Իմամ Հոսեյն՝ բարոյականության ու մարդկության առաջնորդ (Նվիրված Իմամ Հոսեյնի ծննդյան տարեդարձին)
Հիջրեթի չորրորդ տարվա Շաաբան ամսվա 3-րդ օրը, աշխարհի ամենալավ տներից մեկում, մի երեխայի ծնունդն իսլամի մարգարեին մեծ ուրախություն պատճառեց: Նորածինը Հոսեյնն էր՝ իսլամի մարգարեի փեսայի՝ իմամ Ալիի և դստեր՝ Ֆաթիմայի երկրորդ որդին:
Նա աշխարհ եկավ, որպեսզի շարունակի մի ճանապարհ, որը սկսել էր մարգարեն:
Այս բարեբաստիկ օրվա կապակցությամբ շնորհավորում ենք մեր մուսուլման բարեկամներին:
Վկայակոչելով շիաների վեցերորդ առաջնորդ՝ իմամ Սադեղին, ասում են, որ երբ իմամ Հոսեյնն աշխարհ եկավ, Գաբրիելն Աստծո կողմից 1000 հրեշտակների հետ միասին ուղարկվեց՝ Ֆաթիմայի որդու ծնունդը շնորհավորելու համար:
Հոսեյնի անունը Հնգամատյանում նշված է որպես Շաբար, Շաբիր, իսկ Ավետարանում ՝ Թավ և Թեյեբ:
Հոսեյնն առանձնահատուկ անձնավորություն է եղել: Նա մարգարեի շառավիղներից էր: Իմամ Հոսեյնը վեց տարի ապրեց մարգարեի կողքին և մեծ ազդեցություն կրեց նրա մաքրամարքուր արարքներից:
Մի տեղ ասվում է, որ իմամ Հոսեյնը, դիմելով մարգարեին,ասում է. «Ով իմ առաջնորդ, վկայություն եմ տալիս, որ դու լույս ես գերագույնի շառավղի մեջ և մաքուր ժառանգություն (Գերագույն հայրերի և մաքրամաքուր մայրերի ժառանգություն): Տգիտությունը չկարողացավ իր նենգություններով ներթափանցել քո մեջ»:
Իմամ Հոսեյնի կյանքի ամենահետաքրքիր մասն իսլամի մարգարեի հատուկ ուշադրությունն էր իր և իր մեծ եղբոր՝ իմամ Հասանի նկատմամբ: Երբ մի անգամ մարգարեն հյուր էր գնում իր բարեկամներին, տեսնում է փողոցում խաղացող իմամ Հոսեյնին: Նա գնումէ իմամ Հոյսենի մոտ, սակայն Հոսեյնը փախչում է: Մարգարեն ծիծաղով հետևում է իմամ Հոսեյնին, ապա հասնում է նրան ու բռնելով, մի ձեռքը դնում է վզին, իսկ մյուսը՝ ծնոտի տակ ու համբուրում նրան: Մարգարենասում է. «Հոսեյնն ինձանից է, և ես՝ Հոսեյնից: Աստված սիրում է նրան,ով սիրում է Հոսեյնին»:
Գիտությունն ու ներդաշնակությունը նրբացրել էին Հոսեյնի հոգին: Նրա սիրտը թփրտում էր կարիքավորների համար և երբ աղոթում էր, իր աղոթքի մեջ ի հայտ էին գալիս իմաստնությունն ու սերը: Մարգարեի մահից անցել էր 50 տարի, երբ չարը հայտնվեց ճշմարտության հագուստով: Մի խումբ նյութապաշտ, ճշմարտությունից խուսափող, թշնամաբարո և քարսիրտ մարդիկ, սադրանքով ու խաբեությամբ սկսեցին խեղաթյուրել կրոնը: Իմամ Հոսեյնը գիտեր, որ եթե որևէ քայլ չկատարեր, չարությունը կտարածվեր և բոլորին կզոհեր հանուն իր շահերի: Նա գիտեր, որ եթե անգամ ճշմարտությունը մի կողմ քաշվի, ճշմարտության գաղափարախոսությունը երբեք չի պարտվի:
Իմամ Հոսեյնի շարժումը Ղուրանի այաներից մեկի վառ դրսևրումն է, որում ասվում է. «Այնտեղ երկու խումբ առճակատվեցին ռազմի դաշտում և սա ձեզ համար մի նշան է (և դաս): Մի խումբը մարտնչում էր հանուն Աստծո , իսկ մյուս խումբն անհավատ էր»: ( Հատված Ղուրանի Ալ Օմրան սուրայի 13-րդ այայից):
Այլ խոսքով, իմամ Հոսեյնը և Յազիդը ներկայացնում են երկու շարժում: Առաջինը՝ ճշմարտության և երկրորդը՝ չարության, որ դուրս են եկել իրար դեմ: Իմամ Հոսեյնը խիզախ էր, բարի, գթասիրտ ու չափազանց համեստ: Նա ճաշում էր կարիքավորների ու աղքատների հետ, ընդունում էր ճաշելու նրանց հրավերն ու ինքն էլ հրավիրում էր նրանց: Վճարում էր պարտք ունեցողների պարտքերը, մշտապես պաշտպանում էր բռնության ենթարկված մարդկանց և իր հոր՝ իմամ Ալիի նման, տիրապետում էր բոլոր գիտություններին:
Տարբեր աղբյուրներում, որտեղ խոսվում էԻմամ Հոսեյնի մասին,ապացուցվում է, որ ոչ միայն մուսուլմաններն այլ նաև ոչ մուսուլմանները, հատուկ հարգանք էին տածում նրա նկատմամբ:
Նրանցից է քրիստոնյա լրագրող Անտուան Վարան, ով մի տեղ ասում է. «Հոսեյնի շարժման մեջ թաքնված բարոյական էներգիայից պետք է օգուտ քաղել: Այս ուժը ժառանգություն է մուսուլմանների մեջ և այն պետք է ներկայացնել ողջ աշխարհին, որպես մի գաղափարախոսություն, սիմվոլ, որ ունի մեծ նպատակներ: Մի մեծ ժառանգություն, որ պատկանում է ողջ աշխարհին ու պետք է ներկայացվի մարդկությանը»:
Իր գրքում, որտեղ ներկայացնում է իմամ Հոսեյնին, նա գրում է. «Որքան էլ որ մենք ցանկանանք ներկայացնել իմամ Հոսեյնի ինքնությունը, չենք կարող ներկայացնել անգամ իսլամի մարգարեի այն խոսքերի մեկ տասներորդը, որ նպաստել է իմամի մասին և որը նրան ներկայացրել է որպես դրախտի երիտասարդների առաջնորդ: Իմ կարծիքով, իմամը մուսուլմանների լույսն էր: Լույս, որ լուսավորեց մուսուլմանների ճանապարհը,թույլ չտվեց, որ նրանք մոլորության մեջ ընկնեն և սփռելով հավերժական լույսը, մարդկանց ցույց տվեց ճշմարտության ճանապարհը: Իմամ Հոսեյնն իսլամի զրահն է, որովհետև հավատքը, համոզմունքները և կրոնի բարոյական արժեքները պահպանեց ամեն տեսակ թերությունից, վնասից ու նվաստացումից: Եթե նա չլիներ, իսլամը չէր տարածվի մարդկանց սրտերում և էության մեջ, որպես ուսմունք: Իսկ մյուս տեսակետից, որն ավելի կարևոր է, Հոսեյնն իրոք բոլոր կրոնների խիղճն է, մինչև մարդկության պատմության վերջը: Հոսեյնն այսպիսի եզակի դիրքորոշմամբ այսպես հայտարարեց. «Երդվում եմ հանուն Աստծո, որ ես երբեք չեմ ենթարկվի նվաստացման, բռնության ու չեմ փախչի ստրուկի նման»: Այսպիսով, նա ներկայացրեց արժանապատվության գերագույն հասկացությունը և բոլոր իմաստասեր մարդկանց գրավեց դեպի իր կողմը»:
Այսօր, Հոսեյնի ծնունդը նշում ենք այնպիսի պայմաններում, երբ նրա կյանքից հավերժական դասեր ենք քաղել: Այսպիսով պետք է խոստովանել, որ մարդկությունը, որ խրվել է տեխնոլոգիական կյանքի մեջ, մի ժամանակ, երբ բարոյական գեղեցիկ արժեքները մեկը մյուսի հետևից գունաթափվում են, այնուամենայնիվ հնարավորություն ունի ճանաչելու այս մեծ անձնավորությանը: Եվ մարդկությունը Հոսեյնի պատմությունը պետք է ընթերցի ոչ թե մի , այլ մի քանի անգամ ու նրա գաղափարախոսությունը որպես իր ճանապարհը լուսավորող ու ճշմարտությանը հասնող ճրագ դարձնի: Հոսեյնն իրոք հավերժական ճշմարտություն է, որ կարող է մարդկանց ծանոթացնել կյանքի ամենալուսավոր հասկացությունների հետ: