրույն փորձել իրենց հետաքրքրող արհեստները:
Մշակութային օրն ավարտվեց Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ ֆրանսիացի ժամանակակից գրող Յասմինա Ռեզայի «Սպանդի Աստվածը» պիեսի առաջնախաղի ցուցադրությամբ:
Երևանի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն այս տարի տոնում է 85-ամյակը: Այդ կապակցությամբ հոկտեմբերի 19-ին գրադարանում գեղեցիկ հանդիսություն-ընդունելություն կազմակերպվեց: Գրադարանի բակում ելույթ ունեցավ «Փոքրիկ Նանե» պարային համույթը:
Միջոցառմանը ներկա էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը՝ Նունե Սարգսյանը:
«Այս տարվա հայաստանյան իրողությունների` Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման, Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակների, Երևանի հիմնադրման 2800-ամյակի շարքում յուրովի իմաստավորվում է մեր գրադարանի անցած 85-ամյա ուղին: Գրադարանը գոյության ընթացքում իր գործունեությունն իրականացրել է` հավատարիմ մնալով հանրության մեջ գրքի և ընթերցանության դերի արժևորման բուն նպատակին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը:
Տնօրենը շեշտեց, որ գրադարանը սերունդների համար հսկայական աշխատանք է կատարում, և դրա դերը մեծ է գրքի հանրահռչակման, ընթերցանության խթանման գործում: «Մեր գրադարանը ոչ միայն մանկապատանեկան գրականության պահպանման և այն սերունդներին փոխանցման կառույց է, այլև սոցիալ հաղորդակցական և մշակութային կենտրոն»,- ընդգծեց Տոնոյանը:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանի կարծիքով՝ գրադարանի 85-ամյակը շատ նշանակալի և գեղեցիկ տոն է: Նա նշեց, որ աշխարհում սկսվել է գրադարանների և գրադարանավարների համայնքի վերաարժևորման շարժում, և բոլոր պետությունները մեծ ուշադրություն են դարձնում գրադարանին՝ որպես քաղաքակրթության օջախի, գիտելիքի փոխանցման կարևորագույն վայրի:
ՀՀ մշակույթի նախարարության կողմից Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հիմնադրման 85-ամյակի, գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և մշակույթի բնագավառում երկարամյա աշխատանքային գործունեության համար պարգևատրվեցին գրադարանի մի խումբ աշխատակիցներ:
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը շնորհավորեց գրադարանի հոբելյանը և հորդորեց բոլոր գրողներին գրել մանուկների համար, քանի որ այդպես նրանք ավելի երկար կապրեն:
Գրադարանի տոնի կապակցությամբ Հայաստան են ժամանել հյուրեր աշխարհի տարբեր երկրներից: Հյուրերից մեկը` Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի՝ «IBBY International»-ի գործադիր տնօրեն Լիզ Փեյջը շնորհավորեց գրադարանին և ասաց, որ երեխաներն են մեր ապագան, և որքան նրանք կարդացած լինեն, այնքան ապագան ավելի պայծառ կլինի:
Ողջույնի խոսքերից հետո հյուրերը դիտեցին տեսանյութ, որը պատմում էր գրադարանի ստեղծման պատմության, ձեռքբերումների և ներկայիս գործունեության մասին: Հոլովակի դիտումից հետո գրքի կարևորությունն ընդգծող բեմական ներկայացում ցուցադրվեց:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը նվերներ ստացավ Հայաստանի գրողների միությունից, Հայաստանի ազգային գրադարանից և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից:

Ստամբուլում վերջին հրաժեշտն են տվել պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերին, ով կյանքից հեռացել է հոկտեմբերի 17-ին՝ 90 տարեկանում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ակօս» պարբերականը, Գյուլերի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Ստամբուլի կենտրոնական Բեյօղլու թաղամասի Երեք խորան հայկական եկեղեցում:
Գյուլերի դին եկեղեցուց դուրս են բերել հայկական դուդուկի, «Դլե յաման»-ի և Կոմիտասի հնչյունների ներքո՝ ծածկված թուրքական դրոշով: Պոլսահայ լուսանկարիչը հուղարկավորվել է Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի հայկական գերեզմանատանը:
Գյուլերի հուղարկավորությանը ներկա են գտնվել հայ համայնքի հազարավոր ներկայացուցիչներ, բարձրաստիճան թուրք պաշտոնյաներ, մտավորականներ, երկրպագուներ ու լրատվամիջոցների հարյուրավոր ներկայացուցիչներ:
Պոլսահայ լուսանկարչի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշել, որ տասնամյակներ շարունակ Գյուլերի խորաթափանց աչքը տեսել և արձանագրել է պատկերներ, որոնք նոր մակարդակի բարձրացրին համաշխարհային լուսանկարչական արվեստը։
Իր հերթին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցական հեռագրում նշել է, որ նա կշարունակի ապրել իր թողած ստեղծագործություններով և հավելել, որ Գյուլերն «իր օբյեկտիվով պատմությունն է գրել»:
Լեոնարդո դա Վինչիի տեսողության հետ կապված աննշան խնդիրները նրան օգնել են պատկերելու «Մոնա Լիզայի» («Ջոկոնդայի») ժպիտը, ինչպես նաեւ ստեղծելու այլ գլուխգործոցներ: Այս պնդմամբ, ինչպես հոկտեմբերի 19-ին հայտնել Է The Guardian թերթը, հանդես են եկել Լոնդոնի Սիթիի Համալսարանի Օպտոմետրիայի եւ տեսողության գիտական դպրոցի փորձագետները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ուսումնասիրելով տարբեր վարպետների վեց գործեր, այդ թվում՝ նկարչի վրձնին պատկանող նկարներ՝ «Հովհաննես Մկրտիչը» եւ «Աշխարհի փրկիչը», որոնցում, ինչպես ենթադրում են փորձագետները, պատկերված Է դա Վինչին ինքը, գիտնականները հանգել են այն եզրակացության, որ գեղանկարչի մոտ եղել Է ընդհատուն տարամիտվող շլություն, եւ դրանից Էլ նրա կտավները դարձել են Էլ ավելի տպավորիչ:
«Մի շարք հայտնի գեղանկարիչներ նույնականացվել են որպես շլություն ունեցողներ: Նրանց թվում են Ռեմբրանդտ Հարմենս վան Ռեյնը, Ալբրեխտ Դյուրերը, Գվերչինոն (Ջովանի Ֆրանչեսկո Բարբիերին), Էդգար Դեգան եւ Պաբլո Պիկասոն»,- մեջբերում Է հրատարակությունը հետազոտության հեղինակ նյարդակենսաբանության պրոֆեսոր Քրիստոֆեր Թայլերի խոսքը: Այդ շարքում, հետազոտողի խոսքով՝ կարելի Է դնել նաեւ Լեոնարդո դա Վինչիին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: