Արտադրության բարգավաճումը, զարգացման առանցք (9)
Տնտեսագետներն արդյունաբերությունը համարում են տնտեսության շարժիչ և տնտեսական աճի հիմնական առանցք: Տնտեսության մյուս բաժինների համեմատությամբ, արդյունաբերությունն ավելի բազմազան է: Այս ոլորտը, տնտեսության այլ ոլորտներից ավելի շատ ավելացված արժեք ստեղծելուց բացի, հանգեցնում է կայուն զբաղվածության:
Արդյունաբերության նշանակալի ազդեցությունը մակրոտնտեսական փոփոխականների վրա, ներառյալ արտադրությունը, սպառումը, ներդրումը, զբաղվածությունը և արտահանումը, ցույց է տալիս դրա հիմնական դերը ազգային զարգացման գործընթացում: Հանքերը, գործարանները, շենքերը և էներգիան արդյունաբերության հիմնական ճյուղերն են: Արտադրության բարգավաճումը, զարգացման առանցք հաղորդաշարի այս շաբաթվա զրույցում հակիրճ կանդրադառնանք Իրանի արդյունաբերության պատմությանը: Ընկերակցեք մեզ:
Արդյունաբերության համար շատ սահմանումներ կան: Ոմանք արդյունաբերությունը տեսնում են որպես գործողությունների մի շարք, որոնք օգտագործելով առկա ռեսուրսները, այդ թվում՝ հումքը, կապիտալը, մարդուժը, էներգիան, տեղեկատվական տեխնոլոգիաները, հանգեցնում են ապրանքների արտադրման ու ծառայությունների մատուցման, որոնք բավարարում են մարդու և մարդկային համայնքների կարիքները: Ոմանք արդյունաբերությունը համարում են շարունակական ջանք՝ ավելի քիչ ռեսուրսներով ավելի արդյունավետ գործունեություն և արտադրողականություն ունենալու համար: Դինամիկան, նորարարությունը և նորությանը ձգտելն արդյունաբերության առանձնահատկություներից են:
Իրանում այսօրվա իմաստով արդյունաբերության առաջին նշանները համընկնում էին ամբողջ աշխարհում մեքենայական արդյունաբերության ընդլայնմանը: Առաջին գործարանը պարանի արտադրման օբյեկտ էր, որն սկսեց իր աշխատանքը 1896-ին՝ Թեհրանի մերձակայքում: Այդ ժամանակ արդյունաբերությունը ներմուծված ու կախված էր օտարներից: Պատմական այդ ժամանակահատվածում արդյունաբերությունները չնչին մասնաբաժին ունեին երկրի ՀՆԱ-ում: Ժամանակի ընթացքում գործի դրվեցին շատ օրենքներ ՝ ներքին արդյունաբերությանն աջակցելու համար, սակայն տարբեր, հիմնականում միջազգային ճգնաժամերի պատճառով, այդ թվում՝ երկու համաշխարհային պատերազմների բռնկումը, երկրում արդյունաբերությունները լճացած վիճակում էին: 1940-ականների երկրորդ կեսին, երկրում շինարարական ծրագրեր իրագործվելով, աստիճանաբար աճեց արդյունաբերության և հանքավայրերի դերը երկրի տնտեսության մեջ: 1950թ. մարտին, Իրանում նավթային արդյունաբերության ազգայնացմամբ, երկրում արդյունաբերական զարգացման նոր փուլ սկսվեց: Սկսվեցին ներդրումներ ենթակառուցվածքների, նավթահանքերի, մոնտաժման և թեթև արդյունաբերության ոլորտներում, այնպես որ մեկ տասնամյակ անց, 60-ական թվականների ընթացքում, երկրի արդյունաբերականացումը կարևորվեց որպես տնտեսական զարգացման հիմնական միջոց: Սակայն ցավոք, տարբեր պատճառներով, հատկապես նավթի եկամուտների չափազանց մեծանալու պատճառով, երկրի արդյունաբերական զարգացման ծրագրերի նպատակները խափանվեցին, այնպես որ չնայած հիմնական արդյունաբերությունների ձևավորմանը, Իրանում մինչև փահլավի ռեժիմի ավարտը (1979) այս երկիրը արդյունաբերական չէր համարվում, և նույնիսկ արդյունաբերականացման ճանապարհին չէր գտնվում: Այդ օրերի Իրանի տնտեսության լավագույն նկարագրությունը կարելի է տեսնել Իրանի ժողովրդի այսօրվա թշնամիների խոսքերում, որոնք փորձում են տնտեսական պատժամիջոցների կիրառմամբ և առավելագույն ճնշմամբ երկիրը վերադարձնել Իսլամական հեղափոխությունից առաջ տիրող պայմաններին: ԱՄՆ նախկին պետքարտուղար՝ Հիլարի Քլինթոնը «ծանր որոշումներ» վերտառությամբ իր հուշերի գրքում գրել է. «Մենք ցանկանում էինք Իրանում իշխանության հասներ մի կառավարություն, որը նավթ կվաճառեր ու ապրանք կներմուծեր»:
Իրանում Իսլամական հեղափոխության հաղթանակով արդյունաբերությունը սահմանափակված չմնաց մի քանի կախված արդյունաբերություններով: Հեղափոխությունից առաջ Իրանում միայն սահմանափակ թվով արդյունաբերություններ են կառուցվել ու գործել հիմնականում արտասահմանյան փորձագետների կողմից: Սակայն հեղափոխության հաղթանակից ի վեր, ներքին մասնագետների կողմից Իրանում ձևավորվել են տարբեր արդյունաբերություններ, այդ թվում՝ նավթաքիմիական, ավիատիեզերական, էլեկտրական և էլեկտրոնային, հեռահաղորդակցական, համաձուլվածքներ, բարձր տեխնոլոգիաներով օժտված գիտելիքահենք արդյունաբերություններ, որոնք մինչ այսօր, ընդլայնելով իրենց գործունեությունը մեծ առաջընթաց ու հաջողություններ են արձանագրել: Նաև հնարավորություն է ստեղծվել արդյունաբերական տարբեր ոլորտներում տաղանդները զարգացնելու համար: Այնպես որ, 2017-ին արդյունաբերության մասնաբաժինը Իրանի ՀՆԱ-ում հասել է 40% -ի:

Արդյունաբերության աճի ոլորտում ձեռնարկված քայլերից են փոքր և միջին ձեռնարկությունների հովանավորումը: Փոքր արդյունաբերությունների առանձնահատկություններից այն են, որ դրանք ճկուն են և հարմարվում են արտադրական միջավայրի փոփոխություններին, ամենակարճ ժամանակահատվածում ստեղծում են ավելացված համապատասխան արժեքը և բարձրացնում տնտեսական աճի տեմպերը: Փոքր ձեռնարկությունները կարևոր դեր ունեն աշխատատեղերի ստեղծման և արտադրության ու արտահանման ավելացման համար ճիշտ միջավայրի ապահովման գործում: Շատ երկրներում փոքր և միջին ձեռնարկությունները մեծ ներդրում ունեն բնակչության զբաղվածության և հմուտ աշխատուժի վերապատրաստման գործում: Այս ստորաբաժանումներն արդյունավետ են այն առումով, որ դրանք մրցակցային միջավայրում սպառողներին մատակարարում են իրենց արտադրանքները` ամենացածր ծախսով ու ամենակարճ ժամանակում, ապահովելով արտադրության տարբեր ստանդարտները:Ֆրանսիացի դասախոս, գիտաշխատող Թերի Քովիլը համոզված է, որ առևտրի այս ձևը մեծ հաջողություն է արձանագրել աշխարհում: Անցյալում ոմանք ենթադրում էին, որ տնտեսությունը զարգանալով, վերանալու է առևտրի այս ձևը, քանի որ դրանք օրըստօրե մեծանալու են և ի վերջո կորցնելու են իրենց անկախությունը: Սակայն այսօր տեսնում ենք, որ այս մոդելը շարունակում է աճել և ընդլայնվել:
Աշխատակիցների թիվը, կապիտալի քանակը, ակտիվների ընդհանուր ծավալը, վաճառքի ծավալը և արտադրական կարողությունները չափանիշներ են, որոնք տարբեր սահմանումներ են ներկայացնում փոքր և միջին արդյունաբերության համար: Փոքր բիզնեսին աջակցելով, երկրների տնտեսական ու քաղաքական պլանավորողները նպատակ ունեն մեղմել աղքատությունը, ստեղծել հանրային բարեկեցություն, սոցիալական արդարություն և տարածաշրջանային հավասարակշռություն ու տնտեսական անկախություն: Այս արդյունաբերությունները տարբեր ձևերով, այդ թվում՝ ձեռներեցության ու նորարարության միջոցով, արդյունաբերության դինամիկայով և աշխատատեղերի ստեղծմամբ աջակցում են երկրների տնտեսությանը: Իրանում ևս ինչպես շատ երկրներ, փոքր ձեռնարկությունների ստեղծումն ու դրանց հովանավորելը երկրի տնտեսական զարգացման ծրագրի առաջնահերթություններից է համարվում: Երկրի արտադրական միավորների ավելի քան 90 տոկոսը փոքր արդյունաբերությունների մաս են կազմում: Վիճակագրության համաձայն՝ այդ արդյունաբերությունները կազմում են արդյունաբերության ոլորտի ընդհանուր զբաղվածության 48% -ը, ընդ որում ՝ մեկ միլիոնից ավելի մարդ աշխատում է երկրի ավելի քան 40 հազար արդյունաբերական ստորաբաժանումներում:

Փոքր և միջին արդյունաբերության կարևորությունը իրանական տնտեսության մեջ սկսվեց 1980-ականներին Փոքր արդյունաբերությունների կազմակերպության ձևավորմամբ: Այնուհետև, 2000-ականներին, մեծ թափով արդյունաբերական ավաններ կառուցվեցին, այնպես որ նախահեղափոխական ժամանակներում գոյություն ունեցող արդյունաբերական չորս ավանների թիվն աճեց, հասնելով 960-ի: Օրենքի շրջանակում արդյունաբերական ստորաբաժանումների ստեղծումը հովանավորելը, ներդրողներին խրախուսում է տնտեսական գործունեություն ծավալել այդ տարածքներում:
Իրանի Փոքր արդյունաբերությունների և արդյունաբերական ավանների կազմակերպությունը մտադիր է օգտվել տարածաշրջանային ու միջազգային զարգացումների արդյունքում ստեղծված հնարավորություններից: Այս առումով, կազմակերպությունը ձգտում է արդյունաբերական ավաններում տեղական և օտարերկրյա ներդրողների համար համապատասխան միջավայր ստեղծելով, մեծացնել փոքր և միջին արդյունաբերությունների ներկայությունը երկրի տնտեսության մեջ: Փոքր արդյունաբերությունների կազմակերպության մյուս աշխատանքներից է՝ բիզնեսի կլաստերի ստեղծումը: Կլաստերները, ընդհանուր առմամբ, մեծ թվով փոքր և միջին ձեռնարկություններ են ներգրավում: Կլաստերը բիզնես միավորների մի ամբողջություն է, որոնք ունեն «աշխարհագրական կենտրոնացում», «արդյունաբերության համատեղ ուղղվածություն», «գործընկերություն» և «համատեղ մարտահրավերներ ու հնարավորություններ» բնութագրերը: Բիզնես կլաստերները փոքր և միջին արդյունաբերության կազմակերպման հաջողված մոդելներից են, որոնք վերացնում են այդ արդյունաբերությունների թերությունները և ամրապնդում դրանց տարբեր առավելությունները, ինչպիսիք են ճկունությունը և բազմազանությունը: Իրանում գործում է ավելի քան 400 արդյունաբերական կլաստեր:
Իրանի հաջող արդյունաբերական կլաստերներից է Համադան նահանգի Լալեջին կերամիկական կլաստերը: Համադանի Լալեջինի կերամիկական կլաստերը ազգային կլաստերային զարգացման նախագծերից մեկն է, որը գտնվում է Իրանի Համադանի կենտրոնում: Լալեջինի կերամիկան 700 տարվա անցյալ ունի : Լալեջինում աշխատում են կերամիկայի արտադրման 700 մեծ ու փոքր օբյեկտներ : Այդ օբյեկտների արտադրանքներն արտադրվում են 2500 արվեստագետների կողմից: Այդ արվեստագետները տարեկան ավելի քան 37 միլիոն խորանարդ մետր կերամիկա են արտադրում: 15 հազար բնակչություն ունեցող Լալեջին քաղաքի մեծամասնությունն զբաղված է այդ աշխատանքով:
Համադանի Լալեջին կերամիկական կլաստերին մաս են կազմում կերամիկական, դեկորատիվ, խոհանոցային և սանիտարական կերամիկայի խոշոր արտադրողները, ծաղիկների արտադրման միավորներ, գույնի և էմալային մատակարարման միավորներ, մեքենաների և սարքավորումների արտադրամասեր և կերամիկայի պատրաստման դասըթացներ:
Լալեջինում արտադրած խեցեղենի շարքում են սպասքներ, դեկորատիվ և արվեստի գործեր, արձաններ, ապակեպատված և նկարազարդված կերամիկա, կավագործություն կաշվով, փայտով, տեքստիլներով, ծաղիկներով, և այլն: 2008-ին Լալեջինի խեցեգործական օբյեկտը արտահանող կլաստեր դարձավ, որն արտահանում է երեք կատեգորիայի դեկորատիվ, սպառողական և սանիտարական արտադրանք: